Ատրպէյճանը սկսել է բռնագրաւուած Շուշիի եկեղեցիների աղուանական ուղղափառացման գործընթաց

Արցախի Հանրապետութիւնը շարունակում է մնալ ատրպէյճանական շրջափակման մէջ։ Արդէն 8 ամիս է՝ Արցախը կտրուած է արտաքին աշխարհից, փակ է նրա կեանքի միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, ինչի արդիւնքում 120 հազար արցախահայեր կանգնած են ցեղասպանուելու շեմին։

Այս պայմաններում Արցախում գրեթէ բոլոր ոլորտներում իրավիճակն աստիճանաբար վատթարանում է։ Զբօսաշրջութեան ոլորտը եւս գտնւում է պարալիզացուած վիճակում. եթէ 2020 թուականի աղէտալի պատերազմից յետոյ այդ ոլորտն աստիճանաբար փորձում էր վերականգնուել, ապա շրջափակման պայմաններում այդ ամէնը դարձել է անհնարին։

168.am-ի հետ զրոյցում խօսելով շրջափակման հետեւանքով զբօսաշրջութեան ոլորտում առաջացած խնդիրների մասին, Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեանը յայտնեց՝ դեռեւս կրած վնասների վերաբերեալ հաշուարկներ չեն արել, սակայն դրանք մեծ են։

«Բնականաբար, պաշարման ժամանակ հիմնականում ներքին տուրիզմը պէտք է զարգանար, եւ նախարարութեան կողմից ամէն տարի իրականացւում էր «Տուրիզմ-բաս» ծրագիրը, որը շատը քիչ վճարի դիմաց մարդկանց տարբեր ուղղութիւններով զբօսաշրջային երթուղիներ էր տրամադրում։ Մարդիկ մեծ սիրով ու հետաքրքրութեամբ օգտւում էին այդ երթուղիներից։ Այս տարի այս աշխատանքներն արդէն 100 տոկոսով իրականացւում էին, օրինակ, նախորդ տարի, երբ չկար բլոկադա, այդ ծրագիրն իր տոմսերի վաճառքը կատարել է 80 տոկոսով, իսկ այս տարի՝ 100 տոկոս, ցաւօք, մենք կարողացանք մինչեւ Յունիսի վերջ այդ ամէնը շարունակել։

Հիմա արդէն գնուած տոմսերը յետ ենք վերցնում, քանի որ վառելիքի պատճառով մրցոյթը շահած ընկերութիւնը չի կարողանում համապատասխան այդ երթուղիները սպասարկել։ Մեծ վնաս է հասցուած նաեւ ներքին տուրիզմին, որը շատ մեծ խնդիր է», նշեց Լեռնիկ Յովհաննիսեանը։

Նրա խօսքով՝ շրջափակման պատճառով Արցախում վառելիքի խիստ պակասը կայ, ինչի հետեւանքով էլ այս պահին բոլոր ծրագրերը գրեթէ սառեցուած են։

«Ի ուրախութիւն բոլորիս պիտի ասեմ, որ դեռեւս որոշակիօրէն շարունակւում են Ամարասի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները, սակայն, եթէ այսպէս շարունակուի, այդ աշխատանքներն էլ կը դադարեցուեն։ Ցաւօք, Յուլիսի սկզբներին վանական համալիրներից մէկի շինաշխատանքները դադարեցուեցին, քանի որ մարդիկ արդէն վառելիքի բացակայութեան պատճառով չեն կարողանում վերանորոգման աշխատանքները շարունակել», յաւելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ատրպէյճանի կողմից բռնագրաւուած Ղազանչեցոց եկեղեցու ոչնչացմանը, որն Ատրպէյճանն իրականացնում է «վերանորոգման» անուան տակ, Լեռնիկ Յովհաննիսեանն ասաց, որ եկեղեցու խեղաթիւրման աշխատանքներն Ատրպէյճանի կողմից սկսուել են դեռեւս 2021 թուականից, եւ, ցաւօք, հայկական կողմը որեւէ տեղեկատուութիւն չունի, միակ տեղեկատուութեան աղբիւրը սոցիալական ցանցերն են եւ Ատրպէյճանի կողմից հրապարակուած տեսանիւթերը։

«Ատրպէյճանը սկսել է բռնագրաւուած Շուշիի եկեղեցիների ուղղափառացման գործընթաց, որը նորութիւն է, քանի որ բռնագրաւուած միւս եկեղեցիները յայտարարում է աղուանական։ Ուղղափառացման այդ գործընթացի համատեքստում ինչ-որ աշխատանքներ կատարելով՝ պղծում են մեր եկեղեցու նախկին տեսքն ու վերացնում հայկականութիւնը», շեշտեց նա։

Լեռնիկ Յովհաննիսեանը վստահ է, որ Արցախն ապաշրջափակելուց յետոյ զբօսաշրջիկների հետաքրքրութիւնն Արցախի նկատմամբ մեծանալու է, մնում է միայն ժամ առաջ հասնել այդ ապաշրջափակմանը եւ դրանից յետոյ մտածել ոլորտը զարգացնելու մասին։

«Ծրագրեր կային Հայաստանի տարբեր զբօսաշրջային ընկերութիւնների հետ, բայց, ցաւօք, դրանք հիմա սառեցուած են։ Տայ Աստուած, շրջափակումը վերացուի, ու մենք սկսենք մեր բնականոն աշխատանքը», եզրափակեց Լեռնիկ Յովհաննիսեանը։

Comments are closed.