Շարունակելու ենք աշխատել հայրենիքի շէնացման համար

Արցախեան պատերազմի առաջին օրերից մինչ այսօր ՀՕՄ-ը պետութեան և ժողովրդի կողքին է եղել և արել է առաւելագոյնը  թէ՛ պետութեան սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին սատարելու և թէ՛ առանձին սոցիալական  խմբերի  կենցաղային պայմանները բարելաւելու  ուղղութեամբ: 30 տարիների ընթացքում ՀՕՄ-ի ծրագրերը լուրջ փոփոխութեան չեն ենթարկուել, նրանց աւելացել են նոր ծրագրեր՝ ստեղծուած ժամանակի թելադրանքով: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանը: Ամբողջական հարցազրոյցը՝ ստորև:

—Ինչպէ՞ս է պատերազմական և հետպատերազմական վիճակն ազդում Արցախում Հայ օգնութեան միութեան գործունէութեան ուղղութիւնների վրայ:

-Հայ օգնութեան միութիւնը՝ որպէս հարիւրամեայ փորձ ունեցող կազմակերպութիւն, հաւատարիմ իր կարգախօսին, միշտ կանգնած է հայ ժողովրդի կողքին: 2020 թ. սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի հէնց առաջին իսկ օրից ՀՕՄ-ի աշխարհասփիւռ կառոյցն  իր ողջ ներուժն ուղղեց  դէպի Հայաստան և Արցախ՝ անհրաժեշտ միջոցներ  ձեռնարկելով ստեղծուած  դժուարին ու ողբերգական իրավիճակում  նիւթապէս ու բարոյապէս սատար կանգնելու մեր հայրենակիցներին:

44-օրեայ պատերազմի և դրան յաջորդած օրերին մշակուեցին և կեանքի կոչուեցին անմիջական օժանդակութեան տարբեր ծրագրեր՝ առաջնահերթութիւն տալով զոհուած և վիրաւոր զինծառայողների ընտանիքներին, տեղահանուած բնակիչներին:

—Վերջին շրջանում ի՞նչ ծրագրեր է իրագործել ՀՕՄ—ի Արցախի միաւորը և առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի:

-ՀՕՄ-ի Արցախի միաւորը, ԿՎ-ի կողմից ստացուած շրջաբերականների վրայ հիմնուելով, շարունակում է իր որդեգրած առաքելութիւնը և ընթացիկ օժանդակութեան ծրագրերը:

ՀՕՄ-ի Գանատայի շրջանային վարչութեան հովանաւորութեամբ Արցախի՝ թշնամու նշանառութեան տակ յայտնուած 21 գիւղերում իրականացրել ենք «Ամանոր» ծրագիրը: Գանատայի ՇՎ ապենապետուհի Անի Օհանեանը և Սիւզի Պոյամեանն անձամբ են ներկայ գտնուել, ամանորեայ նուէրներ յանձնել  շուրջ 1400 նախադպրոցական խմբերի երեխաների և աշակերտների, 581 ընտանիքի տրամադրել են գումար:

«Ամանոր» ծրագրի շրջանակներում նուէրներ են ստացել ՀՕՄ-ի 4 «Սօսէ» մանկապարտէզների սաները:

ՀՕՄ-ի ուշադրութեան կենտրոնում են նաև Արցախի ՊԲ-ի զինուորները:

ՀՅԴ ԱԵՄ-ի հետ համագործակցութեամբ 150-ական գլխարկ, ձեռնոց, գուլպայ և քաղցրաւենիք ենք յատկացրել ՊԲ N զօրամասի զինուորներին:

Վերջին սահմանային լարուածութեան հետ կապուած՝ ՀՕՄ-ի Արցախի միաւորի կողմից քնապարկեր, անջրանցիկներ, գլխարկներ, ձեռնոցներ, գուլպաներ, ինչպէս նաև քաղցրաւենիք ենք յանձնել դիրքապահներին, բանակային ստորաբաժանումներին ու կամաւորական խմբերին:

—Հայ օգնութեան միութիւնն Արցախում գործում է Արցախեան առաջին պատերազմի օրերից: Տարիների ընթացքում ի՞նչ փոփոխութիւններ են կրել բարեգործական այդ կազմակերպութեան առաջնահերթութիւնները:

-ՀՕՄ-ը նպաստել է կրթութեան, մշակոյթի, առողջապահութեան, սոցիալական, տնտեսական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանը: Կրթութեան ոլորտում Արցախում ներդրած ՀՕՄ-ի ամենամեծ ծրագրերից է «Սօսէ» մանկապարտէզների ծրագիրը: Մինչ պատերազմը Արցախում գործում էր 8 «Սօսէ» մանկապարտեզ: Պատերազմի հետևանքով Շուշիի, Տողի, Մեծ Թաղերի և Քարէգահի մանկապարտէզները մնացին թշնամու կողմից օկուպացուած տարածքներում: Ներկայումս շարունակում են գործել  Ստեփանակերտի, Խնձրիստանի, Աշանի և Ականաբերդի մանկապարտէզները: Արցախում ստեղծուած հումանիտար աղէտի՝ անջատուած գազատարի և տեղացած առատ ձիւնին պատճառով, ինչպէս միւս ուսումնական հաստատութիւնները, այնպէս էլ «Սօսէ»  մանկապարտէզները մարտ ամսին փակուեցին, այժմ աշխատում են բնականոն ռեժիմով:

Կրթական ծրագրերից է «Լաւագոյն ուսանող» ծրագիրը: Այս ուսումնական տարում ծրագրում ընդգրկուել են 44-օրեայ պատերազմին մասնակցած և արցախեան բուհերում սովորող 105 ուսանող:

Արցախում գործադրուած առաջին ծրագրերից էր նաև պատերազմում «Որբախնամ» ծրագիրը, որն  արդէն աւարտին էր հասնում, սակայն վերագործադրուեց արցախեան երրորդ պատերազմից յետոյ և վերանուանուեց «Զոհուած  հերոսների զաւակների» ծրագիր: 44-օրեայ պատերազմից յետոյ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան և Արցախի մեկուսի մասնաճիւղում  հաւաքագրուել  և ԿՎ-ն են յանձնուել զոհուած հերոսների  1800  անչափահաս զաւակների տուեալներ, որնցից 620-ը՝ Արցախում:  Ծրագրի մեկնարկը շուտով կտրուի: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութիւնը իւրաքանչիւր երեխայի տարեկան խնամքի գումար է սահմանել 300 դոլար՝ նախկին 170-ի փոխարէն:

Ուշադրութեան կենտրոնում է նաև տեղահանուած բնակիչների կենցաղային պայմանների բարելաւմանը միտուած ծրագրերը: «Թևանիկ» բարեսիրական խմբի օժանդակութեամբ ձեռք ենք բերել մահճակալներ և պահարաններ, որոնք Արցախի բնակարանային կոմիտէ հետ համագործակցութեամբ կը տրամադրուեն նոր բնակարաններ ստացած մեր հայրենակիցներին: Ծրագրի մեկնարկն արդէն տրուած է:

ՀՕՄ-ի Արցախի միաւորը նաև տարբեր ձեռնարկներ է կեանքի կոչել՝ կանանց զբաղուածութեան խնդրին սատարելու նպատակով: Նախքան պատերազմը «Թևանիկ» բարեսիրական խմբի հետ կազմակերպուել են ձեռքի աշխատանքների ու կարուձևի  դասընթացներ, որի նպատակը արհեստի այս ճիւղում արցախցի կանանց  հմտանալն ու սեփական եկամտի աղբիւր ապահովելն էր:

Կազմակերպուել են նաև մատնայարդարման դասընթացներ տեղահանուած ու զոհուած զինծառայողների կանանց համար: Ծրագիրը կը կրի շարունակական բնոյթ և կ’օգնի տեղահանուած ընտանիքներին եկամտի աղբիւր գտնել:

Առաջիկայ ծրագրերն ու անելիքները նոյնպէս շատ են: Շարունակելու ենք մեր աշխատանքով   նպաստել հայրենիքի շէնացմանը:

Հարցազրոյցը՝ Տաթևիկ Աղաջանեանի

Ապառաժ

Leave a Comment

You must be logged in to post a comment.