Ոտքի կանգնե՛ք, գաղթական ենք դառնալու, միակ ելքը պայքարն է

Պահը օրհասական է, մենք գտնւում ենք դժոխքի մէջ, այնտեղ փնտռում ենք յոյս եւ ակնկալում, որ ինչ որ մէկը մեզ համար այն պէտք է վառի. Սեպտեմբերի 25-ին, Հանրապետութեան հրապարակում Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հանրահաւաքի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազտամարտիկ Տարօն Տոնոյեանը եւ յաւելեց. «Միայն մենք կարող ենք մեր հարցերը լուծել, մեզ դաւաճանել են ոչ միայն արտաքին այլ ներքին դաշտում»:

Ըստ Տարօն Տոնոյեանի քաղաքացիները տանը նստելով հարց չեն լուծի, հետեւաբար պէտք է դուրս գան պայքարի:

«Ես ձեզ խնդրում եմ՝ ամէն օր մի զարթնէք, որպէս Նապոլիոն Բոնապարտներ, այլ զարթնէք որպէս զինուորներ, վստահէք այս հարթակին, քանի որ վերջին երեք տարում չի եղել այլ հարթակ, որ միանաք դրան», ասաց նա:

Նա յիշեցրեց վարչապետ Փաշինեանի խօսքերը. «Պետութեան այն ղեկավարը, որ 20 թուին եկաւ իշխանութեան սիրոյ եւ հանդուրժողականութեան քարոզով, ո՞ւր է այդ սէրն ու հանդուրժողականութիւնը՝ չկայ: 21 թուին ստոր ու տականք ձեւով խաբեց ժողովրդին, ասեց՝ «անջատում՝ յանուն փրկութեան» կը լինի, սուտ գաղափարով կորզեց մեր ժողովրդի քուէն, ասեց՝ խաղաղութիւն եմ բերելու, ընտրուեց, դարձրեց իր մանդատը երկաթեայ, պատերազմներ է շարում, Արցախն էլ տուեց:

Ասում է՝ ինձ համար կարմիր գիծ է Զանգեզուրի միջանցքը, սո՛ւտ է ասում, պայմանաւորուել է արդէն, հերթական կեղծ պատերազմը պիտի սարքի, Եռաբլուրը պիտի եռապատկի, նոր հանգստանայ: Վերջում պիտի ասի՝ կռիւ արեցինք, որ մնացածին փրկենք, Հայաստանի միւս մասը փրկէինք: Ժողովուրդ, յիշէք, Տաւուշի 8 գիւղերն էլ է տալու, որ մենք դէպի Վրաստան ճանապարհ չունենանք, ատրպէյճանցի փախստականներին սպասէք Երեւանի Կոնդում, Մասիսում, սա է մեզ սպասում»:

«Հայ ժողովուրդ, այստեղ հաւաքուածներին չեմ դիմում, այլ տանը նստած մեր հայրենակիցներին: Ոտքի կանգնէ՛ք, գաղթական ենք դառնալու, միակ ելքը պայքարն է: Այս մարդը, Նիկոլն այլ ճար չունի, գնալու է: Ես ոչ թէ ձեզ ոգեւորելու համար եմ ասում, ես կեանքիս մէջ այսքան յուսահատուած չեմ եղել, այլ միանշանակ ինքը գնալու, այլ ելք չկայ, իսկ մենք յաղթելու ենք ու Հայաստանն էլ ոտքի է կանգնելու», ասաց Տարօն Տոնոյեանը:

Comments are closed.