Ադրբեջանը չի հրաժարուել իր նենգ ծրագրերից․ Արցախի ԱԱԾ

2020 թուականի 44-օրեայ պատերազմը աննկարագրելի արհաւիրք էր Արցախի Հանրապետութեան քաղաքացիների համար, ու թէև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ ակտիւ ռազմական գործողութիւնները դադարեցուել են, այդուհանդերձ Ադրբեջանը չի հրաժարուել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի Հանրապետութեան խաղաղ բնակչութեանն ահաբեկելուն, արցախցիների մէջ պլանաւորուած խուճապ ձևաւորելուն և այն պահպանելուն ուղղուած քայլերը:Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետութեան Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնից։

2020թ. նոյեմբերի 9-ից յետոյ ադրբեջանի յատուկ ծառայութիւնները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարաւորութիւնների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դաւադիր գործընթացների մէջ ներգրաւելուն ուղղուած գործողութիւնների կազմակերպմանն ու իրագործմանը:

Յատկանշական է, որ այդ մեթոդներն ու հնարքները պարբերաբար փոփոխւում, կատարելագործւում են: Սկզբում հայկական համացանցային տիրույթից պատճենուել են Ստեփանակերտի ու Արցախի Հանրապետութեան հանրաճանաչ այլ վայրերից տեսարաններ և ադրբեջաներեն տեքստերի ուղեկցութեամբ վերահրապարակուել՝ այդ կերպ արցախցիների մօտ փորձելով ձևաւորել անպաշտպանութեան զգացողութիւն և ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետութեան տարածք ազատօրէն ներթափանցելու տպաւորութիւն: Արցախի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից այդ տեսանիւթերի կեղծ ու բեմականացուած լինելը բացայայտելուց յետոյ կատարուել է հանրային գիտակցութեան վրայ ներազդելու մեթոդի փոփոխութիւն և նորացում:

Ամենատարբեր միջոցներով շահագրգռելու և տարբեր պատճառաբանութիւններով համոզելու եղանակով սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերից ձեռք են բերուել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի, «Մենք ենք մեր սարերը» յուշարձանի և այլ վայրերի լուսանկարներ կամ նոյն վայրերում կատարուած տեսանկարահանման արդիւնքներ և կրկին ադրբեջաներեն խօսակցութեան ուղեկցմամբ հրապարակուել: Արցախի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից այդօրինակ դէպքերը բացայայտելուց և դրանց ծագման աղբիւրները մերկացնելուց յետոյ ադրբեջանական յատուկ ծառայութիւնները կրկին վերափոխել են գործողութիւնների բնոյթը: Այս անգամ որպէս թիրախ սկսել են ընտրուել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև զինծառայողները, որոնց հետ Ֆեյսբուք, Վկոնտակտէ, Թելեգրամ և սոցիալական այլ ցանցերում բացուած կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփուելուց և կապ ձևաւորելուց յետոյ ձեռք են բերուել անձնական տուեալներ՝ անձնագրի, զինուորական գրքոյկի լուսանկարներ, վարել ինտիմ բնոյթի ու անպարկեշտ արտայայտութիւններ պարունակող գրագրութիւն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից յետոյ դրանք հրապարակելու սպառնալիքի գործադրմամբ մեր քաղաքացուն դարձրել սեփական պահանջները բաւարարելու գործիք:

Անձնական տուեալների և պատիւն ու արժանապատուութիւնը նուաստացնող տեղեկութիւնների հրապարակման վտանգի ռիսկով շղթայուած անձանցից հետագայում փորձ է արուել ստանալ Արցախի Հանրապետութեան տարբեր վայրերի լուսանկարներ, զօրամասերի տեղակայման վայրերի, սպառազինութեան մէջ մտնող զէնքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերեալ տեղեկութիւններ:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.