Ազրպէյճանի կողմից իրականացուող մշակութային ցեղասպանութիւնը Արցախում

Վահագն Խաչատրեան

Ներածութիւն

Մշակութային Ցեղասպանութիւնը ներառում է մշակութային տարրերի, այդ թւում լեզուի, կրօնի, պատմութեան, արուեստի, մշակութային կոթողների, այսինքն` մարդկանց որոշակի խմբի մշակոյթի մէջ ներառուող երեւոյթների համակարգուած եւ միտումնաւոր ոչնչացում կամ աղաւաղում։ Գիտակցելով, որ ժողովրդի հաւաքական կերպարի եւ յիշողութեան պահպանման համատեքստում իր ուրոյն դերակատարութիւնը ունի նիւթական եւ ոչ նիւթական (լեզու, գրականութիւն, սովորոյթներ, աւանդական արհեստներ մշակութային ժառանգութեան պահպանում, Ազրպէյճանը տարիներ ի վեր փորձել է դրանք խլել, խեղաթիւրել ու վերացնել, այդպիսով ոչնչացնելով նաեւ Արցախի ժողովրդի էթնոմշակութային ինքնութիւնը։

Սոյն յօդուածում փորձել ենք աւելի մանրամասն եւ փաստացի ներկայացնել Արցախում հայկական մշակութային հազարամեայ հետքը, Ազրպէյճանի կողմից իրականացուած եւ շարունակուող մշակութային ցեղասպանութիւնը` միջազգային հանրութեան թոյլտուութեամբ։ Ուսումնասիրութիւնը էլ աւելի արդիական է դառնում այս օրերին, երբ համայն հայութեան համար գերնպատակ պէտք է լինի Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնն ու պահպանումը, որն Արցախի ամբողջական հայաթափումից յետոյ Արցախի հայկականութեան գլխաւոր վկան է դարձել։

1. Արցախի պատմութիւնն ու մշակութային հետքերը

Ազգային ինքնութեան եւ ազգի հաւաքական յիշողութեան ձեւաւորումը մշակութային ժառանգութիւնն է ամրապնդում։ Հայկական լեռնաշխարհի Արցախեան հատուածում հնագիտական հետազօտութիւնների համաձայն հին ժամանակներից սկսած ապրել եւ արարել է մարդը՝ ստեղծելով հարուստ մշակութային ժառանգութիւն: Այն որ, Արցախում հնագոյն ժամանակներից ի վեր ապրում են հայեր, փաստում են Արցախի տարածքում առկայ բազմաթիւ պատմամշակութային յուշարձանները եւ պատմական իրադարձութիւնները։ Արցախ աշխարհի մասին առաջին գրաւոր տեղեկութիւնները հաղորդում է Մովսէս Կաղանկատուացին, որի «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկը գլխաւոր սկզբնաղբիւրն է, իսկ նրա հեղինակը՝ Աղուանից երկրի առաջին պատմիչը:

2. Արցախը Աղուանից կաթողիկոսութեան կազմում

Ազրպէյճանը ներկայումս փորձում է Արցախի բռնազաւթուած տարածքներում գտնուող հայկական եկեղեցիները ներկայացնել որպէս աղուանական՝ ժխտելով դրա հայկականութիւնը, սակայն պատմական փաստերը վկայում են, որ ՀԱՍԵ կազմաւորման պահից ի վեր նրա անբաժան մասն է կազմել նաեւ Աղուանից հոգեւոր առաջնորդութիւնը, որի կազմում ժամանակին եղել է նաեւ Արցախը։ Աղուանից կաթողիկոսութեան ժառանգութիւններից է Դադի վանքը։ Աղուանից առաջնորդարանի ստեղծումը կապուած է Արցախում եւ Ուտիքում քրիստոնէութեան տարածման հետ, որը տարածել են Թադէոսի 70 աշակերտներից Եղիշան եւ Դադին։ Ըստ Բաբգէն Յարութիւնեանի՝ Գ. Լուսաւորիչը հիմնել է 36 եպիսկոպոսութիւններ, որոնցից էր նաեւ Ամարասի եպիսկոպոսութիւնը։ Առաջին եպիսկոպոս է կարգուել Գ. Լուսաւորչի թոռ Գրիգորիսը։ Վերջինս քրիստոնէութիւն է քարոզել, ինչպէս Հայոց արեւելից կողմում (Մեծ Հայքի Ուտիք եւ Արցախ նահանգները պատմութեան մէջ յիշատակւում են նաեւ որպէս «Հայոց Արեւելից կողմեր»), այնպէս էլ բուն Աղուանքում, որտեղ ըստ մեզ հասած տուեալների 11 աղուանական ցեղեր եւս դարձել են հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, սակայն արաբական տիրապետութեան ժամանակաշրջանում նրանց մի մասն ընդունել է մահմեդականութիւն եւ սկսել հանդէս գալ «լեզգիներ» անուամբ, իսկ ՀԱՍԵ հետեւորդները՝ «ուդիներ»։ [8] 15-րդ դարից սկսած Աղուանից կաթողիկոսութիւնը բաժանւում է երկու ճիւղերի՝ Ճալէթի եւ Գանձասարի:

Ճալէթը, որպէս կաթողիկոսանիստ, գործեց 15-16-րդ դարերում, իսկ Գանձասարի աթոռը առաւել հիմնաւոր ու կենսունակ էր եւ գործեց մինչեւ 1815թ.: 1813 թ. Գիւլիստանի պայմանագրով Ղարաբաղի՝ ռուսական կայսրութեան տիրապետութեան տակ յայտնուելուց յետոյ Հայ Աղուանից եկեղեցու վերջին կաթողիկոս Սարգիս Հասան Ջալալեանցը 1815 թ. յայտարարւում է Արցախի արքեպիսկոպոս կամ մետրոպոլիտ: Աղուանից կաթողիկոսութեանը ենթակայ թեմերը միաւորւում եւ կազմում են մետրոպոլիտութիւն՝ ի հոգեւորս ենթակայ մնալով Ամենայն Հայոց կաթողիկոսութեանը: 1836թ. մարտի 11-ի՝ Ռուսական կայսրութեան կողմից հաստատուած եկեղեցական նոր կանոնադրութեամբ Ղարաբաղի թեմակալ կենտրոնը տեղափոխւում է Շուշի։ 1921թ. Արցախի՝ Ազրպէյճանին բռնակցումից յետոյ, 1933թ. Ազրպէյճանական իշխանութիւնները փակում են Արցախի հայոց թեմը, որը վերաբացւում է 1989թ.՝ Արցախեան շարժման արդիւնքում։

3. Ազրպէյճանի «Սպիտակ եղեռն»-ի քաղաքականութիւնը խորհրդային ժամանակաշրջանում եւ դրանից յետոյ

ԼՂԻՄ կազմաւորման հէնց սկզբից Ազրպէյճանի ղեկավարութիւնը սկսում է կոպտօրէն ոտնահարել ԼՂԻՄ հայ բնակչութեան իրաւունքները։ Դա արտայայտուել է հայոց լեզուն եւ մշակոյթը սահմանափակելու, հայկական յուշարձանները եւ մշակութային արժէքները ոչնչացնելու եւ դրանք իւրացնելու փորձերով։ Նպատակը՝ ԼՂ-ի լիովին կլանումն էր՝ արցախահայութեանը իր հոգեւոր մշակութային արմատներից կտրելու ճանապարհով։ Հէնց այդ ժամանակներից սկսած, Ազրպէյճանը առաջ է քաշում պատմական փաստարկներից զուրկ եւ յօրինուած աղուանական տեսութիւնը, որով արցախահայութեանը համարում են բռնութեամբ հայացուած աղուաններ, որոնց ազրպէյճանցիները համարում են իրենց նախնիները, իսկ նրանց կողմից ստեղծուած ժառանգութիւնը՝ աղուանական, որը պատկանում է Ազրպէյճանի ժողովրդին։ 1988թ. ապրիլի 27-ին Ադր. ԽՍՀ նախարարների խորհուրդն իր հ. 145 որոշմամբ աղուանական-ազրպէյճանական է յայտարարում Արցախում, Նախիջեւանում եւ Ուտիքում գտնուող բոլոր յուշարձաններն ու կոթողները։ 1921թ.-ից ի վեր մինչ Արցախի ազատագրումը, ըստ պատմաբան Հրաչիկ Յարութիւնեանի, աւերել եւ ամբողջովին ոչնչացուել է 167 եկեղեցի, 8 վանական համալիր, 123 հայկական գերեզմանոց, 2500 խաչքար, 10000-ից աւելի տապանաքար եւ 47 բնակավայր։

4. Ազրպէյճանի մշակութային Ցեղասպանութիւնը 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախի գրաւեալ տարածքներում

Ինչպէս Արցախեան առաջին պատերազմում, այնպէս էլ 44-օրեայ պատերազմում ազրպէյճանական զինուժի թիրախում էին յայտնւում նաեւ հայկական եկեղեցիներն ու յուշարձանները։ Արցախի մշակութային կենտրոն Շուշիում ռազմական գործողութիւնների ընթացքում մեծ վնասներ է կրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Հոկտեմբերի 8-ին ազրպէյճանական զինուժը երկու անգամ հրթիռակոծել էր եկեղեցին: Human Rights Watch միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնը սա համարել էր հնարաւոր պատերազմական յանցագործութիւն: 2020 թ. նոյեմբերին FIP.am-ը պարզել էր , որ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ աւերուած է: 2021 թ. Google Earth-ի արբանեակային լուսանկարները ցոյց էին տուել, որ եկեղեցու վերին հատուածն ամբողջովին հարթեցուած է՝ թէ՛ զանգակատունը, թէ՛ գմբէթը վերացուած են: 2021 թ. մարտին BBC-ին յայտնեց, որ ազրպէյճանցիները հիմնայատակ վերացրել են Ջեբրայիլ (Մեխակաւան) բնակավայրում Զօրաւոր Սբ. Աստուածածին քրիստոնէական եկեղեցին, իսկ մինչ այդ տարածուած նիւթերից երեւում էր, որ ազրպէյճանցիները հեռացրել են եկեղեցու խաչը եւ մահմեդական աղօթք հնչեցրել։

Հայկական եկեղեցիների աղուան-ազրպէյճանական ներկայացման քաղաքականութեան շրջանակում, 2021 թ. մայիսին Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը Հադրութի շրջանի Ծակուռի գիւղում յայտարարեց, թէ տեղի Սուրբ Աստուածածին եկեղեցին աղուանական է. «Ինչպէս հայերը պղծեցին մեր մզկիթները, այնպէս էլ պղծեցին աղուանական հին տաճարը, բայց մենք այն կը վերականգնենք: Բոլոր այս կեղծուած արձանագրութիւնները (մատով ցոյց է տալիս արեւմտեան բարաւորի շինարարական արձանագրութիւնը եւ խաչը) վերագրուել են աւելի ուշ»։ Ալիեւի խօսքերից պարզ է դառնում, որ վերանորոգումից յետոյ հայկական արձանագրութիւնները ջնջուելու են: Ազրպէյճանի կողմից գրաւուած տարածքներում ազրպէյճանցիները վանդալիզմի են ենթարկում յատկապէս արցախեան պատերազմին նուիրուած յուշակոթողներն ու տապանաքարերը։ Շուշիում քանդուել է հայոց ցեղասպանութեան զոհերին նուիրուած յուշակոթողը։

ԱՀ տարածքում գտնուող յուշարձանների պաշտօնական ցանկը ընդգրկում է աւելի քան 4000 յուշարձան : 2023 թ. սեպտեմբերից յետոյ այն ամբողջութեամբ անցել է Ազրպէյճանի վերահսկողութեան տակ։ Ազրպէյճանը արդէն իսկ հասցրել է աւերել եւ ոչնչացնել նաեւ 2023 թ. սեպտեմբերից իր վերահսկողութեան տակ անցած տարածքների յուշարձանները։ Մասնաւորապէս տարածուած նկարները եւ տեսանիւթերը փաստում են, որ ազրպէյճանցի զինուորականները Մարտակերտ-Քարվաճառ մայրուղուց ուղիղ նշանառութեամբ կրակ են բացել Թարթառի վերնահովտի նշանաւոր հոգեւոր կենտրոններից մէկի՝ Չարեքտար վանքի ուղղութեամբ[18], տապալել Ստեփանակերտի 50 մետրանոց խաչը[19], քանդել Վանք գիւղի ավտոմեքենաների համարանիշների պատը , վանդալիզմի ենթարկել Ստեփանակերտում գտնուող Ստեփան Շահումեանի արձանը :

Վտանգի տակ է յայտնուել նաեւ Գանձասարի Վանական համալիրը։ Հոկտեմբերի 3-ին Ազրպէյճանի մշակոյթի նախարարութեան յուշարձանների պահպանութեան վարչութիւնը յայտարարութիւն տարածեց, ըստ որի հայկական կողմը «գրաւման ժամանակ» իբր վանդալիզմի է ենթարկել Գանձասարի վանքը՝ «անօրինական» վերականգնողական, վերանորոգման աշխատանքներ կատարելով, ինչն ըստ Ազրպէյճանական կողմի՝ հակասում է միջազգային իրաւունքների նորմերին եւ սկզբունքներին։ Չբաւարարուելով այսքանով, ազրպէյճանական կողմը պատմութեան կեղծարար Րիզուան Հուսէյնովի կողմից 2023 թուականի հոկտեմբերի 4-ին տարածեց յայտարարութիւն, ըստ որի Գանձասարի վանքի եւ, մասնաւորապէս, Սբ. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու եւ գաւթի արձանագրութիւններն իբր կեղծուել, վերափոխուել են հայերի կողմից, ինչն իբր երեւում է արձանագրութիւնների հին ու նոր լուսանկարները համեմատելիս :

Հետաքրքրական է հայկական մշակութային ժառանգութեան իւրացման հարցում նաեւ ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը եւ այս համատեքստում տեղի ունեցած որոշ իրադարձութիւններ։

Մասնաւորապէս, պատերազմից յետոյ Պաքուում ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսիյ Նիկանորովն իր առաջին հարցազրոյցներից մէկում անդրադարձել էր ոչ թէ Ազրպէյճանում ռուս ուղղափառների խնդիրներին, այլ Աղուանական եկեղեցու եւ Հայ առաքելական եկեղեցու կապին։ 2020 թ. «Независимая газета»-ի հետ հարցազրոյցի ժամանակ պնդել է, որ 428 թ. հայկական պետութեան գոյութեան դադարումից յետոյ տարածաշրջանում ստեղծուած որեւէ կոթող չի կարող հայկական համարուել։ Գրիգորիսին համարում է Ալբանական եկեղեցու առաջին արքեպիսկոպոս, իսկ Դադի վանքն ու Գանձասարը աղուանացի իշխանների եւ կաթողիկոսների ընտանեկան դամբարան։ Իր տուած հարցազրոյցներից մէկում էլ նա հայերին անուանել է «Կովկասում յայտնուած տարրեր»: 2021 թ. հեղինակել է «Կովկասեան Աղուանքի եկեղեցու պատմութիւնն ըստ Մովսէսի Կաղանկատուացու» գիրքը, որտեղ նա շարունակել է իր անհեթեթ մտքերը։ Հետաքրքրականն այն է, որ Պաքուում ռուս ուղղափառ եկեղեցու եւ պատրիարքի ներկայացուցիչը քննարկում է աղուանական եկեղեցու վերականգնման հարցում ուդիներին օգնելու անհրաժեշտութիւնը :

5. Միջազգային հանրութեան լռութիւնը՝ Ազրպէյճանի կողմից մշակութային ցեղասպանութեան իրականացման պատճառ

Մշակութային ժառանգութեան ոչնչացումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ քաղաքակրթական աղէտ: Եթէ Արցախում տեղի ունեցած ցեղասպանութիւնն ու էթնիկ զտումները նպատակ ունէին ֆիզիկապէս ոչնչացնել արցախահայութեանը, նրանց հայրենազրկել, ապա մշակութային ցեղասպանութեան նպատակը տարածաշրջանից հայկական հետքի վերացումն է, արցախահայութեան պատմական յիշողութեան ջնջումը։ Այդ գործողութիւնները մարտահրաւէր են միջազգային հանրութեան համար։ Միջազգային հանրութեան լուռ համաձայնութիւնը, անտարբերութիւնը եւ անգործութիւնը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։

Ցաւոք, պէտք է արձանագրենք, որ միջազգային հանրութեան կոչերն ու ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները չկանխեցին Ազրպէյճանի՝ Արցախում հայերի էթնիկ զտումների ու ցեղասպանութեան իրականացման ծրագրերը։ Փորձելով գտնել միջազգային հանրութեան յանցաւոր լռութեան պատճառները, հանգում ենք այն եզրակացութեան, որ միջազգային դերակատար երկրները չեն ցանկանում սրել յարաբերութիւնները Ազրպէյճանի հետ, իսկ միւս կողմից այն պայմանաւորուած է ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի յայտարարութիւններով, որոնցով նա փաստացի ճանաչել է Արցախը որպէս Ազրպէյճանի մաս։ Այսպիսով պէտք է նշենք, որ միջազգային հանրութիւնն այս պահին չունի այն գործիքակազմը, որը կը զսպի աշխարհում տեղի ունեցող մշակութային ցեղասպանութիւնները։ Ըստ այդմ, առաւել քան կարեւոր է դառնում մշակութային ցեղասպանութիւնը քրէականացնող նոր օրենքի ընդունումը։

Վահագն Խաչատրեան

«Դրօշակ» թիվ 9, 2024թ.

Comments are closed.