Թուրքիայի կարեւորագոյն խնդիրը տարածաշրջանում հայկական գործօնի չէզոքացումն է

Տարածաշրջանում Թուրքիայի դերակատարութեան եւ նպատակների մասին «ԱԼԻՔ»-ը զրուցել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանի հետ

– Ողջոյն, պարոն Գեղամեան շնորհակալութիւն, որ ընդունեցիք հարցազրոյցի հրաւէրը: Ինչպէ՞ս էք գնահատում Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը, ինչպիսի՞ն է ընդհանուր պատկերը:

– Թուրքիայի Հանրապետութիւնը վերջին տարիներին որդեգրել է մի քաղաքականութիւն, որը կարելի է կոչել կոշտ եւ փափուկ ուժերի համադրմամբ աշխատող քաղաքականութիւն: Այսինքն, դիւանագիտական խնդիրները լուծելու համար, ոչ միայն կիրառում է դիւանագիտական գործիքները նաեւ օգտագործում է ռազմական քաղաքական գործիքները: Թուրքիան կարող է իր արտաքին քաղաքական այս կամ այն նպատակը լուծելու համար օգտագործել ռազմական ուժ՝ զօրամիաւորում, բանակի օգնութիւն: Այս գործիքակազմով հանդերձ, Թուրքիան փորձում է տարբեր տարածաշրջաններում իր դիրքերը կամ ամրապնդել կամ ընդլայնել, այդ թւում՝ ի հարկէ, Հարաւային Կովկասում, որը կարող ենք ասել, որ ներկայում վերածուել է, ոչ միայն ուղղակի առաջնահերթութեան, այլ, նաեւ, այդ ցանկում առաջին երկու կարեւոր թեմաներից մէկը, այլ կերպ ասած, Թուրքիայի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն խնդիրները կապուած են Հարաւային Կովկասին եւ այնտեղ գլխաւոր խնդիրն այսպէս ասած, հայկական գործօնի չէզոքացումն է: Ուստի, նկատելի է Թուրքիայի կողմից գերակտիւութիւն այս հարցում: Մեծ ճնշում տարածաշրջանային խաղացողների եւ արտաքին տարբեր խաղացողների վրայ, որպէսզի իրականացնեն իրենց նպատակը, այն է՝ տարածաշրջանում հայկական քաղաքական գործօնի վերացմամբ, կամ չէզոքացմամբ, կամ թուլացմամբ, սեփական դիրքերի ամրապնդում: Այն նաեւ նշանակում է՝ տարածաշրջանում թուլացնել իր տարածաշրջանային երկու գլխաւոր հակառակորդների՝ Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը եւ քանի որ դրանք ուղղակի փոխկապակցուած են Հայաստանի հետ, ապա Թուրքիայի ճնշումը հենց Հայաստանի վրայ է լինում: Այն ունի տարբեր բաղադրիչներ. «Միջանցք», Արցախ, ՀՀ Զինուած ուժերի թուլացում եւ փոքրացում եւ, ընդհանրապէս, բոլոր այս ուղղութիւններով, Թուրքիան հետեւողական աշխատանք է իրականացնում Ատրպէյճանի հետ միասին: Որոշ հարցերում Ատրպէյճանը հանդիսանում է հիմնական գործիքը՝ նպատակներին հասնելու համար եւ որոշ դէպքերում, նրանք փորձում են միաժամանակ աշխատել, այսինքն Թուրքիան հանդէս է գալիս ուղիղ հենց իր դէմքով, իր ինստիտուտներով:

Ինչ վերաբերւում է այլ պետութիւնների հետ յարաբերութիւններին, ապա տարբեր է, կապուած երկրին, սակայն այդ յարաբերութիւնների բնոյթը, կարելի է բնորոշել հետեւեալ կերպ՝ Թուրքիան փորձում է, հնարաւորինս ռազմավարական ինքավարութիւն ձեռքբերել Արեւմուտքից, որի դաշնակիցն է այս տարածաշրջանում եւ միեւնոյն ժամանակ փորձում է պահպանել յարաբերութիւնները գրեթէ բոլոր բեւեռների հետ, ապահովելով նախ իր համար տնտեսական եւ ֆինանսական եկամուտ:

– Պարոն Գեղամեան վերջին շրջանում մասնաւորապէս Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի յարաբերութիւններն են ինտենսիւօրէն զարգանում:

– Այո, իսկապէս կարելի է նման միտում արձանագրել, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ յարաբերութիւնները բաւական ինտենսիւ են: Գնալով աւելի են խորանում եւ դա պայմանաւորուած է այն հանգամանքով, որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ինչքան էլ, որ ունի կառուցողական գործընկերային յարաբերութիւններ Ռուսաստանի հետ, այդուհանդերձ տարածաշրջաններում՝ Սեւ ծովից մինչեւ Կովկաս հանդիսանում է Ռուսաստանի գլխաւոր հակառակորդներից մէկը, որից բնականաբար, փորձում է օգտուել Ռուսաստանի մէկ այլ հակառակորդ երկիր՝ Մեծ Բրիտանիան: Ի միջի այլոց, թուրք-բրիտանական համագործակցութիւնները, այնուամենայնիւ ունեն երկար պատմութիւն եւ պատմական ժառանգութիւն, համագործակցութեան համատեղ փորձ՝ 17-րդ դարի վերջը, 20-րդ դարի սկզբին, հիմա էլ ականատես ենք լինում այդ գործակցութեան նոր տարբերակին: Պատահական չէ, որ ինտենսիւ են համագործակցութիւնները յատկապէս Ուկրանիայի պատերազմի մեկնարկից յետոյ, որը պայմանաւորուած է, տարբեր բեւեռների առաջացմամբ, եւ տարբեր բեւեռներում Թուրքիայի կարեւոր դերակատարութեամբ: Բրիտանացիները լինելով ուկրանիական կողմի գլխաւոր ջատագով եւ գլխաւոր ճարտարապետներից մէկը, շարունակում են օգտուել առիթից եւ Թուրքիային պահելով Արեւմտեան բեւեռի մէջ, Թուրքիայի միջոցով հարցեր են լուծում, այդ թւում՝ Հարաւային Կովկասում, որտեղ ունեն անթաքոյց հետաքրքրութիւններ, որտեղ Թուրքիային աջակցելով, այդ հարցում կարողանում են սեփական շահերը առաջ տանել: Խօսքը վերաբերւում է՝ թէ՛ Իրանի, թէ՛ Ռուսաստանի դէմ աշխատանքին, ինչպէս նաեւ ատրպէյճանական էներգառեսուրսների շահագործման հարցին: Այսինքն, մի խումբ հարցեր են, որտեղ Բրիտանիան ունի իր շահերը եւ պատկերաւոր ասած քանի որ Բրիտանական նաւերը իրենք չեն հասնում Հարաւային Կովկաս, ապա կարելի է օգնել թուրքական Բայրաքթարներին, լուծելու խնդիրները, որոնք թէ՛ Թուրքիայի, թէ՛ Բրիտանիայի շահերից են բխում:

Եւ վերջապէս, անհրաժեշտ է նայել կադրային քաղաքականութեանը, Բրիտանիայի կարեւորագոյն կառոյցներում, աշխատում եւ գործում են մարդիկ, որոնք սերտ կապեր ունեցել եւ շարունակում են ունենալ Թուրքիայի հետ, որը եւս կարծում եմ պատահական չէ:

– Պարոն Գեղամեան, Թուրքիայի նախագահը վերջին շրջանում բազմիցս է հանդէս գալիս յայտարարութիւններով, որ անկախութեան են հասնում՝ պաշտպանական եւ ռազմաարդիւնաբերական ոլորտներում: Արդեօք Թուրքիայի ռազմաարդիւնաբերական ոլորտի ուժականութիւնը ունի ներուժը գերազանցելու Իրանին:

– Թուրքիան իսկապէս վերջին տարիներին փորձել է զարկ տալ ռազմաարդիւնաբերութեանը: Այն հետապնդել է մի քանի նպատակ: Առաջնային նպատակը, իսկապէս ռազմավարական ինքնավարութիւն ձեռքբերելն է, որովհետեւ շարունակում է մեծամասամբ կախման մէջ լինել Արեւմուտքից՝ ռազմական անվտանգութեան տեսանկիւնից, ոչ միայն հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, այլ իր ողջ սպառազինութիւնը ստանալով, ՆԱՏՕ երկրներից, յատկապէս Միացեալ Նահանգներից: Հետեւաբար, սեփական ռազմաարդիւնաբերութեան ստեղծումը հնարաւորութիւն է տալիս այդ կախումը թուլացնել, որին ուղղուած ջանքերը Թուրքիան փաստօրէն նախաձեռել է 2010 թուականից սկսած: Հետեւաբար, այդ աշխատանքի արդիւնքներն ենք այսօր տեսնում: Երկրորդ նպատակը, ի հարկէ այդ ճանապարհով, տնտեսական արդիւնքներ ստանալն է, արտահանելով ռազմաարդիւնաբերական արտադրանքը, որով Թուրքիան ինտենսիւօրէն զբաղւում է յատկապէս 2020 թուականից: Այդ գործին անուղղակի կերպով նպաստել է նաեւ հայկական գործօնը, Բայրաքթարների, ԱԹՍ-ների անպարտելիութեան միֆը, որը նաեւ Հայաստանի կողմից է եկել, ցաւօք սրտի նպաստել է նրան, որ Թուրքիան բաւական մեծ ծաւալով արտահանում է Բայրաքթարներ, չնայած, որ ուկրանիական պատերազմը ցոյց տուեց, որ դրանք բնաւ էլ անպարտելի չեն եւ հեշտ խոցելի են, ճիշդ համակարգերի առկայութեան դէպքում: Այնուամենայնիւ, Թուրքիան երկու տասնամեակ տարբեր երկրների ուղղութեամբ արտահանել կամ համագործակցութեան յուշագրեր է ստորագրել, որով նախատեսւում է ոչ միայն անօդաչուների տրամադրում, այլ, նաեւ, այլ ռազմաարդիւնաբերական արտադրանքի արտահանում: Այդ աշխատանքը, ակնյայտօրէն վերածուել է Թուրքիայի ներկայիս իշխանութեան գլխաւոր առաջնահերթութիւններից մէկին: Եւ վերջապէս երրորդ հանգամանքը՝ ռազմաարդիւնաբերութեան ոլորտը հնարաւորութիւն է ոչ միայն սեփական ռազմավարական ինքնավարութիւնը մեծացնելու, տնտեսական եկամուտներ ստանալու, այլ, նաեւ, հնարաւորութիւն է յաւելեալ դիւանագիտական ազդեցութեան գործիքներ ստանալ այն երկրներից, որտեղ այդ արտադրանքն ուղարկում է: Պայմանական ասած, եթէ Թուրքիան, Ուզբեկստանի հետ ունի համատեղ ռազմաարդիւնաբերական գործակցութիւն, ապա այն յաւելեալ գործիք է Թուրքիայի դիւանագիտութեան ձեռքին Ուզբեկստանի հետ յարաբերութիւններում:

Ուրեմն, քաղաքական, ռազմատնտեսական եւ դիւանագիտական ոլորտներում ռազմաարդիւնաբերութիւնը էական գործիք է Թուրքիայի իշխանութիւնների համար:

Միեւնոյն ժամանակ, ոլորտի շուկան, յագեցած է եւ բաւական մրցակցային է: Այս առումով, Թուրքիան դեռ շատ աշխատանք եւ ճանապարհ ունի անցնելու՝ կադրերի պատրաստում, դպրոցների ստեղծում եւ այլն: Այսինքն խօսել այն մասին, որ արդէն յաջողել է Թուրքիան բարդ է, սակայն աշխատանք է իրականացնում, որը կ’ապահովի արդիւնքներ: Հետեւաբար, նաեւ շատ հեռու է՝ ե՛ւ իրանական, ե՛ւ իսրայէլական ռազմաարդիւնաբերական ոլորտների հետ համեմատուելուց:

– Ինչպիսի՞ քաղաքականութիւն է վարում Թուրքիան, Սիրիայից եւ Աֆղանստանից եկած գաղթականների հարցով: Մասնաւորապէս հետաքրքրական է, որ վերջին շրջանում լայնածաւալ աֆղանցիների արտաքսում է տեղի ունենում այդ երկրից:

– Միգրանտների հարցը, բաւական լուրջ է Թուրքիայում, յատկապէս սիրիացի միգրանտների, եւ Թուրքիայի ներքաղաքական օրակարգի կարեւորագոյն հարցերից մէկն է, որը պարբերաբար դառնում է քաղաքական կուսակցութիւնների միջեւ բանավէճերի առարկայ: Այս պահին շարունակում է լինել օրակարգային, նոյնիսկ իշխանութիւնները փորձում են այն օգտագործել իրենց ընդդիմախօսներին, տարբեր հարցերով ճնշելու համար: Այն, նաեւ, նպաստում է Թուրքիայում ազգայնականութեան առանց այդ էլ շատ բարձր մակարդակին: Գաղթականների դէմ յաճախ լինում են ցոյցեր: Իշխանութիւնը նաեւ այդ թեման խաղարկում է՝ ծառայեցնելով իր նեղ շահերին:

– Նախօրէին Թուրքիայի Անվտանգութեան խորհրդի անցկացրած նիստին այդ երկիրը յայտարարել է, որ Թուրքիան շրջապատուած է «ահաբեկչական սպառնալիքներով»: Այս յայտարարութիւնները արդեօք հերթական նախապատրաստական ազդակնե՞րն են՝ թուրք–ատրպէյճանական գործակցութեան՝ «Զանգեզուրի միջանցք»ի գրաււման համար:

– Այո, այն նաեւ հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում որոշակի քաղաքական նպատակներ իրականացնելու համար: Այդ մասին անթաքոյց խօսում են: Յաճախ վերջերս սկսել են խօսել, որ կրկին իբր քրտական զինեալներ կան ՀՀ-ում, մասնաւորապէս Սիւնքում: Դրանք բնականաբար, պատահական չեն եւ այդ փորձ է, որպէսզի հնարաւոր յարձակման դէպքում լեգիտիմացնեն իրենց ապօրինի գործողութիւնները: Հետեւաբար, այն տեղաւորւում է այդ քարոզի շրջանակներում:

– Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը յայտարարեց, որ բարդ է լինելու, արցախցիների ինտեգրացիան Ատրպէյճանում, փաստացի այն պայմաններում երբ համացանցում կադրեր շրջանառուեցին Արցախից վերջին հայերի դուրս բերման մասին:

– Փաստացի, Արցախում չի մնացել հայութիւն եւ ինչ էլ որ մնացել է հայութեան բեկորներ են: Այդ բեկորների համար, Թուրքիան եւ Ատրպէյճանը կարող են ստեղծել «հայերի պաշտպանութեան» պատրանք՝ ցոյց տալով, իբր ամէն ինչ լաւ է: Դա միայն ցուցադրութիւն է: Այն նաեւ շատ նման է Թուրքիայում գոյութիւն ունեցող միակ հայկական բնակավայրին, որը Թուրքիան բոլորին ցոյց է տալիս, սիրով տարածում է: Վաքըֆլը գիւղը, որտեղ ապրում է շուրջ 300 հայութիւն՝ զրկուած քաղաքական իրաւունքներից, որը նման են «թանգարանի ցուցանմոյշների»: Հնարաւոր է նաեւ Արցախի տարածքում ատրպէյճանցիները նման բան կատարեն, օգտուելով այն հայերից, որոնք ուղղակի տեղ չեն ունենայ գնալու եւ ստիպուած կը լինեն մնալ, եւ իրենցից այդպիսի ցուցադրութիւն կը սարքեն:

– Պարոն Գեղամեան Հոկտեմբերի 5-ին Կրանատայում եւրոպական կողմի նախաձեռնութեամբ կայանալու է հնգակողմ բանակցութիւններ: Ի՞նչ էք կարծում, այդ հանդիպումներին Թուրքիան օրակարգային ինչպիսի՞ պահանջներ վստահած կը լինի իր Արեւմտեան գործընկերներին եւ Ատրպէյճանին:

– Կարծում եմ, առաջնային խնդիրը լինելու է անկլաւների, Վայոց Ձորի եւ Տաւուշի մարզերում տարածքների յանձնումը Ատրպէյճանին, եւ երկրորդը լինելու է «միջանցքի» հարցը: Թուրք-ատրպէյճանական կողմն այդ հանդիպմանը, այդ հարցերի վրայ են կեդրոնանալու եւ ցանկանալու են այդ հարցերի շուրջ ինչ-որ իրաւական փաստաթուղթ ունենալ:

Չեմ կարծում, որ խօսք է գնալու խաղաղութեան պայմանագրի մասին, որովհետեւ «խաղաղութեան պայմանագիրը» Թուրքիային եւ Ատրպէյճանին հարկաւոր չէ: Հետեւաբար ստիպելու են, որ ՀՀ տէ ֆակտօ իշխանութիւնը, ստորագրի ինչ-որ թուղթ, որով կը ֆիքսեն ՀՀ-ն ճանաչում է Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը:

– Համաշխարհային նոր աշխարհաքաղաքական վերաձեւաւորումների այս փուլում, ի՞նչ էք կարծում Թուրքիային մեկուսացման ապագայ սպասւում է:

– Թուրքիայի մեկուսացման մասին խօսք չի կարող լինել: Այդ երկիրը լինելով ՆԱՏՕ-ի անդամ եւ Արեւմուտքի գլխաւոր գործընկերը մեր տարածաշրջանում, ինչքան էլ, որ այդ պետութեան եւ արեւմտեան այս կամ այն երկրի կամ ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնները լինեն լարուած, Թուրքիայի հետ նրանց յարաբերութիւնները շարունակում են լինել ռազմավարական-դաշնակցային, հետեւաբար անհրաժեշտ է առաջնորդուել այդ տրամաբանութեամբ, որ Թուրքիան շարունակում է ներկայացնել Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում: Միւս կողմից ինչքան էլ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները լինեն գործընկերային, տարբեր հարցերում այդ յարաբերութիւնները իրականում հակամարտային են, մեծ պատկերում, որովհետեւ մի տեղ գործընկերութիւն է եւ մի քանի տեղ, զուգահեռ, ըստ էութեան, անուղղակի հակամարտութիւն է, ինչպէս Սիրիայում կամ Հարաւային Կովկասում:

– Պարոն Գեղամեան, կարո՞ղ ենք արձանագրել, որ թուրքական հասարակութեան մէջ եւ քաղաքական մակարդակում չի փոխուել հայկական գործօնի նկատմամբ վերաբերմունքը, եւ Թուրքիան շարունակելու է իր պատմական հակահայ քաղաքականութիւնը:

– Այո, միանշանակ կարող ենք պնդել, եւ դա կարող ենք պնդել, ոչ միայն այդ պարզ պատճառով, որ տարբեր ուսումնասիրութիւններով եւ սոցհարցերով ենք տեսնում, այլ՝ այն պատճառով, որ հակահայկականութիւնը, Թուրքիայում բխում է նաեւ Թուրքիայի ռազմավարական շահերից Հարաւային Կովկասում: Այսինքն, Հարաւային Կովկասում հայկական քաղաքական գործօնի վերացումը, բխում է Թուրքիայի դէպի արեւելք, դէպի Կեդրոնական Ասիա ծաւալուելու նպատակներից: Հետեւաբար, հայկական քաղաքական գործօնի վերացումը, անկախ նրանից, թէ ո՞վ կը լինի որպէս քաղաքական ուժ, լինելու է այդ քաղաքական ուժի օրակարգում:

– Եզրափակելով, եկէք անդրադառնանք Թուրքիայի վերջին «հնարամտութեան», Էրտողանը միայն վերջերս յայտարարեց, որ Իրանից դրական ազդակներ է ստանում «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ուղղութեամբ: Ի՞նչ միջանցքի մասին է խօսքը, երբ Իրանը հաղորդակցութեան ելքեր ունի ե՛ւ Հայաստանի Հանրապետութեան տարածքով, ե՛ւ Ատրպէյճանով:

– Ի հարկէ, այն դիւանագիտական խայծ է: Այդ խայծը ուղղուած է, նրան որպէսզի հայկական ներքին լսարանում թուլանայ ներքին դիմադրութիւնը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի նկատմամբ: Փորձելով, ներկայացնել այնպէս, որ դրա չիրագործման հետեւանքով հայկական կողմը միայն կը տուժի: Այն արեւելա-թուրքական դիւանագիտական հնարք է: Այդպիսի ազդակներ Իրանի կողմից չկան, այն դիւանագիտական խայծ է, որ ՀՀ իշխանութիւնների կողմից շահարկւում է, որպէսզի ներքին դիմադրութիւնը միջանցքի հանդէպ թուլանայ:

– Շնորհակալութիւն, պարոն Գեղամեան:

– Ես եւս շնորհակալ եմ, բարեւներ «Ալիք»-ին:

Հարցազրոյցը՝ Սիւնէ Ֆարմանեան

Comments are closed.