Պէտք է չհաշտուել ինքնիշխանութեան կորստի եւ պարտութեան հետ, յաղթահարել նուաստացումը․ Իշխան Սաղաթելեան

Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների այս խորհրդաժողովն անցկացւում է մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատուածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգութեանն առնչւող լրջագոյն մարտահրաւէրների առաջ, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեանը։

«Մենք կրկին հաւաքուել ենք՝ համակարգելու, համադրելու եւ նոր թափ տալու մեր աշխատանքներին մի իրավիճակում, երբ մեր գործունէութեան առանցք հանդիսացող Արցախի Հանրապետութեան մեծ մասը գտնւում է թշնամու տիրապետութեան տակ։ Սակայն դժուար ժամանակներն են, որ լաւագոյնս ի յայտ են բերում իրական նուիրեալներին, ազգային էլիտային։ Այս առումով պէտք է հպարտութեամբ նշել, որ Հայ Դատի պատասխանատու ընկերները, ատամներով սեղմելով ցաւն ու կսկիծը, համատարած յուսահատութեան պայմաններում քայլ անգամ չնահանջեցին հայութեան շահերի պաշտպանութեան դիրքերից»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ մեր հայրենիքը, հետեւաբար եւ կուսակցութիւնը, դիմակայում են իրենց պատմութեան դժուար փուլերից մէկը, բայց ոչ միակը։ Հարիւրամեակների ընթացքում մեր ժողովուրդը ստիպուած է եղել յաղթահարել նման իրավիճակներ, իսկ յաղթահարման բանալին եղել է ստեղծուած իրավիճակին ոչ համարժէք, աւելի ուժեղ եւ շատերի համար անհնարին թուացող պատասխաններում։

Վերայառնման իւրաքանչիւր փուլում դրուել է ոգու բարձրացման, ազգային հպարտութեան, աշխարհում արժանապատիւ ապրելու իրաւունքի վաստակմանն ուղղուած ճիգը: 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ ունեցել ենք Առաջին Հանրապետութիւն, անկախութեան կորստից յետոյ ունեցել ենք պայքար Լեռնահայաստանի համար, դիմադրութիւն Սիւնիքում։

1960-ականների Ցեղասպանութեան միջազգային ճանաչման շարժումն իր բոլոր դրսեւորումներով նոր կեանք եւ նոր թափ տուեց Սփիւռքում հայ ժողովրդի գոյատեւմանը եւ պայքարը շարունակելուն։

Երկրաշարժից յետոյ ունեցանք Արցախեան ազատագրական պայքար, յաղթանակ, Հայաստանի Հանրապետութիւն։

«Մենք մեր պատմութեան վերջին 100 տարուայ ընթացքում ունեցել ենք անկումներ, բայց ունեցել ենք նաեւ վերելքներ։ Այժմ ունենք պարտութիւն, բայց դա հայ ժողովրդի հաւաքական պարտութիւնը չէ, դա իշխանութեան ղեկին յայտուած մի խումբ մարդկանց գործունէութեան արդիւնքն է եւ բոլոր այն փորձերը ներքին ու արտաքին մի շարք ուժերի կողմից՝ հայ ժողովրդին ներկայացնել իբրեւ թոյլ ու չյաղթող, ձախողուած եւ դատապարտուած ազգ պէտք է ստանան համարժէք պատասխան»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նկատեց, որ հարիւրամեակներն են ապացուցել՝ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապէս եղել եւ լինելու է գոյութենական պայքարի մէջ՝ մեր հայրենիքի այս փոքր հողակտորի, մեր անկախ պետականութեան պահպանման համար։ Այստեղ է, որ Դաշնակցութիւնը իր ողջ ներուժով ասելիք ու անելիք ունի։

«Նախ՝ պէտք է չհաշտուել ինքնիշխանութեան կորստի եւ պարտութեան հետ, յաղթահարել նուաստացումը, կառավարել կորուստները եւ ռիսկերը, վերականգնել արժանապատուութիւնը, յաղթահարել պարտուածի եւ փոքր պետութիւն լինելու հոգեբանութիւնը, ունենալ ազգային երազ եւ գնալ այդ երազի հետեւից»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ այս օրերին Հայաստանում այսպէս մտածող մարդկանց ասում են «հայդատականներ», «ոչմիթիզականներ» կամ «պաթոսով հայրենասէրներ». իսկ ովքե՞ր են դա ասում՝ մի խումբ անհայրենիք, անսրբութիւն ապազգային տարրեր, ովքեր մեր երկիրը կանգնեցրին այս աղէտի առջեւ, ովքեր ժողովրդավարութիւնը հակադրեցին անվտանգութեանը, բարեկեցութիւնը եւ խաղաղութիւնը պայմանաւորեցին զիջումներով, ովքեր հետեւողականօրէն թուլացնում են մեր ազգային դիմադրողականութիւնը:

Հայաստանում ստեղծուած այս իրավիճակը, ասաց նա, ժողովրդի կամքով եւ ազգային ուժերի առաջնորդութեամբ պէտք է փոխուի:

«Հայաստանի առջեւ այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, իշխանութիւնների պնդումները, թէ ընտրութիւններից յետոյ ճգնաժամը յաղթահարուած է՝ խաբէութիւն է. ճգնաժամը գնալով աւելի է խորանում՝ մօտենալով անվերադարձ լինելու կէտին: Անհրաժեշտ են համալիր մօտեցումներ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ նախ պէտք է վերականգնել երկրում սահմանադրականութիւնը, կազմակերպել երկրի սահմանների պաշպանութիւնը:

Ելնելով նոր իրողութիւններից՝ մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգութեան, տնտեսութեան ոլորտներում:

Կրթական եւ մշակութային ոլորտներում իրականացնել խորքային բարեփոխումներ, եւ դրանց հիմքում դնել հայրենասիրական եւ ազգային դաստիարակութիւնը։

«Մանրամասն կարելի է ներկայացնել այն ծրագրերը եւ քայլերը, որոնք անհրաժեշտ է մեր երկրին ստեղծուած վիճակից դուրս գալու համար, բայց քանի դեռ կայ այս իշխանութիւնը՝ այդ ամէնը անարդիւնք է, հետեւաբար պէտք է ձեւաւորել դիմադրութիւն՝ դիմադրութիւն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրութիւն հայրենիքը զիջումների տանող օրուայ իշխանաւորներին, դիմադրութիւն հանրային կեանքում տեղի ունեցող ապօրինութիւններին, իսկ երբ հասնենք համազգային եւ համաժողովրդական դիմադրութեան՝ թշնամին կը հեռանայ մեր տնից, իսկ օրուայ իշխանութիւնները իրենց աթոռներից»,- վստահեցրեց Իշխան Սաղաթելեանը:

https://youtu.be/3PueUJA1je8

Leave a Comment

You must be logged in to post a comment.