Եկէք զոհի կերպարից դուրս գանք, մտնենք պայքարի մէջ. Վարդան Օսկանեան
«Հրապարակ»ի զրուցակիցը Արցախի ժողովրդի հաւաքական հայրենադարձութեան եւ հիմնարար այլ իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանեանն է:
– Մի առիթով ասել էիք՝ եթէ մենք Արցախի հարցով չզբաղուենք, Արցախի հարցն է մեզնով զբաղուելու: Նկատի ունէիք ՀՀ անվտանգութեան խնդիրը: Ինչո՞ւ է կարեւոր վերադարձի խնդիրը բանակցութիւնների օրակարգ բերելու հարցը:
– Ի հարկէ, եթէ մենք Արցախի հարցով չզբաղուենք, Արցախի հարցն է մեզնով զբաղուելու եւ զբաղւում է։ Չգիտեմ, եթէ դիւանագիտութեամբ զբաղուող մարդ կայ եւ սա չի հասկացել, իսկապէս զարմանալի է, որովհետեւ սա փաստ է։ Մենք ասենք, որ մեզ համար Արցախի հարցը փակուած է, գոյութիւն չունի, եւ մտածենք, որ իրօք Արցախի հարց գոյութիւն չունի՝ ուղղակի միամտութիւն է։ Այսօր Ատրպէյճանի ամէն քայլը բխում է Արցախի շուրջ նախորդ 25-30 տարիներին տեղի ունեցած իրադարձութիւնների պրիզմայից, տրամաբանութիւնից։ Ալիեւն այսօր մեզնից այդ 30 տարիների իրադարձութիւնների հետ կապուած վրէժն է լուծում՝ ե՛ւ միջանցքի պահանջը, ե՛ւ Հայաստանի տարածքների նկատմամբ իր յաւակնութիւնները, ե՛ւ, առհասարակ, այնպիսի պայմանագիր ձեռք բերելը, որով ուղղակի հարցը մէկընդմիշտ կը փակուի, ինչպէս նաեւ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան պահանջը: Սրանք` բոլորը, Արցախի հետ առնչութիւն ունեցող հարցեր են, արցախեան հակամարտութեան այդ տարիներին տեղի ունեցող իրադարձութիւններին ի պատասխան տրամաբանութիւնից են բխում, հետեւաբար, միամտութիւն է կարծել, որ ասելով՝ Արցախի հարցը փակուած է, հնարաւոր է յոյս ունենալ, որ երաշխաւորում ենք Հայաստանի անվտանգութիւնը։ Ճիշդ հակառակն է՝ միայն Արցախի հարցը յետ բերելով բանակցային օրակարգ, մենք մեզ կարող ենք աւելի պաշտպանուած զգալ։
Ես այստեղ մի զուգահեռ անցկացնեմ․ երբ 30 տարի մենք ունէինք Արցախ եւ յարակից տարածքներ, Հայաստանն առաւել անվտանգ էր, սահմաններն անխոցելի էին, ունէինք ռազմաքաղաքական, ստրատեգիական խորք եւ առաւել պաշտպանուած էինք զգում մեզ։ Կորցրինք Արցախը, յարակից տարածքները, Հայաստանի սահմանները դարձան խոցելի, Ատրպէյճանն արդէն մխրճուել է Հայաստանի սահմաններից ներս եւ սպառնում է լրացուցիչ մեծ կորուստներով։ Այսօր Հայաստանն իսկապէս վտանգուած է, որովհետեւ չկայ Արցախը, չկան յարակից տարածքները։ Նոյն տրամաբանութիւնն աշխատում է բանակցութիւններում․ երբ դու բանակցային սեղանի վրայ չունես Արցախի հարց, օրակարգային են դառնում միայն Հայաստանին վերաբերող հարցերը՝ սահմանազատում, որն արդէն Հայաստանի տարածքին է վերաբերում, միջանցքի հարց, ատրպէյճանցիների վերադարձ Հայաստան․․․։ Այնքան է սահմանափակւում օրակարգը, որ դու նոյնիսկ առեւտուր անելու հնարաւորութիւն չունես, եւ Հայաստանն աւելի խոցելի է դառնում արդէն բանակցային հարթութիւնում, ուստի Արցախի հարցը, արցախահայութեան՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցն օրակարգ բերելով մենք ստանում ենք բանակցային խորք, իսկ այն թեզը, որ այս հարցն օրակարգ բերելով մենք կարող ենք պատերազմ հրահրել կամ հրահրել այն, որ ատրպէյճանցիները վերադառնան Հայաստան, ուղղակի անթոյլատրելի արգումենտ է եւ բացարձակապէս իրականութեանը չի համապատասխանում։
Ընդհակառակը՝ այս հարցն օրակարգ բերելով, մենք նպաստում ենք առաւել կայուն խաղաղութեանը, իսկ ինչ վերաբերում է ատրպէյճանցիների վերադարձին, դա բոլորովին այլ հարթութեան խնդիր է։ Տոյվօ Կլաարի՝ ԵՄ ներկայացուցչի վերջին հարցազրոյցը նայէք, ասում է՝ մէկը միւսի հետ որեւէ կապ չունի․ ատրպէյճանցիները լքել են Հայաստանը 90-ականների սկզբին, հայերը՝ Ատրպէյճանը, իսկ Արցախը բոլորովին այլ է։ Եւ դրանք համեմատութեան մէջ դնելն ուղղակի ժողովրդին մոլորեցնելու միջոց է։
– Այն, ինչ տեղի ունեցաւ 2020-ին, դրանից յետոյ, հիմա, դիւանագիտութեան ձախողման հետեւանք է: Կոմպետենտ ու ճիշդ դիւանագիտութեան արդիւնքում հնարաւո՞ր է շտկել իրավիճակը, այն պայմաններում, երբ մեզ վերաբերող հարցերը վաղուց առանց մեզ՝ միմեանց հետ պայմանաւորուելով են լուծում:
– Այո, 2018 թ․ իշխանափոխութիւնից յետոյ Հայաստանի նոր իշխանութիւնները դիւանագիտական փորձ չունէին եւ մերժեցին նախկինում կուտակուած փորձից օգտուելը, ընտրեցին իրենց ինքնուրոյն ճանապարհը։ Այդ փորձի եւ դիւանագիտական հմտութեան բացակայութեան պայմաններում ձախողումների այսպիսի շարք եղաւ։ Ահաւասիկ, 6 տարի անց ասել, որ իշխանութիւնները փորձ են կուտակել, սխալ կը լինի, որովհետեւ կուտակուած փորձը ձախողումների, պարտութեան փորձ է, դա բացասական փորձ է, եւ յոյս ունենալ, որ այդ 6 տարիների դիւանագիտական փորձի հիման վրայ հնարաւոր է ինչ-որ բան շտկել, ուղղել եւ յաջողութիւն ունենալ, դժուար է պատկերացնել։
Միանշանակ, այստեղ իշխանութիւններն օգնութեան կարիք ունեն, բայց նրանք ո՛չ հարցնում են, ո՛չ ցանկանում են այդ օգնութիւնը, ուղղակի շարունակում են իրենց ճանապարհը, ուստի մենք դատապարտուած ենք նոյն այս ճանապարհը շարունակել, որը կարող է, իսկապէս, առաւել ծանր վիճակում դնել Հայաստանը։ Մեր շուրջը ստեղծուած իրավիճակը բաւականին բարդ է, գլոբալ իրավիճակն է բարդ, իշխանութիւններն ուղղակի չունեն ճիշդ կողմնորոշուելու հմտութիւն։ Այսօր՝ այս պայմաններում, մենք դաշնակիցներ չունենք` հներին կորցրել ենք, նորերը ձեռք չենք բերել եւ չենք կարողանում ինչ-որ քաղաքական ուղղութիւն վերցնել ու դրանով առաջնորդուել։
Նայէք, նախորդ բոլոր իշխանութիւններն ինչ-որ ուղենիշ ունէին՝ Տէր-Պետրոսեանի ժամանակ դա հաւասարակշռութեան քաղաքականութիւնն էր, մեր ժամանակ` 10 տարի, կոմպլեմենտար քաղաքականութիւն էինք որդեգրել, որը միանշանակ դրական արդիւնքներ էր տուել՝ ե՛ւ Արցախի հարցում, ե՛ւ տարածաշրջանային յարաբերութիւններում։ Դրանից յետոյ՝ Սերժ Սարգսեանի ժամանակ, այսպէս կոչուած, բազմավեկտոր քաղաքականութիւն էր հռչակուել։ Անկախ նրանից, թէ դրա տակ ինչ բովանդակութիւն էին դնում, ուղենիշ կար, առնուազն։ Հայաստանի գործող իշխանութիւններից ես չեմ տեսել այդ ուղենիշը, եւ այս անորոշ վիճակում, իսկապէս, ակնկալել, որ մենք դրական արդիւնքներ կ’ունենանք, միամտութիւն կը լինի։ Սա, ի հարկէ, բաւականին ծաւալուն, առանձին հարցազրոյցի թեմա է, ես շատ ընդհանուր անդրադարձայ, որովհետեւ ամէն մի բառի տակ խորը բովանդակութիւն կարող է լինել։ «Կոմպլեմենտար»ը մէկ բառ է, բայց դրա տակ լուրջ բովանդակութիւն կայ, եւ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի համար այդ ճանապարհը ճիշդ ճանապարհ կը լինի։ Մի օրինակ բերեմ՝ Սառը պատերազմից յետոյ ԱՄՆ-ի քաղաքականութիւնը Սովետական Միութեան նկատմամբ մէկ բառով էր բնորոշւում՝ զսպման քաղաքականութիւն՝ containment, բայց դա շատ խորքային բովանդակութիւն ունէր, հատորներ են գրուել այդ 1 բառի շուրջ։
Արտաքին քաղաքականութիւնները մէկ բառով են բնութագրւում, բայց այդ բառն իր բովանդակութիւնն ունի։ Այսօր Հայաստանում դա ի սպառ բացակայում է, եւ դրա հիմնական պատճառը փորձի, հմտութիւնների պակասն է եւ, որ առաւել վտանգաւոր է ՝ այս 6 տարիների բացասական փորձի կուտակումը։
– Որքան էլ աշխարհաքաղաքական իրավիճակը բարդ լինի, ու Ալիեւին յաջողուի օգտուել դրանից, ուռճացուած չէ՞ այդ երկրի «անպարտելի» կերպարը:
– Ի հարկէ, Ատրպէյճանը շատ խոցելի պետութիւն է բոլոր առումներով՝ ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների, տնտեսութեան, նոյնիսկ` նաւթային պաշարների սպառման, նաւթի գնի անկման, բայց յոյս դնել այդ ամէնի վրայ, որ դա հիմք կը լինի մեզ համար՝ ուժային առաւելութեան հասնել Ատրպէյճանի նկատմամբ, սխալ ճանապարհ է։ Մենք այսօր մեր մրցակցութիւնն Ատրպէյճանի հետ պէտք է դիտարկենք դիւանագիտական հարթութեան վրայ, դրա համար էլ դիւանագիտական հմտութիւնն առաջնային է դառնում, եւ այն բոլոր հարցերը, որ ես հարցազրոյցում քննարկել եմ, վերաբերում են դիւանագիտութեանը, եւ այդ առումով ես կարծում եմ՝ մենք կը կարողանանք առաւելութիւն ունենալ ու արդիւնքների հասնել։ Ի հարկէ, զուգահեռաբար, մենք ներսում՝ Հայաստանում, բազմաթիւ խնդիրներ ունենք լուծելու՝ ժողովրդավարութիւնից մինչեւ տնտեսութիւն, բանակի վերազինում։
Դիւանագիտական աշխատանքին, արցախցիների վերադարձի եւ Արցախի հարցը կենդանի պահելուն զուգահեռ, այդ ամէնով պէտք է զբաղուել, պետութիւնն ամրացնել, հասնել ներքին միասնութեան։ Մենք պէտք է կարողանանք մեր դաշնակցային յարաբերութիւնները ճիշդ կառուցել, ունենալ արտաքին քաղաքականութեան յստակ ուղենիշ, վարել արդիւնաւէտ քաղաքականութիւն։ Բայց նորից վերադառնալով գլխաւոր հարցին՝ հայրենազրկման առաջին տարելիցին, եկէք զոհի կերպարից դուրս գանք, մտնենք պայքարի մէջ, ունենք բոլոր հիմքերը` արցախահայութեան` իրենց տներ վերադառնալու հարցը բերելու օրակարգ եւ փորձելու միասնական ջանքերով դա անել հնարաւորինս կարճ ժամկէտում։
Comments are closed.