Սիւնիքից Լիբանան, Քաթարից Ղրիմ Ու Եւրոպա. Ռուսական Ու Ամերիկեան Ազգային Շահերի Սահմանադռները
ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐԵԱՆ
քգթ, դոցենտ,
«Ճենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրէն
Ազգային շահի «կենսական» եւ «կարեւոր» բաղադրիչները
Զ. Պժեզինսքու գրեթէ երեք տասնամեակ առաջ գրած «Շախմատային մեծ խաղատախտակ» գիտական աշխատութիւնն այսօր կարող է թուալ մարգարէութիւն, թէեւ մասնագիտական շրջանակների համար արեւելեան Եւրոպայում` Ռուսաստանի հետ սահմանին տեղի ունեցածն ակներեւ ու կանխատեսելի էր յետպաղպատերազմեան առաջին տասնամեակում: ՕԹԱՆ-ի ընդլայնումը դէպի արեւելք ձեւաւորել է առարկայական բարդոյթ` յետվարշաւեան աշխարհաքաղաքական իրողութիւնների հետ չհամակերպուող եւ անվտանգային սեփական տեսլականն ունեցող Մոսկուայի մօտ: Ռուսաստանի անվտանգային մտահոգութիւնները չեն խմբագրում ԱՄՆ-ի եւրասիական առաջնահերթութիւնները: ԱՄՆ-ը բովանդակային ակնկալիք չունի Եւրասիայի երկրներից, որոնք ո՛չ տնտեսական, ո՛չ այլ բաղադրիչների առումով յաւելեալ արժէք չեն ստեղծում իր համար: Եւրասիան Ուաշինկթընի համար լոկ տարածք է` չէզոքացնելու ռուսական ռազմաքաղաքական ու անվտանգային գործօնը: Նոյնն է Մերձաւոր Արեւելքի, Միջին Ասիայի, Ծոցի երկրների դէպքում:
Ռուսական անվտանգային համաստեղութիւնում յայտնուած պետութիւնները չեն տարբերւում ամերիկեանի ծիրում յայտնուած բախտակիցներից: Եթէ Միացեալ Նահանգների հետ «քայլող» պետութիւններն ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ կարող են ունենալ յաջողութեան պատմութիւն, ուժեղի հետ «քայլածի» պատկեր, հնարաւոր ներդրումներ ու առաւելութիւններ, ապա ռուսական քայլին մասնակից պետութիւններին բաժին է հասնում կառավարման կենտրոնաձիգ ձեւ, ժողովրդավարական ռեւերս, թոյլ տնտեսութիւն, նուազ բարեկեցութիւն, բայց` քիչ թէ շատ պիտանի սպառազինութիւն:
Երկու բեւեռների համար էլ առաջնային չեն կարող լինել «փոքրերի» հետ բովանդակային դաշնակցային յարաբերութիւնների հաստատումը, որոնք յենւում են ազգային հիմնական շահերի գիտակցման ու յարգման վրայ: Այստեղից էլ առաջանում է խզում:
Միջազգային յարաբերութիւնների տեսութեան հիմնական երեք դպրոցների` իրապաշտների, ազատականների եւ կառուցողականների պայքարում ակամայից «յաղթում է» իրապաշտների հիմնարար մօտեցումը` միջազգային յարաբերութիւնների համակարգն ազգ-պետութիւնների անխնայ մրցակցութիւն է: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պայքարը խմբագրել է միջազգային իրաւունքի ոչ ծանրքաշային իրաւատէրերի, կողմնորոշուած ու դեռ չկողմնորոշուած իրաւատէրերի ընկալումները պետական շահի հարցում:
Իրապաշտների համար կայ շահի երկու ընկալում` կենսական ու կարեւոր: Կենսական շահ է` պետութեան տարածքային ամբողջութիւնը, գերիշխանութիւնը, իշխանութեան կենտրոնացուածութիւնը, անկախութիւնը, քաղաքացու ֆիզիքական ու մտաւոր ապահովութիւնը, կարեւոր շահ է` զարգացումը, արտաքին իրաւատէրի հետ, բանակցութեան միջոցով ձեռք բերուած տնտեսական ու անվտանգային առաւելութիւնները: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար յայտարագրային նշանակութիւն ունի «փոքրերի» կենսական շահը, «կարեւորի» մասին համախոհութիւնն էլ սովորաբար կայանում է «կենսականի» հաշուին:
Մոսկուա-Ուաշինկթըն երկխօսութիւն. Պաշարների պատերազմ
ԱՄՆ-ն վերանայել է աշխարհում իր անվտանգային ռազմավարութիւնը` դատարկութիւնը լրացնելու փոխարէն առաջացնելով անվտանգային փլուզում: Այդպէս եղաւ Մերձաւոր Արեւելքում` Իրաքում, ինչպէս նաեւ` Աֆղանստանում: Դա աննպատակ ու չհաշուարկուած քաղաքականութիւն չէր, այլ ծուղակ` ռուսական իշխող ներկայութիւնն արտաքուստ ապահովելու եւ իր համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելու, երրորդ երկրների միջոցով անուղղակի պատերազմ մղելու, որտեղ աւելի շատ իրար դէմ կը կռուեն պաշարներն ու տնտեսութիւնը, քան` սպառազինութիւնը: Մոսկուայում գիտակցում ու հաւասարաչափ հաշուարկում են, հակակշռում: Ռուսաստանն անվտանգային դատարկութիւն լրացնելու խնդիր չունի, բայց ունի միջնաժամկէտ ու երկարաժամկէտ առումներով այն պահելու, պաշար ներարկելու եւ սպասարկելու խնդիր: Թէ՛ Ուաշինկթընը, թէ՛ Մոսկուան «անվտանգային փաթրոլի» կամ ոստիկանի դերը վստահում են համագործակցողներին, այն ուժերին, որոնք անցած մէկ դարում, յատկապէս` երկբեւեռ աշխարհի անվտանգային-հետախուզական պատերազմի յիսուն տարում, եղել են իրենց գործակալները, դաշնակիցները, թշնամիները եւ լաւ են ճանաչում միմեանց: Սրացումներն ու միմեանց ռազմաքաղաքական զարկերակն ստուգելու համար երկու մայրաքաղաքները, տասնամեակը մէկ, երկու-երեք դադար են վերցնում` բանակցութիւնների տեսքով եւ փորձում են խօսել, շահերի գօտիները բաժանել:
Մոսկուա-Ուաշինկթըն երկխօսութիւնն, անկախ արդիւնքից, սպառնում է Ռուսաստանի սահմաններին եւ ռազմավարական շահերի գօտիներում գտնուող պետութիւնների ինքնիշխանութեանն ու կայունութեանը: Սա մարտահրաւէր է` պետութիւնների կենսական շահերի ու աշխարհաքաղաքական հրամայականների համագոյակցութեանը: ԱՄՆ-ի համար Ուքրանիան շարունակում է մնալ ցատկահարթակ հակառուսաստանեան եւ հեռանկարում` հակաչինաստանեան գործողութիւնների իրականացման համար: Սա ակամայից միաւորում է Փեքինին ու Մոսկուային` որդեգրել հակաամերիկեան դիրքորոշում: Մեր տարածաշրջանում նրանց պարբերաբար միանում է Թուրքիան, որը երկու տասնամեակ փորձում է ռազմավարական խորութիւն հաղորդել թուրքական դիմադրողական օճախներին` Միջին Ասիայից մինչեւ Պալքաններ ու Մերձաւոր Արեւելք: Աշխարհաքաղաքական մակընթացութիւնների արանքում Անգարան կարողանում է շարժման մէջ դնել դիւանագիտական միտք ու պաշար եւ շահեկան դիրքում յայտնուել Արեւմուտք-Ռուսաստան հակասութիւնների ժամանակահատուածում, այդ արդիւնքն էլ հաւասարաչափ գործածել` մէկ ՕԹԱՆ-ական հակառուսական, մէկ` հակաարեւմտեան երանգաւորումներով` մերձաւորարեւելեան փախստականների խաղաքարտն օգտագործելուց մինչեւ Ղրիմում, սիրիական Իտլիպում թուրքական հակաքրտական, հակառուսական, հակաիրանական գործօնի աշխուժացումն ու համակարգուած գործողութիւնների իրականացումը:
Մերձաւոր Արեւելք. Ամերիկեան անաքոնտայի բնական ելակէտը
Տոմինոյի ազդեցութեամբ` աշխարհում միանգամից մի քանի տարածաշրջան ենթարկւում է աշխարհաքաղաքական թեքթոնային շարժի: Ի պատասխան Եւրասիական տարածաշրջանում եւ Միջին Ասիայում ռուսական ռազմաքաղաքական ու անվտանգային դիրքերի ամրապնդման գործուն ու առայժմ արդիւնաւէտ փորձերի` ԱՄՆ-ն ձեռնարկում է արգելակող եւ հակազդող միջոցառումներ, որոնք արտացոլւում են հիմնականում Մեծ Մերձաւոր Արեւելքում, յատկապէս` Ծոցի երկրներում եւ Միջերկրականի ափին: Քաղաքական սիւննիզմի ուժանիւթային հնգեակը` Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Քաթար, Պահրէյն, Սէուտական Արաբիա, Քուէյթ`
- Հարուստ են նաւթակազային պաշարներով,
- Վերահսկում են պաշարների տարանցման ծովային դռները` նեղուցները,
- Շահաւէտ շուկայ են ամերիկեան սպառազինութեան համար,
- Տարիներ շարունակ համակարգուած եւ առանձին դիրքաւորուել են հակաիրանական ճամբարում,
- Լիբանանում, Եմէնում եւ Իրաքում ազդեցիկ զսպաշապիկ են քաղաքական շիիզմի համար,
- Դէպի Միջին եւ կենտրոն-ասիական պետութիւններ ամերիկեան ռազմաքաղաքական, տնտեսական ու անվտանգային ազդեցութեան «միջնաբերդն» են,
- Փորձում են հարստացնել ռազմական կործանիչների տեսականին` ամերիկեանին զուգահեռ օդուժը համալրելով ռուսական կործանիչներով,
- Կարող են հակակշռել ու այլընտրանք հանդիսանալ միջին եւ կենտրոն-ասիական վառելիքին` դէպի Եւրոպա ճանապարհին:
Սիրիայում պատերազմի բռնկման պատճառներից մէկն էլ քաթարական նաւթը` Սէուտական Արաբիայով, Յորդանանով, Սիրիայով դէպի Միջերկրական հասցնելն էր, այնտեղից էլ` Եւրոպա: Արեւմուտքի ուղեղային կենտրոնները վաղուց զգուշացրել էին, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ եւ դիտորդի կարգավիճակով հետեւել միջինասիական ուժանիւթային պաշարների անարգել տարանցմանը: Միջերկրականում ուժանիւթային քարտէսի փոփոխութիւնը դրդեց Ռուսաստանին` միջամտել սիրիական հակամարտութեանն ու վերականգնել խորհրդային երբեմնի դերակատարումը տարածաշրջանի մի շարք երկրներում, անկախ փաստից` 2014 թ.-ին ինչպիսի՛ հակառուսաստանեան դիրքորոշում ունէր միջազգային հանրութիւնը Ղրիմի ճգնաժամի հարցում:
Կարեւոր է նաեւ հասկանալ Լիբանանի ներքաղաքական երկարատեւ անկայունութեան հիմնաքարային պատճառներն ու քաղաքական սիւննիզմի ամենամեծ խմբաւորման` Հարիրիների ընտանիքի գործունէութեան ժամանակաւոր առկախման միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ պատճառները: Այս ընտանիքը յետթաէֆեան (1989 թ. Սէուտական Արաբիայի Թաէֆ քաղաքում կնքուած պայմանագիր, որով վերջ տրուեց Լիբանանի արիւնալի 15-ամեայ քաղաքացիական պատերազմին) Լիբանանի ամենաաշխուժ քաղաքական դերակատարներից է, որն իր ձեռքը վերցրեց երկրի տնտեսական մեծ դրամագլուխը, դրամատները, մամուլն ու դարձաւ սիւննիական համայնքի անվիճելի առաջատարը: Հարիրիների ընտանիքը մօտ մէկ տասնեակ անգամ զբաղեցրել է խորհրդարանական այդ երկրի վարչապետի պաշտօնը: Լիբանանում խոր անկայունութեան գլխաւոր պատճառը Հարիրիների «Մուսթաքպալ» («Ապագայ») քաղաքական հոսանքի եւ Իրանի ներկայացուցիչ, շիական Հըզպալլայի միջեւ անհամաձայնութիւնն է երկրի ինքնիշխանութեան բաղադրիչների նուիրապետական դասաւորուածութեան, ինչպէս նաեւ՝ զէնք կրելու մենաշնորք իրաւունքի պատկանելիութեան հարցում: Հարիրիների ընտանիքն օրկանական ու ազգակցական կապ ունի Սէուտական Արաբիայի թագաւորական տոհմի հետ, չհաշուած` ֆինանսական ու ներդրումային ահռելի հոսքերը, փոխադարձ շահերը: Հարիրիները մի քանի անգամ հերթապահեցին իշխանութիւնում ու այժմ անժամկէտ հեռանում են քաղաքական դաշտից, իսկ ախոյեան Հըզպալլան շարունակում է ընդլայնել քաղաքական ազդեցութիւնը կառավարման ճգնաժամերից հիւծուած ու սնանկացման եզրին յայտնուած այս պետութիւնում:
ԱՄՆ-ի ու Իսրայէլի գերնպատակն է չէզոքացնել Հըզպալլան ու նրան պահել խոշորացոյցի տակ: ԱՄՆ-Իրան միջուկային բանակցութիւնների յաջողութեան գրաւականներից մէկն էլ կարող է լինել Թեհրանի դիրքերի թուլացումը Լիբանանում` Իսրայէլի հիւսիսային հարեւանի տարածքում, եթէ, ի հարկէ, Թեհրանում պատրաստ չեն ե՛ւս մէկ անգամ համակերպուել Ղասեմ Սուլէյմանիի նման արհեստավարժ զինուորական մարդուժի կորստին: Իրանը Լիբանանում իր գերիշխող դիրքերը թուլացնելու ազդանշան արդէն իսկ ուղարկել է 2019-ին, երբ Հըզպալլա մի քանի թրաֆարեթային բողոքարկումներից եւ մերժումներից յետոյ ընդունեց Պէյրութի եւ Թել Աւիւի միջեւ Միջերկրական ծովում կազային պաշարների վերաբաշխման վերաբերեալ Լիբանանին հասանելիք չափաբաժնի առարկայականութիւնը:
ԵՄ-ն` հակառուսաստանեան պաշարի սալի եւ Մոսկուայի «վախի որոշիչ» միջակայքում
Ուքրանիայի հարցում Ռուսաստանն առայժմ Եւրոպայից ստացաւ այն, ինչ իրեն անհրաժեշտ էր: Ռազմական դիւանագիտութեան համարձակ համադրումներով Մոսկուան ցոյց տուեց, որ Ուքրանիայի վրայ յարձակուելու գործողութիւնների համալիրն ընդամէնը ցուցադրական հանդէս էր, սեփական զօրքերի շարժն էլ ինքնիշխան պետութեան տարածքում` լոկ կանխարգելող միջոցառում: Արդիւնքը եղաւ այն, որ Ռուսաստանն իր «վախի որոշիչով» ստուգեց Եւրոպայի անվտանգային զգօնութիւնն ու զարկերակը, համոզեց Եւրոպային (բացառութեամբ ԵՄ վայրաշարժ, Ռուսաստանի «կազային գործընկեր» Գերմանիայի, որն ի սկզբանէ յայտարարեց հակառուսական դաշինքին չմիանալու դիրքորոշման մասին) չտրուել «ամերիկեան սադրանքներին», այլապէս կը զրկուեն կապոյտ վառելիքի հոսքից, առանց որի` Հին աշխարհամասը կը յայտնուի ճգնաժամի ճիրաններում:
Խնդիրը, սակայն, այսքանով չի աւարտւում: Ուաշինկթընը չի հրաժարւում հրահրել ու սադրել Ռուսաստանին, որպէսզի «ռուսական արջը» դիմի ռազմական գործողութիւնների, ինչն էլ կ՛ազատի Միացեալ Նահանգների ձեռքերը, հնարաւորութիւն կը տայ նրան զօրաշարժի ենթարկել Եւրոպայի արեւելքում հակառուսաստանեան միջոցները, խստացնել պատժամիջոցները, մեկուսացնել Ռուսաստանն ու նրան ներկայացնել որպէս` արտադրական հզօրութիւնից ու տնտեսական այլընտրանքայնացումից զուրկ, ամբողջատիրական ու «ձախողուած» պետութեան (Failed state) օրինակ, ինչն էլ աւելի կը դժուարացնի անվտանգային անկարողանակութեան մատնուած, Արեւմուտք-Ռուսաստան պայքարում կողմնորոշուել փորձող պետութիւնների ու միջազգային իրաւունքի կիսաիրաւատէրերի դիրքորոշումը: ԱՄՆ-ն այս ընթացքում, դիւանագիտական ու լոպիստական զինանոցի նախայարձակ միջամտութեամբ, փորձելու է վերակենդանացնել տարածաշրջանում երբեմնի շահերի խմբերը, ճնշել ԵՄ-ի եւ ՕԹԱՆ-ի անդամ պետութիւններին` ընդունել սթաթիւս քուոն փոխելու մարտավարութիւնը, փոխարէնն առաջարկելու է հեղինակութեան ու միջազգային կարգավիճակի բարելաւում, ներդրումներ ապահովող ուղեղային կենտրոնների տպաւորիչ ցուցանիշներ ու զեկոյցներ, տնտեսական ենթակառուցուածքները փլուզումից փրկելու ուժանիւթային այլընտրանք:
Սիւնիք. Ռուսաստանի` «Հարաւկովկասեան «Ինճիրլիքը»
Տարածաշրջանը կարծես վերադարձել է քիսինճերեան Մագոգային դիւանագիտութեան դարաշրջան, եւ Ուաշինկթընը փորձում է զօրաշարժի ենթարկել հակառուսական աշխարհատնտեսական ու քաղաքական օճախներն այս տարածաշրջանում: Ուաշինկթըն-Թեհրան միջուկային բանակցութիւնները յոյս են ներշնչում Իրանի նկատմամբ տնտեսական ու ֆինանսական ամպարկոյի աստիճանական վերացման եւ Թեհրանի ինքնակամ (կամ` պարտադրուած) միջուկային «զսպուածութեան»: Ռուսաստանն ունի Իրանի միջազգային ու տարածաշրջանային ինքնուրոյնութեանը հակակշռող մեքանիզմներ, որոնցից մէկը Սիրիայում է (Մոսկուային յաջողուեց նուազեցնել Իրանի դերը քաղաքական եւ անվտանգային որոշումների ընդունման սիրիական կենտրոններում` նախագահական պալատում եւ ռազմական գործողութիւնների համակարգող կենտրոնում), միւսը` Սիւնիքում:
Հայաստանը փորձելու է կարգաւորել Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնները, բացել սահմանները: Արցախի վերջին պատերազմում պարտութիւն կրած Հայաստանի իշխանութիւնը, որը երեք տարում մսխեց հաշուարկուած ու համակարգուած դիւանագիտական քայլերով թուրքական ծանրակշիռ գործօնի ազդեցութեան տակ չյայտնուելու հնարաւոր պաշարը, պատերազմից յետոյ Սիւնիքով տարանցիկ ճանապարհ է տրամադրելու Թուրքիային` հասնելու մինչեւ Միջին Ասիա: Թուրքիան կառուցում է Պոլսի ջրանցքը, որն այլընտրանք կը հանդիսանայ Մոնթրոյի յայտնի պայմանագրին եւ դրանով կը կարողանայ Վոսփորի եւ Տարտանելի նեղուցներով անցնելու հարցը թանկ վաճառել Ռուսաստանի վրայ: Սիւնիքում ռուսական անվտանգային գործօնի ուժեղացումը կը զսպի Սեւ ծովում Թուրքիայի քաղաքական միջնաժամկէտ եւ հեռահար նպատակները: Իրանն այս համայնապատկերում կարող է յայտնուել շահեկան դիրքում` թիւրքիզմով արդիականացուած քաղաքական սիւննիզմն իր հիւսիսում կը հանդիպի ռուսական տէ ֆաքթօ եւ տէ ժիւրէ գործօնին:
«Արաբական գարնանից» մէկ տասնամեակ անց Մոսկուան ակնյայտօրէն եւ գործնական քայլերով ապացուցեց, որ կը հակակշռի` կասպեան ուժանիւթային պաշարների տարանցմանը` գործածելով անվտանգային արձագանգման իր ամբողջ զինանոցը: 2020 թ. Արցախում ծաւալուած պատերազմից յետոյ ռուսական ռազմաքաղաքական ու անվտանգային կեդրոնացումը ապացուցում է, որ Մերձաւոր Արեւելքից մինչեւ Ռուսաստան` Մոսկուային անհրաժեշտ է «հարաւկովկասեան Ինճիրլիք», որը միաժամանակ հսկողութիւն կը սահմանի ոչ միայն հակամարտող Հայաստանի ու Ազրպէյճանի, այլեւ` տարածաշրջանային «Կիւլիվերների» Թուրքիայի եւ Իրանի նկատմամբ: Վերջերս Ղազախստանում տեղի ունեցած դէպքերից յետոյ ե՛ւս մէկ անգամ համոզուեցինք, որ ռուսական գործօնը չի պատրաստւում գերիշխող դիրքերը զիջել նաեւ Միջին Ասիայում: Եւ սա` անկախ փաստից, թէ Արեւմուտքն ինչպէս կ՛օգտագործի Թուրքիային եւ կը վստահի՞ արդեօք նրան «ոստիկանի» դերը Աֆղանստանում, կամ կը բորբոքի՞ հակառուսական չխամրած օճախները Ուքրանիայում: