Ազգային առողջ ուժերի համախմբումն ու միասնական ճակատի ձեւաւորումը անհրաժեշտութիւն է. ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեան

ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանի ելոյթը Թեհրանում Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած ՀՅԴ 134-ամեակի միջոցառման.

Սրանից 35 տարի առաջ, հենց այս սրահում, ներկայ եմ եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան նուիրուած միջոցառմանը։ Յիշում եմ, այն ժամանակ, որպէս Ռոստոմ Երիտասարդական միութեան անդամ, մասնակել եմ ցուցահանդէսի պատրաստմանը, այժմ մեծ պատիւ է օրուայ առիթով այս բեմից փոխանցել իմ պատգամը։ Պատիւ է եւ, միաժամանակ, ծանր պատասխանատուութիւն, չխաթարելու այն աւանդն ու ոգին, որը՝ Ալիքի, հայաշունչ միութիւնների, եկեղեցիների ու դպրոցների մթնոլորտում ներշնչուել է մեր սերնդին։ Այստեղ, մեր շարքերում է Դաշնակցութեան ոգին ու շունչը փոխանցող այն սերունդը, որին պարտական ենք, յարգանք ու խոնարհում բոլոր նրանց ովքեր բացակայում են, ի հարկէ, միայն ֆիզիքապէս։
Այն օրերին չգիտէինք, թե ինչ է սպասւում մեզ գալիք տարիներին։

Անցեալ 35 տարիները մեր հայրենիքի եւ ազգի համար վայրիվերումների տարիներ էին։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն անբաժին չէր այս ճակատագրական ժամանաշրջանում իր ուրոյն դերն ունենալուց։ Հայաստանի անկախացումը, Արցախի ազատագրումը, պետականութեան կերտումը Դաշնակցութեան ծրագրային եւ գաղափարական հիմնական ուղղութիւններն են եղել եւ շարունակում են մնալ։ Հայ ժողովրդի Ազգային ազատագրական պայքարի դրօշակակիրն աւելի քան 130 տարի եղել եւ մնում է Դաշնակցութիւնը՝ իր արիւնոտ դրօշով։ Ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի գաղափարը, հայ ժողովրդի ազգային երազանքը, առանցքն է Դաշնակցութեան ծրագրի։ Պատմութեան հոլովոյթը փաստել է, որ Դաշնակցութիւնն՝ իր կազմակերպական կառոյցի կուռ շարքերով, անմնացորդ նուիրումով, առաջամարտիկն է եղել եւ զինուորը, միացեալ անկախ եւ ազատ հայրենիքի երազանքն իրականացնելու համար մղուող պայքարում։

Այս իրողութիւնն ակնյայտ էր Արցախի ազատագրական պայքարի հենց նախնական փուլում, պատերազմներում եւ պետականութեան կերտման հենց առաջին օրերից։ Արցախի առաջին պատերազմի օրերին, առաջին զէնքը ձեռքին ջոկատները դաշնակցականներն էին։ Չմոռանանք պետականութեան կերտման ուղին, չմոռանանք անկախ Արցախի Խորհրդարանի առաջին նախագահ, նորանկախ երկրի ղեկավար ընկեր Արթուր Մկրտչեանին, չմոռանանք այսօր Պաքուի բանտում գտնուող Արցախի Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Դաւիթ Իշխանեանին, պետական-քաղաքական- ռազմական ղեկավարութեան շարքերում մեծ դերակատարութիւն ունեցած գործիչներին։

Անշուշտ, այս շարքը պէտք է համալրենք մէկ առ մէկ յիշելով ազգային ազատարգրական պայքարի ընթացքում իրենց կեանքը չխնայած հայորդիներին։
Արցախն ու Դաշնակցութիւնը բնական դաշնակիցներ են․ սա 1990-ական թուականին կայացած Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի հաստատումն է։
Դաշնակցութիւնն աւելի քան 130 տարի գաղափարակիրն է եղել հայ ժողովրդի ազատագրական պայքարի, իսկ Արցախի ժողովուրդը իրականացրել է պետականակերտման ու ազատութեան համար պայքարի առարկայական, շօշափելի ծանրութիւնն իր ուսերի վրայ, ճաշակելով թէ՛ յաղթանակի քաղցրութիւնը, թէ՛ պարտութեան վիշտն ու ցաւը։

2020 թուականի ծանր պարտութիւնը, 2023 թուականի Արցախի ժողովրդի բռնի տեղահանութիւնը, Արցախի անկումը, ծանր կորուստներ էին։ Պարտուեցիք բոլորս, բոլորիս՝ իւրաքանչիւր հայի արիւնով ու քրտինքով ազատագրած, պահպանած հայրենիքի մէկ երրորդը բռնագրաւուեց թշնամու կողմից։ Այս կորստի ցաւն ու կսկիծը պէտք է կրենք բոլորս, իւրաքանչիւր հայ եւ եթէ չենք ուզում այն յաւերժ դառնայ, եթէ չենք ուզում պարտութիւնը խարան դառնայ հայի ճակատին՝ պէտք է պայքարել, պէտք է տոգորուել վրէժով, պէտք է դադար չունենայ թշնամին, այլ ելք չունենք յարատեւելու, կենսունակ ազգ լինելու համար։

Ազատագրական պայքարի առաջին դիրքերում պէտք է կանգնած լինի հայրենի պետութիւնը, մերօրեայ աշխարհակարգում պետութեան դերն ու ձեռնահասութիւնը միջազգային հարթակներին՝ անփոխարինելի է։ Նորանոր աղէտներից խուսափելու համար, ոչ թէ թուլամորթի կեցուածքով զիջողականութիւն ու թշնամիների առջեւ խոնարհ ու հեզ ստրուկի կեցուածք դրսեւորող իշխանութիւններ են մեզ անհրաժեշտ, այլ ազգային գաղափարախօսութիւնն առաջնորդող ուղի որդեգրած իշխանաւորներ։ Այն ուղին, որը որդեգրել են այսօրուայ Հայաստանի իշխանութիւններն՝ անընդունելի է եւ անհանդուրժելի։ Արցախի ուրացումը, պատմութեան նենգափոխումը, ազգային արժէքների նուաստեցումն ու սին ու ունայն գաղափարազուրկ բովանդակութեան ներարկումը հայ ժողովրդի մէջ՝ կործանման է տանում։ Այդ չաիրքի դէմ պայքարը Դաշնակցութեան օրակարգի առաջնային կէտն է։ Սա եւս Ազգային ազատագրական պայքար է։ Ազգային առողջ ուժերի համախմբումն ու միասնական ճակատի ձեւաւորումը անհրաժեշտութիւն է։ Դաշնակցութիւնն այդ փորձն ունի եւ այժմ եւս ձգտում է ամէն ինչ անել այդ ուղղութեամբ։

Որպէս Դաշնակցութեան Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ մի քանի բառով տեղեկացնել մեր դէմ յանդիման կանգնած մարտահրաւէրներին, որոնք մեր առօրեայ աշխատանքի ասպարէզն է։

Արցախի բռնի տեղահանութիւնից յետոյ մեր հայրենակիցները հաստատուել են հայրենիքի մի այլ հատուածում՝ իրենց տներից, իրենց ապ ու պապերի օճախներից ու որդիների ու հարազատների գերեզմաններից հեռու։ Այդ ժողովուրդը պէտք է ապահով, տանելի եւ արժանապատիւ կեանք ունենայ՝ մինչեւ վերադարձի երանելի օրը։ Կորցնելով տուն տեղ, աշխատանք եւ կենցաղային պայմանները ապահովող այլ հնարաւորութիւններ, մեր հայրենակիցները կանգնած են ծանր սոցիալական եւ իրաւական խնդիրների առջեւ։ Դժբախտաբար, Հայաստանի իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնն այդ ուղղութեամբ թերի է եւ ոչ բաւարար, որը առիթ է տալիս արտագաղթի, կրկնակի հայրենազրկման։

Միւս մարտահրաւէրը Արցախի գործող իշխանութիւնների պահպանումն ու նրանց գործունէութեան անխոչընդոտ շարունակութեան ապահովումն է։ Արցախի ժողովրդի ուղիղ ընտրութեամբ ձեւաւորուած իշխանութիւնը միակ օրինական մարմինը կարող է լինել՝ միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի դատը ներկայացնելու համար։ ՀՀ իշխանութիւններն այդ ասպարէզում եւս թոյլ են տալիս ռազմավարական սխալ վարքագիծ՝ չընդունելով, արհամարհելով եւ, ինչու չէ նաեւ, բռնի ուժի կիրառմամբ չէզոքացնելու համար այդ օրինաւոր մարմնի գործունէութիւնը։

Յաջորդ մարտահրաւէրը միջազգային բեմահարթակներում ժողովրդի հիմնարար իրաւունքների, առաջին հերթին՝ վերադարձի իրաւունքի, ինքնորոշման եւ այլ իրաւունքների վեր հանումն ու արծարծումն է։ Իսկ, դրա կողքին Պաքուում պահուող գերիների եւ ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման հարցը։ Վստահ եմ, որ բոլորս էլ համոզուած ենք, որ միայն զէնքով կայ հայոց փրկութիւն, սակայն, իրաւական դաշտը եւս կարեւոր է եւ յարատեւ ջանքերի ու աշխատանքի կարօտ։ Այս ասպարէզում Հայաստանի արտաքին քաղաքականութեանն այլ անուն չի կարելի տալ, բացի դասալքութիւնից։

Արցախը Ատրպէյճանի մաս համարելը, այլ բան չէ, քան դաշոյնով մէջքից հարուած։ Արցախի եւ նրա ժողովրդի իրաւունքների համար առօրեայ պայքարին է լծուած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իր բոլոր յարակից եւ քոյր կառոյցներով, Հայ դատի գրասենեակներով, քոյր եւ ուղեկից միութիւններով եւ համակիր շրջանակներով։ Հաւատարիմ մնալով միասնութեան՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան գաղափարին։

Համոզուած ենք, որ պայքարը երկարաշունչ է լինելու։ Այս պայքարի ընթացքում լինելու են ցաւոտ պարտութիւններ, յուսալքումներ, վայր ենք ընկնելու, այս բոլորը պայքարի բաղադրիչներ են, սակայն կարեւորը դարձեալ կանգնելն է, դարձեալ ուժերի լարումը, վերընձիւղուելը, յարատեւելը։ Այս բոլորը հնարաւոր է միայն ու միայն իրար թեւ ու թիկունք կանգնելով, միմիայն ձեռքը բռնելով, ընկածին մենակ չթողնելով, համերաշխութեամբ։
Փառք ու պատիւ հայրենիքի համար, ընկած նահատակներին:

Փառք ու պատիւ ազգային իտէալների համար անխոնջ ու բոլորանուէր պայքարող իւրաքանչիւր հայորդու:
Կեցցէ՛ Ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի գաղափարը…

Comments are closed.