Հայերի ազգային առաջին բողոքի ձայնը Գանատայում․ արժանապատուութեան պայքար օտար հողի վրայ
- (0)

ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ
Տարաբնոյթ աղբիւրների համաձայն, Գանատայում հայկական գաղութի ձեւաւորումը սկսուել է 1880–1890-ականներին, երբ Գանատա են մեկնել ուսանողներ, վաճառականներ եւ գիւղատնտեսներ, հիմնականում Արեւմտեան Հայաստանի նահանգներից եւ Կիլիկիայից։
Հայ գաղթեալների առաջին կեդրոնները եղել են Օնթարիոյի Պրանտֆորտ, Համիլթըն, Սենթ Գաթրինզ քաղաքները։ Այստեղ նրանք զբաղուել են ամենածանր սեւագործ բանուորութեամբ՝ ձուլարաններում, գործարաններում։ Նրանք Գանատա չէին եկել հաստատուելու, այլ նրանց նպատակը պարզապէս բաւական գումար վաստակելն էր, որպէսզի կարողանային վերադառնալ հայրենիք, մարել կուտակած պարտքերը, վճարել զինուորական հարկերից ազատման վճարը եւ վաստակածը ներդնել իրենց տնտեսութիւններում։
Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը կոտրեց հայրենիք վերադառնալու բոլոր յոյսերը, որին աւելացաւ նաեւ Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութեան հայաբնակ այլ տարածքներում թուրքական իշխանութիւնների կազմակերպած հայ բնակչութեան զանգուածային բնաջնջումը։
Չնայած շատերն, այնուամենայնիւ, վերադարձան հայրենիք՝ իրենց հարազատներին գտնելու նպատակով, սակայն ենթարկուեցին բռնագաղթի կամ ֆիզիքական ոչնչացումից խուսափելու նպատակով հարկադրուած լքեցին օճախները եւ դարձան գաղթական։
Հանգամանքների բերումով որքան նուազել է հայրենիք վերադարձի յոյսը, այնքան նրանք սկսել են ինքնակազմակերպուել որպէս համայնք, ակտիւօրէն մասնակցել օտար երկրում հայութեան իրաւունքների պաշտպանութեան գաղափարական գործունէութեանը։
Գանատական միջավայրում նրանք ստիպուած են եղել շատ բան սովորել՝ յատկապէս երեխաների դաստիարակութեան գործում:
Գանատայում հայերն ունեցել են ներքին կուռ համախմբուածութիւն, համայնքում գործել է չգրուած օրէնք՝ դժուարին պահերին միմեանց օգնութիւն ցուցաբերելը եղել է բարոյական պարտաւորութիւն:
Գանատայում հայ համայնքի կազմակերպուած գործունէութեան պատմութիւնը սերտօրէն կապուած է նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) հետ, որի գործունէութիւնը սկսուել է գրեթէ համայնքի ձեւաւորմանը զուգահեռ։ Ըստ ՀՅԴ արխիւների, առաջին կոմիտէն հիմնադրուել է Պրանտֆորտում 1902 թ.։ 1907 թուականին ՀՅԴ-ն Գանատայում արդէն ունէր կոմիտէներ Հեմիլթընում, Պրանտֆորտում, Սենթ Գաթրինզում եւ Կալթում։ Հիմնական գործունէութիւնը եղել է համայնքը համախումբ պահելը, աջակցելը նրա կարիքներին եւ մշտարթուն պահելը հայրենիք վերադառնալու գաղափարը։
1907 թ․ «ՀԱՅՐԵՆԻՔ» թերթի մարտի 2-ի հրապարակումով ծանօթանում ենք նոյն թուականին Հեմիլթոնի եւ Պրանտֆորտի ՀՅԴ կոմիտէների հրապարակային ժողովների մասին, ուր ներկայացւում էր Հայաստանի անցեալն ու ներկան եւ պատմական փաստերով հաստատւում, որ «Մեր փրկութեան յոյսը ըլլայ զէնքը եւ ուժը» եւ որ. «Մեր բոլորին երջանկավայրը միմիայն պաշտելի Հայաստանն է, եւ եթէ ծնունդս օտար երկիր եղած է, իմ արիւնս հայ քաջերու արեան հետ խառնուելով Հայաստանի լեռներն ու դաշտերը պիտի ներկէ։ Ուրեմն մեր միակ յոյսը յեղափոխութիւնը թող ըլլայ, ու ձեռք ձեռքի տալով կռուինք բռնակալ թուրքին դէմ փրկելու համար թշուառ հայրենիքը։ Եթէ չծնանք ազատ, գէթ մեռնինք ազատ»։
Արդէն 1914 թ. համայնքում բացւում է հայկական հրաձգային ակումբ, որի մասին Brantford Daily Courier, November 25, 1914-ի համարը գրում է. «գաղափարն է ստեղծել հրացանային ակումբներ ժողովրդի համար բոլոր յարակից քաղաքներում, որպէսզի նրանք պատրաստ լինեն, երբ հնչի կանչը պայքարելու իրենց ճնշող թուրքի դէմ։ Հայերը ակնկալում են, որ ազատութեան համար պայքարելու կանչը կարող է հնչել ցանկացած օր, եւ նրանք պատրաստ են դրան։ Նրանց կարգախօսը՝ «Մահ կամ ազատութիւն», փորագրուած է իւրաքանչիւր հայի սրտում՝ խոր ատելութեամբ թուրքի հանդէպ։ Այս խանդավառութիւնն ու վճռականութիւնը ոչ մի զարմանալի բան չէ, որ հայերը մեծ եռանդ ու նուիրումով են մասնակցում իրենց մարզումներին»։
Բացի ռազմական պատրաստութիւնից, հայ համայնքը ակտիւ է եղել նաեւ հասարակական կեանքում։ 1915-ի մայիսին Պրանտֆորտում լոյս է տեսնում «Ազատ Հայաստան» հրատարակութիւնը, որը նպատակ ունէր անդրադառնալ հայ համայնքին հետաքրքրող հարցերին, մասնաւորապէս՝ Հայաստանը թուրքական լծից ազատագրելու շարժմանը։
Համայնքի ձեւաւորման սկզբնական շրջանում, երբ չի եղել տեղական հայ մամուլ՝ գրքերը, պարբերականները, թերթերը բերել են Պոսթոնից, Նիւ Եորքից, Ժընեւից, Կոստանդնուպոլսից, Թիֆլիսից, Վենետիկից եւ Վիէննայից: Թերթերը եւ պարբերականները ծառայել են նաեւ որպէս դասագրքեր։
Համայնքում ամենաընթերցուող թերթերն են եղել ՀՅԴ խօսնակ համարուող «Հայրենիք»ը եւ «Երիտասարդ Հայաստան»ը։ Վերջինը համարւում էր Հնչակեան կուսակցութեան ձայնը։
Գաղթական հայութեանը ազգային խնդիրներին ծանօթացնելու, հայրենիքից լուր առնելու կարեւոր եւ գրեթէ միակ միջոցը, ինչպէս եւ հայրենիքի կարիքներին հասնելու ձայնը թերթերն էին։
Պրանտֆորտի տեղական թերթերում՝ Brantford Daily Courier, The Brantford Daily Expositor, 1902-1918 թթ․ համարներում հանդիպում ենք հայերի կեանքի մասին լուսաբանումների, ինչպէս օրինակ 1906 թուականին 100 հայ բանուորների գործադուլը՝ «Malleable Iron Works»-ում, աշխատավարձի յաւելում պահանջելու հարցով։ Կարդում ենք, թէ ինչպէս են սկզբնական շրջանում նրանք բախուել նաեւ ռասայական խտրականութեան՝ տեղական աշխատակիցների կողմից, յատկապէս նրանց հակազդելու պատճառով։
Իսկ ահա 1915 թ. ձուլարանի հայ բանուորները սարսափով լսում են, թէ ինչպէս են Օսմանեան կայսրութիւնում կոտորում իրենց հայրենակիցներին։ Աշխատելով արդէն իսկ դժուար պայմաններում՝ երկաթի ձուլման ծանր աղմուկի մէջ, նրանք վայր են դնում իրենց գործիքները եւ հրաժարւում են աշխատել նոյն գործարանում աշխատող թուրք բանուորների հետ։ Աշխատավայրում նման յանդուգն վարքագիծը հակասում էր նրանց համոզմունքին. նրանք մտածում էին, որ օտար հողի վրայ պէտք է լռեն, յարմարուեն, շարունակեն աշխատել եւ մնալ աննկատ՝ միայն թէ գոյատեւեն, բայց նրանք ընտրեցին արժանապատուութիւնը՝ ոչ թէ վախը։
Քանի որ այդ ժամանակ ձուլագործների մեծ մասը հայեր էին, նրանք այդ քայլով փաստացի դադարեցրին գործարանի աշխատանքը։ Նոյնիսկ աշխատանքը կորցնելու կամ արտաքսուելու սպառնալիքը չվախեցրեց եւ չկանգնեցրեց նրանց։ Արդիւնքում արտադրութիւնը կանգնեցուեց, իսկ գործարանի ղեկավարութիւնը յայտնուեց ճնշման տակ եւ, ի վերջոյ, ստիպուած եղաւ զիջել եւ հեռացնել թուրք բանուորներին։
Երբ օրահացով հազիւ ապրող հայ բանուորները վայր դրեցին իրենց մուրճերը, հակազդեցին ռասիզմին, խօսեցին իրենց իրաւունքներից, հենց այդ պահին Գանատայում առաջին անգամ հնչեցին հայութեան բողոքի ձայները։ Նրանք Գանատական հասարակութեան մէջ բարձրացրին իրենց խնդիրը, պաշտպանեցին իրենց արժանապատուութիւնն ու ուժեղացրին ազգային հաւաքական ինքնագիտակցութիւնը։ Այս ամէնը ցոյց է տալիս, որ անգամ օտար հողի վրայ հայը կարող է պահպանել իր ազգային ինքնութիւնն ու պաշտպանել սեփական արժանապատուութիւնը։
Փաստօրէն, ձուլարանի աղմուկի մէջ նրանց բողոքը եղաւ սահմանափակ, բայց խորը իմաստով յեղափոխութիւն․ նրանք հիմք դրեցին այն համարձակ ոգու ծննդին, որի հիմքի վրայ հետագայում պէտք է ձեւաւորուէր գանատահայ համայնքը, ու հենց այդ պահից հայը Գանատայում այլեւս չեղաւ պարզապէս գաղթական, նա սկսեց վերածուել իր արժանապատուութիւնն ու ինքնութիւնը գնահատող եւ դիմացինին յարգել պարտադրող հայի՝ յանուն իր ժողովրդի եւ իր պատմութեան եւ իր ապագայի։
(Լուսանկարը՝ Հայ բանուորներ. Պրանտֆորտի «Cockshutt Plow Works» գործարան։)