Մեղրին եղել եւ մնում է Հայաստանի ինքնիշխանութեան գլխաւոր երաշխիքներից մէկը. Աշոտ Մելքոնեան
Ինչպէս արդէն տեղեկացրել ենք՝ ս. թ. Նոյեմբերի 17-18-ին Մեղրիում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ «Արեւիք. պատմամշակութային ժառանգութիւն եւ միջմշակութային կապեր» թեմայով։
Գիտաժողովը սկսելուց առաջ մասնակիցներն այցելել են Մեղրու վանք, Մեծ թաղի Սուրբ Աստուածածին եկեղեցի, Փոքր թաղի Սուրբ Սարգիս եկեղեցի, մօտիկից դիտել են Մեղրու բերդի դեռեւս կանգուն աշտարակները, իսկ յաջորդ օրը շրջայցը շարունակել Կարճեւան գիւղում։
Միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաեւ «Սիւնեաց երկրի» ստեղծագործական խումբը։
Նոյեմբերի 17-ին մենք հարցազրոյցի հրաւիրեցինք պատմական գիտութիւնների դոկտոր, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանին։
– Պարոն Մելքոնեան, նախ կը խնդրէինք համառօտ ներկայացնել այսօրուայ գիտաժողովը:
– Պատմական Հայաստանի իւրաքանչիւր պատմաաշխարհագրական շրջան ուրոյն ու ծանրակշիռ տեղ ունի հայոց պատմութեան մէջ եւ ընդհանրապէս աշխարհաքաղաքական զարգացումների մէջ: Մենք սովոր ենք խօսել այն մասին, որ դրանք նահանգների, թագաւորութիւնների մակարդակով են տեղի ունեցել, ինչը, անկասկած, ճշմարտութիւն է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իւրաքանչիւր նահանգ ունէր առանձնայատուկ գաւառներ, այսինքն՝ փոքրիկ տարածաշրջաններ, որոնք ոչ միայն նահանգային մակարդակով, այլ նաեւ ամբողջ Հայաստանի իմաստով շատ կարեւոր ռազմաքաղաքական նշանակութիւն են ունեցել եւ ունեն:
Հայաստանի շուրջ այսօրուայ զարգացումները մեզ բերում են համոզման, որ Սիւնեաց աշխարհը, Արցախի հետ միասին, որ Գարեգին Նժդեհը համարում էր մեր պետականութեան ողնաշարը, շարունակում է այդպիսին մնալ։ Սիւնիքը իր մէջ ունի գաւառներ, որոնք առանձնայատուկ տեղ ու դեր ունեն: Այս դէպքում խօսքը Հայաստանի ամենահարաւային գաւառի՝ Արեւիք-Մեղրու մասին է: Շատ հետաքրքրական է, որ պատմամշակութային առումով այս գաւառն արտակարգ կարեւորութիւն է ներկայացրել՝ գտնուելով Սիւնիքի հարաւում, մերձարեւադարձային կլիմայ ունեցող հիւսիսային գօտու շրջանում` ծովի մակերեւոյթից մօտ 600 մեթր բարձր, Արաքսի երկայնքով, որից դէպի հարաւ տարածւում է պատմական Վասպուրական աշխարհի Պարսպատունիք գաւառը, այնուհետեւ՝ Սեւ լեռներ՝ Ղարադաղ օտար հնչեղութեամբ գաւառը, նրանից դէպի արեւելք Կովսականն է, արեւմուտք՝ Գողթն գաւառը, հիւսիսում՝ Բաղքը։ Լեռներով ու Արաքս գետով եզերուած Արեւիքը դարձել է ոչ միայն Սիւնիքի, այլ նաեւ ամբողջ Հայաստանի հարաւային դարպասը:
Առաւել եւս այսօր, երբ 400 հազար քառակուսի քիլոմեթր տարածք ունեցող պատմական Հայաստանը սեղմուել է ընդամէնը 29 հազար քիլոմեթրի մէջ, Արեւիքը շարունակում է իր բացառիկ դերը կատարել:
Երբ դիտարկում ենք պատմական կտրուածքով առաջին յիշատակութիւնները, որոնք առնչւում են այս տարածաշրջանին, նախաուրարտական շրջանին են վերաբերում: Այս տարածաշրջանը, ամբողջ Սիւնիքի հետ մէկտեղ, մաս է կազմել Ուրարտական թագաւորութեան, Արտաշիսեան Հայաստանի, Երուանդունիների, Արշակունիների Հայաստանի: Եւ ինչն է հետաքրքրական, 428 թուականին հայոց պետականութեան անկումից յետոյ Սիւնիքն այդ բեռը վերցնում է իր վրայ, եւ պատահական չէ, որ նախարարական տների մէջ, թերեւս միակը, որ իշխանաց իշխանի կարգավիճակ ունէր, Սիւնեաց նախարարներն էին: Ու այդ պատճառով նրանց անուանում էին գահերեց իշխան, այսինքն՝ իշխան, որ փաստօրէն գահ ունէր, թագաւորին ամենամօտ իշխանաւոր էր: Պատահական չէ, որ Վասակ Սիւնուն նշանակեցին գահերեց իշխան-մարզպան, այսինքն՝ նա դարձաւ ամբողջ Հայաստան աշխարհի պատասխանատուն Պարսից արքունիքի առջեւ: Նրան միայն պակասում էր թագը, ինչը նա, ինչպէս Եղիշէն է վկայում, փորձում էր վերականգնել 450-451 թթ.՝ Վարդանանց պատերազմով: Այդ իմաստով Վասակ Սիւնու կերպարի վերաբերեալ պատկերացումները պիտի փոխուեն:
– Այս համատեքստում կ’ուզենայինք, որ անդրադարձ կատարէիք Սիւնիքի թագաւորութեանը:
– Ինչ վերաբերում է Սիւնիքի թագաւորութեանը, որ հռչակուել է 987 թուականին եւ գոյատեւել մինչեւ 1170 թուականը՝ Բաղաբերդի անկումը, բացառիկ դերակատարութիւն է ունեցել: Լինելով հարաւային գաւառների միացութիւն՝ անառիկ էր իր դիրքով: Օտարի ասպատակութիւնների հետեւանքով Ծղուկը, Վայոց ձորն անցել են թշնամու ձեռքը, հարաւային գաւառները՝ Ձորքը, Բաղքը եւ յատկապէս Արեւիքը շարունակել են մնալ ինքնիշխան եւ մաս կազմել Սիւնիքի թագաւորութեանը: Պատահական չէ, որ Սիւնիքի թագաւորութիւնից ամենավերջինն ընկաւ Բաղաբերդը:
– Եւ այդ ամէնը նկատի ունենալո՞վ որոշեցիք գիտաժողով կազմակերպել Արեւիք-Մեղրիում:
– Միանգամայն ճշմարիտ էք: Գիտաժողովին մասնակցում են պատմաբաններ, հնագէտներ, լեզուաբաններ, բանասէրներ: Բոլորն այն համոզմանն էին, որ բաւականին կուտակուած նիւթ կայ, բայց մենք առաւել ուշադրութիւն դարձնելով նահանգների պատմութեանը, կոնկրետ փոքր գաւառների պատմութիւնը մոռացութեան ենք մատնել։ Մինչդեռ ներկայիս քաղաքական զարգացումների պարագայում այս փոքրիկ տարածաշրջանը չափազանց կարեւոր դեր ունի Հայաստան աշխարհի համար, փաստօրէն, նրա պորտալարն է արտաքին աշխարհի հետ:
Պատմութիւնն ու ներկայ քաղաքական իրողութիւնները մեզ ստիպեցին, որ անդրադառնանք այս տարածաշրջանի պատմամշակութային ժառանգութեանը:
Գիտութիւնների ազգային ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի ուժերով մենք՝ ճարտարապետութեան, հնագիտութեան, արուեստի, մանրանկարչութեան ոլորտների մասնագէտներով, որոշեցինք այստեղ անցկացնել գիտաժողով, ինչպէս 2021 թ. Ապրիլի 27-ին նման գիտաժողով անցկացրինք Գորիսում՝ Լեռնահայաստանի 100-ամեակին նուիրուած:
Մենք այնքան հարուստ պատմամշակութային ժառանգութիւն ունենք, որ կարող ենք գաւառ առ գաւառ նման միջոցառումներ կազմակերպել եւ դրանցում ընթերցուած զեկուցումները հրատարակել առանձին հատորեակով: Այս գիտաժողովի ընթացքում բոլոր հնարաւոր ոլորտներին անդրադառնում ենք, բայց այնպիսի մի ոլորտում, որպիսին տեղանուանաբանութիւնն է, ցաւօք, լրջօրէն թերացել ենք: Մեր արեւելեան հարեւանը, որ նոր է պատմութեան թատերաբեմ իջել, մեզ մեղադրում է այն բանում, թէ իբր այս տարածաշրջանն Արեւմտեան Ատրպէյճան է եւ օրինակ է բերում օտարացած, թուրքացած բնակավայրերի անուանումները: Առանց մատնանշելու, որ դրանից առաջ ինչ է տեղի ունեցել: Միայն այս փոքրիկ գաւառի 60 բնակավայրի վերաբերմամբ Ստեփանոս Օրբէլեանը նշում է, թէ որ գիւղը որքան հարկ է վճարել Տաթեւի վանքին: Ասելս այն է, որ այդ 60 բնակավայրի մի մասի վերաբերեալ պատկերացում չունենք: Իսկ թուրքական տիրապետութեան ժամանակ յանկարծ յայտնուել են տեղանուններ, որոնք կապ չունեն հայ իրականութեան հետ։ Այսինքն՝ ուշ միջնադարում տեղանուանաբանական օտարացման երեւոյթները հերքելու, մերժելու առումով պէտք է գնանք դէպի ակունքներ, ինչի հնարաւորութիւնը մեր պատմական աղբիւրները լիովին տալիս են:
– Որքան հասկացանք, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի նախաձեռնութիւնն է այս գիտաժողովը:
– Նախաձեռնութիւնն այդպիսին էր, յետոյ մեր գործընկերները միացան, Երեւանի պետհամալսարանի հետ եկանք համաձայնութեան եւ համատեղ կազմակերպեցինք այս գիտաժողովը, որը ոչ միայն գիտական, այլ քաղաքական առումով շատ կարեւոր է:
– Եւ որքա՞ն զեկուցում պիտի ներկայացուի:
– 30-ից աւելի զեկուցում, որ վերաբերում են պատմութեան, մշակոյթի, բանասիրութեան զանազան ոլորտների: Իւրաքանչիւր զեկուցումից յետոյ քննարկումներ են լինում տարբեր հարցերի վերաբերեալ, եւ այդ առումով կարծում եմ՝ շատ օգտակար է տեղացի մասնագէտների, ուսուցիչների, դպրոցների բարձր դասարանցիների համար:
– Կարելի՞ է ենթադրել, որ այդ զեկուցումներում նոր խօսք կ’ասուի Մեղրու տարածաշրջանի վերաբերեալ:
– Ես արդէն նշեցի, որ նահանգային պատմութիւնների ուսումնասիրման առումով լուրջ աշխատանք կատարուել է: Վերցնենք Սիւնիքի թագաւորութեան պատմութիւնը: Երջանկայիշատակ պատմաբան Գրիգոր Գրիգորեանն ահռելի աշխատանք է կատարել, ժամանակին Ղեւոնդ Ալիշանն է կատարել, էլ չեմ ասում Ստեփանոս Օրբէլեանը… Այս ամբողջը հաւաքուել է, բայց ջրի երես է հանուել միայն նահանգային պատմութիւնը: Փոքրիկ գաւառների պատմութիւնը մնացել է ստուերում, եւ երբ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ հսկայական նիւթ է երեւան գալիս: Ամէն մի գիւղը, բնակավայրը, թուփը մի պատմութիւն ունի, եւ այդ իմաստով, իրօք, կարելի է վստահաբար ասել՝ այս գիտաժողովի նիւթերի մի զգալի մասը նորոյթ է:
– Մեղրու տարածաշրջանին նուիրուած նման գիտաժողով նախկինում, որքան յիշում ենք, չի անցկացուել:
– Ես նոյնպէս չեմ յիշում: Տեղացիները եւս վկայեցին, որ նման բան չի եղել։ Ուստի մեր առաջարկութիւնը մեծ ոգեւորութեամբ ընդունեց Մեղրու համայնքային իշխանութիւնը։
Մնում է ենթադրել, որ գիտաժողովում ընթերցուած բոլոր նիւթերը կը հրապարակուեն: Այս համատեքստում պիտի նշեմ, որ «Երկիր եւ մշակոյթ» կազմակերպութիւնը լաւագոյնս օժանդակում է այս գիտաժողովի կազմակերպմանը եւ անցկացմանը: Նաեւ Սիւնիքի տարածաշրջանում, այդ թուում եւ Մեղրիում զբաղուած է յուշարձանների վերականգնման խնդրով: Այդ կազմակերպութիւնը խոստացել է մի ստուար հատորով տպագրել Արեւիք գաւառի պատմութեան, մշակոյթի, բանահիւսութեան վերաբերեալ այս գիտաժողովի նիւթերը:
– Գիտաժողովների ընթացքում սովորաբար երեւան են գալիս հարցեր, որոնք բարձրացնելու, լուծում տալու անհրաժեշտութիւն է առաջացնում։ Օրինակ, Դուք նշեցիք տեղանունների հարցը։ Այդ ամէնը կը կարողանա՞ք ներկայացնել կառավարութեանը, միւս պատկան մարմիններին, որ գործնական ընթացք տրուի։
– Այս գիտաժողովի վերաբերմամբ Մեղրիի համայնքապետարանի արձագանգը միանգամայն դրական էր։ Ինչ-որ իմաստով սա վերածւում է պետական պատուերի։ Երբ որ պետութեան կողմից գիտնականի առջեւ դրւում է որեւէ խնդիր, դա նշանակում է, որ գիտութիւնը ծառայում է իր նպատակին։ Այլապէս տպաւորութիւն կայ, որ գիտութիւնը եւ գիտնականի աշխատանքն ինքնանպատակ են, նա կատարում է մի բան, որն ի վերջոյ ստացւում է, թէ իր համար է։ Բայց դա այդպէս չէ։ Պէտք է հանրային պահանջարկ լինի, եւ գիտութիւնը պէտք է ծառայի նաեւ հանրային ու պետական խնդիրներին, շահերին։
– Նոյն վերաբերմունքը, կարծում ենք, կը լինի նաեւ այս գիտաժողովի նիւթերի հանդէպ։
– Այո, օրինակ, նորոյթ էր այն, որ ելոյթներից մէկը վերաբերում էր խնդրին, թէ ինչով է պայմանաւորուած Սիւնիք աշխարհի՝ Հայաստանի պետականութեան համար ողնաշար լինելը։ Արտաքին աշխարհից լեռնաշղթաներով, գետերով, ձորերով կտրուած էր, ամրոցաշինութեան յատուկ ձեռագիր ունեցող, որ խոչընդոտում էր թշնամու մուտք գործելուն։ Նայում ես ամրոցաշինութեան աշխարհագրութեանը եւ հասկանում, որ կարեւորագոյն կէտերում ամրոցներ են կառուցել, եւ տարածաշրջանը դարձել էր անմատչելի։ Օրինակ, երբ 1104 թուականին սելճուքներն առաջին անգամ ներխուժեցին Սիւնիքի կեդրոնական եւ հարաւային շրջաններ՝ Հայաստանի Այրարատ աշխարհի մեծագոյն մասն արդէն գրաւել էին։ Անիի Բագրատունեաց թագաւորութիւնը կործանել էին, բայց Սիւնիքը մնացել էր անառիկ։ Ո՞րն էր պատճառը: Ճանապարհները փակել էին, պաշտպանական այնպիսի կառոյցներ կային, որոնք հսկում էին բոլոր ձորերը, ինչի շնորհիւ թշնամին մուտք գործելու հնարաւորութիւն չունէր։
Նոր միայն հասկանալի է դառնում, թէ ինչպէս եղաւ, որ 1724 թուականին Մեղրիի պաշտպանութիւնից յետոյ միայն պարսից շահ Թահմազ Երկրորդը թոյլ տուեց, որ Դաւիթ Բեկը սեփական դրամ հատի Սիւնիքում։ Այլեւս չխօսելով այն մասին, որ Մեղրիի 1726-1727 թուականների ինքնապաշտպանութեան շնորհիւ թուրքերը հեռացան այս տարածաշրջանից, եւ Արեւիքը մնաց անառիկ։ Սրան յաւելեմ նաեւ Լեռնահայաստանը, որի վերջին պաշտպանական օճախը եղել է Արեւիք-Մեղրի գաւառը։ Չմոռանանք, որ Գարեգին Նժդեհը վերջինն այստեղից դուրս եկաւ՝ 1921 թ. Յուլիսի 13-ից 15-ն ընկած հատուածում։ Հիւսիսից 11-րդ կարմիր բանակը գրոհում էր, բայց անկախ Հայաստանը շարունակում էր կռուել այս տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետութեան վերջին անկախ օճախը եղել է Մեղրու տարածաշրջանը։
– Վերադառնանք մեր ժամանակներ, այսօր շահարկումներ կան Սիւնիքի շուրջ, մասնաւորապէս այս տարածաշրջանի վերաբերմամբ։ Կ’ուզենայինք պատմաբանի Ձեր նախազգուշացնող խօսքը լսել։
– Գիտաժողովում ընդգծուեց այն հանգամանքը, որ Մեղրի-Արեւիքը ոչ միայն Սիւնեաց աշխարհի, այլ ամբողջ Հայաստանի համար ունի կենսական նշանակութիւն, եւ որեւէ սակարկութիւն հարաւային դարպասի, Հայաստանի թոքերի հետ կապուած չի կարող լինել թշնամու հետ։ Նոյնիսկ Գարեգին Նժդեհը ժամանակին գիտակցում էր եւ 1919 թուականին ստեղծեց Կապարգողթի՝ այդ յայտնի զինական կառոյցը (միաւորելով Կապանը, Արեւիքը եւ Գողթնը)։ Նա գիտակցում էր, որ արտաքին աշխարհ տանող ճանապարհն այստեղով է անցնում։
Նժդեհը նախ՝ Կապարգողթի հրամանատար դարձաւ, յետոյ՝ 1920 թ. Դեկտեմբերի 25-ին, հռչակեց ինքնավար Սիւնիքը, իսկ 1921 թ. Ապրիլի 27-ին՝ Լեռնահայաստանը, որը յետոյ՝ Յունիսի 1-ին, հռչակուեց որպէս Հայաստանի Հանրապետութիւն։ Սա նշանակում է, որ այս տարածաշրջանում կար պետականութեան ողնաշար, որը կոտրելուց յետոյ անդառնալիօրէն կը կորցնենք ամէն ինչ։ Այդ պատճառով որեւէ սակարկութիւն այս տարածաշրջանի վերաբերմամբ չի կարող լինել։ Երբ խօսում ենք այն մասին, թէ Գարեգին Նժդեհի շնորհիւ Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում, միանշանակ այդ միտքը ճշմարտութիւն է։ Բայց միւս կողմից՝ անգամ պոլշեւիկները, որոնց ձեռքը ոչ մէկը չէր կարող բռնել Նժդեհի դուրս գալուց յետոյ, այս տարածաշրջանը չզիջեցին Ատրպէյճանին։ Այն ժամանակուայ պոլշեւիկեան Ռուսաստանը լաւ հասկացաւ այս տարածաշրջանի կարեւորութիւնն ու գոնէ Զանգեզուրի հարցում կանգնեց Խորհրդային Հայաստանի կողքին։ Եւ հիմա, վերապահումով եմ ասում, մեր ռազմավարական դաշնակիցը չի գիտակցում այդքան բան։ Ու եթէ փորձեն մեզ պարտադրել ինչ-որ միջանցքներ այս տարածաշրջանում, ապա դա կը նշանակի եւ՛ւՀայաստանի Հանրապետութեան վերջը, եւ՛ւՌուսաստան երկրի աշխարհաքաղաքական ներկայութեան վերջն այս տարածաշրջանում։ Արցախցիները 19-րդ դարի սկզբին Քիւրաքչայի պայմանագրով ռուսներին բերեցին մեր տարածաշրջան, արցախցիներով էլ գնալու են, եթէ նրանք չգիտակցեն տարածաշրջանի կարեւորութիւնը։
– Դարձեալ մի քիչ շեղուենք օրուայ թեմայից. այս օրերին մենք ազգային ողբերգութիւն ապրեցինք եւ ապրում ենք, կորցրեցինք մեր պատմական Արցախը, որ հազարամեակներով հայերով էր բնակեցուած։ Մենք ակնկալում էինք, որ Գիտութիւնների ազգային ակադեմիան առաջինը պիտի ձայն բարձրացնէր, այսպէս ասած՝ կոչնակ հնչեցնէր Արցախն Ատրպէյճանի կազմում ընդգրկելու դէմ, բայց…
– Քանիցս Գիտութիւնների ազգային ակադեմիան պաշտօնական յայտարարութեամբ հանդէս եկաւ, որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ատրպէյճանի կազմում։ Դա նշանակում է անդառնալիօրէն կորցնել Արցախը։ Բայց, փակագծերը բացելով ասեմ, մեր այդ պաշտօնական յայտարարութիւնները խանդավառութեամբ չընդունուեցին՝ այն պատճառաբանութեամբ, որ մենք՝ լինելով գիտական հաստատութիւն, չպետք է խառնվենք քաղաքական գործերին։ Մինչդեռ մենք խորապէս հասկանում էինք դրա վտանգը… Այնպէս որ՝ մեր խօսքը մնաց որպէս ձայն բարբառոյ յանապատի, եւ ի վերջոյ կորցրեցինք Արցախ աշխարհը։
– Արդ, ո՞րն է ելքը, ո՞րն է պահի խնդիրը։
– Այն փնտռտուքը, որ դարեր շարունակ ունեցել ենք՝ արեւելք, արեւմուտք, հիւսիս, հարաւ՝ ճիշդ կողմնորոշում գտնելու իմաստով, մեզ լաւ տեղ չի տարել։ Կողմնորոշումը պիտի լինի հայկական, կողմնորոշում՝ դէպի հայ զինուորը, դէպի զէնքը, պայքարը։ Մեր լկտի հարեւանը՝ Ատրպէյճանը, Հայաստանի Հանրապետութեան հանդէպ կը հրաժարուի ոտնձգութիւնից այն դէպքում, երբ համոզուի, որ որեւէ նոր ագրեսիայի դէպքում կարող է կորցնել տասնեակ եւ հարիւր հազարաւոր զինուորներ։ Թէ չէ ասել, որ Եւրոպան, Ռուսաստանը կամ այլ մի ուժ պիտի բռնեն նրա ձեռքը, կարծում եմ, արդիւնք չի տայ։ Մեր ուժը մեր զինուորների ձեռքին է, ինչն ապացուցուեց 1990-ական թուականներին։ Երբ հայ զինուորը կռուեց, յաղթեց… Մի խօսքով՝ անպայմանօրէն Հայաստանի Հանրապետութիւնն անելանելի թուացող այս վիճակից կարող է դուրս գալ հենց այդ ճանապարհով։
– Արցախի պետականութեան պատառիկները պահելու խնդիր ունենք, ի՞նչ անել։
– Կարծում եմ՝ քանի դեռ Յունուարի 1-ը չի եկել, եւ այդ անօրինական, չարաբաստիկ որոշումը՝ Արցախի պետականութիւնը լուծարելու վերաբերեալ, դեռ կայ, ամէն վայրկեան կարելի է չեղեալ համարել ու վտարանդի կառավարութեան մակարդակով (Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս) ապահովել արցախեան իշխանութիւնների գործունէութիւնը։ Ես չեմ կարծում, որ անդառնալիօրէն Արցախի հարցը լուծուած է, որովհետեւ այն ամբողջատիրական ուժերը, որ միաւորուել են Արցախի դէմ, դա լինի Ռուսաստանի Դաշնութիւնը, Թուրքիան, թէ Ատրպէյճանը, մի օր փլուելու են, եւ, իմ համոզմամբ, ինչ-որ բան, փոխուելու է…
– Ի միջի այլոց, վերջին շրջանում հասարակութեան մէջ կրքեր բորբոքեց եօթերորդ դասարանի դասագիրքը։ Ձեր տեսակէտն այդ մասին։
– Մենք մեր տեսակէտը բազմիցս յայտնել ենք՝ դա անընդունելի չափորոշիչների հիման վրայ գրուած դասագիրք է… Դասագրքի ստեղծումը պիտի լինէր կոլեկտիւ աշխատանքի արդիւնք, իսկ ապազգային ու անդէմ չափորոշիչներով դասագիրք գրելը պիտի բերէր այսպիսի հետեւանքի, ինչը որ եղաւ։
Զրոյցը՝ Սամուէլ Ալեքսանեանի եւ Վահրամ Օրբէլեանի
Comments are closed.