«Այս պատերազմը նախապէս պայմանաւորուած էր․ որոշուած էր, թէ մինչև որտեղ պիտի ադրբեջանական բանակը յարձակուի»․ Բագրատ Եսայեան

«Այս պատերազմը նախապէս պայմանաւորուած էր․ որոշուած էր, թէ մինչև որտեղ պիտի ադրբեջանական բանակը յարձակուի»․ Բագրատ Եսայեան
«Հորրիզոն»-ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանը հարցազրոյց է անցկացրել դաշնակցական Բագրատ Եսայեանի հետ։ Յիշեցնենք՝ 2006-2009 թուականների ընթացքում Բագրատ Եսայեանը եղել է ՀՀ կրթութեան և գիտութեան նախարարի տեղակալ։ Հարցազրոյցը ներկայացնում ենք ստորև․
– Նոյեմբերի 9-ի յանձնուողական համաձայնագրից յետոյ ոչ միայն իշխանութիւնների խոստացած խաղաղութիւնը չհաստատուեց, այլև պետութեան սահմանների անձեռնմխելիութիւնը սպառնալիքի տակ յայտնուեց։ Ինչպէ՞ս հասանք այս իրավիճակին։
– Այս պատերազմն, իմ համոզմամբ, պայմանաւորուած էր, և իմ ասածը կապացուցեմ հետևեալ փաստարկներով․ չնայած նոյեմբերի 9-ի համաձայնագրով արձանագրուած են մի շարք դրոյթներ, սակայն այն գործողութիւնները, որոնց գնացին այս իշխանութիւնները, ցոյց տուեցին՝ նրանք ադրբեջանի իշխանութեան հետ աւելի շատ պայմանաւորուածութիւններ ունէին։ Վստահ եմ՝ պատերազմը կանգ առաւ Ռուսաստանի ճնշման տակ, քանի որ այստեղ ոչ միայն հայ-ադրբեջանական յարաբերութիւններն էին շոշափւում, այլև Ռուսաստանի ռազմավարական շահերը կային Հարաւային Կովկասում։ Պատերազմը կանգ առաւ աւելի շուտ, քան նախատեսել էին Ալիևն ու Փաշինեանը համատեղ։
Նոյեմբերի 9-ի յայտարարութեան մի կէտում նշուած էր, որ զօրքերը կանգ են առնելու այն տեղերում, որտեղ կային այդ ժամանակ։ Նոյեմբերի 9-ից մինչև յունուար մեր բանակը նահանջեց ոչ միայն յայտարարութեամբ արձանագրուած տարածքներից՝ Ջրականի շրջանից, այլև Կուբաթլուի, Զանգելանի շրջաններից, Հին Թաղերից, Խծաբերդից, որտեղ կանգնած էին հայկական զօրքերը։ Հայկական բանակի նահանջը շարունակւում է ոչ միայն նոյեմբերի 9-ին ֆիքսուած այն տարածքներից, որոնք պիտի մնային հայկական վերահսկողութեան ներքոյ, այլև հիմա իշխանութեան ներկայացուցիչների բերանով քննարկւում է, թէ ՀՀ տարածքում ադրբեջանական անկլաւներ կան։ Նման յայտարարութիւն ոչ մի տեղ չի եղել։
Նոյեմբերին, դեկտեմբերին Հայաստանի ընդդիմադիր գործիչներն ասում էին՝ Փաշինեանը բացի այդ յայտարարութիւնը՝ նաև այլ արձանագրութիւն է ստորագրել՝ ըստ որի՝ այլ զիջումներ պէտք է լինեն, Փաշինեանն ասում էր՝ նման յաւելուած չկայ։ Հետագայում ասաց՝ Ալիևի հետ բանաւոր փոխպայմանաւորուածութեան համաձայն են հայկական զօրքերը նահանջել այն բնագծերից, որոնք զբաղեցնում էին յայտարարութիւնը ստորագրելու պահին։ Սա ցոյց է տալիս, որ պատերազմը նախօրոք պայմանաւորուած էր․ որոշուած էր, թէ մինչև որտեղ պիտի ադրբեջանական բանակը յարձակի, և ուղղակի արտաքին ճնշման ներքոյ՝ այլ խաղացողների՝ Ռուսատանի ու Իրանի ճնշման ներքոյ նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցուեց։ Հետագայում էլ այս դաւաճանական իշպանութիւնը նահանջը շարունակեց նոյնիսկ խաղաղ պայմաններում․ նրանք շարունակեցին տարածքներ զիջել Ադրբեջանին։ Վստահ եմ՝ այն տարածքը, որը մնաց ռուսական խաղաղապահների վերահսկողութեան ներքոյ, ոչ թէ այս իշխանութիւնների ջանքների արդիւնքն է, այլ ռուսական ուժերի՝ տարածաշրջանային շահերի արձանագրումը, որը թոյլ չտուեց, որ հայկական կողմը Արցախը վերջնականապէս զիջի Ադրբեջանին։
– Շուտով նախընտրական քարոզարշաւը կը սկսի։ Ի դէմս «Հայաստան» դաշինքի՝ գոյութիւն ունի կառուցողական ընդդիմութիւն, սակայն այս իշխանութիւնները քաղաքական ներքաղաքական կեանքը տարել են ծայրայեղ բևեռացման։ Ինչպիսի՞ն է այսօր երկրի ներքաղաքական կացութիւնը։
– Ցաւօք, վերջին երեք տարիների ընթացքում այն քաղաքական ուժը, որը, իբր, երկրի ժողովրդավարութեան, սոցիալական արդարութեան սկզբունքների մասին էր խօսում, ցոյց տուեց՝ ամբողջապէս հակառակ դիրքերում է կանգնած։ Հասարակութեան մէջ կայ ծայրաստիճան բևեռացուածութիւն։ Այս իշխանութեան մէջ կայ դէպի բռնատիրուութիւն շարժելու ցանկութիւն, խօսքի ազատութիւն չկայ, լրագրողների վրայ ճնշումներ են գործադրւում։ 2017 թուականիի համեմատ՝ մէկ անձից կատարուող գնումները աճել են 54 տոկոսով․ դա կոռուպցիոն ռիսկ պարունակող պետական գնում է։ Այս քաղաքական թիմը գալով իշխանութեան՝ գաղտնի բարձրացրեց աշխատվարձերը, սահմանեց աւելավճարներ, որոնք աշխատավարձի կրկնապատիկն էին կազմում․ սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա։
Պատերազմից յետոյ և նախընտրական այս շրջանում կեանքը վերջնականապէս ցոյց տուեց՝ այս վարչախումբը պիտի հեռանայ․ դրան ձգտում էր ՀՅԴ-ն, այսինքն՝ եղաւ «կոնսենսուս մինուս մէկ»՝ բոլորը համախմբուել են, որպէսզի այս ազգադաւ իշխանութիւնը հեռանայ։ Բոլոր քաղաքական ուժերը՝ բացի փաշինեանական ուժերից՝ յայտարարել են՝ չեն միանայ այս ազգադաւ քաղաքական ուժին։ Նիկոլ Փաշինեանի բերած բևեռացուածութիւնը շուռ եկաւ հենց իրենց դէմ․ այսօր մենք ունենք քաղաքական դաշտի ամբողջական համախմբում, որը հանդէս է գալիս մէկ պահանջով՝ հեռացնել այս ռեժիմին։
– Դուք եղել եք Կրթութեան և գիտութեան նախարարի տեղակալ։ Որպէս պետական համակարգում ծառայած պետական պաշտօնեայ, ինչպէ՞ս կ’արժևորէք անցնող երեք տարիներին ՀՀ Կրթութեան նախարարութեան գործունէութիւնը։
– ՀՅԴ-ն ու ՀՅԴ երիտասարդական միութիւնը 1,5 տարի առաջ՝ 2019 թուականին՝ նոյեմբեր, դեկտեմբեր, ամիսներին առաջինը ձայն բարձրացրին այն ապազգային փոփոխութիւնների դէմ, որը նախաձեռնեց կրթութեան նախարարութիւնը։ Այդ ժամանակ նախարարութիւնը կրթական պետական չափորոշիչները փոփոխելու նախաձեռնութեամբ հանդէս եկաւ՝ մանաւանդ հայագիտական առարկաների հետ կապուած՝ ապազգային կրթական չափորոշիչներ փորձեց որդեգրել։ Պարզ էր, որ այս իշխանութիւնը փորձ է անում փոխել մեր ազգային նկարագիրը ոչ միայն իր բերած ապազգային արժեհամակարգով, այլև փորձում է ապագայ սերունդներին ապազգային ուղղութեամբ դաստիարակել։
Չնայած հասարակութեան, ակադեմական և գիտական շրջանակների պնդումներին, թէ այդ չափորոշիչները ապազգային են, այս 2021 թուականի մայիսի մէկին Կառավարութիւնն այդ չափորոիչները հաստատեց։ Որպէս պիլոտային ծրագիր՝ այն փորձ են անելու ներդնել Տաւուշի մարզում։ Նրանք փորձեցին տպաւորութիւն ստեղծել, թէ ականջալուր են ակադեմական շրջանակում հնչող կարծիքներին, սակայն երբ այդ առարկայական ծրագրերն ուսումնասիրում ես, հասկանում ես՝ սրանք անգամ մէկ միլիմետր չեն նախանջել իրենց դիրքորոշումից․ իրենց այդ վտանգաւոր թեզերը ամբողջապէս կան այս նոր չափորոշիչներում, առարկայական ծրագրերում։ Հանդուրժողականութիւն, համակեցութիւն, հաշտութիւն, այսպէս ասենք՝ թշնամական թեզերը հանելը․․․ սրանք վտանգաւոր թեզեր են, իսկ հայրենասիրական դաստիարակութեան վերջին նշոյլները, որոնք մնացել էին իրենց կողմից հաստատուած դասագրքերում, վերացրել են։ Դասագրքերից հանւում են մեր հերոսական պատմութեան էջերը՝ յատկապէս 20-րդ դարի սկզբի մեր ազատագրական պաքարի էջերը, փոխարէնը մեր նորագոյն շրջանի իրենց ապազգային թեզերն են ջանում ներառել դասագրքերում։
Մենք, իսկապէս, գործ ունենք ապազգային, գլոբալիստական գաղափարախոսութեանը հետևող վարչախմբի հետ, որի վերարտադրման պարագայում մեր պետականութիւնը ազգային բովանդակութիւնից զրկուելու վտանգի առաջ կը կանգնի։ Դաշնակցական պատկերացումով՝ մենք կամ չենք ունենալու պետականութիւն կամ ունենալու ենք պետականութիւն, որն ուղղակի ունենալու է ինչ-որ գծուած սահման, այդ սահմանների ներսում ապրող ազգաբնակչութիւն, որը չունի ազգային նկարագիր ու իդեալներ, որը այդ տարածքում թուրք-ադրբեջանական այս ագրեսիւ միջավայրում իր գոյութիւնը քարշ տուող մի ամբողջականութեան կարող է վերածուել։

Leave a Comment

You must be logged in to post a comment.