Արցախի Հանրապետութեան ԱԺ կուսակցութիւնները կը պահանջեն նախագահ Յարութիւնեանի հրաժարականը եւ կ՚աջակցին ՀՀ 17 ընդդիմադիր կուսակցութիւններուն
Սիրելի հայ ժողովուրդ,
2020 թուականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետութեան հանդէպ Ադրբեջանի կողմից ձեռնարկուած հերթական լայնամասշտաբ պատերազմը, որ ծաւալուել է Թուրքիայի և ահաբեկչական խմբաւորումների հետ կապուած այլ պետութիւնների և շրջանակների բացայայտ ու ակտիվ մասնակցութեամբ՝ վերջին մի քանի օրերին ձեռք է բերել դրամատիկ զարգացումների ընթացք: Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով, 45 օր շարունակ ընթանում են ծանր մարտեր:
Ցաւօք, Արցախի Հանրապետութեան և Հայաստանի Հանրապետութեան գործող քաղաքական իշխանութիւնները, որ հիմնական պատասխանատուն և երաշխաւորն են մեր ժողովրդի անվտանգութեան և պաշտպանուածութեան, ճգնաժամային իրավիճակում ունակ չեղան համախմբելու համազգային ներուժը և չկարողացան լիարժէք օգտագործել քաղաքական ու դիւանագիտական այն հնարաւորութիւնները, որոնք կարող էին նուազեցնել, կամ կանխել վերահաս աղէտը:
Երէկ գիշերը մամուլում հրապարակուած եռակողմ յայտարարութեան դրոյթները լրջօրէն վտանգում են Արցախի Հանրապետութեան պետական անկախութեան և տարածքային ամբողջականութեան սկզբունքները:
Ելնելով ներկայիս օրհասական վիճակի թելադրանքից՝ առաջարկում և պահանջում ենք.
– Հայաստանի Հանրապետութեան քաղաքական իշխանութիւնից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանութիւնը պահելու նպատակով և սխալները ուրիշի վրա բարդելու փոխարէն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականութիւնը խաթարող ցանկացած գործողութիւն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտռտուքներից:
– Արցախի Հանրապետութեան նախագահի հրաժարականը, որին պէտք է հետևի ճգնաժամային կառավարման արդիւնաւէտ և համարժէք մարմինների ստեղծումը. դրանք պետք է ունենան համապատասխան իրաւասութիւններ համախմբելու համազգային ներուժը և ընդունելու ստեղծուած իրավիճակից արժանապատուօրէն դուրս գալու որոշումներ:
– Մեր աջակցութիւն ենք յայտնում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանդէս եկած Հայաստանի Հանրապետութեան 17 քաղաքական ուժերին՝ համարելով, որ այդ գործընթացը կարող է նոր հնարաւորութիւնների սկիզբ դառնալ:
Սիրելի քոյրեր և եղբայրներ
Խոնարհուելով այս օրերին հայրենիքի պաշտպանութեան համար հերոսաբար զոհուածների յիշատակի առջև և կիսելով նրանց հարազատների խորը վիշտը, շուտափոյթ ապաքինում մաղթելով բոլոր վիրաւորներին, բարձր գնահատելով պատերազմական իրավիճակում Հայոց բանակի, կամաւորականների և աշխարհազօրայինների անձնուրաց նուիրումը հայրենիքի պաշտպանութեան գործին՝ կոչ ենք անում հայկական երկու հանրապետութիւնների բոլոր քաղաքացիներին և աշխարհասփիւռ հայութեանը չհուսահատուել և հայրենիքի պաշտպանութեան գործը դարձնել օրուան գլխաւոր հրամայականը:
Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի՝
«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն
«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւն
«Արցախի Արդարութիւն կուսակցութիւն» խմբակցութիւն
«Միասնական Հայրենիք» խմբակցութիւն
Ստեփանակերտ
10 նոյեմբերի 2020թ.