«Այդ մանդատները իրենց հօր տնից չեն բերել, որ զրկեն, այդ մանդատները մեզ տուել է ժողովուրդը»․ ասաց Իշխան Սաղաթելեանը

Յունիսի 16-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը անդրադառնալով ՔՊ-ական պատգամաւոր Արթուր Յովհաննիսեանի արած այն յայտարարութեանը, թէ հանրային պահանջ կայ իրենց մանդատներից զրկելու եւ այդ հարցը քննարկւում է:

«Անցած տարի 270 հազար քաղաքացի մեզ քուէ է տուել այն ծրագրի համար, որը մենք ներկայացրել ենք: Այսօր մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերի օրակարգը փողոցում է: Մեզ մանդատ տուած ժողովրուրդը մեզնից ունի այդ ակնկալիքը: Մենք յստակ յայտարարել ենք, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապէս մեր օրակարգով: Կը լինեն օրակարգեր, որոնք կը սպասարկեն մեր յայտարարած նպատակներին, մենք կը լինենք ԱԺ-ում: Հակառակ պարագայում չենք գնալու մասնակցենք անիմաստ, երկրորդական օրակարգերի: Ինչ վերաբերում է մանդատերից զրկելուն՝ կարո՞ղ են, թող անեն»։

Իշխան Սաղաթելեանը նաեւ յայտարարեց, որ իրենք մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, որովհետեւ այդ մանդատները ճիշտ օրերին եւ ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու յաջողութեան հասնելու համար։

«Միշտ իմացէք, վերջին հաշւով այդ փոփոխութիւնը տեղի է ունենալու խորհրդարանում եւ այդ մանդատները այդ օրը, այդ ժամին անհրաժեշտ են լինելու։ Սա չի նշանակում կախուել մանդատներից, մի տարի առաջ, երբ փողոցային պայքարի մէջ էինք, այդ ժամանակ մանդատ չունէինք, մեր պայքարը դրանով պայմանաւորուած չէ, բայց գալու է օր, երբ այդ մանդատները պէտք են գալու վերջնական փոփոխութեան հասնելու համար»,- ասաց նա։

Առաջիկայ հանրահաւաքներից մէկի ժամանակ շատ մանրամասն քարտէզներով կը նկարագրենք այն բոլոր վտանգներն ու աղէտները, որ Բերձորի յանձնման ծրագիրը չոքելու է մեր դռանը: Մենք ամէն բան անելու ենք դրա դէմ, դա խայտառակութիւն է. նշեց Իշխան Սաղաթելեանը` անդրադառնալով մօտ ժամանակներս Բերձորի շրջանի` թշնամուն վերջնական յանձմանը փաշինեանական դաւաճանական իշխանութիւնների կողմից:

«Այդ այլընտրանքային ճանապարհի դէպքում մեր ողջ կոմունիկացիաները` կապ, էլեկտրաէներգիա, գազ, մնալու են թշնամու տիրապետութեան տակ: Այդ ճանապարհի մեր հատուածը դեռ կառուցուած չի: Դրա իրականութիւն դառնալու ժամանակ կորցնելու ենք այս պահին բնակեցուած հայկական բնակավայրեր` օրինակ Աղաւնոն: Եթէ սրանք մնան` վերջը դա է լինելու: Ամէն բան պէտք է անենք, որ դա տեղի չունենայ: Մեր պայքարի հիմնական ուղղութիւններից մէկը նաեւ լինելու է դա, որ մարդկանց տեղ հասցնենք այս ամէն ինչը, այս վտանգները:

Մեր խնդիրներից մէկն էլ այն է եղել, որ չենք կարողացել մեր երկրին սպառնացող վտանգները մտցնել իւրաքանչիւր հայի տուն: Դեռ մարդիկ կան, որ հաւատում են, որ այս պայքարը իշխանութեան համար է:

Վտանգ կա՞յ, որ կարող է յաջողութեան չհասնենք, դա կախուած է մեզնից․ շեշտեց Իշխան Սաղաթելեանը:

«Այս շարժման պարտութիւնը ժողովրդի պարտութիւնն է: Ընդ որում, ասեմ, որ այս շարժումը եւ այս գաղափարախօսութիւնը իշխանափոխութիւնով չի աւարտւում, աւելին՝ իշխանափոխութիւնից յետոյ սա դառնալու է յաջորդ իշխանութեան հիմնական գաղափարախօսական դրոյթներից մէկը, որովհետեւ այս շարժման նպատակն է կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, Հայաստանի ինքնիշխանութեանը սպառնացող վտանգները: Սա մի օրակարգ է, որ իշխանափոխութիւնից յետոյ եւս պէտք է իրականացւի: Անհնար է այս շարժումը չյաջողի»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.