Կոչ ԱՀ և ՀՀ Ազգային ժողովների նախագահներին
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցութիւնները Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւորների՝ Հայաստան կատարած այցի կապակցութեամբ հանդէս են եկել հետևեալ կոչով.
«Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև նուազող յարաբերութիւնների ֆոնին ՀՀ վարչապետը ջերմ ընդունելութիւն է կազմակերպում Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւորներին: Նիկոլ Փաշինեանը երէկ հանդիպել է «Եւրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւորների հետ, իսկ այսօր այդ պատգամաւորները շնորհակալութիւն են յայտնել ՀՀ վարչապետի ջերմ ընդունելութեան համար:
Անհանգստացնող է այն հանգամանքը, որ որևէ տեղեկութիւն չկայ այն մասին, թէ այդ հանդիպման ընթացքում քննարկուել են Արցախի Հանրապետութեան և լայն հասարակութեանը յուզող իրական խնդիրները՝ կապված անվտանգութեան, հայ գերիների վերադարձի, բռնագրաւուած տարածքներում մշակութային արժէքների ոչնչացման և մարդու իրաւունքների ոլորտում օր օրի վատթարացող հարցերը։
Ստեղծուած իրավիճակում յատկապէս կարևոր ենք համարում երկու հայկական պետութիւնների՝ միջխորհրդարանական յանձնաժողովի միջոցով օրէնսդիր մարմինների համագործակցութեան օր առաջ վերսկսումը, որտեղ կը քննարկուեն անվտանգային, Ադրբեջանի և Թուրքիայի հայատեաց քաղաքականութեան շարունակական դրսևորումներին համաչափ ու համարժէք արձագանգելու, հայ գերիներին վերադարձնելու և բազմաթիւ այլ հրատապ հարցեր:
Հաշուի առնելով մեր տարածաշրջանում ծաւալուող իրադարձութիւնները՝ կոչ ենք անում Արցախի և Հայաստանի Հանրապետութիւնների Ազգային ժողովների նախագահներին հրատապ կազմակերպել միջխորհրդարանական յանձնաժողովի նիստ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝
«ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ» խմբակցութիւն
«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ» խմբակցութիւն
«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ» խմբակցութիւն
Ք. Ստեփանակերտ
22 փետրվարի, 2022թ.»: