«Արցախի կորուստը կը նշանակի հայոց պետականութեան կորուստ». Դաւիթ Բաբայեան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանն արցախեան բանակցային գործընթացի վերաբերեալ հարցազրոյցի ընթացքում ընդգծեց՝ եկել է, որպէսզի նորից յայտարարի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Երրորդ նախագահը վստահ է, որ չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դրա համար դեռևս կան հնարաւորութիւններ:
Արդեօ՞ք Արցախում էլ են տեսնում այն հնարաւորութիւնները, որոնք տեսնում է Սերժ Սարգսեանը:
Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ Արցախը ֆիզիկապէս շատ ծանր վիրաւոր է, և ապաքինուելու համար անսասան հաւատք և կամք է հարկաւոր.
«Այդ ժամանակ մենք ի վիճակի կը լինենք ապաքինուել: Նոյնիսկ ամենաբարդ իրավիճակից կարելի է դուրս գալ, եթէ ունես կամք և հաւատք և, իհարկէ, ճիշտ աշխատանքի կազմակերպում»:
Դաւիթ Բաբայեանի գնահատմամբ՝ միասնական լինելու, հոգով-մտքով մաքուր լինելու և ճիշտ աշխատանք կազմակերպելու դէպքում հնարաւոր է հասնել մեծամեծ յաջողութիւնների.
«Դիակին որևէ մէկը չի կարող վերակենդանացնել, դրա համար պէտք է այնպէս անել, որ նոյնիսկ ամենածանր ֆիզիկական վիրաւոր վիճակում՝ ունենալով արդար միտք, մաքուր ոգի, հայրենասիրութիւն, անսասան կամք… և դա լոկ խօսքեր չեն, դա այն փափուկ ուժն է, որ թոյլ է տալիս ճիշտ օգտագործման դէպքում դարձնել կոշտ ուժի բաղադրիչ: Պէտք է բոլորս իսկապէս կարողանանք այս ծանր վիճակից դուրս գալ, որովհետև Արցախի կորուստը կը նշանակի հայոց պետականութեան կորուստ»:
Հարցազրոյցի ընթացքում Սերժ Սարգսեանը նկատել էր, որ նոյն համանախագահները, նոյնիսկ կործանարար պատերազմից յետոյ, խօսում էին հիմնարար սկզբունքների մասին: Իսկ դիտարկմանը, թէ շատ վաղուց արդէն չեն խօսել, Երրորդ նախագահն արձագանքել էր. «Շատ վաղուց չեն խօսել, որովհետև դրա մասին խօսող չկայ: Դուք լսե՞լ էք Հայաստանի պաշտօնատար անձերից շատ յստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապէս, Ղարաբաղի խնդիրը»:
Դաւիթ Բաբայեանը վերոնշեալի առնչութեամբ նշեց. «Արցախը պէտք է լինի սրբութիւն՝ հայութեան համար, դրա համար յատկապէս՝ Արցախից պէտք է լինի համապատասխան քաղաքականութիւն: Ես չեմ ուզում մտնել ներքաղաքական քննարկումների մէջ, որովհետև ոչ թէ չունեմ իմ կարծիքը, ոչ թէ որևէ մէկից վախենում եմ․․․ ո՛չ, այդպիսի բան չկայ, բայց Արցախը պէտք է լինի սրբութիւն, և պէտք է այնպէս անենք, որ նոյնիսկ հնարաւորութիւն չտանք որևէ մէկին թէկուզ փոքր քար նետել Արցախի ուղղութեամբ: Ինչ վերաբերում է համանախագահներին, ապա բոլորն էլ ասում են, որ արցախաադրբեջանական հակամարտութիւնը կարգաւորուած չէ, իսկ դրա կարգաւորման համար կան համապատասխան սկզբունքներ: Այդ սկզբունքներից մէկը և ամենակարևորն ազգերի ինքնորոշման իրաւունքն է: Արցախը բազմիցս ինքնորոշուել է՝ 1988թ., 1991թ.՝ հռչակելով Արցախի Հանրապետութիւնը, 1991թ. դեկտեմբերի 10-ին առաջին հանրաքուէով, այնուհետև տեղի ունեցան այլ հանրաքուէներ՝ սահմանադրական և այլն, հետևաբար՝ մենք վաղուց ենք ինքնորոշուել, և դա անքակտելի իրաւունք է: Որևէ մէկը, առաւել ևս՝ միջազգային ասպարէզում, չի կարող այդ իրաւունքը չեղարկել: Հետևաբար՝ քանի մենք կանք, ունենք կամք, և մեր հաւատքն անսասան է, մենք մեր իրաւունքին տէր պէտք է կանգնենք»:
Դաւիթ Բաբայեանը յաւելեց, որ ուշի-ուշով հետևում են ՀՀ ներքաղաքական զարգացումներին. «Բայց Արցախը պէտք է լինի վեր բոլոր ներքաղաքական զարգացումներից: Ժողովրդավարական երկրում ամէն հարց էլ պէտք է քննարկուի, իւրաքանչիւրն իր տեսակէտները արտայայտելու հնարաւորութիւն պէտք է ունենայ: Ինչ վերաբերում է տարբեր հարցազրոյցներին՝ նայում ենք, տարբեր հարցեր կան, որոնք աւելի ուշադիր ենք լսում»:
168.am