Պատմամշակութային ժառանգութիւնը չպէտք է քաղաքական գործիք դառնայ.

ԵՈՒՆԵՍԿՕ-ն՝ Արցախի հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգութիւնների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԵՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելութիւն ուղարկելու ուղղութեամբ: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան յայտնել են ԵՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի Գրասենեակից՝ անդրադառնալով Արցախի Հանրապետութեան՝ 2020 թ. պատերազմից յետոյ ադրբեջանական զինուժի վերահսկողութեան տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգութեան շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դէպքերի մասին ահազանգերին:

Միաւորուած ազգերի կրթութեան, գիտութեան և մշակոյթի կազմակերպութիւնում յոյս ունեն, որ փաստահաւաք առաքելութիւնը այդ խնդրի կապակցութեամբ հնարաւոր կը լինի կեանքի կոչել մօտ ժամանակներում:

«Մենք շարունակում ենք աշխատել 1954 թ. Հաագայի  կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ ԵՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելութիւն ուղարկելու ուղղութեամբ: Յոյս ունենք, որ դա հնարաւոր կը լինի շուտով, բայց տուեալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: Ուստի քննարկումները դեռ շարունակւում են», – «Արմենպրես»-ին փոխանցել է ԵՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի Գրասենեակի աշխատակից Թոմաս Մալարդը:

Պատասխանելով հարցին, թէ նկատի ունենալով «Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի» գործով Հաագայի դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի վճիռը հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ ինչպէ՞ս է կազմակերպութիւնը գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ Ադրբեջանի կառավարութեան գործողութիւնները, այդ թւում վերջերս արուած յայտարարութիւնը, թէ Ադրբեջանում ձևաւորուել է «մասնագէտների» աշխատանքային խումբ, որը իբրև թէ «աղուանական եկեղեցիներից» ջնջելու է հայկական գրութիւններն ու այլ հետքերը, և թէ արդեօք պատմութեան ադրբեջանական մեկնաբանութիւնը կարո՞ղ է արդարացում լինել կրօնական և այլ յուշակոթողներից հայկական պատմական գրութիւններն ու այլ հետքերը վերացնելու համար, ԵՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել է, որ պատմամշակութային ժառանգութիւնը չպէտք է դառնայ գործիք քաղաքական նպատակների համար:

«Մշակութային ժառանգութիւնը և պատմութիւնը չպէտք է դառնան գործիք քաղաքական որևէ նպատակի համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր անդամ պետութիւններին ամբողջ աշխարհով մէկ յարգել այս սկզբունքը», – յայտարարել է ԵՈՒՆԵՍԿՕ-ն:

Փետրուարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Ադրբեջանի մշակոյթի նախարար Անար Քերիմովը յայտարարել է, որ Ադրբեջանում ձևաւորուել է «տեղի և արտերկրեայ մասնագէտներից» կազմուած «աղուանական պատմութեան և ճարտարապետութեան մասնագէտների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպէս կոչուած «աղուանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը խստօրէն դատապարտեց յատուկ յանձնաժողով ստեղծելու Ադրբեջանի որոշումը՝ շեշտելով, որ դա ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի միջանկեալ միջոցների կիրառման մասին 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է: Արցախի ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանը Ադրբեջանի քաղաքականութիւնը որակեց որպէս մշակութային ցեղասպանութիւն:

2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականութեան բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննուող «Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետութեան ներկայացրած հայցի հիման վրայ հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիւս այլ հարցերի պարտաւորեցնելով Ադրբեջանի Հանրապետութեանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողութիւնները՝ ուղղուած հայկական մշակութային ժառանգութեան, ներառեալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, յուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դէմ»:

ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը նոյնպէս խստօրէն դատապարտեց Ադրբեջանի մշակոյթի նախարարի յայտարարութիւնը՝ նշելով, որ դա ոչ միայն բացայայտ մարտահրաւէր է Հաագայի դատարանի որոշմանը, այլև հակասում է հաշտութեան հասնելու Ադրբեջանի յայտարարութիւններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղութեան հաստատման համար: Ստեղծուած իրավիճակում պաշտօնական Երևանը առաջնահերթ և հրատապ խնդիր է համարում ԵՈՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլէի կողմից առաջարկուած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում ԵՈՒՆԵՍԿՕ-ի փաստահաւաք առաքելութեան իրականացումը՝ «Զինուած հակամարտութեան դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրութիւններին համահունչ:

2020 թուականին Արցախի Հանրապետութեան դէմ նախաձեռնուած 44-օրեայ լայնածաւալ ռազմական ագրեսիայից յետոյ Ադրբեջանի իշխանութիւնները հետևողական քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական զինուժի վերահսկողութեան տակ անցած տարածքներում գտնուող պատմամշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու և առհասարակ պատմական Արցախից հայկական հետքը վերացնելու ուղղութեամբ: Վերջին մէկուկէս տարուայ ընթացքում արդէն բազմաթիւ եկեղեցիներ, վանքեր, յուշարձաններ պատմական ու մշակութային կոթողներ են հիմնովին ոչնչացվել, պղծուել, ձևախեղուել՝ սկսած Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարից՝ մինչև այլ տարբեր սրբավայրեր և յուշակոթողներ: Մշակութային այդ հանցագործութիւնների և վանդալիզմի դէպքերից շատերը արձանագրուած են war.karabakhrecords.info հարթակում:

Աղուանքը, որը յայտնի է նաև «Կովկասեան Ալբանիա» անունով, կովկասեան հնագոյն պետութիւններից է եղել, որը սահմանակցում էր Մեծ Հայքին՝ զբաղեցնելով ներկայիս Ադրբեջանի տարածքի մի մասը: Տարածաշրջանում քրիստոնէութեան տարածումից յետոյ այս երկրում ապրող ժողովուրդները առաքելական քրիստոնեաներ դարձան և սերտօրէն կապուած էին Հայ Առաքելական Եկեղեցու հետ: 10-11-րդ դդ. ի վեր, յատկապէս սելջուկ-թուրքերի և թաթար-մոնղոլների արշաւանքներից յետոյ Աղուանքը աստիճանաբար քայքայուեց և դադարեց գոյութիւն ունենալ իբրև ոչ միայն պետական, այլև պատմաաշխարհագրական միաւոր:

Աղուանքի պատմութիւնը տարածաշրջանի ամենաքիչ ուսումնասիրուած  խնդիրներից է, այդ թւում՝ Հայաստանում: Ամէն դէպքում, թէ ի՞նչ կապ ունեն միայն 1918 թ. ստեղծուած Ադրբեջանի [Դեմոկրատական] Հանրապետութիւնը և ժամանակակից ադրբեջանցիները Աղուանքի և աղուանական ժառանգութեան հետ՝ օբյեկտիւ և անաչառ պատմագիտութեան տեսանկիւնից պարզ չէ, քանի որ նրանք ո՛չ Աղուանից ժողովուրդների կրօնն ու մշակոյթն են ժառանգել, ո՛չ էլ նոյնիսկ նրանց երկրի անուանումը: Աղուանից ժողովուրդներից մեզ յայտնի և մինչև մեր օրերը հասած թերևս միակ ժողովուրդը ուտիները կամ ուդիներն են, որոնց Բաքուի վարչակարգը ամէն կերպ օգտագործում է իր քաղաքական նպատակների համար՝ նրանց միջոցով փորձելով իւրացնել հայկական սրբավայրերն ու պատմամշակութային այլ կոթողները ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան և Լեռնային Ղարաբաղի, այլև նոյնիսկ պատմական Արևմտեան Հայաստանի տարածքում:

 

ARMENPRESS

Հեղինակներ՝

Արամ Սարգսեան

Անժելա Համբարձումեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.