Գանատայի հայոց թեմի առաջնորդ Բաբգէն արք. Չարեան այցելեց ՀՀ սփիւռքի նախարարութիւն
Յունիսի 29-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեան ընդունեց Գանատայի հայոց թեմի առաջնորդ Բաբգէն արքեպիսկոպոս Չարեանին:
Ողջունելով հիւրին՝ նախարար Հրանուշ Հակոբեանը կարևորեց Բաբգէն Սրբազանի ազգասիրական, հայանպաստ գործունէութիւնը, համայնքը միաւորելուն, հայապահպանութեանն ուղղուած նրա ջանքերը:
Սփիւռքի նախարարը Բաբգէն արքեպիսկոպոսին ներկայացրեց նախարարութեան կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը, անդրադարձաւ նոր ծրագրերին, «Հայրենիք-Սփիւռք» 6-րդ համաժողովի կազմակերպական աշխատանքներին:
Բաբգէն Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար, ներկայացրեց համայնքի յաջողութիւնները և նուաճումները: Նա հպարտութեամբ նշեց, որ Գանատայի հայկական համայնքի, կազմակերպութիւնների և դեսպանի ջանքերով Օդդաուայի կեդրոնում` Համադաշնութեան պուրակում, տեղադրուել է յայտնի գանատահայ լուսանկարիչ Եուսուֆ Քարշի կիսանդրին, որը հայ ժողովրդի նուէրն է Գանատայի ժողովրդին և խորհրդանշում է Գանատայի և Հայաստանի միջև ամուր բարեկամութիւնը: Սրբազանն անդրադարձաւ նաև Մոնթրէալում և Թորոնթոյում Հայաստանի Առաջին Հանրապետութեան տօնին նուիրուած քայլարշաւներին Գանատայի հայ համայնքի մասնակցութեանը, որոնց միաւորում էին մարդու իրաւունքների պաշտպանութեան, Ցեղասպանութիւնների կանխարգելման, անկախութեան ու վերածնունդի գաղափարները:
«Մենք պէտք է լինենք առաջին քայլողները, որպէսզի մեր յետևից տանենք նաև հօտը: Ստեղծել ենք Միացեալ յանձնախումբ՝ տօները միասնական կազմակերպելու, համայնքային խնդիրները միասին լուծելու համար». յաւելեց Գանատայի հայոց թեմի առաջնորդ Բաբգէն արքեպիսկոպոս Չարեանը:
Քննարկուեցին սփիւռքի համայնքները միաւորելու, համահայկական առաջնահերթութիւններին մասնակցելու միասնական համակարգող մարմին ստեղծելու, Հայաստանի սահմանամերձ գիւղերի աջակցութեան կազմակերպմանն առնչուող հարցեր: