«Թուրքիան սահմանը փակ է պահում, Հայաստանին ճնշում, որ զիջումների գնայ». Ռուբէն Սաֆրաստեան
«Հորիզոն»-ի զրուցակիցը ակադեմիկոս, թրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանն է։ Զրուցել ենք Հայաստանում տիրող իրավիճակի, անվտանգային խնդիրների, Թուրքիայի եւ Ատրպէյճանի նկրտումների, սպասուելիք իրադարձութիւնների մասին։
– Հայոց Ցեղասպանութիւնից 108 տարի անց՝ 2023 թուականին, արցախահայութիւնը ցեղասպանութեան ենթարկուեց։ Այժմ ո՞րն է թուրք-ատրպէյճանական տանդեմի նպատակը։
– Հայաստանի հետ կապուած՝ երկու խնդիր կայ, որոնք իրենք փորձում են լուծել. առաջինն այսպէս կոչուած «խաղաղութեան պայմանագիր»-ն է Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ՝ Ատրպէյճանի մաքսիմալիստական (առաւելագոյն – Խմբ.) պայմանների հիման վրայ։ Հիմա տանդեմը դրա վրայ է աշխատում։ Երկրորդ նպատակը այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»-ն է. սա խնդիր է, որ դրել են իրենց առջեւ։ Դժուար է ասել՝ իրենք դա կը փորձեն համատեղե՞լ պայմանագրի հետ, թէ՞ կը դիտարկեն որպէս երկրորդ քայլ։ Կարծում եմ՝ այժմ այս երկու խնդիրներն է տանդեմն իր առջեւ դրել։ Հետագայում կը լինեն նաեւ այլ խնդիրներ։
– Հնարաւո՞ր է, որ Ատրպէյճանը դարձեալ ցեղասպանական գործողութիւնների անցնի, եթէ չկատարուի Տաւուշից գիւղեր յանձնելու պահանջը։
– Ցեղասպանական գործողութիւններ՝ ոչ, բայց կարող է յարձակուել։ Ոչ ոք չի կարող երաշխաւորել, որ չի յարձակուի։ Եթէ Ատրպէյճանի հռետորաբանութիւնն ուսումնասիրենք, դա շատ հաւանական է թուում։
– Ինչպէ՞ս էք գնաահատում Հայաստանի կատարած դիւանագիտական աշխատանքը միջազգային հարթակներում։ Ատրպէյճանի իրագործած ոճրագործութիւնների մասին բազմաթիւ փաստեր կան. դրանք ապացոյցներ են, որոնց միջոցով հնարաւոր է Ատրպէյճանին պատժել։
– Միջազգային հարթակներում աշխատանքը մի քանի ուղղութիւններով է. մէկը դիւանագիտական ուղղութիւնն է, միւսը իրաւական խնդիրներն են։ Ցաւօք, իրաւական խնդիրների առումով ես առանձնապէս լաւատես չեմ՝ չնայած Լուիս Մորենօ Օքամփոյի (Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի եւ Եյլի համալսարանների դասախօս) յայտնի զեկոյցը (https://luismorenoocampo.com/lmo_en/report-armenia/) կայ, որտեղ ինքն ապացուցում է, որ Ատրպէյճանն Արցախում ցեղասպանութիւն է իրականացրել։ Բայց, միջազգային իրաւական հարթակներում, ինչպէս փորձը ցոյց տուեց, շատ դժուար է հասնել արդար լուծումների՝ յօգուտ մեզ։ Իսկ դիւանագիտական աշխատանքը կայ, Հայաստանի դիժանագիտութիւնն ակտիւ է, բայց որքանով է դա արդիւնք տալիս, սա է խնդիրը։ Հայաստանն ակտիւ է Արեւմտեան դիւանագիտական հարթակներում, որը շատ կարեւոր է Հայաստանի համար՝ իր կապերը դիւերսիֆիկացիա անելու համար։ Բայց որքանով դա կարող է նպաստել մեր անվտանգութեան խնդիրների լուծմանը, շատ մեծ հարցական է։ Ես՝ որպէս պատմաբան, որպէս մարդ, որը հետաքրքրւում է նաեւ միջազգային յարաբերութիւններով, բացարձակ լաւատես չեմ, որ Արեւմուտքը կարող է մեզ ռազմական աջակցութիւն ցուցաբերել կամ անվտանգութեան երաշխիքներ տալ. ո՛չ, դա չի լինի։ Ատրպէյճանի վրայ կարող են ինչ-որ ճնշումներ գործադրուել, որոնք որոշիչ չեն։
– Իսկ Արեւմուտքի հետ սերտացմանը զուգընթաց՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վատացումը ի՞նչ անցանկալի արդիւնքի կարող է յանգեցնել։
– Համոզուած եմ, որ Հայաստանը պէտք է ամէն ինչ անի, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւններն այնքան չվատանան, որ կարմիր գիծն անցնի, որի պարագայում այլեւս յետդարձ չի լինի։ Կարծում եմ, որ ներկայ փուլում Ռուսաստանի հետ յարաբերութիւններն այնքան էլ վատ չեն. աւելի շուտ երկու կողմից հռետորաբանութեան մակարդակով հնչում են քննադատական ձայներ, բայց իրականում մենք չենք տեսնում ոչ մի քայլ այս երկու երկրների կողմից, որը ցոյց է տալիս, թէ յարաբերութիւնները վատացել են։ Դեռ կարմիր գիծը չի հատուել։ Շատ կարեւոր է, որ չհատուի։ Հայաստանի համար Ռուսաստանի հետ դաշնակցային յարաբերութիւնները կարեւոր նշանակութիւն ունեն։
– Իսկ ի՞նչ կ’ասէք Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) հետ յարաբերութիւնների եւ Հայաստանի իշխանութիւնների՝ Զուարթնոց օդանաւակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու պահանջի մասին։
– Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, դրա աշխատանքները չի խոչընդոտում, դէմ դուրս չի գալիս այն փաստաթղթերին, որոնք ընդունում է այս կազմակերպութիւնը։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցութիւնը, մինչեւ տեսնի՝ ինչ կը լինի։ Միւս կողմից՝ կայ Ուզբեքիստանի օրինակը. ժամանակին այս երկիրը դուրս եկաւ ՀԱՊԿ-ից, բայց Ռուսաստանի հետ հիմա էլ շատ լաւ յարաբերութիւններ ունի։ Դեռեւս 1990-ականներին, 2000-ականների կէսերին մենք բոլորս էլ գիտէինք, որ ՀԱՊԿ-ն իրականում ոչ մի ազդեցութիւն չունի, այնպիսի կառոյց է, որը դեռ չի կայացել։ Այնպէս որ, Հայաստանի յարաբերութիւնների սառեցումը ՀԱՊԿ-ի հետ, կարծում եմ, չի ազդում հայ-ռուսական յարաբերութիւնների իրական մակարդակի վրայ։ Իսկ Զուարթնոցում եղած սահմանապահներն ընդամէնը մի քանի հոգի էին։ Այդ սահմանապահներն 90-ական թուականների սկզբներին եկել էին, քանի որ Հայաստանն ի վիճակի չէր տուեալ աշխատանքներն իրականացնելու, իսկ հիմա իրականացնում է։ Ես այս հարցում խնդիր չեմ տեսնում։
– Ի՞նչ անվտանգային խնդիրներ ունենք։ Արդեօ՞ք անդունդի եզրին ենք, եւ գուցէ, արդէն պետականութիւնը կորցնելու վտանգի առջեւ կանգնած։
– Չեմ կարող ասել, որ դա այդպէս է։ Պատերազմի վտանգն է ռէալ։ Ատրպէյճանը կարող է յարձակուել։ Ընդ որում, մենք այդ պատերազմին պատրաստ չենք. դա ակնյայտ է։ Պատերազմի ժամանակ զէնք-զինամթերք ենք կորցրել։ Այդ կորուստը համալրելը շատ դժուար է։ Ռուսաստանն իր պարտաւորութիւնները չկատարեց զէնքի մատակարարման, բանակի վերափոխումների առումով։ Հիմա Հայաստանը ստիպուած է այլ աղբիւրներ գտնել զէնք բերելու համար, որը բարդ է։ Բայց, մենք տեսնում ենք առաջընթաց՝ ի հարկէ սահմանափակ։ Զէնք բերել-հասցնելն էլ դժուար է։ Վրաստանն ու Իրանը որոշակի խնդիրներ են դնում Հայաստանի առաջ։ Այնպէս չէ, որ միանգամից բացում են, ասում են՝ եկէ՛ք, ինչքան ուզում էք, զէնք բերէք։ Ծանր է իրավիճակը։ Մենք մինչեւ հիմա համոզուած էինք, որ ինչ էլ լինի, Ռուսաստանը մեր մէջքին կանգնած է. փաստօրէն, մեր պետականութիւնն այդ գաղափարի հիման վրայ էր զարգանում։ Իսկ հիմա դա չկայ։ Մենք տեսնում ենք, որ այդպէս չէ. Ռուսաստանն ընտրել է այլ քաղաքականութիւն, ինչպէս իրենք են ասում՝ հաւասար հեռաւորութիւն Հայաստանից ու Ատրպէյճանից։ Իրենց նպատակներից ու շահերից ելնելով՝ ինչպէս իրենք են ձեւակերպում, Ուքրանիայում ընթացող պատերազմից ելնելով՝ գործում են։ Դրա համար հիմա այս փուլում ենք։ Մենք մեր յոյսը դրել էինք Ռուսաստանի վրայ, բայց տեսանք, որ դա այնքան էլ իրական չէ։ Հիմա պէտք է փորձենք ուրիշ հնարաւորութիւններ գտնել մեր անվտանգութիւնն ապահովելու համար։ Բայց, ասել որ մենք անդունդի եզրին ենք կանգնած… ես դա էմոցիոնալ գնահատական եմ համարում։
– Հայ-թուրքական յարաբերութիւններն ինչպէ՞ս կը գնահատէք։ Արդեօ՞ք կարող են առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման հետ կապուած՝ նորից խօսակցութիւններ լինել եւ ըստ այդմ՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչումից ու մեր պահանջատիրութիւնից հրաժարուելու պահանջներ հնչել Թուրքիայի կողմից։
– Թուրքիայի իշխանութիւնները, որքանով հասկանում եմ, որոշում ունեն Հայաստանի հետ յարաբերութիւնների բնագաւառում ոչ մի քայլ չանելու, մինչեւ Հայաստանն ու Ատրպէյճանը չստորագրեն պայմանագիր՝ Ատրպէյճանի մաքսիմալիստական (առաւելագոյն – Խմբ.) պահանջների հիման վրայ։ Սա իրենց որոշումն է, որը չեն փոխի։ Ինչքան էլ խօսակցութիւններ լինեն, մէկ է, չպէտք է ակնկալել, թէ Թուրքիան ինչ-որ քայլ կ’անի Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու առումով։ Մինչեւ այդ պայմանագիրն իրենց ուզած ձեւով չստորագրուի, ոչ մի քայլ չեն անի։ Պէտք է Թուրքիայի քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական առումով աւելի խոր ուսումնասիրենք ու հասկանանք։ Կարծում եմ՝ Թուրքիայի այս քաղաքականութեան հիմքը դրուել է դեռեւս 1991 թուականի Դեկտեմբերից, երբ այդ երկիրը ճանաչեց Հայաստանի անկախութիւնը, բայց մեր երկրի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չհաստատեց, ասաց՝ որոշակի խնդիրներ կան, դրանք կը լուծենք, եւ նոր միայն դիւանագիտական յարաբերութիւններ կը հաստատենք։ Նրանք այդպէս որոշեցին՝ հաշուի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ Մեր երկիրը չունի ելք դէպի ծով, շրջապատուած է չորս երկրով, որոնցից մէկը Թուրքիան է, միւսն՝ Ատրպէյճանը։ Մանաւանդ այն ժամանակ Վրաստանում խառը իրավիճակ էր, Իրան-Հայաստան ճանապարհները դեռ նորմալ վիճակում չէին… Դրա համար էլ Թուրքիան իր քաղաքականութեան այդ հիմքը դրեց, այն է՝ Հայաստանն ուզած-չուզած Թուրքիայի հետ պիտի յարաբերութիւնները կարգաւորի՝ Թուրքիայի պայմաններով, որպէսզի Թուրքիայի միջոցով աշխարհի հետ կապուելու հնարաւորութիւն ստանայ։ Դրա համար էլ իրենք ոչ մի քայլ չեն ձեռնարկում։ Սահմանը փակ են պահում, Հայաստանին ճնշում, որ զիջումների գնայ։
Այս պահին իրենք փորձում են լուծել Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ կնքուելիք պայմանագրի խնդիրը։ Հենց որ դա լինի, էլի՛ չեն բացի սահմանը։ Թուրքիան այս անգամ աւելի լաւ է պատրաստուել Հայաստանի հետ բանակցութիւններին։ Սա բանակցային չորրորդ փուլն է. այս անգամ իրենք որոշ գիտնականների են պատրաստել։ Այդ մասնագէտների ու գիտնականների խումբը քննարկել է բանակցային գործընթացը։ Ես նրանցից մէկին, երկուսին արդէն բացայայտել եմ։ Իրենք ընտրել են փոքր-փոքր քայլերի քաղաքականութիւնը։ Սա բանակցային մեթոդիկա է, այսինքն՝ միանգամից չեն բացելու սահմանը, նոյնիսկ եթէ Հայաստանը զիջումների գնայ ու այդ պայմանագիրը ստորագրի։ Թուրքիային պէտք է նաեւ այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքը«։ Եթէ դա էլ ստանան, կարծում եմ՝ էլի՛ չեն բացի, այդ ժամանակ էլ կը բարձրացնեն Ցեղասպանութեան խնդիրը, մեր պատմական յիշողութեան վրայ ազդելու խնդիրը, կը ցանկանան փոխել մեր պատմական յիշողութիւնը։
Մի հանգամանք էլ կայ, որ պիտի քննարկենք։ Հիմա տեսնում ենք Թուրքիայի եւ Արեւմուտքի, մասնաւորապէս՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնների սիրախաղ։ Թուրքիան Արեւմուտքի անբաժանելի մասն է, ԱՄՆ-ի դաշնակիցը։ Այս հարցում ոչինչ չի փոխուել, որքան էլ իրենք ռուսների հետ յարաբերութիւնները փորձում էին սերտացնել։ Հիմա Թուրքիան էլի գնում է դէպի ԱՄՆ, այսինքն՝ ռազմավարական առումով մնալով ԱՄՆ-ի հաւատարիմ դաշնակից՝ հիմա աւելի շատ է այդ երկրի հետ սիրախաղ անում եւ ռուսներից մի քիչ հեռանում է։ Այս պայմաններում տեսնում ենք՝ ամերիկացիներն ու Եւրամիութիւնը Թուրքիայի առջեւ հարց են դնում, որ աւելի կառուցողական դիրքորոշում ունենայ Հարաւային Կովկասում։ Չնայած՝ առաջ էլ է եղել նման բան, բայց Թուրքիան ամէն կերպ շրջանցել է ամերիկացիների միջնորդութիւնը, յորդորը՝ Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու հարցում։ Հիմա էլի այդ փուլն է. նոյն խնիրներն Արեւմուտքը դրել է Թուրքիայի առջեւ։ Կարծում եմ՝ Թուրքիան կրկին չի փոխի իր քաղաքականութիւնը, բայց որոշակի հռետորաբանական մանեւրումներ կ’անի։ Իմ կարծիքը հետեւեալն է. մենք Թուրքիայի հետ պէտք է բանակցային գործընթացի մէջ լինենք, չպիտի ասենք՝ «Մենք ձեզ հետ գործ չունենք«՝ չնայած շատ լաւ գիտենք՝ իրենք ինչ են ուզում։ Կարեւոր է, որ բանակցային գործընթացի մէջ լինենք։ Բարդ է մեր երկրի դրութիւնը, Թուրքիան էլ է բարդ, բայց պէտք է գնանք այդ ճանապարհով։
– 2024 թուականի Մարտի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը, խօսելով ՀՀ սուվերեն տարածքում գտնուող՝ Տաւուշի գիւղերի մասին, որոնք Ատրպէյճանը պահանջում է իրեն յանձնել, ասաց. «Մենք հիմա փնտռտուքի մէջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, ովքեր կը գան եւ կ’ապացուցեն, որ դա Հայաստանի Հանրապետութեանն է». Ինչպէ՞ս կը մեկնաբանէք սա։
– Ակնյայտ է, որ Տաւուշի մարզը մերն է. ակնյայտ են Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի սահմանները… Տաւուշի մարզը մերն է, այդ գիւղերն էլ մերն են։ Չգիտեմ՝ նա ինչ է ասել։
Comments are closed.