«Ատրպէյճանի յաջորդ սադրանքը կարող է ուղղակիօրէն խաղաղապահների դէմ ուղղուած լինել». ԼՂ արտգործնախարար
Ատրպէյճանը բազմաքայլ գործողութիւն է իրականացնում՝ խարխլելու ռուսական խաղաղապահ առաքելութեան հեղինակութիւնը: Այս մասին յայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (Արցախի) արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը՝ մեկնաբանելով Ատրպէյճանական կողմի մեղադրանքները՝ կապուած, իբր, աւտոմեքենայի ուղղութեամբ կրակելու հետ:
«Այն, ինչ տեղի է ունեցել՝ արցախեան կողմը, իբր, կրակ է բացել Ատրպէյճանական մեքենայի ուղղութեամբ, ամբողջովին ապատեղեկատուութիւն է, բացայայտ սուտ: Միջադէպի մեղաւորներին պէտք է փնտրել հէնց Ատրպէյճանում: Սա ոչ այլ ինչ է, քան Ատրպէյճանական ագիտպրոպի հերթական բեմադրութիւն: Ինչի՞ են ուզում հասնել դրանով: Նախ՝ իբր հաւասարակշռութիւն պահպանել: Հէնց իրենք են կազմակերպել ահաբեկչական գործողութիւնը, որը յանգեցրել է մարդու մահուան: Դա արուել է լկտի կերպով՝ ռուս խաղաղապահների ներկայութեամբ, եւ պարզ է, որ դա Մոսկուային չէր կարող դուր գալ: Նրանք դա հասկանում են եւ ցանկանում են «փոխհատուցել», իբր, տեսէք, թէ ինչով է զբաղւում հայկական կողմը: Նոյնիսկ մի շարք եւրոպական կառոյցների Ատրպէյճանցի դիւանագէտներ այնպէս են մեկնաբանում մեր քաղաքացու փաստացի սպանութիւնը, որ Երրորդ Ռէյխում գտնուելու տպաւորութիւն է ստեղծում. նրանց բացատրութիւնները ոչ այլ ինչ են, քան հայերի նկատմամբ ատելութեան դրսեւորում:
Երկրորդ՝ նման բեմադրուած գործողութեամբ նրանք փորձում են Ռուսաստանին բարդ դրութեան մէջ դնել: Ի վերջոյ, ստացւում է, իբր, խաղաղապահները ի վիճակի չեն կատարել իրենց պարտականութիւնները, վատ են կատարում իրենց առաքելութիւնը եւ այլն: Այսինքն՝ սա հերթական հարուածն է Ռուսաստանին: Նախ՝ նրանք սպանում են մեր քաղաքացուն, որի մօտ նստած էր ռուս խաղաղապահը, իսկ այժմ այդ բեմադրուած գործողութիւններով նրանք նոր հարուած են հասցնում ռուս խաղաղապահների հեղինակութեանը:
Բացի այդ, այստեղ կայ եւս մէկ նոր ասպեկտ, եւ ես կարծում եմ, որ շուտով Ատրպէյճանը կը փորձի ոտնձգութիւն կատարել մեր բանակի նկատմամբ, ասել, որ նրանք «ահաբեկիչներ» են, որ նրանց պէտք է զինաթափել: Ահա այսպիսի թատերական բեմադրութիւն: Սակայն, բնականաբար, ցանկացած սուտ վաղ թէ ուշ, իսկ մեր դէպքում շատ շուտով, պարզ կը լինի բոլորի համար՝ թէ ով ինչի հետեւում է կանգնած: Ատրպէյճանի գործողութիւնները ապակառուցողական մօտեցման, Պաքուի կողմից բանակցային գործընթացը վերսկսել չցանկանալու հերթական դրսեւորումն են: Բացառուած չէ, որ այս կերպ նրանք ցանկանում են չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրուած այցը տարածաշրջան, եւ, միեւնոյն ժամանակ, ղարաբաղեան հասարակութեան մէջ պահպանել անհանգստութեան եւ նեարդայնութեան որոշակի աստիճան», – նշեց նախարարը:
Կարելի՞ է արդեօք բացառել, որ յաջորդ անգամ սադրանքը անմիջապէս չի ուղղուի ռուս խաղաղապահների դէմ: «Բնականաբար, դա չի կարելի բացառել: Որովհետեւ Ատրպէյճանական կողմից ամէն ինչ կարելի է եւ պէտք է սպասել: Յիշենք, որ հէնց Ատրպէյճանը խոցեց ռուսական ուղղաթիռը, յիշենք, որ Ատրպէյճանի ամենամօտ դաշնակից եւ աւագ եղբայր Թուրքիայում սպանուեց Ռուսաստանի դեսպանը: Իսկ Ղարաբաղում սադրանքների դէպքում նրանք լիովին կարող են կիրառել թուրքական փորձը: Ամէն ինչ կարող է պատահել: Եւ, ըստ երեւոյթին, երբ ռուս խաղաղապահների առաքելութեան երկարաձգման շուրջ բանակցութիւններն աւելի ակտիւանան, ապա Ատրպէյճանցիները կարող են դիմել ամենալկտի, անմարդկային քայլերի»,- եզրափակեց Դաւիթ Բաբայեանը: