Ատրպէյճանն Արցախում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգութիւնը, բայց որեւէ արժանի արձագանգ չի ստանում
489
0
Ատրպէյճանը՝ դեռ սովետական ժամանակներից սկսած, հայկական մշակութային ժառանգութիւնը Լեռնային Ղարաբաղում եւ Նախիջեւանում իւրացնում է, ոչնչացնում, բայց որեւէ արժանի արձագանգ չի ստանում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Արցախի բռնազաւթուած տարածքներում մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հանրային խորհրդի նախագահ Սերգէյ Շահվերդեանը։
«Ատրպէյճանը բացայայտ ցոյց է տալիս Հայաստանի տարածքային եւ պատմական իրաւունքների հանդէպ իր նկրտումները։ Մենք չպէտք է զարմանանք, որ Ատրպէյճանն այսօր Արեւմտեան Ատրպէյճան անուան տակ սկսում է քարոզել իր, այսպէս կոչուած, վերադարձի իրաւունքները։ Բայց ինչու պէտք է չանի, եթէ շարունակաբար հայկական մշակութային ժառանգութիւնը՝ դեռ սովետական ժամանակներից սկսած, Լեռնային Ղարաբաղում եւ Նախիջեւանում իւրացնում է, ոչնչացնում է, բայց որեւէ արժանի արձագանգ չի ստանում։ Սա վերաբերում է յատկապէս վերջին ժամանակաշրջանին, երբ իր համար անհետեւանք մնաց ոչ միայն Արցախի մշակութային ժառանգութեան սեփականաշնորհման փորձերը, այլեւ ամբողջ բնակչութեան բռնի տեղահանումը։ Այս քաղաքականութիւնը վաղուց է սկսուել», նշեց նա։
Խօսելով Արեւմտեան Ատրպէյճան եզրոյթի առաջացման եւ տարածման մասին՝ նա նշեց․
«Այդ եզրոյթը երկու տարի առաջ հրապարակ նետուեց, բայց Հայաստանի իշխանութիւնների կողմից համապատասխան արձագանգ չստանալով՝ այնքան տարածուեց, որ այլեւս ոչ նիւթական մշակութային ժառանգութիւնը եւս դարձել է թիրախ։ Այս պայմաններում, երբ Հայաստանի իշխանութիւնները փաստացի որեւէ բան չեն անում հայկական շահերը, այդ թւում նաեւ Արցախի շահերը պաշտպանելու հարցում, Ատրպէյճանի քայլերը զարմանալի չեն։ Մենք փաստացի Արցախում թողեցինք շուրջ 30 թանգարանների եւ պատկերասրահների ցուցանմոյշներ, շուրջ 6000 պատմամշակութային յուշարձաններ, որոնց զգալի մասը եկեղեցիներ ու վանքեր են, եւ այս ամէնը պաշտպանելու համար արժանավայել պատասխան չեղաւ։ Չի եղել ու չի լինելու պատասխան նաեւ Արեւմտեան Ատրպէյճանի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան փառատօնին, որտեղ Ատրպէյճանը հայկական գիւղերն ու տարածքներն իր նախընտրած տարբերակներով է կոչում, հայկական աւանդական ուտելիքներն էլ ատրպէյճանական է որակում։ Իսկ պատճառն այն է, որ այսօրուայ պետական քաղաքականութիւնը չի ենթադրում պաշտպանութիւն՝ ի օգուտ հայկական շահերի»։
Comments are closed.