ԻՍՐԱՅԷԼԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ 44-ՕՐԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ

«ԴՐՕՇԱԿ»-Ի ԱՌԱՋՆՈՐԴՈՂ

Արցախի դէմ սանձազերծուած լայնամասշտաբ ագրեսիայի օրերին Ադրբեջանին Թուրքիայի եւ իսլամ ծայրայեղականների աջակցութեան հետ յաճախ էր շրջանառւում Իսրայէլի ակտիւ դերակատարութեան հարցը: Համացանցի էջերում յայտնւում էին լուսանկարներ Թել Աւիւից Բաքու եւ հակառակ ուղղութեամբ բեռնատար ինքնաթիռների չդադարող թռիչքներից:

Միջազգային աւիացիոն կազմակերպութեան եւ այլ աղբիւրների արձանագրած տեղեկութիւններից բացի` հաւաստի տեղեկատուութիւնը ամէն օր տարածւում էր ճակատային գծից ստացւող լուրերի հետ, թէ իսրայէլական արտադրութեան ժամանակակից ռազմական ինչ տեխնիկա, այդ թւում` արգելուած զինատեսակներ է օգտագործւում հայկական զինուած ուժերի եւ խաղաղ բնակչութեան դէմ, պատմամշակութային կոթողների եւ ենթակառուցուածքների հետեւողական ոչնչացման գործողութիւններում։

Այս փաստն իհարկէ աննախադէպ չէր, որովհետեւ 2016 թուականի քառօրեային ադրբեջանցիների գրաւը դրուած էր հիմնականում իսրայէլական անօդաչուների վրայ: Իրականում այս համագործակցութիւնը սկսուել է դեռեւս Արցախեան առաջին պատերազմի օրերին, երբ Իսրայէլը ադրբեջանական բանակը զինում էր օրինակ «Stinger» տիպի զենիթահրթիռային համակարգերով: Գաղտնիք չէ նաեւ, որ անցած երեք տասնամեակներին Իսրայէլը եղել է Ադրբեջանի`զէնքի մեծ մասի մշտական մատակարարներից մէկը:

44-օրեայ պատերազմում Իսրայէլն իր դերակատարութեամբ չի զիջել Թուրքիային, իսկ նրա տրամադրած ռազմատեխնիկական օգնութիւնը վճռորոշ նշանակութիւն է ունեցել ադրբեջանական կողմի յաջողութիւնների հարցում: Ի հարկէ, դաշնակից տանդեմի կողմերից իւրաքանչիւրնիր պատճառներն ունէր եւ ունի, որ Իսրայէլի մասնակցութեան հարցը մնայ ստուերում:

Բաքու-Թբիլիսի-Ջէյհան խողովակաշարով Իսրայէլը Ադրբեջանից ներկրում է իր նաւթի աւելի քան 40%-ը, որի դիմաց նա տասնամեակներ շարունակ վճարել է ռազմատեխնիկական միջոցներով։ Իսրայէլի համար այս համագործակցութիւնը բխում է որպէս գլխաւոր թշնամի ճանաչած Իրանի դէմ պայքարի ռազմավարական նպատակից։ Մահմեդական Ադրբեջանի հետ գործակցութիւնը պայմանաւորուած է նաեւ ընդհանրապէս իսլամական աշխարհի հետ ունեցած եւ զարգացող յարաբերութիւններով։

Աւելացնենք նաեւ, որ այս երկու երկրների յարաբերութիւնների վրայ որոշակի ազդեցութիւն է ունենում Ադրբեջանի հրէական համայնքը։ Իսկ թէ ադրբեջանցի հրեաները ինչպիսի աջակցութիւն են ցուցաբերում ծննդավայր երկրին կ’անդրադառնանք հետագայում։

Իսրայէլն ու Ադրբեջանը համագործակցում են միջազգային հարթակներում՝ պաշտպանելով միմեանց շահերն ու գործողութիւնները, լոբբիստական աշխատանքներ տանելով դաշնակցի հեղինակութիւնը պահպանելու հարցում։

Ինչպէս նշուեց, Իսրայէլ-Ադրբեջան մերձեցումը սկսուել է դեռեւս Արցախեան առաջին պատերազմի օրերին։ 1993 թ. Իսրայէլը դեսպանութիւն բացեց Բաքւում, սակայն Ադրբեջանը չշտապեց կատարելու փոխադարձ քայլը, ինչը պայմանաւորուած էր Իրանի նկատմամբ զգուշաւոր քաղաքականութեամբ։ Ադրբեջանի հիւսիսում Իսրայէլը ստեղծել է յենակէտեր, որտեղից պատերազմի դէպքում կարող է գործողութիւններ սկսել Իրանի դէմ։

Յայտնի է նաեւ իսրայէլական հետախուզութեան ազատ գործունէութիւնը Ադրբեջանում։ Իրանը լրջագոյն կասկածներ ունի, որ ժամանակ առ ժամանակ ատոմային ֆիզիկայով զբաղուող իր ականաւոր գիտնականների սպանութիւնները կատարուել են Իսրայէլի յատուկ ծառայութիւնների կողմից, եւ այդ գործում կարեւոր դերակատարութիւն է ունեցել Ադրբեջանը։ Տեղեկատուական դաշտ սպրդող այս կցկտուր տեղեկութիւններին տարիներ շարունակ Իրանը ձեռնպահ է մնացել լրջօրէն արձագանգելուց, քանի որ դրանից յետոյ հարկադրուած կը լինէր վերանայելու Ադրբեջանի հետ ունեցած յարաբերութիւնները։ Իսկ, ինչպէս յայտնի է, այս երկու մահմեդական հարեւան երկրները թաքցնելով խորքային հակասութիւնները առերեւոյթ մշտապէս փորձել են ջերմ բարեկամներ ներկայանալ։

Մասնաւորապէս իրանական կողմը չափաւոր դժգոհութեամբ է միշտ արձագանգել Ադրբեջանի յաւակնութիւններին իր երկրի ազերի բնակչութեան ու ազերիաբնակ տարածաշրջանի հանդէպ։ Այս դիւանագիտութեամբ նա փորձել է որքան հնարաւոր է մօտ պահել, թոյլ չտալ, որ ամբողջովին հակառակ ճամբար մղուի Ադրբեջանը։ Միւս կողմից երկու երկրների յարաբերութիւնները ուղղակիօրէն ազդում են Իրանում պանթուրքիստական խմբաւորումների վարքի վրայ։ Կարելի է ասուածին աւելացնել այլ հանգամանքներ եւս, սակայն դա այլ քննարկման նիւթ է։ Ինչպէս վերեւում ակնարկուեց, պայմանաւորուած Իրանի հետ Իսրայէլի ունեցած աշխարհաքաղաքական խնդիրներով, Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Իսրայէլի համար այս գործակցութիւնը դարձնում է խիստ իւրայատուկ եւ կարեւոր։ Միւս կողմից էլ, ելնելով Իրանի նկատմամբ իրական վերաբերմունքից, Ադրբեջանին ձեռնտու է եղել Իսրայէլի հետ զարգացնել անվտանգութեան ու մասնաւորապէս հետախուզութեան գծով սերտ գործակցութիւն, ինչը, նա իհարկէ անում է նաեւ Թուրքիայի հետ։ Իսրայէլի հետ այդ համագործակցութեան շրջանակում են քարոզչական աջակցութիւնը, տեղեկատուութեան փոխանակումը (ներառեալ իսրայէլական արբանեակներից ստացուող տեղեկատուութիւնը)։ Համագործակցելով անվտանգութեան ու հետախուզութեան հարցերում` Իսրայէլը միաժամանակ ուսուցանում է ադրբեջանական կադրերին։

Իսրայէլը լսումների էլեկտրոնային կայաններ է տեղադրել Կասպից ծովի եւ Իրանի սահմանի երկայնքով: Ադրբեջանը մաս է կազմում Թուրքիա-Վրաստան-Իսրայէլ առանցքին, որին վերջիններս համարում են Իրանի համար հակառակորդ։ Ասուածը հաստատող իրողութիւն է այն, որ իրանցի մի խումբ բարձրաստիճան սպաներ 2004 թ. Բաքւում յորդորել են դրացի երկրի ղեկավարութեանը դադարեցնելու անվտանգութեան գծով համագործակցութիւնը Իսրայէլի հետ եւ ռազմական ու հետախուզական ոլորտի սպաների տեղակայումը Ադրբեջանի տարածքում՝ Կասպից ծովում իրաւունքների շուրջ ընթացող վէճի դրական լուծման դիմաց։ Այնինչ Բաքուն Իսրայէլի հետ համագործակցութիւնը դիտում է հէնց որպէս Իրանից եկող սպառնալիքը չէզոքացնող գործօն։ Ադրբեջանն իրական է համարում Իրանի ազդեցութեան, մասնաւորապէս իրանական յեղափոխութեան գաղափարների ներմուծումը իր տարածք։

Հիմնուելով «SIPRI database»-ի եւ այլ աղբիւրների տեղեկատուութեան վրայ` կարելի է եզրակացնել, որ Իսրայէլը Ադրբեջանին մատակարարում է ռազմատեխնիկական բարձր որակի արտադրանք եւ առաջին հերթին անօդաչու սարքեր ու հրթիռներ, որոնց ողջ տեսականիով համալրուած է ադրբեջանական բանակը: ԼՂՀ-ի դէմ պատերազմի նախօրեակին Ադրբեջանին մատակարարուել է գրեթէ 120 տակտիկական եւ 500 մարտական կամիկաձէ անօդաչու թռչող սարքեր, որոնց ճնշող մեծամասնութիւնը իսրայէլական էր, այն դէպքում, երբ թուրքական «Baykar Makina» ընկերութիւնից գնուել էին ընդամէնը 50 «Bayraktar TB2» անօդաչուներ։

Իսրայէլական «Elta Systems» ընկերութիւնը թուայնացուած քարտէզագրել է Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, ինչը մեծ առաւելութիւն է տուել ադրբեջանական ալեանսի ուժերին, իսկ անօդաչու թռչող սարքերի կողմից հայկական տանկերի, ծանր հրետանու եւ ՀՕՊ համակարգերի սպառազինութեան կորուստների գրեթէ 90%-ը հասցուել է մարտական իրավիճակի թուային մոդելաւորման շնորհիւ:

Տարբեր տեսակի անօդաչու սարքերից բացի` Ադրբեջանին մատակարարուել են նաեւ աւիացիոն պաշտպանութեան համակարգեր, հակատանկային սպառազինութիւն՝ հակատանկային հրթիռային համակարգեր: Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով Իսրայէլը Ադրբեջանին մատակարարել է զինամթերք եւ սարքաւորումներ՝ շուրջ 100 «Boeing747» եւ «IL-76TD/MDs» բեռնատար ինքնաթիռներով, որոնք պատկանում են ադրբեջանական «Silk WayAirlines» աւիաընկերութեանը եւ օգտագործւում են նաեւ ռազմական փոխադրումների համար:

Իսրայէլն է ստեղծել Ադրբեջանի նոր նաւատորմը նոր ռազմանաւերով, ինչպէս եւ 2019 թ. Բաքուի արեւելքում կառուցել է նաւահանգիստ։

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի դէմ սանձազերծուած պատերազմը բացայայտեց Իսրայէլի եւ Ադրբեջանի միջեւ տասնամեակներ շարունակ գոյութիւն ունեցող ռազմական ու ռազմավարական համագործակցութիւնը։ Թէեւ Ադրբեջանին զէնքի վաճառքը Իսրայէլը մշտապէս փորձել է արդարացնել բիզնես շահերով, ակնյայտ է, որ առկայ է Իսրայէլի ու Ադրբեջանի, ինչպէս եւ Թուրքիայի միջեւ ռազմաքաղաքական գործակցութիւն, որն ուղղուած է առաջին հերթին Հայաստանի ու Իրանի դէմ եւ հետապնդում է թշնամի յայտարարուած տէրութիւններին քաղաքական եւ ռազմական պարտութեան մատնելու եւ տարածաշրջանի վրայ գերիշխանութիւն հաստատելու նպատակ։

Իսրայէլը, առաւել քան իր դաշնակիցները, հակուած է հնարաւորինս քօղարկելու իր այս նպատակներն ու գործողութիւնները՝ նկատի ունենալով տարածաշրջանում ազդեցութիւն ունեցող եւ շահագրգիռ այլ ուժերի հետ հակադրութեան մէջ յայտնուելու հեռանկարն ու այն յանցաւոր մեթոդները, որոնցով դաշնակից ուժերը փորձում են հասնել իրենց նպատակներին։

Իհարկէ, այս գործակցութեան մէջ կարեւոր ու առանցքային է Թուրքիայի դերակատարութիւնը, սակայն այդ եւ առնչակից այլ հարցերի մասին կը խօսուի յաջորդող յօդուածում։

«Դրօշակ» թիւ 10 (1659), հոկտեմբեր 2021 թ.

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.