Աւելի Նիկոլ, քան Ն. Փաշինեանն է, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գտնի. քաղաքագէտ

Եթէ ռուսական կողմը պարտութիւն կրեց ուկրաինական ճակատում, ապա  այդ պարտութիւնը անմիջականօրէն անդրադառնալու է Հայաստանի վրայ. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Բենիամին Մաթևոսեանը՝ անդրադառնալով Ռուսաստան-Արևմուտք հնարաւոր ռազմական բախմանը:

Ինչպիսի՞ դրսևորում կ’ունենայ նշեալ բախումը Այսրկովկասում։ Քաղաքագէտի կարծիքը հետևեալն է. «Եթէ ռուսական կողմը պարտութիւն կրեց, ապա, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքը» կ’անցնի թուրքական կողմին։ Սա չափազանց վտանգաւոր իրավիճակ է. մեզ համար աւելի դրական կը լինի, եթէ բախում չլինի։ Եթէ Ռուսաստանը պարտուի, արդիւնքում կը ստանանք թուլացած Ռուսաստան, կստեղծուի իրավիճակ, երբ Թուրքիայի գործընկեր Արևմուտքը կը կարողանայ Ռուսաստանին պարտադրել իր քաղաքական կամքը, իսկ դա էլ անմիջականօրէն ազդելու է այս տարածաշրջանի վրայ։ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատն էլ ընդհանրապէս կը փլուզուի, և այստեղ ոչ միայն կոմունիկացիաների վերահսկման խնդիրն է լինելու, այլև Արցախում ռուս խաղաղապահների խնդիրն է բարձրաձայնուելու, ինչպէս նաև հայերի ֆիզիկական հայաթափման։  Հայաստանի երկու հանրապետութիւնների շահերից է բխում այն, որ Ռուսաստանը կարողանայ ոչ միայն մինիմալ կորուստներով դուրս գալ ուկրաինական ճգնաժամից, այլև կարողանայ Դոնբասի և Լուգանսկի վերաբերեալ Մինսկում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները կեանքի կոչել»,- ասաց քաղաքագէտը։

Ըստ Բենիամին Մաթևոսեանի` ռուսական կողմը ելնում է այն թեզից, ըստ որի՝ քանի դեռ ուկրաինական ճգնաժամը չի աւարտուել, իրենք ինչ-որ հանգուցալուծման չեն հասել, Ռուսաստանին պէտք չէ, որ այս տարածաշրջանում նոր պատերազմ լինի։

«Ռուսները հասկանում են, որ հայ-թուրքական յարաբերութիւններում վերջնանպատակն Անդրկովկասում ռուսական գործոնի իսպառ ոչնչացումն է. թուրքերը շահագրգռուած չեն ՀՀ-ի  հետ սահման բացելու հարցում, որպէսզի Բռնակոթ գիւղի Վաչիկը, որը ընտրել է Ն. Փաշինեանին, լաւ ապրի։ Թուրքիան շահագրգռուած է նրանով, որ ռուսական ներկայութիւնը վերացնեն թէ՛ ՀՀ-ից և թէ՛ Արցախից։ Ռուսաստանն ստեղծուած իրավիճակում փորձում է քաղել իր շահը, նոյն «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողութիւնը, ըստ ամենայնի, անցնելու է ռուսական կողմին։ Մենք պէտք է մի բան հասկանանք. այս գործընթացում հայկական կողմն ակտիւ ներգրաւուել է, քանի որ այստեղ կոնկրետ հաշուարկ կայ։ Իսկ հաշուարկը հետևեալն է` թէ՛ Ռուսաստանը և թէ՛ Արևմուտքը Հայաստանում կարող են մէկ այլ գործընկեր գտնել, որի հետ կարող են արդիւնաւէտ աշխատել։ Թուրքիան և Ադրբեջանը  միակ պետութիւններն են, որոնք Ն.Փաշինեանի հետ պատրաստ են աշխատել. աւելի Նիկոլ, քան Նիկոլ Փաշինեանն է, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գտնի։ Սրանից ելնելով է, որ Փաշինեանը, հասկանալով թէ՛ Թուրքիայի, թէ՛ Ադրբեջանի շահերը, փորձում է ինչ-որ ակտիւ գործընթացներ իրականացնել»,- ասաց բանախօսը։

Քաղաքագէտը հիշեցնում է` Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի գոյութիւնը Այսրկովկասում անընդունելի է։

«Եթէ այս երկու պետութիւնները հասնեն իրենց նպատակին, ապա յաջորդ քայլը լինելու է ոչ միայն ռուսական ռազմական ներկայութիւնը տարածաշրջանից դուրս մղելը, այլև հայկական պետականութիւնը ոչնչացնելը։ Եթէ Փաշինեանին թւում է, թե թուրքերն իրեն պահելու են, որ ինքը լաւ ապրի, Ռուսաստանից կարողանայ հեռանալ և այլն, ապա՝  ո՛չ, իրեն պահելու են այնքան ժամանակ, մինչև կարողանան իրեն էլ, Հայաստանն էլ ոչնչացնել»,- ասաց Բ. Մաթևոսեանը։

Անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ընդառաջ շրջանառուող այն լուրերին, թե հնարաւոր է ռուսական ռազմաբազան դուրս բերուի ՀՀ-ից, քաղաքագէտի կարծիքով, եթէ ռուսական ռազմաբազան դուրս բերուի ՀՀ-ից, ապա կը վերածվենք նոր Սիրիայի։

«Եթէ ռուսական ռազմաբազան այստեղ չլինէր, ապա հայկական պետականութիւնը ընդհանրապէս գոյութիւն չէր ունենայ։ Հէնց ռուսական բազան այստեղ չեղաւ, կ’ոչնչանայ այն միակ փրկօղակը, որը ներկայումս հայկական բանակի հետ մեզ թոյլ է տալիս չվերածուել Սիրիայի։ Ռուսական ռազմաբազան թոյլ է տալիս Հայաստանին չվերածուել Սիրիայի և թոյլ չի տալիս թուրքական զօրքերի մուտքը ՀՀ սուվերեն տարածք»,- եզրափակեց Բենիամին Մաթևոսեանը։

 

 

 

                                                                                 Լենա Կարապետեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.