12-ամեայ դաշնակահար յօրինող Ալեքս Գէորգեանը «Լուս Ա» ալպոմով ու համերգով ներկայացաւ հանդիսատեսին
12-ամեայ Ալեքս Գէորգեանը «Լուս Ա» ալպոմով ու համերգով ներկայացաւ հանդիսատեսին
Յունիսի 10-ին Երևանի Կոմիտասի անուան Կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ 12-ամեայ դաշնակահար, կոմպոզիտոր Ալեքս Գէորգեանի համերգը, որի ընթացքում ներկայացուեցին Կոմիտասի ստեղծագործութիւնների՝ նրա մշակումները։ Այն շնորհանդէս-համերգ էր, որի ընթացքում ներկայացուեց նաև Ալեքս Գէորգեանի դեբյուտային՝ «Լուս Ա» ալբոմը, որը նա նուիրել է իր տատիկին՝ Զինա Բաղդասարեանին:
Ձայնասկաւառակը պատանի երաժշտի շուրջ քառամեայ աշխատանքի արդիւնքն է։ Նախագծի մտայղացումն ամբողջութեամբ Ալեքսինն է՝ սկսած Կոմիտասի ստեղծագործութիւնների ընտրութիւնից, մինչև այն արտիստների ընտրութիւնը, որոնց հետ ձայնագրուել են նրա մշակումները, և որոնց մի մասը ներկայացուեց համերգի ընթացքում։
«Այս ծրագիրը ստեղծելու գաղափարն առաջացաւ այնպիսի ժամանակաշրջանում, երբ ես գրում էի մեղեդիներ, ամէնուր, անընդհատ: Սակայն ես զգացի, որ այն ամբողջանալու ու լիարժէք դառնալու կարիք ունի: Այդ տարիներին ես նաև աշխատում էի Կոմիտասի մի շարք կոմպոզիցիաների վրայ: Ու ինձ մօտ միտք առաջացաւ՝ համադրելու իմ մեղեդիները Կոմիտասի ստեղծագործութիւնների հետ, ու դրա արդիւնքում ստեղծուեց այս երաժշտութիւնը: Այն դուրս է մշակման գրեթէ բոլոր ստանդարտներից: Ես շատ եմ կարևորում դասական կոմպոզիտորական արուեստը և դասական կատարողական արուեստը, որն ինձ շատ է օգնում իմ այս աշխատանքում»,- նախագծի մասին պատմել է Ալեքսը:
«Լուս Ա»-ն նոր ոճի երաժշտութիւն է, որով, միախառնելով ամենատարբեր երաժշտական ոճերը՝ 12-ամեայ Ալեքսը ներկայացրել է Կոմիտասի իր ընկալումը։ «Լուս Ա» ալպոմի եօթ ստեղծագործութիւններից իւրաքանչիւրն ինքնատիպ է։ Դրանցում կայ էլեկտրոնային երաժշտութիւն, ինչպէս՝ «Մոկաց Միրզայում» և «Սարէն կու գայի»-ում, բայց կան նաև ջազ, էթնօ երաժշտութեան տարրեր, իսկ որոշ դէպքերում՝ բոլորի զուգակցում։
«Լուս Ա» ալպոմում Ալեքս Գէորգեանն իր մշակումները ձայնագրել է անոպանի հայ երաժիշտների հետ։ «Սօնա եար»-ը Ալեքսի ու Արտօ Թունջբոյաջեանի համատեղ կատարումն է, «Քելէ Քելէ»-ում Ալեքսը նուագում է Արտյոմ Մանուկեանի հետ, «Ես սիրեցի»-ում հնչում է Միքայէլ Ոսկանեանի թառը, «Երկինքն ամպել ա»-ում Ալեքսը հանդէս է գալիս «Տիեզերք» բենդի հետ, իսկ «Գարուն ա» ստեղծագործութեան մեջ երգում է ամերիկահայ երգիչ Սամ Բաբայեանը (The Dirty Diamond խմբից):
Ալբոմում տեղ են գտել Ալեքսի երկու կատարումները՝ «Մոկաց Միրզան», որն ամբողջութեամբ էլեկտրոնային երաժշտութիւն է, իսկ «Ես սարէն կու գայի»-ն էլետրոնային և դասական երաժշտութեան զուգակցում է։
Ձայնասկաւառակում հանդէս են եկել նաև յայտնի երաժիշտներ Նիկողայոս Վարդանեանը (կոնտրաբաս), Արման Մնացականեանը (թմբուկ) և Վարդան Առաքելեանը (բաս կիթառ)։
Յունիսի 10-ին կայացած համերգի ընթացքում ներկայացուեցին «Լուս Ա»-ի բոլոր եօթ ստեղծագործութիւնները։
Համերգի ընթացքում, սակայն, ալբոմում ձայնագրուած ոչ բոլոր երաժիշտներն էին հանդէս գալիս։ Ինչպէս համերգի ընթացքում նշեց Ալեքս Գէորգեանը, յանկարծակի առողջական լուրջ խնդիրների՝ բարդ վիրահատութեան պատճառով համերգին չէր մասնակցում Արտօ Թունջբոյաջեանը։ Արտոյի ներկայութիւնը համերգին, այդուհանդերձ, ապահովուած էր. «Սօնա եար» ստեղծագործութեան կատարման ժամանակ Ալեքսի դաշնամուրին զուգահեռ՝ դահլիճի էկրանին ցուցադրւում էին ալբոմի ձայնագրութեան ժամանակ կատարուած կադրերը․ հանդիսատեսը հնարաւորութիւն ունեցաւ տեսնելու Արտօ Թունջբոյաջեանին բուն աշխատանքային, ստեղծագործական գործընթացում։
Համերգից առաջ եկած հանգամանքների պատճառով համերգին չէր մասնակցում նաև Միքայէլ Ոսկանեանը, ում կատարումը նոյնպէս ներկայացուեց տեսագրութեան միջոցով։
Իսկ «Գարուն ա» ստեղծագործութիւնը Սեմ Բաբաեանի փոխարէն՝ Ալեքսի հետ կատարում էր տաղանդաւոր երգչուհի Մանէ Մինասեանը։
«Լուս Ա»-ն ինքնատիպ նախագիծ է ոչ միայն մտայղացմամբ, ստեղծագործական իւրայատկութեամբ, այլ նաև բեմում գտնուող երիտասարդ երաժիշտների թիմով՝ Արտյոմ Մանուկեան (թաւջութակ), Սերգէյ Բալաշով և Արմէն Շահվերդեան (հարուածային գործիքներ), Արսէն Ժամագործեան (բաս կիթառ, կոնտրաբաս), Հէկտոր Լտակիրոտ (Hector Cardoso Ltacirot, էլեկտրիկ կիթառ), «Տիեզերք» բենդ:
Համերգը Ալեքսի իւրատեսակ երկխօսութիւնն էր հանդիսատեսի հետ, որի միջոցով, ինչպէս ինքն արտայայտուեց, փոխանցում էր իր չորս տարիների հոգեվիճակը։
««Լուս Ա»-ն ստեղծելիս ես չեմ մտածել, որ ինքը կը լինի: Նա ինձ համար մի անյայտ կերպար է, հոգեվիճակ է, որը բաւականին բարդ է: Կամ միգուցէ մէկն է, ում նոյնիսկ ես դեռ չեմ ճանաչում: Նա ինչ-որ մէկն է, ով պտտւում է իմ գլխի շուրջը: Իմ հոգում է անընդհատ: Ու իմ մտքում է անվերջ: Նա մի իւրայատուկ ու չկրկնւող կերպար է»,- իր ալպոմի մասին ասում էր Ալեքսը՝ հանդիսատեսին մաղթելով՝ «Բոլորիդ մէջ այս «Լուս Ա»-ից եմ ուզում մի քիչ: Ու կարծում եմ՝ նա այսօր տարածուեց այստեղ: Ու արդէն այն ձեր մէջ է: Ունեցէք ձեր անձնական լոյսը․․․ Մնացէք լոյսով»:
Ալեքս Գէորգեանն ուսանում է Պ․Ի․ Չայկովսկու անուան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:
«Բաւականին բարդ ու շատ պատասխանատու աշխատանք էր ինձ համար. նախ՝ մեկտեղել մէկ ծրագրում այս հրաշալի երաժիշտներին, ու նրանց հետ միասին Կոմիտաս ներկայացնել: Անշուշտ, մինչև մշակումները, ես բաւականին երկար ուսումնասիրեցի Կոմիտասին: Ալբոմում ներկայացուած մի քանի ստեղծագործութիւններ Կոմիտասի այն մեղեդիներն են, որոնք նա հաւաքագրել է իր բանահաւաքչական տարիներին, ու մեզ են հասել հէնց կոմիտասեան տարբերակները: Բայց ալպոմում կան նաև հէնց իր՝ Կոմիտասի գրած ստեղծագործութիւնները: Այս ընթացքում ես ծանօթացայ Կոմիտասի պատարագին, որը յաճախ եմ լսում: Միտք կայ պատարագը կատարել երգչախմբի հետ, որովհետև որոշակի կտորներ ունեմ` ինքս մշակած, որոնք դաշնամուրի ու երգչախմբի համար են: Հպարտ ու շնորհակալ եմ, որ ուսանում եմ իմ դաշնամուրի ուսուցչի՝ Յասմիկ Անչարակեանի, կոմպոզիտոր Վաչէ Շարաֆեանի, դաշնակահար Արմէն Բաբախանեանի մօտ: Դասական երաժշտութիւնը ես բացայայտում եմ հէնց նրանց մեծագոյն օգնութեամբ։ Իսկ ջազը ինձ հետաքրքրեց դեռ մի քանի տարի առաջ, ու ջազի տարբեր ենթամասեր՝ յատկապէս bebop-ը ուսումնասիրելուց յետոյ, ինձ առաւել քան հետաքրքրեց ազգային երաժշտութիւնը: Պէտք է անընդհատ, ամէնուր խօսել հայկական ազգային երաժշտութեան մասին, պէտք է կատարել այն, ու տարածել այն, ու պրոպագանդել այն»,- լրագրողների հետ զրոյցում ասել էր 12-ամեայ Ալեքս Գէորգեանը, որը համերգի ընթացքում ոչ միայն դաշնամուրային կատարմամբ, այլև վոկալով էր ներկաեանում:
Լուսանկարները՝ Թինա Գէորգեանի և Հայկօ Ոսկանեանի