Նախ արձանագրութիւններից հրաժարուէք


ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ


Որպէսզի հասկանալի լինի, թէ ինչի մասին է ներքոշարադրեալը՝ նախ պէտք է յիշեցնեմ ոչ հեռու անցեալի՝ ընդամէնը չորս-հինգ տարի վաղեմութեան մի քանի փաստեր, յայտարարութիւններ ու փաստաթղթեր:
Առաջին. 2008 թւականի յունիսի 23-ին Մոսկւայում Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ Աբդուլլահ Գիւլին կը հրաւիրի Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հաւաքականների խաղը: Բացի այդ՝ «Թուրքական կողմն առաջարկում է ձեւաւորել մի յանձնաժողով, որը պէտք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դէմ չենք այդպիսի յանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կը բացւի սահմանը՝ մեր պետութիւնների միջեւ»:

Երկրորդ. մէկ օր անց՝ 2008 թւականի յունիսի 24-ին ռուսական փորձագիտական հանրութեան ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսեանը գրեթէ նոյնութեամբ կրկնեց նախօրէին ասւածը. «Թուրքիան հնչեցրել է առաջարկ՝ Ցեղասպանութեանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու (ընդգծումը մերն է, Թ. Յ.) նպատակով փորձագիտական յանձնաժողով ձեւաւորելու վերաբերեալ: Մենք դէմ չենք որեւէ ուսումնասիրութեան, անգամ՝ ակնյայտ փաստերի եւ լայնօրէն ընդունւած իրողութիւնների, սակայն նման յանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կը լինէր մեր երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից եւ սահմանները բացելուց յետոյ միայն»:
Այստեղ մի մեկնաբանութիւն է անհրաժեշտ. Սերժ Սարգսեանը թուրքերին առաջարկում է մօտաւորապէս հետեւեալը՝ սահմանները բացէք, դիւանագիտական յարաբերութիւններ հաստատէք, յետոյ եկէք՝ միասին քննարկենք 1915 թւականը: Եթէ համաձայնւում ես պատմաբանների յանձնաժողով ստեղծելուն, ապա ակամայ կասկածի տակ է դրւում Հայոց Ցեղասպանութեան փաստը, իսկ թուրքերը հնարաւորութիւն են ստանում՝ ասելու, որ հայ-թուրքական գործընթացում երրորդ կողմի ներգրաւման կարիք չկայ, որովհետեւ Երեւանն ու Անկարան բանակցում են: Դա նրանց Հայոց Ցեղասպանութեան աւելի լայն ճանաչման միջազգային ջանքերի փաստացի ընթացքը փոխելու, թուլացնելու, աւելի՛ն՝ կասեցնելու փորձերի հնարաւորութիւն է տալիս:
Յիշեցնենք, որ 2008 թւականից ի վեր ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը՝ բացառութեամբ Շւեդիայի խորհրդարանի, որը այդ երկրում բնակւող ասորի ստւար համայնքի լաբբիստական ջանքերի շնորհիւ առաջին հերթին 2010 թւականին ճանաչել է հայերի, յոյների ու ասորիների ցեղասպանութիւնը: Բայց, սա նաեւ ամենաձախողակ ճանաչումն էր, քանի որ անմիջապէս Շւեդիայի վարչապետը հեռախօսազրոյց էր ունեցել իր Թուրքիայի գործընկերոջ հետ եւ ներողութիւն խնդրել երկրի խորհրդարանի կողմից Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւն ընդունելու համար:
Երրորդ. Աբդուլլահ Գիւլի Երեւան այցի նախօրէին թուրքական «Ռադիկալ» թերթի հետ 2008 թւականի օգոստոսի վերջերին ունեցած զրոյցում Սերժ Սարգսեանը բացատրեց. «Բազմիցս թուրք պաշտօնատարների կողմից լսել եմ հարց՝ «Արեւմտեան Հայաստան», «Արեւելեան Հայաստան» եզրերի մասին: Ինձ համար տարօրինակ էր միշտ, եւ միշտ փորձել եմ բացատրել «Արեւմտեան Հայաստան» եւ «Արեւելեան Հայաստան» եզրերի նշանակութիւնը. դրանք պատմականօրէն ձեւաւորւած տեղանուններ են եւ այդ տեղանունները, նաեւ այդ ձեւակերպումները, գալիս են 19-րդ դարի երկրորդ կէսից: Հիմա խօսել, որ այս տեղանունների կամ բառակապակցութիւնների մասին մոռանանք, նոյնն է, որ պահանջ դնենք, ասենք, մոռանանք, որ եղել է Կիեւեան Ռուսիա, Օսմանեան կայսրութիւն, Սպարտա»:
Հասկանալի է, չէ՞, թէ ի՛նչ էր ուզում ասել Սերժ Սարգսեանը իր «խիզախ թուրք գործընկերներին» (չակերտներում մէջբերւածը Սերժ Սարգսեանի խօսքերն են, որ նա արտասանել է 2008 թւականի սեպտեմբերին ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում՝ Նիւ Եօրքում, որն ուղղւած է եղել Աբդուլլահ Գիւլին եւ Ալի Բաբաջանին):
Չորրորդ. Սերժ Սարգսեանը 2009 թւականի ապրիլքսանչորսեան ուղերձում ասաց. «Ցեղասպանութիւն, որ տեղի է ունեցել Օսմանեան Թուրքիայում»: Սա այն դէպքում, երբ 1990 թւականի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախութեան հռչակագրում այլ ձեւակերպում է տրւած՝ «Ցեղասպանութիւն, որ տեղի է ունեցել Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում»:
Հինգերորդ. 2008 թւականի սեպտեմբերի 6-ի Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթէ արդէն հին զինանշանի վրայ Արարատ սարն էր՝ հայ ժողովրդի խորհրդանիշերից մէկը, ապա նորի վրայ ուղղակի գնդակ էր նկարւած: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապկի վրայից հանւել էր նաեւ Արարատ սարի պատկերը:
Այս արարքի անունը դրէք ի՛նչ ուզում էք:
Հետագայ ամիսներում ու տարիներում Սերժ Սարգսեանը վերանայեց իր յայտարարութիւնները: Բայց, կարեւորը ոչ այնքան այն է, թէ ինչ է ասւել, այլ այն, թէ ինչ է ստորագրւել: Լա՛ւ, ենթադրենք, որ Սերժ Սարգսեանը 2008 թւականին Հայոց Ցեղասպանութեան մասին ձախաւեր յայտարարութիւններ չի արել: Մի պահ մոռանանք, որ չի եղել «ֆուտբոլային դիւանագիտութիւն» (խիղճ ունեցող հայ պատմաբանը երբեք դա չի մոռանայ, երբեք): Բայց, չէ՞ որ կան 2009 թւականի հոկտեմբերի 10-ին ստորագրւած եւ Հայաստանի գործող իշխանութիւնների կողմից գովաբանւած հայ-թուրքական երկու արձանագրութիւններ, որոնցից Երեւանը ոչ մի կերպ չի ուզում հրաժարւել (հաւանաբար չի ուզում հիասթափեցնել իր արեւմտեան խիզախ գործընկերներին):
Այդ արձանագրութիւններով Հայաստանը ճանաչել է ժամանակակից Թուրքիայի սահմանները (ուշադրութիւն դարձրէք՝ ոչ թէ տարածքային ամբողջականութիւնը, այլ՝ սահմանները), ինչպէս նաեւ գրաւոր համաձայնութիւն տւել պատմաբանների համատեղ յանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկին: Մէջբերենք փաստաթղթի այդ կէտերը. «Հայաստանը եւ Թուրքիան … հաստատելով երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպէս սահմանւած է միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով», «… իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղւած պատմական հարթութեան երկխօսութիւն, այդ թւում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութիւն՝ առկայ խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար», «… պատմական հարթութեամբ զբաղւող ենթայանձնաժողով՝ երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղւած երկխօսութեան իրականացման նպատակով, այդ թւում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութիւն, առկայ խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար՝ հայ, թուրք, ինչպէս նաեւ շւէյցարացի եւ այլ միջազգային փորձագէտների մասնակցութեամբ»:
Քանի դեռ այս երկու արձանագրութիւններից Հայաստանը չի հրաժարւել՝ Հայաստանի որեւէ պաշտօնատարի, այդ թւում՝ գործող նախագահի յայտարարութիւն, չի կարող քաղաքական, իրաւական կամ դիւանագիտական առումով աւելի զօրեղ եւ օրակարգային լինել, քան պետութեան կողմից ստորագրւած փաստաթուղթն է:
Ինչպէս յայտնի է, «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրաւաբանների համահայկական երկրորդ համաժողովում, որը նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ Սփիւռքում ձեւաւորւած տարածաշրջանային յանձնախմբերի գործունէութեան իրաւական հարցերի քննարկմանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը յայտարարել է, որ ստեղծւում է յատուկ յանձնախումբ՝ Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդիրների իրաւական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով:
Գլխաւոր դատախազ Աղւան Յովսէփեանը շատ աւելի առաջ է գնացել. «Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացումը կապւած է փոխհատուցման հետ: Ի՞նչ բնոյթ պէտք է ունենայ այդ փոխհատուցումը, զուտ բարոյակա՞ն թէ՝ նաեւ գոյքային եւ տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող ենթակաների շրջանակը: Այն պէտք է ընդգրկի Ցեղասպանութեան զոհերի ժառանգների՞ն, Հայ Առաքելական Եկեղեցո՞ւն, Հայաստանի Հանրապետութեա՞նը թէ՝ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ՝ Ցեղասպանութեան զոհերի ժառանգները պէտք է նիւթական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պէտք է վերադարձւեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ստանայ իր կորցրած տարածքները եւ այլն: Բայց, այդ բոլոր պահանջները պէտք է ունենան անթերի իրաւական հիմնաւորումներ»:
Այս յայտարարութիւնները ամուր չեն, աւելի՛ն՝ կարող են ընկալւել որպէս պարզ քարոզչութիւն, քանի դեռ Հայաստանը չի հրաժարւել երկու արձանագրութիւններից:


Leave a Comment

You must be logged in to post a comment.