Պէյրութում տեղի ունեցաւ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների խորհրդաժողով
Սոյն թուականի դեկտեմբեր 8-ին Լիբանանի մայրաքաղաք Պէյրութում մեկնարկեց ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը։
Խորհրդաժողովն աշխատանքներն սկսեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի զեկոյցով` վերջին շրջանին կատարուած քաղաքական եւ կազմակերպական աշխատանքների մասին։
Երկօրեայ խորհրդաժողովի առաջին օրուա նիստերի ընթացքում ժողովը քննարկեց Հայաստանի եւ Արցախի ներկայ քաղաքական կացութիւնը, մտահոգութիւն արտայայտեց հայրենի պետութիւնների առջեւ ծառացած մարտահրաւէրների հարցով։
Մասնաւորապէս անդրադարձ կատարուեց Հայաստանի իշխանութիւնների որդեգրած պարտուողական քաղաքականութեան ընդդմության հանդեպ հալածանքներին։ Շեշտուեց ակնառու փաստը, որ Հայաստանի այսօրուա ղեկավարութեան օրակարգում չկայ Արցախի հարցը, սպառնալիքի են ենթակայ հայոց երկու պետութիւնների ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։ Մտահոգութիւն արտայայտուեց նաեւ օրուա իշխանութիւնների գործունէութեան մէջ սովորական դարձած անօրինական գործելակերպի վերաբերեալ։ Ժողովի մասնակիցները անդրադարձան այն հարցին, որ Հայաստանը պառակտելուց յետոյ Հայաստանի իշխանութիւնները այժմ էլ ձեռնամուխ են եղել Սփիւռքի պառակտման գործին։
Դաշնակցութեան խորհրդաժողովը վճռականութիւն յայտնեց շարունակելու ջանքերը հայ ժողովրդի եւ հայոց պետականութիւնների անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը պաշտպանելու ուղղութեամբ։ «Հայ դատ» օրակարգի ներքո քննելով Հայաստանի եւ Արցախի դիմագրաւած քաղաքական աւանդական եւ նոր մարտահրաւէրների հարցը, անհրաժեշտ համարվեց արտերկրում, միջազգային բեմերում աւելի աշխուժօրէն պաշտպանել Հայաստանի եւ Արցախի իրաւունքները, հետապնդել Արցախի անկախ կարգավիճակի հարցը։
Առաջին օրուա քննարկումներից յետոյ խորհրդաժողովի մասնակիցները այցելեցին Անթիլիասի մայրավանք եւ ընդունուեցին Արամ Ա. վեհառափին կողմից։
Աշխատանքների երկրորդ օրը սկսուեց Միջին-Մերձաւոր Արեւելքի, մասնաւարապէս Լիբանանի, Սիրիայի եւ ընդհանրապէս սփիւռքի ներկայ կացութեան վերաբերեալ օրակարգային հարցերի քննարկմամբ։
Ասուեց, որ սփիւռքեան տագնապները, մասնաւորապէս լիբանանահայութեան եւ սիրիահայութեան դիմագրաւած ընկերային եւ այլ բնոյթի դժուարութիւնները մնալու են Դաշնակցութեան գործնական ուշադրութեան առանցքում։ Դաշնակցութիւնը կը շարունակի բազմակողմանի աջակցութիւնը այս հայաշունչ, կենսունակ համայնքներին։
Կէսօրի ընդմիջումին խորհրդաժողովի մասնակիցները այցելեցին Բուրճ Համուտի Ազգային գերեզմանատուն` յարգանքի տուրք մատուցելու ՀՅԴ պանթէոնում ննջող մեծերին եւ Լիզբոնի հերոս նահատակներին։
Անցնելով եզրափակիչ բաժինին, խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձան ուղեկից միութիւնների գործունէությանը։ Քննարկվեցին կուսակցական քարոզչության կապված հարցեր։