Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի յայտարարութիւնը Արցախի Հանրապետութեան 33-ամեակի առթիւ

1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամաւորների ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին պատմական որոշումը: Նոյն թուականի դեկտեմբերի 10-ին կայացած համաժողովրդական հանրաքուէի արդիւնքներով եւ 1992թ. յունուարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան մասին» հռչակագրով կազմավորուեց հայկական երկրորդ հանրապետութիւնը:

Շուրջ երեսուն տարիների ընթացքում, չնայած Ադրբեջանի մշտական սպառնալիքներին, սահմանադրական ամուր հիմքերով եւ արդիւնաւէտօրէն գործող պետական ու ժողովրդավարական հաստատութիւններով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետութեան զարգացումը՝ փորձելով դառնալ պետութիւնների համաշխարհային ընտանիքի մաս:

Արցախահայութեան համար այս ծանրագոյն ժամանակներում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան Ազգային ժողովը, առաջնորդուելով ժողովրդի կողմից իրեն վստահուած մանդատով եւ նրա ապագայի նկատմամբ պատասխանատուութեամբ, արձանագրում է.

• Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան ժողովուրդը իր ինքնորոշման իրաւունքն իրացրել է միջազգային իրաւունքի բոլոր նորմերին համապատասխան՝ որեւէ առնչութիւն չունենալով Ադրբեջանական Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան հետ:

• Հայաստանի Հանրապետութիւնը, որպես Լեռնային Ղարաբաղի Հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցութիւններում Արցախի ժողովրդին ներկայացնող կողմ, անտեսելով ՀՀ Անկախութեան Հռչակագրից բխող պարտաւորութիւնները, շրջանցելով Արցախի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորի իր անվերապահ դերն ու խախտելով 1992թ․ յուլիսի 8-ի ՀՀ Գերագոյն խորհրդի որոշումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:

• Ադրբեջանական Հանրապետութիւնը, որպէս Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան ժողովրդի նկատմամբ ցեղասպանութիւն իրականացրած կողմ, խաղաղութեան մասին բարձրագոչ յայտարարութիւններով մոլորեցնելով միջազգային հանրութեանը, այսօր էլ որդեգրել է հայկական հետքը Արցախից վերացնելու՝ պատմամշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու քաղաքականութիւն, շարունակելով պատանդի կարգավիճակով ապօրինաբար պահել գերիների, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը։

• Ռուսաստանի Դաշնութիւնը, որպէս ռուսական կայսրութեան եւ ԽՍՀՄ իրաւայաջորդ, հանդիսանալով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան կողմ եւ երաշխաւոր, իր փաստացի ներկայութեան պայմաններում չի կանխել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական հայաթափումը:

• ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դէմս համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնութեան, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ որպէս Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման միակ օրինական մանդատ ունեցող կառոյց, վճռական կեցուածք չորդեգրեց իր իսկ կողմից հռչակած սկզբունքների պահպանման գործում։ Ադրբեջանն այդ ամէնը գնահատեց որպէս թուլութիւն եւ, արհամարհելով միջազգային հանրութեան կողմից ընդունված ուժի չկիրառման մօտեցումները, 2020թ. եւ 2023թ. պատերազմական գործողութիւնների եւ ցեղասպանական քաղաքականութեան միջոցով բռնագրաւեց միայնակ մնացած հայ ժողովրդի բազմադարեան բնօրրաններից մէկը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան տարածքը:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան ներկայացուցչական մարմինը, արտայայտելով Արցախի ժողովրդի կամքը, կոչ է անում.

ՀՀ իշխանութիւններին՝

– Միջազգային ատեաններում օրակարգային դարձնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան ժողովրդի՝ հայրենիք հաւաքական կերպով վերադառնալու իրաւունքի հարցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝

• Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրայ շարունակել միջնորդական առաքելութիւնն Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրաւունքի իրացման նպատակով։

ՄԱԿ-ին, ՄԱԿ անդամ երկրներին՝

• Միջազգայնորեն ստանձնած մանդատի, պարտաւորութիւնների եւ միջնորդութիւնների շրջանակում միջազգային հանրայայտ նորմերի եւ սկզբունքների, ինչպէս նաեւ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան հռչակման իրաւա-քաղաքական փաստերի հիմքով Արցախի ժողովրդի կողմից ընտրուած ներկայացուցիչների հետ գործակցութեամբ ապահովել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան ժողովրդի՝ իրենց մշտական բնակութեան վայրեր վերադարձն ու այլ հաւասար եւ անկապտելի իրաւունքների իրացումը՝ որպէս ազատութեան, արդարութեան եւ համընդհանուր խաղաղութեան հիմք:

Մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի եւ պետականակերտման ճանապարհին իրենց կեանքը նուիրաբերած հերոսներին:

Ք. ԵՐԵՎԱՆ
02.09.2024թ․

Comments are closed.