Իշխանութիւնները նոյնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները

Գողը տնից չլինէր, եզը երդիկից չէին տանի:
Որեւէ մէկի համար գաղտնիք չէ, որ այս պսեւդօ-իշխանութիւնների համար մեղաւոր են բոլորը՝ իրենցից բացի։ Մեղաւոր են նախկինները, արտաքին հանգամանքները, երրորդ երկրները, ՔՈՎԻԴ-ը, կլոպալ տաքացումը, Նոր Կալեդոնիայում անկարգութիւնները, նոյնիսկ Վիէթնամում բրնձի ցածր բերքատուութիւնը։ Բայց իրենք անմեղ են, սուրբ են․․․ Այս հարցում սրանք անգերազանցելի են։ Երբեւէ լսե՞լ էք, որ մի հարցում ընդունել են իրենց մեղքը կամ սխալը։ Նոյնիսկ այն բացառիկ դէպքերում, երբ բացայայտ խուլիկանութեան համար կիսատ պռատ «կը ներես» են ասել, այդ կը ներեսը հնչել է որպէս մեղադրանք եւ ոչ մեղայական․ իրենց զանցանքի համար դարձեալ ուրիշներն են մեղաւոր։
Նաեւ գաղտնիք չէ, որ այս իշխանութիւնները թքած ունեն օրէնքի ու օրինականութեան վրայ։ Խելքներին փչած ձեւով մեկնաբանում են ցանկացած իրաւական ակտ՝ սահմանադրութիւնից սկսած։ Իրենք են որոշում ինչն է գաղտնի, ինչն է հրապարակային հասանելի։ Իշխանութիւնները նոյնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները։ Աշխարհում նման բան չկայ։ Մարդ էլ չիմանա՞յ, թէ իր երկրի սահմանները որտեղով են անցնում։ Թուրքերն այդ նոյն քարտէզներն ունեն, ռուսներն էլ ունեն։ Բա ումի՞ց է գաղտնի, Չերչիլի՞ց։
Ինչո՞ւ սրանք յիշեցի։ Տաւուշում, սահմանազատման անուան տակ, այս իշխանութիւնները նորից մի կապիտուլիացիոն փաստաթուղթ ստորագրեցին: Ինչպէս եւ Շուռնուխում թուրքերին տարածք յանձնուեց, տարածք, որոնց վրայ Հայաստանը տիտղոս ունէր, մարդկանց սեփականութեան վկայական էր տուել։ Ասում են՝ Հայաստանի տարածքից մի միլիմեթր չենք տուել։ Բա քարտէզները ինչո՞ւ էք գաղտնի պահում։ Գաղտնի են, որ չբացայայտուի, թէ Ալիեւի պահանջով որքա՞ն հայի հող թուրքին յանձնեցին, քանի՞ հայի տուն քանդեցին․․․
Սա էլ դեռ քիչ է, յայտարարում են, որ Կիրանցի գիւղացիների բողոքի պատճառով Ատրպէյճանն աւելի մեծ պահանջ դրեց ու աւելի վատ սահման գծեց, քան կարող էր լինել։ Չէ հա՞․․․ Ուզո՞ւմ էք ասել, որ եթէ Կիրանցի ժողովուրդը չբողոքէր, Ալիեւն Ատրպէյճանից մի քիչ հող կը կտրէր մեզ կը տար, իսկ հիմա նեղացաւ ու չտուե՞ց։ Իսկ մի գուցէ՞ Ալիեւը Հայաստանից աւելի մեծ կտոր պոկեց։ Բա դուք էք իշխանութիւնը, բա պաշտպանէիք։ Չէէէէ, իրանք հասկանում են ինչ են անում։ Սեփական յանցագործութիւնը բարդում են Կիրանցի հերոսական ժողովրդի վրայ։ «Այ եթէ դուք չլինէիք, Ատրպէյճանին Հայաստանից այսքան տարածք չէր անցնի։ Չտալ չէինք կարող, կռիւ կը լինէր։ Բայց մենք իրանցն էինք տալիս, իսկ հիմա ստիպուած ենք մեր հողերից էլ տանք»։ Դէ 200 քառակուսի քիլոմեթրից աւել տուել են, Արցախի Հանրապետութիւնը տուել են, իրենց համար հող յանձնելուց հեշտ բան չկայ։
Բայց իրենք հեռատես են, շատ հեռատես։ Գիտեն, որ Ալիեւը սահմանի միւս հատուածներում էլ է Հայաստանից հող պահանջելու։ Գիտեն, որ սահմանամերձ միւս գիւղերի բնակիչներն էլ են ընդվզելու։ Որպէսզի դա կանխեն, «Կիրանցի դառը դասն» են գրում։ «Այ եթէ դուք էլ Կիրանցի նման բողոքէք ձեր հողը թուրքին յանձնելու դէմ պայքարէք, աւելի վատ կը լինի, համակերպուէք ու թուրքերին տուէք այն ինչ ուզում են, թէ չէ աւելի շատ բան կը պահանջեն»։
Սա է այսօրուայ իրականութիւնը, սա է այսօրուայ իշխանութիւնը։ Փոխարէն երկիրը պաշտպանի մեղաւորներ է փնտռում, թէ ում վրայ բարդի իր սպասուելիք զիջումները։ Ճիշդ են ասում․ «Գողը տնից չլինէր, եզը երդիկից չէին տանի»։ Տնից գողին է պէտք քշել, թէ ամբողջ տունը գողին բաժին կը հասնի․․․:
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Comments are closed.