Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ թիւեր
Ապագայ խոստացողները շարունակում են խօսել անցեալից, և նորից շարունակում են մանիպուլացնել և ակնյայտ ստեր տարածել: Իշխանական պատգամաւորներն այսօր ԱԺ նիստին մէկը մէկին հերթ չտալով որոշել էին խօսել նախկինում արտագաղթի մասին:
Տրամաբանութիւնն ու բարոյականութիւնը յուշում են, որ գուցէ փորձում են հասկանալ, թէ ինչ ունենք այսօր, ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից, որտեղ իրենք ապագայ են խոստացել, որն է հետպատերազմական երկրի դատարկման պատճառը: Բայց դէ նրանց դէպքում վաղուց պէտք չէ փնտրել տրամաբանութիւն, առաւել ևս՝ բարոյականութիւն: Նախկին ՀՀԿ-ական, ներկայ ՔՊ-ական Գէորգ Պապոյեանը խօսում է արտագաղթի մասին և վիճակագրութիւն ներակայցնում, թէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ժամանակ արտաղաթել է 285,300 քաղաքացի։
Թէ ինչ նպատակ է հետապնդում պատգամաւորը, դժուար է ասել, բայց մենք ցոյց տանք իրական պատկերը, ներկայացնենք արտագաղթի թիւերը՝ նախկին բոլոր ղեկավարների օրոք: Այսպէս ընդհանուր առմամբ, Լևոն Տէր-Պետրոսեանի նախագահութեան տարիներին՝ 1992-1997 թուականներին, երկիրը լքել է 586.800 մարդ։
1992թ․ -228․600
1993թ․ – 141․100
1994թ․ – 127․800
1995թ․ – 37․500
1996թ․ – 20․500
1997թ․ – 31․300
Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տարիներին՝ 1998-2007 թուականներին, Հայաստանը լքել է 129.300 մարդ։
1998թ․ – 24.400
1999թ․ – 7.200
2000թ․ – 57.500
2001թ․ – 60.400
2002թ․ – 2.700
2003թ․ – 10.200
2004թ․ + 2.100
2005թ․ + 12.500
2006թ․ + 21.700
2007թ․ – 3.200
Սերժ Սարգսեանի նախագահութեան տարիներին՝ 2008-2017թթ․, Հայաստանը լքել է 372,800 մարդ:
2008թ․ – 23.100
2009թ․ – 25.000
2010թ․ – 46.700
2011թ․ – 43.800
2012թ․ – 42.800
2013թ․ – 31.200
2014թ․ – 41.700
2015թ․ – 43.400
2016թ․ – 48.200
2017թ․ – 26․900
Նիկոլ Փաշինեանը Հայաստանը ղեկավարում է 2018 թուականից։ Սակայն արտագաղթի ահռելի տեմպեր են նկատւում։ Մասնաւորաբար, 2018-ը դրական սպասումների տարի էր, քանի որ տրուել էին խոշոր ներդրումների ու ներգաղթի խոստումներ, և սպասողական վիճակ էր։ Այդուհանդերձ, միգրացիայի մնացորդը 2018-ին եղել է -18․286, 2019-ին՝ -15․400։ Եթէ 2020 թուականին կապուած կորոնավիրուսի սահմանափակումներով և պատերազմով, երկրից ելքը խիստ սահմանափակումներով էր, ապա 2021 թուականի արդիւնքները դեռևս ամփոփուած չեն, սակայն միայն յունուար-սեպտեմբերին արդէն երկրից գնացել-չեն եկել 103 հազար մարդ։
Ստացւում է, որ Փաշինեանի կառավարման միայն մէկ տարուայ 9 ամսում ՀՀ-ն լքել է այնքան մարդ, որքան Ռոբերտ Քոչարեանի կառավարման տասը տարիներին:
Ընդ որում, անկախ Հայաստանի պատմութեան մէջ առանձնանում են 2004-2006 թուականները, որոնց ժամանակ ունեցել ենք ներգաղթ։ Այսինքն, հէնց Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տարիներին է, որ մարդիկ աւելի շատ եկել են Հայաստան, քան գնացել:
Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարեանի կառավարման տարիներին գործազրկութիւնը սուր արտայայտուած չէր։ Զարգանում էին բոլոր ճիւղերը, յատկապէս՝ շինարարութիւնը, և մարդիկ, որոնք նախկինում գնում էին ՌԴ արտագնայ աշխատանքի, Ռոբերտ Քոչարեանի կառավարման տարիներին սկսեցին չգնալ և ընդհակառակը՝ հետ գալ հայրենիք։
Նիկոլ Փաշինեանը 2018 թուականին վերցնելով իշխանութիւնը՝ յայտարարեց, թէ կը լինի լայնածաւալ ներգաղթ, կը լինեն խոշորածաւալ ներդրումներ։ Բայց կառավարումն ամբողջութեամբ տապալելուց յետոյ ստացուեց այնպէս, որ քաղաքացիները արտագաղթի տեմպերով հասնում են Լևոն Տէր-Պետրոսեանի կառավարման տարիներին, իսկ ներդրումների փոխարէն ունենք ներդրումների արտահոսք։
Նիկոլ Փաշինեանի թիմակիցները, փաստօրէն, ոչ միայն մանիպուլացնում ու ստում են առանց ընդմիջման ու անվերջ, այլև անգամ վիճակագրական թիւերն են ներկայացնում սխալ։ Գէորգ Պապոյեանն ու իր մի քանի գործընկերներ ԱԺ ամբիոնից ստեցին ու ընկան վատ վիճակի մէջ, որովհետև իր յայտարարութիւնից յետոյ շատերը քրքրեցին վիճակագրութիւնն ու նորից թարմացրեցին մարդկանց յիշողութիւնը, թէ իրականում որ ղեկավարի օրոք ինչ պատկեր ենք ունեցել և ինչ պատկեր ունենք հիմա։
Աղբիւրը՝ Yerevan.Today