«Զանգեզուրի միջանցքը»՝ «Թուրանի ճանապարհ». Զանգեզուրի միջանցքի գաղափարը. վտանգներ, շահառուներ եւ տարածաշրջանային զարգացումներ
- (0)

Զանգեզուրը՝ պատմական Սիւնիքի սիրտը, հայ ժողովրդի հնագոյն բնօրրաններից է, որն իր կարեւորութեամբ մշտապէս աչքի է ընկել հայոց պետականութեան պատմութեան տարբեր դարաշրջաններում։ Դարեր շարունակ եղել է հայութեան պետականութեան, մշակոյթի եւ հոգեւոր ինքնութեան ամրոցը։
Դեռեւս Ուրարտուի ժամանակներից սկսած, այն հանդիսացել է ռազմավարական ու տնտեսական կեդրոն, իսկ հետագայում՝ Մեծ Հայքի կազմում մտնելով, դարձել է Սիւնիքի նահանգի առանցքը։
20_րդ դարի սկզբին, երբ Հայաստանի Հանրապետութիւնը կանգնած էր կործանման եզրին, Զանգեզուրը դարձաւ հայութեան վերջին պատնէշներից մէկը։ 1918–1921 թուականներին այն դարձաւ հայ_թուրքական եւ հայ_ատրպէյճանական բախումների էպիկեդրոն։ Այդ ժամանակ էր, որ ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ ռազմաճակատ մեկնեց Գարեգին Նժդեհը՝ որպէս ժողովրդի ոգու մարմնացում եւ Զանգեզուրի պաշտպանութեան գլխաւոր կազմակերպիչ։ Նրա ղեկավարութեամբ ձեւաւորուեց հետեւողական եւ կարգապահ զինուժ, որը չզիջեց ոչ մի թիզ հող։ Նժդեհի հերոսական պայքարը կանխեց Զանգեզուրի բռնակցումը Ատրպէյճանին՝ որոշելով Հայաստանի հետագայ սահմանները եւ ամրացնելով նրա հարաւային դարպասը՝ կերտելով պատմական Լեռնահայաստանը։
Սիւնիքը ոչ միայն երկրի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան համար ունի կենսական նշանակութիւն, այլեւ զբաղեցնում է առանցքային դիրք Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական քարտէսի վրայ։ Սիւնիքն ընդգրկում է այն սահմանային գօտին, որը միաւորում եւ միեւնոյն ժամանակ բաժանում է չորս երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ատրպէյճանի եւ Թուրքիայի շահերը՝ դարձնելով տարածաշրջանը բարդ փոխյարաբերութիւնների եւ ուժային հակադրութիւնների հանգոյց։
Այս տարածքը բաժանում է Ատրպէյճանին՝ կտրելով արեւմտեան հատուածը՝ Նախիջեւանը։ Հետեւաբար Ատրպէյճանի կողմից առաջ քաշուած «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որպէս ենթակառուցուածքային լուծում, ունի բացարձակապէս քաղաքական ենթատեքստ։ Պաքուն, Անգարան եւ այլ շահառու ուժեր այն դիտարկում են ոչ միայն որպէս տնտեսական հաղորդակցութիւն ապահովող միջոց, այլեւ՝ որպէս տարածաշրջանային ուժերի վերադասաւորութեան գործիք։
Ակնյայտ է, որ այս գաղափարը ներառւում է մեծ տէրութիւնների եւ տարածաշրջանային դերակատարների ռազմավարական պատկերացումներում։
Հետեւաբար, կարեւոր է հասկանալ միջանցքի շուրջ ծաւալուող զարգացումները, դրա հնարաւոր հետեւանքները Հայաստանի պետականութեան, տարածաշրջանային կայունութեան եւ միջազգային փոխյարաբերութիւնների համատեքստում։
Ո՞րն է «Զանգեզուրի միջանցք» գաղափարի բուն էութիւնը.
«Զանգեզուրի միջանցք» ասուածը զուտ տրանսպորտային նախագիծ չէ։ Այն Հայաստանի տարածքում նախատեսում է յատուկ ռեժիմով ճանապարհ՝ առանց Հայաստանի լիարժէք վերահսկողութեան այդ տարածքի վրայ։ Միջանցքի ստեղծումը ենթադրում է՝
_ Հայաստանի տարածքային ամբողջականութեան խախտում:
_ ՀՀ սուվերեն տարածքի վերահսկողութեան կորուստ:
_ Հայաստանի ինքնիշխանութեան թուլացում։
Միջանցքը գործնականումը նշանակում է, որ Հայաստանը իր տարածքի մի հատուածի վրայ չի ունենայ լիարժէք վերահսկողութիւն, այսինքն՝ չի կարողանալու ստուգել բեռները, կառավարել անցուդարձը, կիրառել մաքսային կամ իրաւական ընթացակարգեր։
Նման կարգավիճակով ճանապարհը դուրս է գալիս Հայաստանի պետական իրաւազօրութիւնից, ինչը նշանակում է մասնակի կամ լիակատար ապապատուիրակում։
Ամփոփենք Թուրքիայի եւ Ատրպէյճանի նպատակները այս հարցում։ Ատրպէյճանի եւ Թուրքիայի համար այս նախագիծը ունի մի քանի շերտ.
_ Կտրել Հայաստանը իր ամենակարեւոր տարածաշրջանային դաշնակիցից Իրանից՝ աշխարհաքաղաքական մեկուսացման նպատակով:
_ Թուրքիայի համար ռազմավարական, աշխարհաքաղաքական կամուրջի ստեղծում, որը միաւորում է՝ Չինաստանից դէպի Եւրոպա ձգուող Մետաքսի ճանապարհի արեւելեան ու արեւմտեան ճիւղերը:
_ Ստեղծել նոր տարածաշրջանային տիրապետութիւն՝ Թուրքիայի միջոցով, այսինքն՝ փանթուրանական կայսրութիւն:
_ Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցութեան թուլացում։
Աշխարհի ամենահեղինակաւոր եւ ամենայայտնի ֆինանսատնտեսական ամսագիր Ֆորբսը նշում է, որ եթէ միջանցքը կեանքի կոչուի, ապա «թուրքական բիզնեսները կանխատեսում են արտահանման ծաւալների 310 տոկոս աճ՝ 160 միլիոնից մինչեւ 500 միլիոն տոլար»:
«Զանգեզուրի միջանցք» հասկացութեան առաջացման եւ առաջմղման հետ ուղիղ առնչւում է «Միջին միջանցք» կոչուող նախագիծը (Middle Corridor):
Միջին միջանցքը չինական «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» (BRI) նախաձեռնութեան ենթաբաժիններից մէկն է, որի նպատակն է Չինաստանը կապել Եւրոպային՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։ Այս միջանցքն անցնում է Չինաստանով, Կասպեան ծովով, Կեդրոնական Ասիայով, յետոյ՝ Ատրպէյճանով, Վրաստանով եւ Թուրքիայով դէպի Եւրոպա։
Սակայն այս երթուղին ունի կառուցուածքային եւ քաղաքական խոչընդոտներ, յատկապէս կապուած Կասպեան ծովի նաւահանգիստների սահմանափակ կարողութիւնների, ինչպէս նաեւ Վրաստանի տարածքով անցնող ենթակառուցուածքների անվտանգային ռիսկերի հետ։ Այս պայմաններում Ատրպէյճանը եւ Թուրքիան ձգտում են ձեւաւորել աւելի կարճ եւ կայուն այլընտրանք՝ Զանգեզուրի միջանցքի միջոցով, որը կապելու է Ատրպէյճանի մայր տարածքը Նախիջեւանի միջոցով Թուրքիային։ Այսինքն՝ Զանգեզուրը դիտարկւում է որպէս Միջին միջանցքի նոր, աւելի արագ եւ միակողմանի վերահսկելի ճիւղաւորում, որը կը փակի Իրանի եւ Ռուսաստանի մասնակցութեան հնարաւորութիւնը։
Այսպիսով Զանգեզուրի միջանցքը դառնում է աշխարհաքաղաքական լծակ, որի միջոցով Թուրքիան ու Ատրպէյճանը փորձում են վերաձեւել տարածաշրջանի ուժային դասաւորութիւնը՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան։ Աւելին, եթէ այս միջանցքն անցնի յատուկ կարգավիճակով՝ առանց հայկական վերահսկողութեան, ապա այն կտրուկ կը նուազեցնի Սիւնիքի՝ որպէս հայկական տարածքի ռազմավարական նշանակութիւնը։
Ուրեմն՝ այս նախագծի առանցքային հանգոյցը Զանգեզուրն է։ Զանգեզուրը Թուրքիայի համար «կողպէքն է», առանց որի չեն բացւում նէո_օսմանական նկրտումների դռները։
Այստեղ կարեւոր է անդրադառնալ Պաքու_Թիֆլիս_Կարս (ՊԹԿ) երկաթուղուն, որը ռազմավարական ենթակառուցուածք է եւ կապում է Ատրպէյճանը, Վրաստանը եւ Թուրքիան, ապահովելով երկաթուղային ուղի Կասպից ծովից մինչեւ Եւրոպա, շրջանցելով Հայաստանը եւ Իրանը։ Այն հանդիսանում է Մետաքսի ճանապարհի Միջին միջանցքի (Middle Corridor) առանցքային հատուած։
Միջանկեալ նշենք, որ Արցախը, իր գոյութեամբ, տարածաշրջանում ստեղծել էր աշխարհաքաղաքական «արգելք», որը խափանում էր ոչ միայն Ատրպէյճանի՝ Նախիջեւանին միացնելու ռազմավարական նկրտումները, այլեւ՝ աւելի լայնածաւալ՝ թուրք_ատրպէյճանական տրանսպորտային ինտեգրման նախագծերը։
Արցախը թոյլ չէր տալիս, որ Ատրպէյճանը ցամաքային կապ հաստատի Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ՝ Սիւնիքի վրայով։ Հենց այս պատճառով էլ Պաքուի եւ Անգարայի ռազմավարական նպատակը դարձաւ այդ կապը վերականգնելը՝ Զանգեզուրով անցնող «միջանցքի» տեսքով։
Արցախի գոյութիւնը գործնականում դանդաղեցնում էր Միջին միջանցքի «հեղուկ» առաջընթացը՝ յատկապէս արեւմուտքի աջակցութեամբ։
Արցախի պետական համակարգի կազմաքանդումը եւ Արցախի հայութեան բռնագաղթը, ըստ էութեան, վերացրին վերջին հիմնական խոչընդոտը տարածաշրջանում թուրք_ատրպէյճանական առանցքի ազատ տեղաշարժի համար։
Այսպիսով, թէեւ Պաքու_Թիֆլիս_Կարս (ՊԹԿ) երկաթուղին գործում է, սակայն այն անցնում է Վրաստանի տարածքով, հետեւաբար ենթակայ Վրաստանի քաղաքական ազդեցութեանը (երկաթուղու վրացական հատուածը գտնւում է Վրաստանի վերահսկողութեան եւ իրաւազօրութեան ներքոյ). Թուրքիան եւ Ատրպէյճանը ուզում են միանալ ուղիղ, առանց Վրաստանի կամ Իրանի միջնորդութեան։ Այս երթուղին չի ապահովում Թուրքիա–Ատրպէյճան ուղիղ ցամաքային կապ՝ շրջանցելով միջնորդ երկրներին եւ չի բացառւում որպէս ռեզերվային տարբերակ, իսկ ամենակարեւորը՝ անբաւարար է փանթուրանական ձգտումների համար։
Հաստատենք եւս մէկ անգամ, որ այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի եւ Ատրպէյճանի համար զուտ տնտեսական կամ հաղորդակցման նախագիծ չէ, այլ առաջին հերթին՝ գէոպոլիտիկական նախաձեռնութիւն, որը ուղղուած է տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական հաւասարակշռութիւն հաստատելուն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշուին։
Անդրադառնանք «Զանգեզուրի միջանցքի» գլոբալ շահառուներին.
Չինաստան
Չնայած Մետաքսի ճանապարհի տնտեսական նպատակներին, Չինաստանի համար փանթուրանական տիրապետութեան ամրապնդումը կարող է վերածուել ռազմավարական սպառնալիքի։
Չինաստանի Սինցզեան_Ույղուրական ինքնավար մարզում բնակւում են միլիոնաւոր թրքալեզու մուսուլման ույղուրներ, իսկ փանթուրանականութեան գաղափարախօսութիւնը, որ նպատակ ունի միաւորել բոլոր թրքալեզու ժողովուրդներին, ներառում է նաեւ ույղուրներին, իսկ թրքալեզու պետութիւններից Ատրպէյճանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Կիրգիզստանը՝ Չինաստանի սահմանակիցներն են կամ ազդեցութեան գօտում։ Նշենք, որ Ույղուրական անջատողական շարժումներն արդէն տարիներ շարունակ խնդիր են Չինաստանի համար։
Եթէ Թուրքիան (նաեւ Ատրպէյճանի միջոցով) կարողանայ հաստատել վերահսկողութիւն «Զանգեզուրի միջանցքի» նման ռազմավարական ուղիների վրայ, ապա դա կը սահմանափակի Չինաստանի անկախ ազդելու հնարաւորութիւնները տարածաշրջանում։
Այլ կերպ ասած՝ Թուրքիան կարող է դառնալ Մետաքսի ճանապարհի վերահսկող, չինական ապրանքների ու կապերի վերահսկող միջանցքային դերակատար, ինչը Չինաստանի շահերից չէ։
Եւրոպա
Պատժամիջոցներով սահմանափակուած ռուսական էներգակիրների փոխարէն, Եւրոպան օգտւում է ատրպէյճանական նաւթի եւ կազի մատակարարումներից։ Սակայն՝ Ատրպէյճանի եւ Թուրքիայի հնարաւոր ռազմաքաղաքական ամրապնդումը կարող է դառնալ նոր անկայունութեան աղբիւր։ Նրանց հնարաւոր ռազմաքաղաքական ամրապնդումը կարող է ստեղծել նոր, աւելի վտանգաւոր կախուածութիւն՝ աւտորիտար, էքսպանսիոնիստ եւ անկանխատեսելի դերակատարների վրայ։
Այս նոր էներգետիկ ու ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը կարող է աւելի լուրջ ապակայունացնող գործօն դառնալ՝ ոչ միայն Կովկասում, այլ՝ ողջ Եւրոպական աշխարհաքաղաքական տարածքում։
Ֆորբեսը Եւրոպայի էներգետիկ անվտանգութեան խորքային նշանակութեան հարցում գրում է. «Միջազգային էներգետիկ գործակալութեան 2025 թուականի կանխատեսմամբ՝ Եւրոպային մինչեւ 2030 թուականը անհրաժեշտ է լրացուցիչ 20 միլիառ խորանարդ մեթր ոչ ռուսական կազ։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների նորմալացումը կարող է բացել մուտք Կասպեան էներգառեսուրսներին՝ նուազեցնելով ներմուծման ծախսերը 10–15 տոկոսով, օրինակ՝ BP_ի նման ընկերութիւնների համար»։ Եւ ապա եզրափակում Եւրոպական դաշնակիցների համար միջանցքը իրական հնարաւորութիւն է էներգետիկ բազմազանեցման ուղղութեամբ։ ԵՄ կարող է խնայել մինչեւ 20–30 միլիառ տոլար 2030_ին՝ աջակցելով զրոյական արտանետումների նպատակին եւ նուազեցնելով կախուածութիւնը աւտորիտար ռեժիմներից։ Հենց այդ է պատճառը, որ եւրոպական մայրաքաղաքները գաղտնաբար աջակցում են ամերիկեան նախաձեռնութեանը՝ չնայած հրապարակային զգուշաւորութեանը։
Իրան
Իրանը «Զանգեզուրի միջանցքի» հնարաւոր բացումը դիտում է որպէս իր հիւսիսային սահմանի կտրման վտանգ։ Այդ միջանցքը կը բաժանի Իրանը Հայաստանից՝ սահմանափակելով Իրանի ելքը դէպի Կովկաս եւ ընդհանրապէս հիւսիսային ուղղութեամբ։
Իրանը բացայայտօրէն հակադրւում է փանթուրանականութեան գաղափարախօսութեանը եւ դրան համապատասխանող աշխարհաքաղաքական նախագծերին, որոնք նպաստում են թուրքական ազդեցութեան տարածմանը Կովկասում եւ Միջին Ասիայում։
Իրանն ահազանգում է, որ Զանգեզուրի միջանցքը կարող է օգտագործուել Իսրայէլի եւ Արեւմտեան երկրների հետախուզական եւ ռազմական ներկայութեան համար՝ Իրանի հիւսիսային սահմաններին մօտ տարածքներում։
Իրանը հետեւողականօրէն պաշտպանում է միջազգային իրաւունքի սկզբունքները՝ ընդգծելով բոլոր երկրների սուվերենութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութիւնը։ Այդ դիրքորոշմամբ նա դէմ է ցանկացած պարտադրուած հաղորդակցային ուղու, որը կարող է խաթարել տարածաշրջանային պետութիւնների ինքնիշխանութիւնը։
Փորձագէտները նշում են, որ Զանգեզուրի միջանցքի հնարաւոր բացումը՝ թուրքական վերահսկողութեամբ կամ միջազգային (յատկապէս՝ արեւմտեան) կառոյցների հովանու ներքոյ, այն կը վերածի ՆԱՏՕ_ի տարանցիկ ուղու՝ ամրապնդելով արեւմտեան ռազմավարական ներկայութիւնը Հարաւային Կովկասում։ Այս զարգացումն անխուսափելիօրէն կը նշանակի ռուսական եւ իրանական անվտանգութեան յենարանների նահանջ Հայաստանի համար։
Հաշուի առնելով, որ Հայաստանը ներկայումս չունի ինքնաբաւ ռազմարդիւնաբերական համակարգ, նրա անվտանգութեան համակարգի կայունութիւնը մեծապէս կախուած է Իրանի եւ Ռուսաստանի հետ ռազմական եւ տեխնիկական համագործակցութիւնից՝ յատկապէս սպառազինութեան մատակարարման, վերազինման եւ հակաօդային պաշտպանութեան ոլորտներում։ Միջանցքի արտաքին վերահսկողութեան պայմաններում այդ համագործակցութիւնը կարող է լրջօրէն տուժել կամ ընդհանրապէս դադարել՝ Հայաստանը դնելով միջազգային մատակարարման խիստ սահմանափակումների եւ ճնշումների ներքոյ։
Ռուսաստան
Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպէս ռազմավարական նախագիծ, որն ունի ե՛ւ սպառնալիքներ, ե՛ւ հնարաւորութիւններ՝ կախուած նրանից, թէ ով եւ ինչպէս է վերահսկելու այդ հաղորդակցային ուղին։
Զանգեզուրի միջանցքի գործարկումը, յատկապէս առանց Հայաստանի եւ Իրանի լիարժէք վերահսկողութեան, կարող է ապահովել Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցութեան խորացում Հարաւային Կովկասում, միաժամանակ բացելով Արեւմուտքի (ՆԱՏՕ_ի) համար նոր ուղղութիւն։
Եթէ միջանցքը կտրի Հայաստանի տարածքով անցնող ցամաքային կապը Իրանի հետ, Ռուսաստանը կը կորցնի իր հարաւային գործընկերոջ՝ Իրանի հետ անմիջական ցամաքային հաղորդակցութեան հնարաւորութիւնը՝ խաթարելով երկուստեք համագործակցութեան տրամաբանութիւնը։
Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ Մոսկուայի առաջարկած Հիւսիս–Հարաւ միջազգային տրանսպորտային միջանցքի (ՌԴ–Իրան–Հնդկաստան ուղղութիւն) մրցակից, յատկապէս եթէ վերահսկուի Անգարայի կամ Պաքուի կողմից։ Սա կը թուլացնի Մոսկուայի դիրքերը տարածաշրջանային հաղորդակցային ցանցերի նկատմամբ։
Ռուսաստանը ցուցաբերում է շահագրգռուածութիւն միջանցքի ստեղծման հանդէպ այն դէպքում, երբ վերահսկողութիւնն իր ձեռքում է, խաղաղապահական կամ միջնորդական դերը ամրապնդւում է, հաղորդակցային ուղին չի վտանգում Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։
ԱՄՆ
ԱՄՆ_ն աջակցում է տրանսպորտային հաղորդակցութիւնների բացմանը, սակայն՝ սուվերենութեան պահպանման շրջանակում։ ԱՄՆ դեսպան Թօմ Պարաքը առաջարկել է միջանցքի վերահսկողութեան մոտել, որի համաձայն՝ այն կարող է յանձնուել ամերիկեան կառավարման՝ 100 տարուայ ժամկէտով։
Այս համատեքստում Ֆորբեսը հարց է տալիս՝ «Արդեօ՞ք աշխարհը՝ պայքարելով ոչ ռուսական էներգիայի համար աճող գլոբալ լարուածութեան պայմաններում, կարող է 43 քիլոմեթրանոց հայկական գօտին դարձնել Ամերիկայի ռազմավարական յաղթաթուղթը Մոսկուայի եւ Թեհրանի դէմ։ ԱՄՆ_ի համարձակ առաջարկը՝ Զանգեզուրի միջանցքը 100 տարով վարձակալելու վերաբերեալ, խոստանում է տարեկան 50_100 միլիառ տոլարի առեւտրային հոսք։ Սակայն այս նախաձեռնութիւնը կարող է նաեւ վերածուել Կովկասում նոր սառը պատերազմի օճախի» եւ ապա հաստատում, որ «Ամերիկայի նախաձեռնութիւնը՝ Զանգեզուրի միջանցքով, նպատակ ունի վերաձեւել Եւրասիայի էներգետիկ քարտէսը։ Ուաշինկթոնը ձգտում է օգտուել Հարաւային Կովկասում ստեղծուած ազդեցութեան վակուումից, որը առաջացաւ Ռուսաստանի հեղինակազրկմամբ, յատկապէս 2023 թ. Սեպտեմբերին Ատրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական վերահսկողութեան վերականգնումից յետոյ»։
Մեկնելով նոյն աղբիւրից, կարող ենք ասել, որ «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ դիւանագիտական հնարամտութեան փորձաքարն է՝ փոխել խաղի կանոնները բազմաբեւեռ աշխարհում։ Եթէ յաջողուի՝ ԱՄՆ_ը ցոյց կը տայ, որ դեռ ունակ է իրական, փոխշահաւէտ լուծումներ առաջարկել։ Եթէ ոչ՝ դա կը նշանակի նրա ազդեցութեան անկում աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջաններում։
Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշումը
Հայաստանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում բազմաշերտ է ու յաճախ՝ իրարամերժ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը «խնդիր» չի տեսնում Զանգեզուրի միջանցքի իրագործման մէջ՝ նոյնիսկ փանթուրանական ծրագրերի համատեքստում։ Նրա խօսքերով՝ եթէ ցանկանում են անցնել Հայաստանի տարածքով՝ թող անցնեն։ Այս մօտեցումը վտանգաւոր հանդուրժողականութիւն է դրսեւորում։
Իսկ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարեանը յայտարարեց, որ «Սկզբունքների պահպանման դէպքում Հայաստանը դէմ չէ Սիւնիքի ճանապարհի արտապատուիրակմանը», իսկ Վարչապետի մամուլի խօսնակ Նազելի Պաղդտասարեանն էլ նշում է, որ «Հայաստանի Հանրապետութիւնը երբեւէ որեւէ մէկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ատրպէյճանի նախագահի նշած անուանաբանութիւնը եւ դրանից բխող տրամաբանութիւնը։ Հայաստանի Հանրապետութիւնը թէ՛ Ատրպէյճանի, թէ՛ միջազգային միւս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը»։
Այսպիսով, Հայաստանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում արտաքինից կարող է թուալ յստակ՝ «ոչ միջանցքին», բայց խորքային վերլուծութեան դէպքում այն ցուց է տալիս մանեւրելու ռազմավարութիւն՝ միաժամանակ խուսափելով յստակ համաձայնութիւնից եւ չբացառելով հնարաւոր առեւտուրը միջազգային երաշխիքների դիմաց։
Այս դիրքորոշումը խօսում է թէ՛ Հայաստանի ճնշուած աշխարհաքաղաքական դիրքի, թէ՛ ներկայ կառավարութեան երկակի մարտավարութեան մասին:
Համարելով անհրաժեշտ՝ ներկայացնենք Հայաստանի քաղաքական դաշտում գործող կարեւոր ազգային ուժերից մէկի՝ ՀՅԴ_ի պաշտօնական դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցք»_ի շուրջ.
Դաշնակցութիւնն անհամաձայնութիւն է յայտնում «Զանգեզուրի միջանցք» նախաձեռնութեան հետ եւ կտրականապէս դէմ է դրա իրագործմանը, այն գնահատում է միջանցքի գաղափարը ոչ թէ որպէս տնտեսական կամ տրանսպորտային նախագիծ, այլ՝ որպէս քաղաքական եւ տարածքային վտանգ, որն ուղղուած է Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ։ ՀՅԴ_ն Հետեւողականօրէն պահանջում է բացառել միջանցքի ստեղծման ցանկացած ձեւաչափը, անկախ արտաքին ճնշումներից կամ միջազգային դերակատարների դիրքորոշումներից։
Այսպիսով, «Զանգեզուրի միջանցք» հասկացութիւնը ոչ միայն ենթակառուցուածքային, այլեւ աշխարհաքաղաքական նախագիծ է, որը սպառնում է Հայաստանի սուվերենութեանը, Իրանի անվտանգութեանը, Ռուսաստանի ազդեցութեանը եւ տարածաշրջանի ուժերի հաւասարակշռութեանը։ Տարբեր դերակատարներ տարբեր շահեր են հետապնդում՝ Զանգեզուրի միջոցով վերահսկելով ողջ Հարաւային Կովկասը։ Հայաստանի համար այս միջանցքը ոչ թէ հնարաւորութիւն է, այլ՝ վտանգ, որը կարող է յանգեցնել երկարաժամկէտ կորուստների։
Ուսումնասիրութիւնը կատարեց Արմինէ Մուքոյեանը, հիմնուելով հայաստանեան եւ միջազգային վերլուծական աղբիւրների, փորձագիտական գնահատականների ու քաղաքական գործընթացների համադրական ուսումնասիրութեան վրայ։