Խօսելու ժամանակը վերջացել է, պէտք է սկսել գործողութիւն. Վազգէն Մանուկեան

Խօսելու ժամանակը վերջացել է, պէտք է սկսել գործողութիւն, այսօր՝ Սեպտեմբերի 21-ին, Հանրապետութեան հրապարակում հրաւիրուած հանրահաւաքին յայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը։

Այսօր Արցախն արնաքամ է լինում, ոչ մի պաշտպան չունի, ընդգծեց նա։

«Ցանկացած երկիր իր քաղաքացու՝ մի հոգու համար ինքնաթիռ է ուղարկում։ Արցախում երեխաներ են զոհւում, մայրեր, տղամարդիկ մինչեւ վերջ պայքարում են։ Մինչեւ հիմա դեռ որոշ տեղերում պայքարը գնում է։ Ո՞նց կարող է այսպիսի իշխանութիւն լինի Հայաստանում։ Այս իշխանութիւնը գոյութիւն չունի, դու՛ք էք իշխանութիւնը», դիմելով հանրահաւաքի մասնակիցներին՝ ասաց Վազգէն Մանուկեանը։

Նա շեշտեց՝ Երեւանում սկսւում են զանգուածային ակցիաներ, որոնք պէտք է հասնեն սպասուած հանգրուանին, իսկ ՀՀ իշխանութիւնը սխալւում է՝ կարծելով, թէ մի քանի օր անց հանրահաւաքները կ’աւարտուեն։

«Ո՛չ։ Այն ցեղասպանութիւնը, որը ՀՀ գործող իշխանութեան պատճառով եւ մեղքով տեղի է ունենում Արցախում, մտնելու է Հայաստան։ Մենք սկսում ենք զանգուածայյին անհնազանդութեան ակցիաները։ Դրանց պէտք է միանայ ոչ միայն Երեւանի բնակչութիւնը, շրջաններից էլ պէտք է գան Երեւան՝ մասնակցելու», ասաց Վազգէն Մանուկեանը։

«Մենք 5 հոգով կազմեցինք «Ազգային կոմիտէ», որի կազմում է Հայկ Մամիջանեանը, Աւետիք Չալապեանը, Անդրանիկ Թեւանեան, Իշխան Սաղաթէլեան եւ ես: Մենք պէտք է հարցի լուծում տանք հնարաւորինս լեգիտիմ կերպով եւ մեզ համար մեծ նշանակութիւն ունեն այն գործընկերները, որոնք գտնւում են ԱԺ-ում, բայց հնարաւորինս շուտ պէտք է սկսել անհնազանդութեան ակցիաները: Վաղը՝ 11:00-ին այստեղ կայանալու է Կառավարութեան նիստ, բայց մենք ժամը 10:00-ին շրջափակելու ենք Կառավարութեան շէնքը», յայտարարեց Վազգէն Մանուկեանը:

Comments are closed.