ՀՅԴ ՀԵՄ․ Կոչ ենք անում յստակ գնահատական տալ ՀՀ ոստիկանութեան ապօրինի գործողութիւններին
Փետրուար 22-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան մի խումբ անդամներ ակցիա են իրականացրել Հայաստան ժամանած ադրբեջանական պատուիրակութեան ներկայացուցիչների դէմ:
Ակցիան կրել է բացառապէս խաղաղ բնոյթ: Ակցիայի մասնակիցները նպատակ են ունեցել «Արմենիա Մարիոթ» հիւրանոցում, որտեղ ըստ տեղեկութիւնների գտնւում էին պատուիրակութեան անդամները, պաստառներով և կոչերով թշնամական երկրի պատուիրակներից պահանջել անմիջապէս բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական բռնագրաւուած տարածքներից:
Խաղաղ ակցիայի ընթացքը խոչընդոտուել է ՀՀ ոստիկանութեան կողմից, որի ներկայացուցիչները բիրտ, անօրինական և անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանութեան Կեդրոնական բաժին բերման են ենթարկել 25 անձ:
Բերման ենթարկուածների թւում եղել են նաև ակցիային չմասնակցող քաղաքացիներ, պատերազմի մասնակցածներ, իգական սեռի ներկայացուցիչներ և անչափահաս անձ:
Բերման է ենթարկուել նաև աշխատանքային պարտականութիւնները կատարող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան լրագրողը:
Ոստիկանական գործողութիւնների արդիւնքում կոտրուել է բերման ենթարկուած անձանցից մէկի ձեռքը:
Ոստիկանական ապօրինութիւնները շարունակուել են նաև բաժանմունքում, որտեղ բերման ենթարկուածների հակաիշխանական վանկարկումներին ի պատասխան, Ոստիկանութեան աշխատակիցները դիմել են բիրտ ուժի:
Փաստի առթիւ Ոստիկանութիւնում բոլոր բերման ենթարկուածների դէմ յարուցուել է քրեական գործ:
ՀՀ Ոստիկանութեան այսօր տարածուած յայտարարութիւնում ակնյայտօրէն նենգափոխուած են տեղի ունեցած իրադարձութիւնները և կատարուածի պատճառահետևանքային կապերը:
ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է ադրբեջանական պատուիրակութեան անդամների դէմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրէական գործի յարուցումը, որը գնահատում ենք որպէս ՀՀ ներկայ իշխանութիւնների կողմից վարուող հակահայ քաղաքականութեան ակնյայտ դրսևորում:
Կոչ ենք անում ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին, իրաւապաշտպան անձանց և կազմակերպութիւններին, միջազգային կառոյցներին յստակ գնահատական տալ ՀՀ ոստիկանութեան փետրուարի 22-ի ակնյայտ ապօրինի գործողութիւններին: