Փաշինեան-Ալիև-Էրդողան եռեակը փորձում է կտրել Հայաստան-Սփիւռք կենսական զարկերակը. ադրբեջանագէտ

 

 

Ալիևը երբեք չի թաքցրել իր ագրեսիւ նկրտումները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, պարզապէս մինչև 2018թ. ունեցել ենք հզօր տեղեկատուական պատնէշ, որը թոյլ չէր տալիս, այդ սպառնալիքների ներթափանցումը Հայաստանի տեղեկատուական դաշտ. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբեկեանը` անդրադառնալով Ալիևի վերջին ասուլիսում հնչած մտքերին, թէ՝ իրենք երբեք թոյլ չեն տայ, որ հայկական ֆաշիզմը գլուխ բարձրացնի այս տարածաշրջանում, թոյլ չեն տայ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնայ Ադրբեջանի համար։

«Ալիևի հռետորաբանութիւնը նոյնն է, ոչինչ չի փոխուել, սակայն փոխուել է հասցէատէրը։ Առաջ Ալիևի  անհեթեթ յայտարարութիւնները  ներքին լսարանին էին ուղղուած: Այն ժամանակ հայկական կողմը շատ շուտ հակադարձում էր, և Ալիևը չէր շահարկում այդ սպառնալիքները, բայց այսօր պատնէշներ չկան, և Ալիևն այժմ էլ փորձում է ազդել մեր հասարակութեան վրայ՝ պարտադելով` չփորձել անգամ հակադարձել իր յայտարարութիւններին, ոտքի կանգել, ուժ հաւաքել։ Ալիևը վախեր ունի. վախերից մէկը այն է, որ  Հայաստանը վաղ թէ ուշ ոտքի կը կանգնի, կ’ուժեղանայ, և այս իրավիճակը կ’աշխատի իր  դէմ»,- ասաց փորձագէտը։

Ա. Ադիբեկեանի կարծիքով`Ալիևը, գտնուելով ձիու վրայ, փորձում է ամենայն հայոց առաջնորդի դերը ստանձնել և ասել` Հայաստանին հարկաւոր չէ բանակ, պէտք չէ տնտեսութիւն, մենք ամէն ինչ կանենք, բայց Հայաստանը պէտք է անի այն, ինչ ուզում ենք։

«Փաշինեանը Ալիևի երազած վարչապետն է, որը վախից,  տգիտութիւնից, այն «դուխից», որով եկաւ իշխանութեան, այդ ամէն ինչի պակասից ցանկացած քայլի  պատրաստ է, միայն թէ Ալիևը սպառնալիքներ չհնչեցնի։ Իսկ ինչ վերաբերում է «Հայաստանի հովանաւորներին», ապա նա ոչ թէ Ռուսաստանին նկատի ունէր, այլ Սփիւռքին։ Ալիևի աշխարհընկալման մէջ Արցախեան հակամարտութիւնը և, այսպէս կոչուած, Հայաստանի «ագրեսիւ» դիրքորոշումը  միշտ պահպանւում էր Սփիւռքի ֆինանսաւորմամբ և թելադրանքով։ Փաշինեանի միջնորդութեամբ` նրանք փորձում են Հայաստան-Սփիւռք կապը խզել։  Թուրքիան էլ է անհանգստացած Սփիւռքի առկայութիւնից, քանի որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման պահանջատէրը Սփիւռքահայութիւնն է։ Ուշադրութիւն դարձրէք` քանի՞  երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը մինչև անկախ Հայաստանի ձևաւորումը, անկախ Հայաստանի ձևաւորումից յետոյ և Փաշինեանի օրոք։ Ակնյայտ է` Հայաստան-Սփիւռք կապը որքան խոցելի է դարձնում Թուրքիային և Ադրբեջանին։ Փաշինեան-Ալիև-Էրդողան եռեակը փորձում է կտրել Հայաստան-Սփիւռք կենսական զարկերակը»,- ասաց փորձագէտը։

Բաքուի բռնապետն անթաքոյց անհանգստացած է Ռոբերտ Քոչարեանի և Սերժ Սարգսեանի քաղաքական ակտիւացումից և իր ասուլիսներում չի էլ կարողանում թաքցնել իր վախը երկրորդ և երրորդ նախագահներից։ Արմինէ Ադիբեկեանը բացատրում է՝ Ռ.Քոչարեանը և Ս.Սարգսեանը տասնամեակներով ծնկած  են պահել Ալիևին, իսկ հիմա Ալիևն է Փաշինեանին սեղմած պահում, և ոչ միայն Փաշինեանին, այլև ամբողջ Հայաստանը։

«Ալիևը նախկին հարցազրոյցներում ասում էր, որ ինքը յաղթել է Քոչարեանին և Սարգսեանին, քանի որ Փաշինեանը Ալիևի համար բացարձակապէս ոչնչութիւն է։ Ալիևի համար շատ կարևոր էր, որ ինքը «ծնկի է բերել» Ռ. Քոչարեանին և Ս. Սարգսեանին, այս ամէնն էլ արւում էր Քոչարեանի և Սարգսեանի լռութեան ֆոնին։ Հիմա Քոչարեանը և Սարգսեանը ակտիւացել են, և, բնական է, արթնացրել են Ալիևի բնազդները և վախերը. նա հասկանում է` մի բան է խօսելը,  մի բան է այդ խօսքն ապացուցելը։ Ալիևը չի կարող գործով ապացուցել, թէ կարող է յաղթել այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրեն նուաստացրել են։ Ալիևը վախենում է, քանի որ մեծ հեղինակութիւն է ձեռք բերել երկրի ներսում, և եթէ Հայաստանին յաջողուի կտրել Թուրքիա-Ադրբեջան կապը, Ալիևը շատ արագ կը կորցնի այն նուաճումները, որոնցով ինքը իրեն  մարդ է զգում»,- նշեց բանախօսը։

Անդրադառնալով Ս. Սարգսեանի՝ օրեր առաջուայ ծաւալուն հարցազրոյցին՝ փորձագէտը ասաց, որ այն ուղղուած էր բոլորին, բայց, միևնոյն ժամանակ, ոչ ոքի։

«Ս. Սարգսեանը պատկերն էր ներկայացնում։ Սարգսեանը չի պատրաստւում ռևանշ անել, քանի որ Հայաստանն այսօր  չունի այն ռեսուրսը, որով կը կարողանայ պատերազմ սկսել։ Բայց եթէ մենք ունենք նպատակ, ապա կարող ենք այդ նպատակին հասնել։ Ալիևը  անհանգստացած է, որովհետև հասկանում է, թե որքան փխրուն են իր դիրքերը։ Ալիևից ուժեղ խաղացողների կողմից ցանկացած ակտիւացում Ալիևի մօտ հիստերիկ նոպաներ են առաջացնում, ինչին յաջորդում են նրա ասուլիսները, որտեղ սկսում է բռունցք թափ տալ և սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցէին»,- եզրափակեց Արմինէ Ադիբեկեանը։

 

Լենա Կարապետեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.