«ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՄԵՆԱԼԱՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏՈՒԵԼ Է ՓԱՇԻՆԵԱՆԸ՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, ՈՐ ՔՊ-Ն ՁԱԽՈՂՈՒԵԼ Է». ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

 

ՏԻՄ ընտրութիւններին ամենալաւ գնահատականը արդիւնքների առումով, թերեւս, տուել է Նիկոլ Փաշինեանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրութիւններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը:

Նրա խօսքով, Փաշինեանը փորձել է դա արդարացնել նրանով, որ զաբաղուած են եղել արտաքին անվտանգային մարտահրաւէրներով, աւելի կարեւոր գործեր են ունեցել, դրա համար իրենց կանխատեսածից աւելի վատ արդիւնքներ են արձանագրել, քանի որ կաշառք չեն բաժանել, խախտումներ տեղի չեն ունեցել. «Բայց ես ուզում եմ յիշեցնել, որ այս ընտրութիւնների նախօրեակին պետութիւնն իբր պատահաբար սոցիալական աջակցութեան քսակն էր բացել  համայնքներին: Սա զուտ համընկնում չէ: Նաեւ խոշորացման փնջերն այնպէս են կազմուել, որ իրենք կարողանան հնարաւորինս շատ ձայներ հաւաքել, որը նոյնպէս պատահականութիւն չէ: Յիշեցնեմ, որ ընտրութիւններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հալածանքներ են տեղի ունեցել: Նաեւ յիշեցնեմ, որ իրենք մոբիլիզացրել էին իրենց ողջ վարչական ռեսուրսը: Բայց այս ամէնով հանդերձ իրենք պարտուել են»,- ասաց Խաչատրեանը:

Նա նշեց, որ 36 խոշորացուած համայնքներից ընդամէնը 15-ում է ՔՊ-ն կարողացել հաւաքել այնքան ձայն, որ կարողանայ միանձնեայ իշխանութիւն ձեւաւորել, իսկ 21 համայնքներում ոչ իշխանական ուժերը 8-ում միանձնեայ, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնութիւն:

«Իրենք որոշ համայնքներում, որ ներկայացնում են, թէ յաղթել են, իրականում հէնց այդտեղ են պարտուել, որովհետեւ յոյսը դրել են այն մարդկանց վրայ, որոնք տարիներ շարունակ, ընտրութիւնից ընտրութիւն սպասարկել են օրուայ քաղաքական իշխանութեան շահերը: Իրականում իրենք են գործիք դարձել այդ պատեհապաշտ մարդկանց ձեռքում, որոնք առաջին իսկ հնարաւորութեան դէպքում պատրաստ են լքել խորտակուող նաւը:

Կարող ենք արձանագրել, որ 2018-ից յետոյ իշխանութիւնը 2021-ին կորցրեց 200 հազարից աւելի ձայն, շարունակում է իր պարտութիւնների շղթան: Իշխանութիւնը պարտուել է Կապանում, Գիւմրիում, Մեղրիում, Գորիսում, Ախուրեանում եւ սա շարունակական գործընթաց է: Եթէ այսպէս շարունակուի, շատ շուտով կը տեսնեն, որ որեւէ աջակցութիւն չունեն»,- ընդգծեց ՀՅԴ-ական պատգամաւորը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.