ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (յունիս 2022թ.)
Գանատա
Հայ-Գանատական միջպետական յարաբերութիւնների զարգացմանն էապէս նպաստելը մշտապէս եղել է ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ Դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորուել է Հայաստանի Հանրապետութիւնում Գանատայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։ Այս ուղղութեամբ ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախումբն անցնող տարիների ընթացքում գրեթէ ամենօրեայ ռեժիմով հսկայական աշխատանք է կատարել՝ շարունակապէս ընդգծելով, որ Գանատան Մեծ եօթնեակի միակ պետութիւնն է, որ դիւանագիտական ներկայացուցչութիւն չունի Հայաստանում։
Յատկանշական է, որ Գանատական կառավարութեան այս որոշմանն ամիսներ առաջ նախորդել էր Եւրոպական Միութիւնում Գանատայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստեֆան Դիոնի` յատուկ առաքելութեամբ այցը Հայաստան։ Գանատայում ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախումբը, իսկ ՀՅԴ Բիւրոյի եւ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարները Հայաստանում, դեսպան Դիոնի հետ հանդիպումների ժամանակ, բազմիցս կարեւորել էին Գանատայի դիւանագիտական ներկայացուցչութեան հաստատումը Հայաստանում։ Յունիսի սկզբին դեսպան Դիոնը Գանատական կառավարութեանն էր ներկայացրել Հայաստան իր այցի վերաբերեալ զեկոյցը՝ շեշտադրմամբ, թէ Գանատան ինչպիսի օգնութիւն կարող է ցուցաբերել Հայաստանին։ ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախումբը, առանձին հաղորդագրութեամբ, յունիսի 4-ին ողջունել էր Դիոնի զեկոյցը։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը յունիսի սկզբին հրապարակեց իր հիմնական քաղաքական առաջնահերթութիւնների մի մասը, որոնք ներառում էին Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան օժանդակութեան կասեցումը, Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի վերականգնումը։ Արդէն յունիսի վերջին տասնօրեակում յայտնի դարձաւ, որ չնայած Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջօ Բայդէնը կրկին հրաժարուել է 907-րդ բանաձեւի սահմանափակումների կիրառումից եւ ճանապարհ բացել Ալիեւի հակահայկական ու կոռումպացուած ռեժիմին ամերիկեան օգնութեան տրամադրման համար։
Մեկնաբանելով նախագահ Բայդէնի որոշումը՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Նախագահ Բայդէնի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնութեան ցուցաբերմանը «կանաչ լոյս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիեւին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկութիւնը, Արցախի դէմ մահաբեր յարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարութեան հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնութիւնը զրոյացնելու եւ 907-րդ բանաձեւի կատարումից հրաժարուելու նախագահական իրաւասութիւնը սահմանափակելու համար»։
Նախագահ Բայդէնի որոշման դէմ քննադատութեամբ հանդէս եկան ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէզը եւ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ նկատելով, որ ԱՄՆ-ն չպէտք է օժանդակութիւն յատկացնի Ալիեւի կոռումպացուած ռեժիմին, եւ որ այդ օժանդակութիւնը հնարաւոր է, որ խախտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բալանսը։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը նաեւ աշխատանքներ է շարունակում ԱՄՆ 2023թ․ ֆիսկալ տարւայ համար Հայաստանին 100 մլն դոլար, իսկ Արցախին՝ 40 մլն դոլար ամերիկեան օժանդակութեան ապահովման ուղղութեամբ եւ դրա համար իրականացնում է Ամերիկայի հայ համայնքի մոբիլիզացիա։
Եւրոպա
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը յունիսին երկու անգամ հանդէս է եկել պաշտօնական հաղորդագրութիւններով: Նախ յունիսի 8-ին գրասենեակը ողջունել է Եւրոպական Խորհրդարանի կողմից Թուրքիայի մասով ամենամեայ առաջընթացի վերաբեալ բանաձեւի ընդունումը, յատկապէս Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը վերաբերող հատուածը։ Այնուամենայնիւ, ըստ գրասենեակի, խորհրդարանը պէտք է յստակօրէն քննադատէր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղեան հակամարտութիւնում, ինչպէս դա արել է իր անցեալ տարուայ զեկոյցում։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընթացող երկխօսութեան գործընթացը գնահատելիս` Եւրոպական խորհրդարանը եւ առհասարակ ԵՄ-ն պէտք է յորդորեն Թուրքիային զերծ մնալ նախապայմաններ առաջադրելուց, մասնաւորապէս, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հետ կապելուց եւ դրանով ադրբեջանական շահերին ծառայելուց։ Ցաւօք, ցայժմ երկխօսութեան ժամանակ թուրքական մտադրութիւնները եղել են կամ իմիտացիա, կամ նպատակադրուել են պարտադրել սեփական կամքը, մի գործընթաց, որը քիչ կապ ունի սեփական անցեալին անկեղծօրէն առերեսուելու հետ։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախաձեռնութեամբ յունիսի 16-ին եւրոպական 91 կազմակերպութիւններ, որոնք ակտիւ գործունէութիւն են ծաւալում Եւրոպական Միութեան անդամ երկրներում, նամակ են յղել Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշէլին՝ յայտնելով իրենց խոր դժգոհութիւնը նրա վերջին յայտարարութեան առնչութեամբ, որը հրապարակուել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ 2022 թուականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից յետոյ։
Նամակը ստորագրած կազմակերպութիւնները ցաւում են, որ մայիսի 23-ի յայտարարութիւնն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ ԵՄ-ի փաստաթղթաւորուած մօտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաեւ այն փաստին, որ օգտագործւում է «Ղարաբաղ» անորոշ ձեւակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարէն, որը կոնկրետ տարածք ունեցող քաղաքական միաւոր է։ Նամակում մանրամասն ադրադարձ է կատարւում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձեւակերպման օգտագործումը միտուած է պետական մակարդակով իրականացուող էթնիկ զտման քաղաքականութեան սպասարկմանը:
Յունիսի 27-ին ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը եւ գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանը հանդիպել են բելգիական «Բարեփոխման շարժում» կուսակցութեան նախագահ Ժորժ Լուի Բուշէսի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել իրավիճակը Հարաւային Կովկասում, մասնաւորապէս Արցախի շուրջ զարգացումներն ու Շառլ Միշէլի միջնորդական դերակատարութիւնը։ Հանդիպման ընթացքում մանրամասնօրէն ներկայացուել են Արցախի բնիկ հայ բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման շարունակական քաղաքականութիւնը։
Շեշտուել է Եւրոմիութեան դերը արդար եւ կենսունակ խաղաղութեան համար բանակցելու գործում, ինչը նշանակում է, որ անթոյլատրելի է այն հաստատել զուտ հայկական պետական շահի հաշուին եւ հայկական կողմին, որն ըստ էութեան զոհ է ադրբեջանաթուրքական աւտորիտար ռեժիմների ագրեսիայի, պարտադրել զիջումներ։ Ընդգծուել են բանակցային գործընթացում Արցախի բնիկ հայ բնակչութեան իրաւունքները պատշաճ կերպով հաշուի առնելու անհրաժեշտութիւնը, այն է՝ արցախահայութեան՝ իր ապագան սեփական հայրենիքում որոշելու իրաւունքը, ինչպէս նաեւ խաղաղ եւ ապահով ապրելու իրաւունքը։
Մեծ Բրիտանիա
Հայ Դատի Մեծ Բրիտանիայի, Գանատայի, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի յանձնախմբերի պատասխանատուները, ինչպէս նաեւ Բրիտանական համագործակցութեան երկրներում գործող կազմակերպութիւններ, համատեղ շնորհաւորական նամակ են յղել Մեծ Բրիտանիայի թագուհուն՝ պաշտօնավարման 70-ամեակի կապակցութեամբ։ Թագուհուն ուղղուած նամակում տեղ են գտել նաեւ ծանուցումներ Ադրբեջանի միջազգային կոռուպցիոն գործողութիւնների, «խաւիարային դիւանագիտութեան» եւ մեր ժողովրդի յընթացս մարտահրաւէրների մասին։
Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը յունիսի 5-ին հիւրընկալել է Մեծ Բրիտանիայում Կիպրոսի ազգային դաշնութեան եւ քրդական համագումարի ներկայացուցիրներին։ Քննարկուել են համագործակցութեան ներկայ եւ ապագայ ուղենիշները ինչպէս կարճաժամկէտ, այնպէս էլ երկարաժամկէտ հեռանկարի համար։
Ֆրանսիա
Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին՝ յունիսի 8-ին, յայտարարութեամբ է հանդէս եկել ՀՅԴ Հայ Դատի Ֆրանսիայի յանձնախումը՝ շնորհակալութիւն յայտնելով ֆրանսիացի խորհրդարանականներին համատեղ աշխատանքի համար եւ նախանշել թեկնածուների այն շրջանակը, որի շուրջ ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը քաղաքական համակրանք է տածում։
Աւստրալիա
Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի որոշմամբ, յունիսի 23-ից Հայ Դատի Աւստրալիայի գործադիր տնօրէն Հայկ Կայսէրեանին փոխարինել է Միքայէլ Կոլոկոսեանը:
Իրան
Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ վերջինիս 40-ամեակի ծրագրերի շրջանակում, յունիսի 18-ին Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում կազմակերպուել էր երեկոյթ՝ նուիրուած պատմութեան մէջ առաջին կին դեսպան, ծագումով իրանահայ Դիանա Աբգարին, ով 1918թ. ՀՀ դիւանագիտական ներկայացուցիչն է եղել Ճապոնիայում: Միջոցառումը կրում էր «Դիանա Աբգար․ կին, ով իր ժամանակից շատ աւելի առաջ էր» խորագիրը: Միջոցառմանը մասնակցել եւ ելոյթ են ունեցել իրանական եւ իրանահայ քաղաքական, մշակութային, հոգեւոր-կրօնական եւ ազգային կեանքի ներկայացուցիչներ։
Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբիեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
04.07.2022 թ.