Աղքատութեան մակարդակն աւելանում է. Փաշինեանը խաբել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը պէտք է ջնջի իր երեսին դաջուած ամենաամօթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատութիւնը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խօսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն է 2018 թուականի մայիսի 1-ին:

Նոյն թուականի յունիսի 7-ին էլ նա յայտարարում էր. «Կառավարութիւնը չի վարելու աղքատութեան խրախուսման քաղաքականութիւն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականութիւն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարաւորութիւն է ընձեռուելու աշխատել եւ գումար վաստակել, այլ ոչ թէ յոյսը դնել նպաստի եւ պետութեան կողմից օգնութեան այլ միջոցների վրայ»: Ի՞նչ ունեցանք արդիւնքում. աղքատութեան խրախուսման քաղաքականութեան դէմ գործողութիւնը մէկն էր՝ հրապարակային աղքատներին մեղադրելը, թէ «աղքատութիւնը գլխում է», վե՛ր կացէք եւ գործ արէ՛ք։ Արդիւնքներից տեղեկութիւններ չկան։

Աշխատանքի խրախուսման քաղաքականութեան դրսեւորումը եղաւ վարչապետի այստեղ-այնտեղ «մուննաթ» գալը քաղաքացիների վրայ, մէկումէջ էլ՝ «ոչխար պահէք» եւ այլ նման խորհուրդները: Իսկ հիմա անդրադառնանք աղքատութեան մակարդակի վերաբերեալ նրա յայտարարութեանը եւ համեմատենք աղքատութեան մակարդակի թիւերը՝ ըստ տարիների. 2018 թուականին նա նշում էր, թէ «Հայաստանը պէտք է ջնջի իր երեսին դաջուած ամենաամօթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատութիւնը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:

2017-ին Հայաստանում աղքատութեան մակարդակը կազմել է 25.7%, այսինքն՝ նրա կողմից ասուած «շուրջ 30 տոկոս աղքատութիւն» բառակապակցութիւնն արդէն իսկ չափազանցութիւն է եղել եւ սուտ: 2018 թուականի տուեալներով՝ Հայաստանի բնակչութեան 23.5%-ն է աղքատ եղել, սակայն արդէն միւս տարիներին ունեցել ենք աղքատութեան թիւի աճ: 2019 թուականին աղքատութեան մակարդակը Հայաստանում գնահատուել է 26.4%: 2020 թուականին աղքատութեան մակարդակը Հայաստանում գնահատուել է 27%, իսկ, ահա, աղքատութիւնը, ըստ վերին գծի, գնահատուել է 47.6 տոկոս: Ստացւում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինեանը խաբել է քաղաքացիներին»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.