Ընտրութիւններից քառասուն օր առաջ Քամալա Հարիսը սկսում է սիրաշահել ամերիկահայ ընտրողներին. Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի արձագանգը
ՀՀ անկախութեան օրուայ առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղուած ամերիկահայութեանը։ Դրանում Հարիսը աջակցութիւն է յայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաեւ նկատել է․ «Մենք երբեք չպէտք է մոռանանք Հայոց ցեղասպանութիւնը», ինչպէս նաեւ՝ յանձնառու է «Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգող կայուն խաղաղութեանը հասնելուն»:
Անդրադառնալով փոխնախագահ Հարիսի յայտարարութեանը՝ Հայ Դատի Ուաշինկթընի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Որպէս փոխնախագահ՝ Քամալա Հարիսը մի ամբողջ տարի ունէր գործելու Արցախի վերադարձի իրաւունքի համար՝ ԱՄՆ առաջնորդութեամբ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խօսել (ամերիկահայերի, ոչ թէ ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրութիւններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային «ճոճուող» նահանգներում: Յատկանշական է, որ փոխնախագահ Հարիսը, որի վարչակազմը զինել է Ատրպէյճանի ցեղասպանական շրջափակումը եւ յարձակումը Արցախի վրայ, մատ անգամ չբարձրացրեց եւ նոյնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ․ Ատրպէյճանի ագրեսիայի դէմ։
Նոյնիսկ քարոզարշաւի հռետորաբանութեան մակարդակով նա ոչ մի բառ չի ասել Ատրպէյճանին տրամադրուող ամերիկեան ռազմական սպառազինութիւնն ու օժանդակութիւնը դադարեցնելու կամ այլ կերպ Պաքուին, իր յանցագործութիւնների համար, պատասխանատուութեան ենթարկելու վերաբերեալ: Քաղաքական գործիչները՝ նախագահական թեկնածուները եւ այլն, չեն կարող դիրքաւորուել որպէս հայերի բարեկամներ՝ միաժամանակ հրաժարուելով պատասխանատուութեան ենթարկել Ալիեւին կամ չկարողանալով զսպել ատրպէյճանական ագրեսիան»։
Շաբաթներ առաջ, Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը հանդէս էր եկել ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփի եւ գործող նախագահ Ճօ Պայտընի վարչակազմերին ուղղուած քննադատութեամբ։ Յանձնախումբը, հաշուի առնելով նախընտրական ժամանակահատուածը, ընտրական մրցապայքարի կողմերին առաջարկել էր կոնկրետ գործողութիւններ, որոնք էական նշանակութիւն կ’ունենան հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից, մասնաւորապէս՝ Ատրպէյճանին տրամադրուող ամերիկեան օժանդակութեան անյապաղ վերացում, ատրպէյճանցի ռազմական յանցագործների նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանում, Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի երաշխաւորում, արցախցի փախստականներին մարդասիրական օգնութեան էական աճ եւ այլն։
Ամերիկայի Միացեալ Նահանգներում նախընտրական զարգացումների ներկայ փուլում ամերիկահայերը կարող են առանցքային դեր ունենալ 2024 թ․ նախագահական ընտրութիւնների արդիւնքների վրայ, յատկապէս մի շարք առանցքային կարեւորութեան նահանգներում, որտեղ թեկնածուների ձայները չափազանց մօտ են իրար, մասնաւորապէս Արիզոնայում, Ճիորճիայում, Միշիկընում, Նեւատայում, Հիւսիսային Գարոլինայում, Փենսիլվանիայում եւ Ուիսկանսընում։ Այդ նահանգներում առկայ են հայահոծ խոշոր համայնքներ:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակ
Comments are closed.