Ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրուանն ու Հայաստանի իշխանութիւնների յանցաւոր վարքը
Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
Վերջին օրերին յատկապէս, բայց նաեւ վերջին մէկ տարուայ ընթացքում պարբերաբար, Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները շարունակաբար հեռուն են գնում հայկական տեղեկատուական դաշտը թշնամահաճոյ պնդումներով յեղյեղելու գործում։ Խնայելով մեր ու ընթերցողի նեարդերը չենք մէջբերում ատրպէյճանական Միլի-Մէճլիսի պատգամաւորներին բնորոշ այն լկտի յայտարարութիւնները, որ օրեր առաջ տեղ են գտել Հայաստանի Ազգային ժողովում՝ իշխանական պատգամաւորների կատարմամբ։ Թողած թշնամու պատերազմական յանցագործութիւնները, էթնիկ զտումները, ցեղասպանութիւնը, խաղաղ բնակչութեան նկատմամբ ահաբեկչութիւնը Հայաստանի իշխանութիւնները ձեռնմուխ են եղել իրենց կողմից լքուած եւ զանգուածային կոտորածի իրական սպառնալիքի տակ իրենց հայրենի տները հարկադրաբար լքած մարդկանց ու նրանց ղեկավարների ցինիկ քննադատութեանը։
Իրենց մինչեւ վերջ հեղինակազրկած եւ թշնամական քարոզչութեան խուսափող դարձած որոշ անձանց յայտարարութիւններին չէինք անդրադառնայ, եթէ այդ յայտարարութիւնները չսպառնային մեր ժողովրդին մղելու հերթական հիասթափութեան, թեւաթափութեան, անկարողութեան զգացումի՝ դրանից բխող բացասական բոլոր հետեւանքներով։ Ըստ այդմ անհրաժեշտ է անդրադառնալ, պատմաքաղաքական ու իրաւաքաղաքական որոշ ճշմարտութիւնների, որոնց վերլուծութիւնը կ’օգնի խուսափելու հայկականութեան դէմ հիւսուած այս որոգայթում յայտնուելուց եւ թոյլ կը տայ նախանշել պայքարի հնարաւոր ուղղութիւններն ու կռուանները, որ առկայ են։ Այսպիսով․
Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը ղարաբաղեան հիմնախնդրի իրաւատէրը չէ
Ղարաբաղեան հակամարտութեան էութիւնը ի սկզբանէ եղել է Արցախի ժողովրդի՝ միջազգային իրաւունքով երաշխաւորուած ինքնորոշման իրաւունքի անխոցելի իրացումն ու դրան հակադրուած ատրպէյճանական ագրեսիան։ Հակամարտութիւնն այսօր լուծուած չէ, ատրպէյճանական շարունակական ագրեսիաների արդիւնքում միայն խորացել են հակամարտութեան հետեւանքները։ Ագրեսիայի կիրառումը չի կարող հակամարտութեան լուծման հիմք հանդիսանալ։ Հետեւաբար հակամարտութիւնը որպէս այդպիսին գոյութիւն ունի։ Հակամարտութեան լուծում չի արձանագրել դրա իրաւասութիւնն ունեցող կամ հակամարտութեան բանակցային գործընթացում միջազգայնօրէն ներգրաւուած որեւէ կողմ։ Չլուծուած հակամարտութեան միւս կողմը առաջին հերթին ոչ թէ Հայաստանի Հանրապետութիւնն է, այլ Արցախը, վերջինիս ժողովուրդն ու նրա կողմից ձեւաւորուած իշխանութեան մարմինները։ Հակամարտութեան միւս կողմը հենց նրանք են եւ Հայաստանի իշխանութիւնները լեգիտիմ իրաւունք չունեն Արցախի մեր հայրենակիցների անունից հակամարտութիւնը համարել լուծուած կամ գնահատականներ տալ Արցախի իշխանութեան մարմինների իրաւազօրութեան վերաբերեալ՝ դրանով իսկ արդարացնելով ատրպէյճանական ագրեսիայի արդիւնքում արցախեան պետական ապարատի պարալիզացման փաստը։ Նրանք չե՛ն իշխանութեան այդ մարմինները ձեւաւորել եւ չունեն որեւէ իրաւասութիւն՝ գնահատականներ հնչեցնելու վերջիններիս գործունէութեան շուրջ։
Արցախի մեր հայրենակիցներն ունեն ներկայացուած լինելու իրաւունք
Արցախի մեր հայրենակիցները, որոնց տասնեակ կենսական իրաւունքներ խախտուել են եւ շարունակում են խախտուել, որոնք ենթարկուել են ցեղասպանութեան ու էթնիկ զտումների, ինչպէս իւրաքանչիւր նման համայնք, կարիք ունի ներկայացուածութեան, անհատական ու համայնքային մակարդակներում իրաւական ու քաղաքական պաշտպանուածութեան։ Անվիճելի է, որ ներկայ իրավիճակում այդ ամէնը լաւագոյնս կարող են անել Հայաստանում հաստատուած Արցախի իշխանութիւնները, ո՛չ Հայաստանի իշխանութիւնները։ Վերջիններիս քաղաքական յայտնի առաջնահերթութիւններում եւ բանակցային օրակարգում նոյնիսկ չկայ արցախահայութեան այնպիսի կենսական իրաւունքների պաշտպանութեան հարց, ինչպիսին օրինակ վերադարձի իրաւունքն է, Արցախի հոգեւոր մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ միւս գերիների ազատ արձակումը եւ այլն։ Այս պայմաններում, առաւել քան երբեւէ, Արցախի պետական կառոյցները անհրաժեշտ են։
Օրինակ, Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի Թիմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողովում, արցախահայութեան տեղահանութեան առաջին տարելիցի առթիւ, նախատեսւում է բաւական ներկայացուցչական մի լսում եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի ելոյթը, բազմաթիւ կոնգրեսականների մասնակցութեամբ։ Քննարկման առանցքը լինելու է վերադարձի իրաւունքի ապահովման գործում ամերիկեան առաջնորդութեան ապահովումը։ Նոյն օրերին Կապիտոլիումի բարձունքում նախատեսւում է նաեւ ցուցահանդէս եւ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից ”advocacy days”՝ ամերիկահայ շուրջ հարիւր երիտասարդների մասնակցութեամբ։ Առաւել քան պարզ է ու ակնյայտ, որ տեղահանութեան հետեւանքով Հայաստանում հաստատուած Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշպանը, որն ի դէպ սահմանադրական մարմին է, Կոնգրեսի մարդու իրաւունքների յանձնաժողովի կողմից հրաւիրուել է հենց իր պաշտօնական հանգամանքի բերմամբ։ Պատկերացրէք ինչ կը լինի աբսուրդի աստիճանը, եթէ Հայաստանի իշխանութիւնները, որոնք յայտարարում են թէ Հայաստանում կայ մէկ նախագահ՝ բացառելով Սամուէլ Շահրամանեանի նախագահի հանգամանքը, կամ ասում են թէ Հայաստանում կայ մէկ կառավարութիւն կամ Ազգային ժողով, նոյն տրամաբանութեամբ հիմա էլ ասեն, թէ Հայաստանում կայ մարդու իրաւունքների մէկ պաշտպան՝ բացառելով Գեղամ Ստեփանեանի հանգամանքը։ Իշխանական տրամաբանութիւնը, ըստ ամենայնի պէտք է յանգի այս աբսուրդային վիճակին։ Միաժամանակ նաեւ փաստ է, որ Արցախի ՄԻՊ-ը նման աշխատանքների համար խիստ կոմպետենտ ու միջազգային վստահութիւն վայելող պաշտօնեայ է եւ նրա աշխատանքը Հայաստանի Հանրապետութեան կառավարման որեւէ մարմնի կողմից չի կարող իրականացուել նախ քաղաքական կամքի բացակայութեան, ապա տեղեկացուածութեան ու անձնական փորձի տեսանկիւնից։
Վերադարձի իրաւունքի խնդիրը Ցաւօք սրտի, կան քաղաքական շեշտադրումներ, որոնք համատեղ հնչում են Երեւանից, Պաքուից եւ Անգարայից։
Դրանցից մէկը ղարաբաղեան հակամարտութեան, որպէս այդպիսին չգոյութիւնն է, միւսը Արցախի պետականութեան լուծարման «իրաւաչափութիւնն է» իսկ միւսը՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման խնդիրն է։ Ինչ է ստացւում՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման խնդիրը ներկայումս միջազգային լայն ընկալում ունի։ Դրա իրացումը պաշտօնապէս կարեւորուել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների, այդ թւում Մարդու իրաւունքների մշտական խորհրդի, ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանի, Եւրոպական միութեան, Եւրոպայի խորհրդի, Ամերիկայի Միացեալ Նահանգների, Ֆրանսայի, Գանատայի, Միացեալ Թագաւորութեան, Իրանի եւ այլ երկրների ու վերպետական կազմակերպութիւնների կողմից։ 2023 թ․ Հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհրդում արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման դրոյթ պարունակող՝ Ֆրանսայի կողմից տարածուած յայտարարութեանն են միացել աւելի քան երեսուն եւրոպական պետութիւններ։ Այս ամէնին զուգահեռ, երբ կան ե՛ւ հնարաւորութիւններ ե՛ւ աշխատանքի համապատասխան միջավայր, Հայաստանի իշխանութիւնները վերադարձի իրաւունքի իրացումը համարում են անիրատեսական։ Հայաստանի իշխանութիւնների անմտութիւնը հասնում է այնտեղ, որ չեն գիտակցում, որ միջազգային նման ընկալում ունեցող հարցի բարձրացումը բանակցային գործընթացում Հայաստանի համար կարող է ապահովել «բանակցային խորք»՝ քննարկման սեղան բերելով մի հարց, որի առկայութեամբ բանակցային գործընթացը կարող է նոր ձեւ ու բովանդակութիւն ստանալ եւ վերաճել աւելիին, քան Հայաստանին շարունակաբար պարտադրուող ատրպէյճանական պահանջների շուրջ զրոյցն է։ Սա շատ պատեհ թեմայ է՝ բանակցութիւններում ատրպէյճանից որեւէ բան պահանջելու, վերջինիս համար միջազգային ընկալման դեֆիցիտ ձեւաւորելու տեսանկիւնից, ինչը չի արւում։
Ժողովրդագրական տեղաշարժերի անհամատեղելիութիւն
Մի պահ փորձենք մեզ պատկերացնել Հայաստանի իշխանութիւնների պաշտպանի տխրահռչակ դերի մէջ եւ ասել, որ մեր կողմից արցախցիների վերադարձի իրաւունքի բարձրացումը հայելային կերպով խթանելու է 1980-ականների վերջին եւ 1900-ականների սկզբին Հայաստանից հեռացած ատրպէյճանցիների վերադարձի խնդրի բարձրացումը՝ պաշտօնական Պաքուի կողմից։ Իրականում այս պնդումը կեղծի՛ք է, որեւէ կապ չունի իրականութեան հետ եւ չի դիմանում փաստարկուած քննադատութեան։ Մասնաւորապէս Արցախի վերադարձի իրաւունքի իրացումը չի կարող հակադրուել Հայաստանում իրենց տները վաճառած եւ 90-ականների սկզբին անվտանգ կերպով հեռացած ատրպէյճանցիների այսպէս կոչուած «վերադարձի խնդրին»։ Սրանք միմեանցից խիստ տարբեր իրավիճակներում արձանագրուած ժողովրդագրական ոչ նոյնամակարդակ տեղաշարժեր են։ Արցախահայութեան 2023 թ․ տեղահանութիւնը եղել է զանգուածային կոտորածների անմիջական եւ իրական սպառնալիքի պայմաններում, մինչդեռ 90-ականների սկզբներին Հայաստանում եւ Ատրպէյճանում տեղի են ունեցել համապատասխանաբար ատրպէյճանցիների եւ հայերի ժողովրդագրական համաժամանակեայ շարժեր, ընդ որում, Ատրպէյճանի տիրապետութեան տակ գտնուող այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Պաքուն, Սումկայիթը, Մարաղան եւ այլն, արձանագրուել են հայութեան կոտորածներ։ Այսինքն, 90-ականների ժողովրդագրական տեղաշարժերը համեմատութեան աղերս անգամ չեն կարող ունենալ 2023 թ․ ցեղասպանական տեղահանութեան հետ։ Դրանք իրար կապուել չեն կարող, անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանութիւնները չունեն անհրաժեշտ քաղաքական կամք ու կարողութիւն այս խնդիրը բարձրաձայնելու համար, փոխարէնը տուրք տալով ատրպէյճանական սպառնալիքներին, ամբողջապէս հրաժարուել են արցախահայութեան իրաւունքների միջազգային պաշտպանութեան աշխատանքներից, ընդ որում, այն պարագայում, որ ինչպէս արդէն նշուեց, Արցախի վերադարձի իրաւունքի իրացման մասով միջազգային ընկալում կայ։
Քրէական յանցագործութիւն
Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան «Սահմանադրական կարգի հիմունքները» բաժնում յստակ սահմանում է, որ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտօնատար անձինք իրաւասու են կատարելու միայն այնպիսի գործողութիւններ, որոնց համար լիազօրուած են Սահմանադրութեամբ կամ օրէնքներով»: Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրուանում ստեղծուած իրավիճակի շուրջ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները անում են գործողութիւններ, որոնցով ոչ միայն լիազօրուած չեն ՀՀ օրէնսդրութեամբ, այլ ընդհակառակը՝ անում են գործողութիւններ, որոնք սահմանափակուած են ՀՀ օրէնսդրութեամբ կամ հակասում են դրան։ Այսպիսով, ՀՀ Սահմանադրութիւնը, 1989 թուականի Դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, ՀՀ Գերագոյն խորհրդի կողմից ընդունուած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում ստեղծուած իրավիճակի մասին» 1992 թ․ Յուլիսի 8-ի որոշումը եւ այլ իրաւական փաստաթղթեր Հայաստանի իշխանութիւնների համար իրաւակիրառ նշանակութեան կաշկանդող ակտեր են հանդիսանում, որ նրանք չանեն այն ինչ անում են։ Հետեւաբար Հայաստանի գործող իշխանութիւնները զբաղուած են ինքնիրաւչութեամբ եւ սեփական լիազօրութիւնների անօրինական վերազանցմամբ, այլ խօսքով գործում են քրէական յանցագործութիւններ, որոնց համար վաղ թէ ուշ պատասխան են տալու։
Կատարուածից աւելի վատը, որ կարող է պատահել՝ հիասթափութիւն
Պէտք է չէ աւելորդ անգամ ասել, որ մենք յիրաւի ապրում ենք մեր բովանդակ պատմութեան ամենաամօթալի, դժբախտ ու անպատուաբեր ժամանակաշրջաններից մէկը, երբ անկախ պետականութեան գոյութեան պայմաններում ենթարկուեցինք հայրենազրկման, տեղահանութեան ու էթնիկ զտումները, նոյնն է թէ նոր ցեղասպանութեան։ Սակայն, յանձնուելը թերեւս տառացիօրէն ամենահեշտ բանն է, որ կարելի է անել․ ինչին որ սպասում է թշնամին։ Հետեւաբար պայքարն այլընտրանք չունի։ Այլընտրանքը Արցախի անդարձ կորուստն է, Հայաստանի Հանրապետութեան անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, նոր կապիտուլիացիան եւ մեր չգոյութիւնը։ Հետաքրքիր է, որ վերջին շրջանում նկատելիօրէն շատացել են մեր ժողովրդին պայքարի կոչող՝ մեր օտար բարեկամների յայտարարութիւններն ու քաջալերումները։
Արցախի Հանրապետութեան օրուայ առթիւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կողմից Սեպտեմբերի 2-ին անցկացուած «Վերադարձ» խորագիրը կրող խոշոր ձեռնարկի նախապատրաստական աշխատանքների արդիւնքում, Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների միջոցով ստացուեցին օտարերկրեայ քաղաքական գործիչների բազմաթիւ տեսաուղերձներ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսից, Գանատայի խորհրդարանից, Եւրոպական խորհրդարանից, Պելճիքայի, Յունաստանի, Կիպրոսի, Միացեալ Թագաւորութեան, Ռուսաստանի խորհրդարաններից, Իրանի ու Իրաքի ակադեմիական շրջանակներից եւ այլն։ Հետաքրքիր էր նկատել, որ բոլոր այդ ուղերձների միջով կարմիր թելի նման անցնում էի չյանձնուելու եւ պայքարը շարունակելու կոչը։
COP 29-ին ընդառաջ՝ Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպօն արդէն երկրորդ տեսաուղերձն է յղել համայն հայութեանը՝ փորձելով խրախուսել սփիւռքի տարբեր գաղթօճախներին՝ ներգրաւուելու հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներում։
Երբ օտարներն են մեզ պայքարի կոչում, մենք դրանից հրաժարուելու բարոյական իրաւունք չունենք, որքան էլ որ տհաճ, հիասթափեցնող ու թշնամահաճոյ լինեն Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների յայտարարութիւնները։ Նրանք անցողիկ են․․․։
Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած չէ, իսկ պայքարը՝ շարունակւում է․․․
Comments are closed.