Արժանապատուութիւնը Բոլորի Համար է, Ոչ Թէ Միայն Արցախցիների
Ռուբէն Վարդանեան
Ստեփանակերտ, Մայիս 9-ի հաւաք
Առաջին հերթին ուզում եմ մեզ բոլորիս շնորհաւորել։ Մայիսի 9-ը լինելու է միշտ մեր տօնը, մենք միշտ նշելու ենք մեր յաղթանակները եւ կերտելու ենք նոր յաղթանակներ, համոզուած եմ։
Շատ շնորհակալ եմ, որ այսօր երիտասարդները հրաւիրեցին ինձ ելոյթ ունենալ եւ միասին լինել։ Գիտէ՞ք՝ սա երեւի ներկայիս Արցախի ամենակարեւոր օրերից է։ Լինելով տարիքով աւելի մեծ՝ ուրախ եմ, որ դուք եք այստեղ կանգնած, դուք էք սա կազմակերպել, դուք էք այս շարժումը սկսել, ապրէ՛ք, շնորհաւորում եմ ձեզ։
Ես վստահ եմ, միայն դուք կարող եք կերտել արժանապատիւ ապագայ՝ ձեզ համար եւ ամբողջ Արցախի համար։ Այսօր ես շատ եմ օգտագործելու արժանապատուութիւն բառը, որովհետեւ վստահ եմ, դա ամենախորքային, արմատային առաւելութիւնն է։ Մենք միշտ եղել ենք արժանապատիւ ազգ, արժանապատիւ հայ, արժանապատիւ արցախցի եւ պահելու ենք այդ արժանապատւութիւնը՝ չնայած բոլոր դժուարութիւններին։ Գիտէ՞ք, մենք բոլորս իրար հետ միասին քննարկման ժամանակ գծել ենք 6 կարմիր գծեր, որոնք անընդունելի են արցախցիների համար:
Ապրիլ 23-ին Ատրպէյճանը խախտեց այդ կարմիր գիծը՝ դնելով անցակէտ, որը ստուգելու է մեր անձնագրերը։ Ես ուզում եմ ձեզ հետ խօսել հասարակ լեզուով․ կարմիր գիծն ինձ համար այն է, երբ դու չես կարող ասել, որ դա քեզ հետ չի կատարւում, ես ձեզ լաւ չեմ լսել, ես գուցէ ճիշտ չեմ հասկացել։ Պատասխանը միակն է՝ պէտք է պայքարել, ուրիշ տարբերակ չկայ, հակառակ դէպքում դու դառնում ես ստրուկ, ոչ արժանապատիւ մարդ, քո վրայով կարող են անցնել՝ ոտքերը սրբելով։ Ինձ եւ բոլորիս համար այդ կարմիր գծերը պէտք է յստակ լինեն, որովհետեւ մենք իրաւունք չունենք թոյլ տալու, որ մեր անձնագրերը ստուգի ուրիշ պետութիւն։ Ոչ ոք չպիտի սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը դէպի Հայաստան։ 159 օր մենք շրջափակաման մէջ ենք, չունենք գազ, չունենք լույս: Դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը: Մենք ունենք բազմաթիւ խնդիրներ, բայց դիմանում ենք ու չենք ընկճվում: Այո՛, ծանր է վիճակը, բայց մենք գիտենք մի բան՝ այսպէս ոչ մի ռեօկուպացիայի (վերագրաւում, խմբ․) մասին խօսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է, իսկ մենք թոյլ չենք տալու ռեօկուպացիա ոչ մէկին։ Ասենք ո՛չ ռեօկուպացիային, ո՛չ, ո՛չ, ո՛չ։
Մենք պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, մեր գիւղերը, մեր գերեզմանները, մենք պաշտպանում ենք մեր իրաւունքը՝ մեր հողի վրա ապրելու, ապրելու այնպէս, ինչպէս մենք ենք որոշում, ոչ թե ուրիշը։ Մենք ոչ ոքի վրա չենք ուզում յարձակուել, այլ ուզում ենք ուղղակի հանգիստ, երջանիկ ապրել մեր հողի վրա, մեր հայրենիքում։
Մենք պատրաստ ենք բանակցութիւնների, սակայն բանակցութիւնները չեն կարող լինել ատրճանակը գլխին դրած։ Բանակցութիւնները պէտք է լիեն երկու կողմերի յարգանքով: Բանակցութիւններ պետք է լինեն միայն այն ժամանակ, երբ մենք, որպէս անկախ Արցախ կարողանանք նստել եւ խօսել հարեւանի հետ:
Մենք ունենք նպատակ, որը կերտուել է 1988-ին՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ եւ հայկական Արցախ, ու այդ նպատակը չի փոխուել։ Մենք այդ նպատակը վերահաստատել ենք բազմիցս, եւ այս օրերին շատ կարեւոր է այն եւս մեկ անգամ վերահաստատելը։
Ես շատ ուրախ եմ, որ բոլորդ միացել էք հանրագրին, որովհետեւ սա իւրայատուկ հանրագիր է: Այն ոչ թէ դիմում ու պահանջում է ուրիշներից, այլ երիտասարդներն ասում են՝ լուծէք հարցերը, չէ՞ք կարողանում, մենք ենք լուծելու՝ ինչպես կարող ենք։ Մենք չենք թողնելու, որ հարցը չլուծուի։ Մենք ենք լուծելու մեր անվտանգութեան, մեր հայրենիքի ապագայի հետ կապված հարցերը։ Շատ կարեւոր է արժանապատիւ մնալը։
Ես դիմում եմ ամբողջ հայությանը: Ես վստահ եմ, որ մեր կողքին եք, բայց դուք պետք է դա ցույց տաք։ Որտե՞ղ են մեկ միլիոն ստորագրությունները, ինչո՞ւ է միան 120 հազար։ Ինչո՞ւ ամբողջ հայութիւնը մեր կողքին կանգնած չէ։ Արժանապատուութիւնը բոլորի համար է, ոչ թէ միայն արցախցիների: Մենք բոլորս միասին դա պիտի անենք։
Ես հասկանում եմ, որ Հայաստանի կառավարութիւնը ունի խնդիրներ, որպէս պաշտոնեայ մարդիկ ինչ-որ սահմանափակումներ ունեն, բայց ի՞նչն է խանգարում ձեզ հայ մնալ, մարդ մնալ, միանալ այս շատ կարեւոր շարժմանը։ Ձեր ընտանիքները ինչո՞ւ չեն ստորագրել, ձեր երեխաները ինչո՞ւ չեն ստորագրել։ Որտե՞ղ եք դուք: Դուք նախ պետք է ցոյց տաք, որ հայ էք, յետոյ՝ ղեկավար։
Կարեւոր է իմանալ, որ արժանապատուութիւնը շատ դժուար է կերտւում ու շատ հեշտ կորսւում։ Թոյլ մի՛ տուէք դա։ Որտե՞ղ եք բոլորդ, որ գոռում եք Արցախի մասին՝ նստած ձեր տաք տեղերում: Ինչո՞ւ կանգնած չէք Արցախի կողքին։ Արցախը միայն արցախցիների համար չէ, այլ ամբողջ հայութեան: Հաւատացէք՝ ուրիշ տարբերակ չկայ։ Արցախը չլինի՝ չի լինի հայկական աշխարհը։
Այսօր մեծ յաղթանակի օր է։ Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի օրն է։ Ես ուզում եմ դիմել ռուս զինուորներին, խաղաղապահներին, ովքեր այստեղ կանգնած են մեր կողքին։ Ձեզ ամեն ձեւով ուզում են ճնշել։ Ատրպէյճանական անցակէտը նաեւ ձեր դէմ է արուել: Նրանք ուզում են, որ դուք այստեղ չլինէք, որ ամէն հնարաւոր ձեւով պառակտեն ձեզ, որ այստեղից դուր գաք, որ հայերը հիասթափուեն։ Չի՛ ստացուելու, որովհետեւ մենք իրար հետ անցել ենք հայրենական պատերազմով, մենք իրար կողքի ենք հիմայ, եւ Ատրպէյճանին չի յաջողուելու հանել խաղաղապահներին այստեղից։ Ես վստահ եմ՝ դուք էլ եք դա հասկանում, ուստի մենք իրար հետ, կողք կողքի ամեն ինչ պէտք է անենք, որ կատարեք ձեր պարտաւորութիւնները այնպէս՝ ինչպէս որ պէտք է։ Այո՛, գիտեմ՝ դժուար է, բայց դուք պարտաւոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կւ կանգնենք։
Ես ուզում եմ դիմել միջազգային կազմակերպութիւններին, տարբեր երկրների ղեկավարներին։ Որտե՞ղ է ձեր արժանապատւութիւնը։ Ատրպէյճանը թքում է ձեզ վրա՝ ասելով՝ չեմ ենթարկւում ոչ մի դատարանի որոշման, ոչ մի պայմանագրի։ Այդ ի՞նչ է, արժանապատվություն չունէ՞ք, ուժ չունէ՞ք, չե՞ք կարող ասել՝ Ատրպէյճա՛ն, դու ո՞վ ես, կատարի՛ր այն, ինչ ստորագրել ես։
Մեր բոլոր ղեկավարները տարբեր մակարդակներում պէտք է հասկանան՝ հայրենական պատերազմի ժամանակ դու ղեկավար չես, դու ղեկավար-առաջնորդ ես։ Քո խօսքը, քո պահելաձեւը, քո ամեն քայլը շատ կարեւոր է մարդկանց համար: Մեզ մոտ կուտակուած է շատ հզոր էներգիա, որը ես զգում եմ ամէն օր: ․․․Մենք վերցնենք մեզ վրայ պատասխանատուութիւն ու բոլորին համախմբենք, դառնանք մի գունդ, մի պատ, որը կպաշտպանի մեր հայրենիքը։
Ճգնաժամը շատ մեծ վտանգ է, բայց եւ մեծ հնարաՒորութիւն։ Երեւի այս ճգնաժամը մեզ հնարաւորութիւն է տալիս մաքրուելու, հասկանալու մեր սխալները, նաեւ փոխուելու։ Այս ճգնաժամն է մեզ հնարաւորութիւն տալիս 30 տարուայ մէջ կուտակուած սխալները դնել մի կողմ ու սկսել նոր կեանք, նոր ձեւով, նոր մօտեցմամբ՝ արդար, թափանցիկ։ Երբ պետութիւնն ու ժողովուրդը զգում են հաւատ ու իրար հետ միասին են կառուցմում անվտանգութիւնը, գիտեն՝ ինչ է պէտք անել։
Ես շատ ուրախ եմ ձեզ այսօր ներկայացնել մեր աշխատանքը, որ արել ենք վերջին երկու ամիսների ընթացքում։ Մասնակցել են 4 կուսակցութիւնների ղեկավարներ, երիտասարդներ, տարեցներ, Սփւռքից, բոլորը մասնակցել են քննարկումներին, թե ինչպէս են տեսնում Արցախի ապագան: Դա շատ կարեւոր էր, եւ մենք ունենք այդ տեսլականը, եւ ոչ միայն տեսլականը, այլեւ ճանապարհային քարտէսը, քայլերի, նպատակների կոնկրետ ցուցակը։ Մենք այն փոխանցել ենք Արցախի նախագահին, Ազգային Ժողովի ղեկավարին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են այդ ծրագրով առաջ գնալու: Մենք իրար հետ կարող ենք դա անել, սակայն ուզում եմ ասել, եթէ դուք չէք անելու, մենք միեւնույն է անելու ենք, որովհետեւ ուրիշ ճանապարհ չկայ։ Մենք ասել ենք եւ ասում ենք, իհարկէ, շատ դժուար է ճանապարհը, շատ խնդիրներ կան, բայց մենք այսօր պետք է խօսքից անցնեք գործի:
Մեր տեսլականի մեջ շատ կարեւոր մի բան ունենք․ ի՞նչ է նշանակում հայրենական պատերազմ։ Հայրենական պատերազմ նշանակում է, որ մենք բոլորս ենք զինուէոր, ոչ թէ միայն բանակը: Պէտք է ընդունենք այն եւ ենթարկուենք դրան։ Իսկական ռազմական իրավիճակ պէտք է ստեղծուի այստեղ, որպեսզի հասկանանք, որ ուրիշ ձեւ չկայ: Մենք պէտք է սահմանափակենք մեզ եւ հասկանանք, որ մեր պահելաձեւը պէտք է լինի աւելի կտրուկ, աւելի խիստ։ Այո՛, պատժի մեքէանիզմները պէտք է լինեն աւելի կտրուկ, այո՛, մենք պէտք է սահմանափակենք ինչ-որ օրէնքների կատարումը, պԷտք է անենք ցաՒալի քայլեր։ Շատ դժՈՒար է, ուրիշ ճանապարհ չկայ։ Մենք չենք կարող յաղթել դրսի թշնամուն, եթե մենք մեր մէջ այդ ուժը չունենանք։
Մենք անպայման պէտք է շփուենք ժողովրդի հետ։ Ես չեմ ընդունում, որ ուղղակի յայտարարութիւններ ենք անում: Մենք մեր ծրագրերը իրականացնում ենք, սակայն ժողովուրդը չգիտի։ Ես գիտեմ, որ բանակում մեծ գործ է արւում, գիտեմ, որ տարբեր ուղղութիւններով աշխատում են, սակայն մարդիկ չգիտեն։ Երբ գնում եմ համայնքներ, մարդիկ ասում են՝ ոչ մի բան չկայ, շատ վատ է ամեն ինչ, սակայն այդպէս չէ: Շփումը քիչ է, ժողովուրդը պէտք է հասկանայ՝ ինչ ենք անում մենք միասին։
Այս հայրենական պատերազմը միակ ճանապարհն է համախմբուելու եւ դրա համար, ղեկավարնե՛ր, դուք պէտք է լինեք արժանապատիւ մեր ժողովրդի համար, որովհետեւ ուրիշ ձեւ չի լինելու։ Մարդիկ պէտք է ձեզ հաւատան ու յարգեն, դա շատ կարեւոր է։
Պայքարը Արցախի համար ոչ թէ միայն մարտական քայլերն են, դա նաեւ մարդկանց պահելաձեւն է՝ մեր մտքերի մաքրութիւնը, սկզբունքներին պինդ կառչելը, առանձին կարեւոր նպատակները երկրորդելու եւ ընդհանուր նպատակները առաջին տեղում դնելու պատրաստութիւնը:
Մենք ձեզ հետ այսօր կերտում ենք պատմութիւն եւ պատմութեան մէջ մենք ենք մնալու, ոչ թէ վախկոտները, ոչ թէ մարդիկ, որ անտարբեր են եղել: Մենք ենք մնալու պատմութեան մէջ որպէս մարդիկ, ովքեր կանգնել են հայոց աշխարհում ու պաշտպանել մեր արժանապատուութիւնը:
Վստահ եմ՝ դա լինելու է այս դարերի պատմութեան ամենակարեւոր էջը։
Comments are closed.