ՀՀ-ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավարական համագործակցութեան շրջանակային համաձայնագրի վերլուծութիւն
- (0)

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատեւ այցի ընթացքում Հայսաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրեցին ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավարական համագործակցութեան մասին շրջանակային համաձայնագիրը, ստորագրեցին կարեւորագոյն հանքանիւթերի եւ հազուագիւտ հանածոների արդիւնահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային յուշագիրը եւ երկու երկրների միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերութեան կանոնադրութիւնը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակը համակարգային վերլուծութեան է ենթարկել ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավարական համագործակցութեան մասին շրջանակային համաձայնագիրը (այսուհետ նաեւ շրջանակային համաձայնագիր)։ Այն յունիսի 1-ին ստորագրուել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից, իսկ յունիսի 4-ին՝ Հայաստանի արտգործնախարարի՝ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններից ընդամէնը երեք օր առաջ։ Թէեւ կողմերից ոչ մէկը ստորագրման ժամկէտը հրապարակայնօրէն չի կապել Հայաստանի ընտրական օրացոյցի հետ, ընտրութիւններից անմիջապէս առաջ ստորագրման գործընթացի աւարտը փաստացի ապահովեց, որ համաձայնագիրը վերջնականացուի մինչեւ Ազգային ժողովի կազմի հնարաւոր փոփոխութիւնը կամ ապագայ կառավարութեան ձեւաւորումը։ Արդիւնքում, TRIPP-ի շուրջ քաղաքական քննարկումները փաստացի տեղափոխուեցին այլ հարթութիւն․ այլեւս հարցը վերաբերում է ոչ թէ այն բանին, թէ արդեօք համաձայնագիրը պէտք է ստորագրուի, այլ դրա վաւերացմանը, սահմանադրական վերահսկողութեանը, իրականացման գործընթացին եւ այլնին։
Ներպետական վաւերացման գործընթացների աւարտից յետոյ, այն կը դառնայ Հայաստանի Հանրապետութեան իրաւական համակարգի մաս։ Իր իրաւական եւ քաղաքական ազդեցութեամբ այս փաստաթուղթը Հայաստանում եւ Հայաստանի շուրջ յաւակնում է ստեղծելու բոլորովին նոր իրավիճակ՝ իբրեւ ուղղակի հետեւանք՝ 2025 թ․-ի Հայաստան-Ատրպէյճան-ԱՄՆ եռակողմ պայմանաւորուածութիւնների։ Այդ ժամանակ ԹՐԻՓՓ-ը ներկայացուեց որպէս կապակցուածութեան եւ խաղաղութեան վրայ հիմնուած տարածաշրջանային ենթակառուցուածքային նախագիծ, որի նպատակն է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքով ապահովել բազմամոդալ տարանցում Ատրպէյճանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային կայունութեանը, տնտեսական զարգացմանը եւ միջազգային առեւտրային աւելի լայն ինտեգրմանը։
Յիշեալ վերլուծութիւնը հիմնականում կեդրոնանում է հենց շրջանակային համաձայնագրում ներառուած իրաւական, սահմանադրական, ինստիտուցիոնալ, կառավարման, տնտեսական եւ ինքնիշխանութեանը վերաբերող թերութիւնների ու մարտահրաւէրների վրայ։ Այն չի վերաբերում նախագծի աշխարհաքաղաքական նպատակայարմարութիւններին եւ նպատակ ունի կառավարելի դարձնելու առկայ խնդիրները։
Ուսումնասիրութեան նպատակն է գնահատել համաձայնագրի հետեւանքները Հայաստանի ինքնիշխանութեան, իրաւական համակարգի, ժողովրդավարական հաշուետուողականութեան, տնտեսական ինքնավարութեան, բնապահպանական կառավարման եւ երկարաժամկէտ ռազմավարական ճկունութեան տեսանկիւնից։
Այսպիսով, շրջանակային համաձայնագիրը նոր փուլ է բացում տարածաշրջանային հաղորդակցութիւնների եւ ենթակառուցուածքային համագործակցութեան ոլորտում։ Նախագիծը ներկայացւում է որպէս խաղաղութեան, տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային կապակցուածութեան խթանման նախաձեռնութիւն, որի նպատակն է ապահովել Ատրպէյճանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ բազմամոդալ տարանցումը Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքով՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային կայունութեանը եւ միջազգային առեւտրի ընդլայնմանը։
Սակայն համաձայնագրի բովանդակային ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ այն շատ աւելի լայն նշանակութիւն ունի, քան սովորական տրանսպորտային կամ ներդրումային նախագիծը։ Փաստաթուղթը ստեղծում է երկարաժամկէտ իրաւական, տնտեսական եւ կառավարման կառուցակարգեր, որոնք կարող են էական ազդեցութիւն ունենալ Հայաստանի ինքնիշխանութեան, պետական կառավարման, տնտեսական քաղաքականութեան, բնապահպանական վերահսկողութեան եւ ռազմավարական ինքնավարութեան վրայ։
Համաձայնագրի հիմքում գտնւում է TRIPP Development Company (TDC) համատեղ ընկերութեան ստեղծումը։ Նախատեսւում է, որ TDC-ի բաժնետոմսերի 74 տոկոսը կը պատկանի ամերիկեան կողմին ներկայացնող TDC US ընկերութեանը, իսկ Հայաստանին՝ 26 տոկոսը։ Թէեւ փաստաթուղթը նախատեսում է, որ 49 տարի անց Հայաստանի մասնաբաժինը կարող է աճել մինչեւ 49 տոկոս, այդ հնարաւորութիւնը պայմանաւորուած է ծրագրի գործողութեան ժամկէտը եւս 50 տարով երկարացնելու համաձայնութեամբ։ Այսպիսով, համաձայնագրի ամբողջ ժամկէտի մեծ մասում Հայաստանը կը մնայ փոքրամասնութեան դիրքում այն կառոյցում, որը պատասխանատու է լինելու իր տարածքում գտնուող ռազմավարական ենթակառուցուածքների զարգացման եւ կառավարման համար։
Վերլուծութեան առանցքային մտահոգութիւններից մէկը վերաբերում է համաձայնագրի ռազմավարական անհամաչափութեանը։ Փաստաթուղթը գործնական եւ ինստիտուցիոնալ ձեւ է տալիս Ատրպէյճանի երկարամեայ նպատակին՝ ապահովելու անխափան հաղորդակցութիւն Ատրպէյճանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ։ Այդ նպատակն ամրագրւում է ենթակառուցուածքային, կառավարչական եւ իրաւական կոնկրետ մեխանիզմներով։ Միեւնոյն ժամանակ Հայաստանը չի ստանում համարժէք, իրաւաբանօրէն պարտադիր եւ կիրառելի իրաւունքներ։ Համաձայնագիրը չի երաշխաւորում Հայաստանի տարանցիկ հասանելիութիւնը Ատրպէյճանի տարածքով կամ Նախիջեւանով, չի նախատեսում տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցութիւնների վերականգնման պարտաւորութիւններ եւ չի ներառում Թուրքիայի ու Ատրպէյճանի կողմից իրականացուող երկարամեայ շրջափակման վերացման իրաւական մեխանիզմներ։ Այսպիսով, Ատրպէյճանի նպատակները ստանում են կոնկրետ ինստիտուցիոնալ արտայայտութիւն, մինչդեռ Հայաստանի ակնկալուող օգուտները շարունակում են մնալ հիմնականում քաղաքական յայտարարութիւնների մակարդակում։
Չնայած այն հանգամանքին, որ համաձայնագիրը բազմիցս վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնն ու իրաւազօրութիւնը, դրա գործնական կառուցուածքը ստեղծում է զգալի սահմանափակումներ այդ ինքնիշխանութեան իրականացման համար։ Հայաստանը TDC-ին տրամադրում է բացառիկ հողօգտագործման, զարգացման, թոյլտուութիւնների եւ շահագործման իրաւունքներ՝ նախնական 49 տարի ժամկէտով՝ հետագայ երկարաձգման հնարաւորութեամբ մինչեւ ընդհանուր 99 տարի։ Թէեւ տարածքի նկատմամբ իրաւական ինքնիշխանութիւնը պահպանւում է, ենթակառուցուածքների կառավարումն ու գործառնական վերահսկողութիւնը փաստացի փոխանցւում են օտարերկրեայ գերակշռող ազդեցութիւն ունեցող կառոյցներին։ Այդ պատճառով վերլուծութիւնը ստեղծուած իրավիճակը բնութագրում է որպէս «ձեւական ինքնիշխանութիւն՝ գործառնական սահմանափակումներով»։
Սահմանադրական եւ իրաւական տեսանկիւնից եւս առկայ են լուրջ հարցադրումներ։ Համաձայնագրի դրոյթներից մէկը սահմանում է, որ հայկական օրէնսդրութեան հետ հակասութեան դէպքում համաձայնագրի դրոյթները ստանում են իրաւական առաջնայնութիւն։ Սա փաստացի բարձրացնում է համաձայնագրի կարգավիճակը սովորական օրէնսդրութիւնից վեր եւ սահմանափակում ապագայ կառավարութիւնների ու խորհրդարանների հնարաւորութիւնները՝ փոփոխելու այն իրաւական շրջանակները, որոնք առնչւում են TRIPP-ի գործունէութեանը։ Բացի այդ, Հայաստանը պարտաւորւում է յատուկ բացառութիւններ նախատեսել բաժնետիրական ընկերութիւնների, պետական-մասնաւոր գործընկերութեան եւ գնումների մասին գործող օրէնսդրութիւնից։ Արդիւնքում ձեւաւորւում է առանձնայատուկ իրաւական ռեժիմ, որը կարող է թուլացնել մրցակցութեան, թափանցիկութեան, հակակոռուպցիոն վերահսկողութեան եւ հանրային հաշուետուողականութեան առկայ մեխանիզմները։
Կառավարման համակարգի կառուցուածքը եւս պարունակում է մի շարք անորոշութիւններ։ Համաձայնագրով նախատեսւում է, որ TDC-ի բաժնետէրերի համաձայնագիրը կարգաւորուելու է Նիւ Եորքի նահանգի իրաւունքով, իսկ TDC US-ը ստեղծուելու է Դելաւերում՝ որպէս ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) ամբողջութեամբ վերահսկուող ընկերութիւն։ Այսպիսով, Հայաստանի տարածքում գործող ռազմավարական ենթակառուցուածքների կառավարումը մասամբ դուրս է բերւում հայկական իրաւական եւ ինստիտուցիոնալ համակարգի շրջանակներից։ Միաժամանակ, մի շարք կարեւոր հարցեր՝ քուէարկութեան մեխանիզմները, վեթոյի իրաւունքները, փակուղիների յաղթահարման ընթացակարգերը, «ազգային անվտանգութեան», «քաղաքական նկատառումների» եւ «պահուստային հարցերի» շրջանակը, թողնւում են ապագայ համաձայնեցումների մակարդակում։ Այս անորոշութիւնը մեծացնում է փակ եւ հանրային վերահսկողութիւնից դուրս որոշումների կայացման վտանգը։
Տնտեսական տեսանկիւնից համաձայնագիրը նոյնպէս արտայայտում է ակնյայտ անհաւասարակշռութիւն։ Հայաստանը տրամադրում է տարածք, ռազմավարական միջանցքներ, ենթակառուցուածքային հնարաւորութիւններ, կարգաւորող աջակցութիւն եւ քաղաքական պատասխանատուութիւն, մինչդեռ ամերիկեան կողմի ֆինանսական պարտաւորութիւնները յստակ սահմանուած չեն։ Համաձայնագիրը միայն նշում է, որ Միացեալ Նահանգները մտադիր է աջակցել ֆինանսաւորման ներգրաւմանը՝ միջոցների առկայութեան պայմանով։ Չկան պարտադիր ներդրումային ծաւալներ, ֆինանսաւորման նուազագոյն շեմեր կամ կոնկրետ ժամկէտներ։ Այսպիսով, Հայաստանի պարտաւորութիւնները յստակ եւ իրաւաբանօրէն ամրագրուած են, մինչդեռ ֆինանսաւորման հարցում պահպանւում է զգալի անորոշութիւն։
Հարկապիւտճէտական դրոյթները եւս խորացնում են այս անհաւասարակշռութիւնը։ TDC-ի համար նախատեսւում են լայն հարկային արտօնութիւններ, այդ թուում՝ շահաբաժինների, կապիտալ շահոյթի եւ TRIPP-ի հետ կապուած որոշ գործարքների հարկումից ազատում։ Սա կարող է սահմանափակել Հայաստանի ապագայ հարկային եկամուտները այն ենթակառուցուածքային նախագծերից, որոնք իրականացուելու են հենց Հայաստանի տարածքում։ Միեւնոյն ժամանակ համաձայնագիրը չի նախատեսում տեղական աշխատուժի պարտադիր ներգրաւման, տեխնոլոգիաների փոխանցման, տեղական ընկերութիւնների մասնակցութեան կամ օգուտների բաշխման յստակ մեխանիզմներ։ Հետեւաբար նախագծի տնտեսական օգուտների զգալի մասը շարունակում է մնալ ենթադրական եւ ոչ երաշխաւորուած։
Վերլուծութեան մէջ յատուկ ուշադրութիւն է դարձւում բնապահպանական կառավարման բացակայութեանը։ Փաստաթուղթը չի պարունակում դրոյթներ շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման, կենսաբազմազանութեան պաշտպանութեան, էկոլոգիական ռիսկերի նուազեցման, հողերի վերականգնման, աղտոտման վերահսկողութեան կամ հանրային բնապահպանական վերահսկողութեան վերաբերեալ։ Սա յատկապէս կարեւոր է, քանի որ ծրագիրը ներառում է ճանապարհների, երկաթուղիների, նաւթի եւ կազի խողովակաշարերի, էներգետիկ ենթակառուցուածքների եւ օպտիկամանրաթելային ցանցերի զարգացում։ Նման նախագծերը կարող են առաջացնել հողերի դեգրադացիա, էկոհամակարգերի մասնատում, ջրային ռեսուրսների խաթարում եւ այլ երկարաժամկէտ բնապահպանական հետեւանքներ, սակայն համաձայնագիրը չի նախատեսում դրանց կանխարգելման կամ մեղմման պարտադիր մեխանիզմներ։
Անվտանգութեան ոլորտում մտահոգութիւններ են առաջացնում սահմանային կառավարման վերաբերեալ դրոյթները։ Համաձայնագիրը նախատեսում է սահմանային անցակէտերում մասնաւոր օպերատորների ներգրաւում՝ յաճախորդների սպասարկման որոշ գործառոյթների իրականացման համար։ Թէեւ Հայաստանը պահպանում է մաքսային, սահմանապահ եւ իրաւապահ լիազօրութիւնները, մասնաւոր դերակատարների մասնակցութիւնը կարող է հարցեր առաջացնել հաշուետուողականութեան, տուեալների պահպանութեան, տեղեկատուական անվտանգութեան եւ վերահսկողութեան արդիւնաւէտութեան առումով։ Լրացուցիչ ռիսկեր են առաջանում նաեւ թուային փոխգործունակութեան, կիբերանվտանգութեան եւ ռազմավարական նշանակութեան տուեալների հասանելիութեան ոլորտներում։
Համաձայնագիրը նաեւ Հայաստանին կապում է մի շարք արտաքին քաղաքական զարգացումների հետ։ Նախագծի յաջողութիւնը կախուած է Հայաստան–Ատրպէյճան եւ Հայաստան–Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումից, ԱՄՆ-ի շարունակական ներգրաւուածութիւնից եւ տարածաշրջանային համագործակցութեան պահպանութիւնից։ Այսպիսով, Հայաստանը ստանձնում է երկարաժամկէտ պարտաւորութիւններ, մինչդեռ ակնկալուող օգուտների զգալի մասը կախուած է այնպիսի քաղաքական գործօններից, որոնք իր անմիջական վերահսկողութիւնից դուրս են։
Վերջապէս, վէճերի կարգաւորման համակարգը մնում է թոյլ եւ թերի։ Համաձայնագիրը չի նախատեսում միջազգային արբիտրաժ, անկախ դատական ատեաններ կամ պարտադիր կատարման մեխանիզմներ։ Վէճերի դէպքում կողմերը սահմանափակւում են խորհրդակցութիւնների եւ համագործակցութեան ընդհանուր ձեւաչափով։ Այս հանգամանքը յատկապէս խնդրայարոյց է նման մասշտապային, երկարաժամկէտ եւ քաղաքականապէս զգայուն նախագծի պարագայում։
Ընդհանուր առմամբ, TRIPP շրջանակային համաձայնագիրը ստեղծում է նոր աշխարհաքաղաքական, տնտեսական եւ կառավարման ճարտարապետութիւն, որի շրջանակներում Հայաստանը ստանձնում է զգալի ինքնիշխան, քաղաքական եւ տնտեսական պարտաւորութիւններ, մինչդեռ ակնկալուող օգուտների մեծ մասը մնում է ոչ լիովին երաշխաւորուած։ Համաձայնագրի երկարաժամկէտ կենսունակութիւնն ու հաւասարակշռուածութիւնը կախուած կը լինեն լրացուցիչ երաշխիքների ներդրումից՝ ներառեալ սահմանադրական վերահսկողութեան ուժեղացումը, խորհրդարանական եւ հանրային հաշուետուողականութեան բարձրացումը, ներդրումային եւ տնտեսական պարտաւորութիւնների յստակեցումը, բնապահպանական պաշտպանութեան մեխանիզմների ներդրումը, ազգային անվտանգութեան լրացուցիչ երաշխիքները եւ վէճերի կարգաւորման աւելի արդիւնաւէտ համակարգի ստեղծումը։ Առանց նման պաշտպանական մեխանիզմների, համաձայնագիրը կարող է վերածուել ոչ թէ հաւասար եւ փոխշահաւէտ համագործակցութեան, այլ Հայաստանի համար երկարաժամկէտ կառուցուածքային կախուածութեան եւ ռազմավարական խոցելիութեան աղբիւրի։