Դաշնակցութիւնը Սիւնիքում փոքր ձեռնարկութիւնների ստեղծման ծրագիր է իրականացնում
ՀՅԴ-ն Սիւնիքում փոքր ձեռնարկութիւնների ստեղծման ծրագիր է իրականացնում, որի եզրափակիչ փուլ անցած 9 գաղափարների հեղինակ 12 սիւնեցի երիտասարդներից 3-ի առաջարկներն յաղթող կը ճանաչուեն եւ կը ստանան ֆինանսաւորում։
«Վերելք Սիւնիք» կոչուող ծրագիրը մեկնարկել է 2021թ-ի հոկտեմբերի 12-ին, որն էլ եզրափակուել է բիզնես ճամբարով 2022 թ․ յունուարի 12-ին Կապան քաղաքում։
Սիւնիքի երիտասարդների ներուժը բացայայտող ձեռներեցութեան ծրագիրը նախաձեռնել եւ կազմակերպել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը Revolve Consulting-ի եւ ՀՅԴ ՀԵՄ-ի հետ համատեղ:
Ծրագիրը հիմնուած է «Վերելք Արցախ» նախափորձի վրայ եւ նպատակ է հետապնդում Սիւնիքում ձեռներեցութեամբ հետաքրքրուած երիտասարդներին տրամադրել գիտելիք եւ սկզբնական ներդրում, որպէսզի երիտասարդներն իրականութիւն դարձնեն իրենց բիզնես գաղափարները եւ գործնական ներդրում ունենան իրենց համայնքների զարգացման եւ բարգաւաճման գործում։
Ծրագիրը նաեւ միջոց է պայքարելու Սիւնիքում պատերազմի հետեւանքով առաջացած տնտեսական մարտահրաւէրների եւ արտագաղթի միտումների դէմ:
Առաջին փուլը տեւել է 3 ամիս, որի ընթացքում 35 մասնակիցներ անցել են դասընթացներ գաղափարի յղացման, շուկայավարման, Ֆինանսների պլանաւորման, ռազմավարական կառավարման, հանրային խօսքի, բիզնես գաղափարի ներկայացման վերաբերեալ։
Դասընթացների արդիւնքում մասնակիցները մշակել եւ կատարելագործել են սեփական գաղափարները։ Ծրագրի վերջին՝ 3-րդ փուլում մասնագիտական ժիւրին ընտրում է 3 ամենայաջողուած գաղափարները, որոնք էլ կը ստանան ֆինանսաւորում ծրագրի կազմակերպիչների կողմից։