Մենք ապահովելու ենք տարածաշրջանի երկրների և մեր եղբայրների անվտանգութիւնը. իրանական բանակի հրամանատար
Իրանի զինուած ուժերի հրամանատար Ապտուլրահիմ Մուսաուին երկիմաստ նախազգուշացում է արել իր հիւսիսային հարեւան Ադրբեջանին, որը չի հրաժարւում Իրանի սահմանի մօտակայքում` Հայաստանով միջանցք ունենալու մտքից. գրում է իրանական «Ազերիհա» թերթը։
«Նրանք, ովքեր հրաւիրում են օտարերկրացիներին՝ իրենց անվտանգութիւնն ապահովելու համար, պէտք է իմանան, որ այս բռնատիրական և էքսպանսիոնիստ երկրները փորձում են պաշտպանել իրենց շահերը։ Մեր անցեալը ցոյց է տուել, որ մենք ագրեսոր չենք։ Մեր բոլոր զօրավարժութիւնները, որ մենք անցկացնում ենք, ուղղուած են երկրի պաշտպանութեանը։ Բայց թող մեր թշնամիները չսխալուեն։ Նրանք պէտք է հասկանան, որ եթէ սպառնում են մեր շահերին, մեր պատասխանը չի սահմանափակուի սահմաններով։ Եթէ նրանք սպառնում են մեր շահերին, մենք կը սպառնանք նրանց շահերին, որտեղ էլ որ նրանք լինեն»,- ասել է բրիգադային գեներալ Մուսաուին։
Նա ընդգծել է, որ Իրանը կ’ապահովի տարածաշրջանի երկրների ու իր եղբայրների անվտանգութիւնը, կը պաշտպանի իրեն ու իր ժողովրդին։