Աշխարհաքաղաքական մեծ խաղ է Արցախի շուրջ, որտեղ մենք միջնորդ չենք, այլ միջոց. Կարէն Սարգսեան

168.am-ի հարցազրոյցը Արցախի Հանրապետութեան ներքին գործերի նախարար Կարէն Սարգսեանի հետ:

Նշենք, որ գրաւոր հարցերն ուղարկել էինք Յուլիսի 22-ին, պատասխանները, բնականաբար, յարգելի պատճառներով, ստացել ենք այսօր: Յաւելենք, որ Յուլիսի 22-ից յետոյ են տեղի ունեցել մի շարք իրադարձութիւններ, այդ թուում՝ արցախցի տղամարդկանց առեւանգման դէպքերը:

– Պատերազմի օրերին ղեկավարել էք Արտակարգ իրավիճակների ծառայութիւնը, որը մեծ եւ ծանր աշխատանք է տարել անհետ կորածներին գտնելու, զոհուածների մարմինները եւ մասունքներն օկուպացուած տարածքներից տարհանման հարցում։ Գիտեմ, որ այս մասին ծանր է խօսել:

– Իսկապէս ծանր է խօսել պատերազմի ընթացքում Արցախի փրկարար ծառայողների կողմից կատարուած աշխատանքի մասին: Խօսքը ոչ միայն պատերազմում նահատակուած զինծառայողների մարմինների տարհանման, այլ այն ահռելի գործողութիւնների մասին է, որն իրականացրել է իւրաքանչիւր ծառայող: Յատկապէս պատերազմից յետոյ սկսուած որոնողափրկարարական աշխատանքները մեզ կանգնեցրին մեծ պատասխանատուութեան առջեւ: Եւ չնայած տեւական ժամանակ է անցել, միեւնոյն է՝ դա համարում ենք մի փորձութիւն, որը յաջողել ենք յաղթահարել միասին: Անյաղթահարելին միայն մարդկային կորուստների ցաւն է, որն առ այսօր էլ ուղեկցում է մեզ:

– Պատերազմից երեք տարի յետոյ դեռ անհետ կորածներ ունենք, Արցախի համապատասխան կառոյցներն ինչ-որ բան անո՞ւմ են այս ուղղութեամբ, թէ՞ վաղուց դադարեցուած են որոնողական աշխատանքները։

– Անհետ կորածներ, ցաւօք, դեռեւս ունենք, ինչպէս զինուորականների, այնպէս էլ՝ քաղաքացիական անձանց: Արցախի օկուպացուած տարածքներում որոնողական աշխատանքները վաղուց դադարեցուած են ատրպէյճանական կողմի թոյլ չտալու պատճառով: Բանակցութիւնները չեն դադարում, մենք գրեթէ ամէնօրեայ ռեժիմով օգտագործում ենք մեր բոլոր լծակները, այդ թուում՝ ռուսական խաղաղապահ զօրակազմի եւ Կարմիր խաչի առաքելութեան հետ, սակայն բանակցութիւններն արդիւնք չեն տալիս: Հիմա էլ Արցախի պաշարումը եւս մէկ անգամ մօտեցնում է այն տեսակէտը, որ ատրպէյճանական կողմը պատրաստ չէ եւ ցանկութիւն չունի մարդասիրական որեւէ քայլ անել:

– Պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ ամենածանր օրը ո՞րն էր Ձեզ համար։

– Գիտէք, այդ օրերին իւրաքանչյուր օր բացւում էր նոր խնդիրներով, որը յստակ լուծում էր պահանջում: Մենք ամէն օր կանգնում էինք նոր մարտահրաւէրների առաջ եւ պէտք է գործի դնէինք ծառայութեան ներուժը, կիրառէինք ողջ գործիքակազմը, որ թեթեւացնէինք հոգսը: Մեզ առաջ է մղել այն գաղափարը, որ մեր առաքելութիւնը եւս մէկ հայի կեանքի փրկութիւն արժէ: Նկատի ունեմ, որ 44 օրերը մեզ համար գերլարուած, գերծանրաբեռնուած, ծանր իրադարձութիւններով հարուստ օրեր էին:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ինձ համար ամենադժուարը պատերազմից յետոյ զոհուած հերոսների հարազատների հետ հանդիպումն էր, այդպէս է եւ մինչ օրս, դժուար բան է որդի կորցրած մօր կամ ճակատագիրն անյայտ հերոսների հարազատների աչքերին նայելը:

– Արդէն մօտ 2 տարի է՝ ղեկավարում էք ՆԳ նախարարութիւնը, ի՞նչ խնդիրներ ունէր կառոյցը 2021 թուականին, եւ ի՞նչ խնդիրներ կան այսօր, երբ Արցախը գտնւում է շրջափակման մէջ եւ աղէտալի ճգնաժամի պայմաններում։ Այս ամէնի արդիւնքում որքանո՞վ են աւելացել նախարարութեան խնդիրները, վերափոխուել առաքելութիւնը։

– Երբ ստանձնել եմ ՆԳ նախարարի պաշտօնը, ի սկզբանէ խնդիր եմ դրել՝ բնակչութեան անվտանգութեան ապահովման որակն աւելի բարձր մակարդակով կազմակերպելն առաջնահերթութիւն է: Որակական առումով բազմաթիւ փոփոխութիւններ են եղել, այդ թուում՝ բարելաւուել են ՆԳՆ ծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, համալրուել՝ նիւթատեխնիկական բազան: Քանի որ դա պատերազմից անմիջապէս յետոյ էր, խնդիրներ կային՝ որքան ասէք: Հիմա արդէն պայքարում ենք նոր փորձութիւնների դէմ: Արցախի պաշարման բացասական ազդեցութիւնը կրել են բոլոր ոլորտները, այդ թուում՝ ՆԳ նախարարութիւնը, սակայն, առաքելութիւնն անփոփոխ է մնացել: Ոստիկանութեան եւ փրկարար ծառայողները շարունակում են շուրջօրեայ ծառայութիւն մատուցել Արցախի Հանրապետութեան ամբողջ տարածքում: Որեւէ կանչ, որեւէ հաղորդում անարձագանգ չի մնում: Այո, դժուարութիւնները շատ են, իրավիճակն օրէցօր աւելի է օրհասական դառնում, բայց դա կառոյցին աւելի է պարտաւորեցնում:

– Ինչպէ՞ս էք Դուք այսօր տեսնում Արցախի ապագան, որտե՞ղ սխալուեցինքարդեօ՞ք կարող էր 44-օրեայ պատերազմում այլ ելք լինել:

– Աշխարհաքաղաքական մեծ խաղ է Արցախի շուրջ, որտեղ մենք միջնորդ չենք, այլ միջոց: Թէ որտեղ սխալուեցինք, գնահատականները, կարծում եմ, ժամանակն ու պատմութիւնը կը տան: Արցախի ժողովուրդն այսօր իր ինքնորոշման համար կրում է ծանր զրկանքներ: Չենք յանձնւում, որովհետեւ այս ամէնով հանդերձ, աշխարհին մենք ասում ենք՝ հայրենիք ունենալու համար պատրաստ ենք այս զոհողութիւններին: Այսինքն, մեր հայրենակիցներն իրենց անկոտրում կամքով պայքարում են իրենց իրաւունքի, ձայնի իրացման եւ ինքնորոշման համար, դիմակայելով պաշարման հետեւանքով ստեղծուած ճգնաժամին:

– Ի դէպ, ուժային կառոյցներից որքանո՞վ է կախուած երկրի ապագան, յատկապէս վճռորոշ պահերին, քանի որ պատերազմից յետոյ Արցախում եւ ՀՀ-ում ուժային կառոյցների, զինուորականութեան նկատմամբ հանրութեան վերաբերմունքը միանշանակ չէ։

– Ուժային կառոյցները՝ Զինուած ուժերը, ԱԱ ծառայութիւնը, Ոստիկանութեան եւ փրկարար եւ միւս ծառայութիւնները իւրաքանչիւր երկրի անվտանգութեան երաշխաւորն են: Թէ ինչ փոխուեց պատերազմից յետոյ, իմ գնահատմամբ, բոլոր կառոյցները պատշաճ կատարել են իրենց առաքելութիւնը: Ամէն դէպքում ռազմական գործողութիւնների ողջ ընթացքում իւրաքանչիւր ուժային կառոյցի պատասխանատու փորձել ու արել է հնարաւորը՝ պատերազմի ընթացքը փոխելու համար: Այժմ էլ չենք յանձնւում, ունեցածը պաշտպանում ենք, յաճախ՝ կեանքի գնով:

– Ինչո՞վ էք պայմանաւորում պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ Արցախում, ՀՀ-ում լրտեսների, Ատրպէյճանի հետ չնչին գումարով համագործակցողների թիւը։

– Ատրպէյճանն ամէն կերպ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի բնակիչների համար թակարդներ է լարում նաեւ սոցիալական հարթակում: Պէտք է չափազանց զգօն լինել՝ հաքերներից եւ կիբերյանցագործներից պաշտպանուելու համար: Յամենայնդէպս, մեծ մասի դէպքում փորձը ցոյց է տուել, որ Հայաստանի եւ Արցախի բնակիչները, որոնք մեղադրւում են, այսպէս կոչուած, լրտեսութեամբ զբաղուելու համար, զոհ են դարձել առաջին հերթին իրենց չիմացութեան, մեդիագրագիտութեան բացակայութեան պատճառով: Հաշուի առնելով անմեղութեան կանխավարկածի սկզբունքը, չեմ ուզում առաջ ընկնել եւ գնահատականներ տալ, բայց բարոյականութեան տեսակէտից դատապարտում եւ քննադատում եմ լրտեսական, եթէ կ’ուզէք՝ Արցախի անվտանգութեանը վնասող ցանկացած երեւոյթ:

– Շնորհակալութիւն, հաշուի առնելով Արցախում ստեղծուած բարդ պայմանները, կապի, հոսանքի հետ կապուած խնդիրները, այս անգամ սահմանափակուենք այսքանով:

Comments are closed.