Ապագայ բժիշկ Աւետիս Պուլուզեանը զոհուել է վիրաւոր զինակիցին օգնութիւն ցուցաբերելու պահին

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմէն Մուրադեանը ֆէյսպուքեան իր էջում գրառում է կատարել ուսանող Աւետիս Պուլուզեանի մասին՝ ներկայացնելով նրա անձնուէր կերպարն ու հերոսական նահատակութիւնը.

«Մերօրեայ հերոսները»

Յանուն հայրենիքի կեանքը զոհած քաջորդիների թւում է նաև ապագայ բժիշկ Աւետիս Պուլուզեանը: Մերօրեայ հերոսը ծնուել է 2000թ. հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտում: Աւարտելով Ստեփանակերտի Խաչատուր Աբովեանի անուան դպրոցը, ուսումը շարունակել է Թամարա Քամալեանի անուան գոլեճում՝ սերտելով «Բուժակ՝ զինուած ուժերում» մասնագիտութիւնը:

2018 թ. ընդունուել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկութեան ֆակուլտետ, 2019 թ. յուլիսին զօրակոչուել Արցախի պաշտպանութեան բանակ: Նոյն թուականի նոյեմբեր-դեկտեմբերին Երևանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացներին և լաւագոյն արդիւնք ցուցաբերելու համար պարգևատրուել պատուոգրով:

Վերադառնալով Արցախ, շարունակել է զինուորական ծառայութիւնը որպէս սանհրահանգիչ՝ ստանալով կրտսեր սերժանտի զինուորական կոչում: Ընկերները նրան բնութագրում են որպէս ազնիւ ու բարեկիրթ անձնաւորութեան:

«Աւետի հետ սովորեցինք ընդամէնը մէկ ուսումնական կիսամեակ, սակայն այդ տարուայ ընթացքում նա հասցրեց տպաւորուել մեր մտքերում, որպէս դաստիարակուած, խելացի և հետաքրքիր անձնաւորութիւն»,-ցաւով նշում է համակուրսեցին՝ Մարինէ Յակոբեանը՝ յաւելելով, որ Աւետիսը ոչ մի բան չի խնայել զինակիցներին բժշկական օգնութիւն ցոյց տալու համար:

Աւետիսը 2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում: Հոկտեմբերի 2-ից 9-ը Արցախի հարաւ-արևելեան ճակատում՝ Արա լեռի շրջանում, այնուհետև Հադրութի մեձակայքում մասնակցել է թէժ մարտերի:

Զոհուել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին՝ հրետանային ռումբի բեկորից»։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.