Հայ դատի յանձնախումբը ողջունում է Ֆրանսայի Սենատի՝ ադրբեջանը դատապարտող բանաձևի ընդունումը
Ֆրանսայի Հայ դատի յանձնախումբը բարձր է գնահատում ֆրանսայի Սենատում ընդունուած միաձայնութեամբ բանաձեւը, որը խիստ դատապարտում է ադրբեջանական ագրեսիան։ Դէմ է քուէարկել միայն ադրբեջանամէտ և Ալիևների կլանի մտերիմ Նատալի Գուլեն, որի կոռումպացուած լինելն արդեն ակնյայտ է բոլորի համար:
Այս բանաձևը ևս մէկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգութեան և իրաւունքների հարցի շուրջ կայ Ֆրանսական քաղաքական կոնսենսուս, մասնաւորապէս՝ օրէնսդրական մակարդակում։ Եւ մենք առաջիկայ օրերին սպասում ենք համանման բանաձևի ընդունմանը Ֆրանսայի Ազգային ժողովում։
Այս բանաձեւը Ֆրանսայի կառավարութեան վրայ առաւել բարձր ճնշում եւ պարտաւորութիւն կը լինի, որպէսզի իր եւրոպացի գործընկերների հետ ի վերջոյ պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դէմ։ Այս հարցում Ֆրանսայի հայ համայնքը, Հայ Դատի յանձնախումբը և ֆրանսացի պատգամաւորները միայնակ կը լինեն, եթէ Հայաստանի իշխանութիւնները ու հայաստանեան դիվանագիտութիւնը չգործեն նոյն ուղղութեամբ։
Կայ երկրորդ շատ կարևոր կէտ բանաձևի մէջ։ Այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են խեղդել Արցախի ժողովրդի իրաւունքների շուրջ քննարկումները և նիւթը փակ համարել, յատկանշական է, որ Ֆրանսայի Սենատը վերահաստատում է իր 2020-ի պահանջը Ֆրանսիայի կառավարութեանը՝ ևս մէկ անգամ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետութիւնը։ Սենատը նաև պահանջում է Արցախում ֆրանսական մարդասիրական կենտրոն հիմնել։
Հայ Դատի յանձնախումբը սատարում է այս առաջարկը և վերահաստատում է իր անվերապահ պատրաստակամութիւնը՝ համագործակցելու Ֆրանսացի քաղաքական դասակարգի հետ ի շահ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգութեան, անկախութեան և ազատագրութեան։