Թշնամիները փորձում են Արցախով աւարտել, հասկանում են, որ Արցախի անկումը մեր համընդհանուր կործանման սկզբի փուլը պէտք է լինի. Տէր Ներսէս Գարեգին Ասրեան
Արցախի Հանրապետութիւնն արդէն 230 օր է՝ ատրպէյճանական շրջափակման մէջ է: Նախորդ տարուայ Դեկտեմբերի 12-ից Ատրպէյճանի բարձր հովանու ներքոյ «էկոակտիւիստները» փակեցին Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը, իսկ այս տարուայ Յունիսի 15-ից էլ որեւէ հումանիտար օգնութիւն Արցախ չի մտել։
168.am-ի հետ զրոյցում Շոշկավանքի եւ շրջակայ գիւղերի հոգեւոր հովիւ Տէր Ներսէս Գարեգին Ասրեանը, խօսելով Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակի, անհրաժեշտ քայլերի մասին, նախ ասաց, որ յաւակնութիւններ չունի ազգափրկիչ ծրագրեր միշտ ներկայացնելու, բայց առնուազն գիտակից մարդիկ, նաեւ լսարան ունեցողները, այդ թուում՝ լրագրողները, պէտք է բացատրեն հնարաւորինս շատ մարդկանց, որ խնդիրը միայն Արցախին ու արցախահայութեանը չի վերաբերում, այն համընդհանուր է, եւ ովքեր չեն հասկանում, վաղ թէ ուշ յաջորդն իրենք են լինելու։
«Եւ այս խնդիրները միայն հնարաւոր է լուծել միասնական ջանքերով, մասերի բաժանուել ու ասել, թէ սա արդէն միւս մասի խնդիրներն են, եւ բաւարարուեն միայն ափսոսանքով ու Արցախում դիմանալու կոչերով։ Ես սա դրական իմաստով եմ ասում, չեմ ասում անտարբերութեան, ցաւօք, նաեւ անհասկանալի տրամադրուածութիւններ արտայայտելու մասին, ոմանք ձեռք են առնում, ոմանք ուրախանում, ծաղրում ու հայհոյում են, բոլորս էլ նման ողբերգական դրսեւորումների ականատես ենք եղել։ Պէտք է ուղղակի մարդկանց հնարաւորինս շատ բացատրել խնդրի էութիւնը, որ սա բոլորիս է վերաբերում, վաղ թէ ուշ բոլորին էլ հասնելու է, ուղղակի այսպէս մաս-մաս աւելի հեշտ է ստացւում», նշեց Տէր Ներսէս Գարեգին Ասրեանը։
Տէր հայրը նաեւ ընդգծեց, որ կլոպալ առումով առաջնորդների, այդ թուում՝ քաղաքական ուժերի խնդիրն է, նաեւ ազդեցիկ անձանց, այն մարդկանց, որոնք կարող են իրավիճակ փոխել եւ համախմբուել ընդհանուր մտահոգութիւնների շուրջ, ինչը, ցաւօք, այս պահին չեն տեսնում։
Դիտարկմանը՝ գուցէ այս անգամ այդ նախաձեռնութիւնն իր ձեռքը վերցնի հոգեւոր դասը՝ թէ՛ Արցախում, թէ՛ Հայաստանում, Տէր ներսէս Գարեգին Ասրեանն ասաց, որ կարող է միայն իր փոխարէն պատասխանել, քանի որ այլ լիազօրութիւններ չունի։
«Ես միայն իմ համեստ ծառայութիւնների սահմաններում, այսպէս ասած՝ ինչ խելքս կտրում է, ինչ հնարաւորութիւններ ունեմ, փորձում եմ առաւելագույնն անել, ինչն ի հարկէ չի նշանակում շատ բան, բայց ամէն դէպքում անում եմ։ Մնացածը, աւելի ճիշդ կը լինի, պաշտօնական իրաւասութիւններ ունեցող հոգեւորականները պատասխանեն», շեշտեց քահանան։
Տէր հայրն անդրադառնալով այսօր հնչող այն յայտարարութիւններին, թէ եթէ Արցախն ամբողջութեամբ յանձնեն Ատրպէյճանին, ապա Հայաստանում հանգիստ կ’ապրեն, ասաց՝ վստահ է, բոլորն էլ հասկանում են ողբերգական, ազգադաւ մօտեցումները, որ ժամանակ առ ժամանակ ներկայացուել է, որ Արցախը ներկայացուի որպէս բեռ, որ Արցախը չլինի, Հայաստանի բնակիչները թեթեւ շունչ կը քաշեն, բեռն ուսերից կը գցեն եւ այլն, մարդկանց մոլորութեան մէջ են գցել:
«Սա, բնականաբար, ցանկացած գիտակից մարդ, եթէ չի ուզում ինքնախաբէութեամբ զբաղուել, հասկանում է, որ առնուազն մեծ մոլորութեան մէջ է։ Չեմ կարծում, որ որեւէ գիտակից մարդ հաւատում է, որ Արցախը յանձնելուց յետոյ Հայաստանում հանգիստ կ’ապրի, քանի որ մեր նորանկախ պատմութիւնն ընդհանրապէս խարսխուած է Արցախի վրայ։ Արցախեան շարժումով սկսուեց մեր պետականութեան վերակերտումը, արցախեան շարժման զարթօնքը, ըստ էութեան, թափ տուեց մեր բոլոր շերտերին, որը բերեց վերածննդի։ Ցաւօք, հետագայում տեսանք, որ Արցախը շատերի համար դարձաւ տարբեր քաղաքական շահարկումների առարկայ։
Անկեղծութիւնը շատերի մօտ կորաւ, ովքեր որ լծակների էին տիրապետում եւ սկսեցին սրսկել այս միտքը՝ բաժանումներ անելու ու որոշ բաներ արդարացնելու համար, որ Արցախը խանգարում է հայութեան բնականոն զարգացմանը։ Արցախով սկսուել է, թշնամիները փորձում են Արցախով էլ աւարտել, որովհետեւ հասկանում են, որ Արցախի անկումը մեր համընդհանուր կործանման սկզբի փուլը պէտք է լինի։ Եթէ այդքան շատ են մոլորեալ մարդիկ, ցաւով պէտք է ասեմ, որ պիտի պատրաստուեն, յաջորդն իրենք են լինելու, բայց յուսամ՝ ինչ-որ պահի ուշքի կը գան, որքան շուտ, այնքան լաւ, որպէսզի կարողանանք ժողովրդական ասացուածքն իրականութեան վերածել՝ գիւղ կանգնի, գերան կը կոտրի», շեշտեց Տէր Ներսէս Գարեգին Ասրեանը։
Մեր զրուցակիցը նաեւ ցաւով յայտնեց, որ շրջափակումը սարսափելի հարուած է հասցրել նաեւ հոգեւոր կեանքին։
«Արդէն մէկ տարին լրանում է, ինչ Շոշկավանքի եւ շրջակայ գիւղերի հոգեւոր հովիւն եմ, եւ բնականոն հոգեւոր կեանքը, քիչ թէ շատ, մի երեք ամիս է եղել, յետոյ այս շրջափակումը դժուարացրեց իրավիճակը ու հոգեւոր կեանքի հետ կապուած՝ առնուազն տեղաշարժուելու հետ կապուած, խնդիր կայ։ Գիւղ ունեմ, որ երեք ամիս չեմ կարողացել գնալ։ Հիմա վառելիքի խնդիր կայ, եւ որեւէ ձեւ իմ հոգեւոր ծառայութեան վայր հասնել չեմ կարող։ Վաղը պատրաստւում եմ ոտքով գնալ ամենամօտ գիւղը՝ ուխտագնացութեան, եւ պատարագել», ընդգծեց մեր զրուցակիցը։
Comments are closed.