Զինուորների համար անհրաժեշտ պարագաներ գնող գանատահայ Մայքլ և Ելենա Աւետիքեանները դիմում են  սփիւռքահայերին

Գանատայից Հայաստան ժամանած տէր և տիկին Աւետիքեանները մեր ազգի համար վճռորոշ ու դժուարին այս օրերին կամաւորական աշխատանքներ են իրականացնում՝  իրենց անձնական դրամական միջոցններից են հատկացումներ անում, դրամահաւաք  կազմկերպում, ապա գնում անհրաժեշտ պարագաներ, որոնք ուղարկում են Արցախ։ Աւետիքեանները սերտօրէն համագործակցում են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութեան և պաշտպանութեան նախարարութեան հետ։ Մայքլ Աւետիքեանն ասում է՝ կարևորում է այն փաստը, որ իրենց գործունէութեան մասին տեղեակ են պետական կառոյցները, ինչը հնարաւորութիւն է ընձեռում աւելի արդիւնաւէտ աշխատել, գնել այն պարագաները, որոնք առաւել անհարաժեշտ են հայրենիքի համար սուրբ պայքար մղող մեր քաջերին։

 

Մայքլ Աւետիքեանը Գանատայի Գալկարի քաղաքում շուրջ 17 տարի զբաղուել է բարեգործութեամբ։ Վերջին տարիներին այս բարի գործում նրան յենարան է դարձել կինը՝ Ելենան:

«Մենք Հայաստան էինք ժամանել մարտի 17-ին։ Այդ ընթացքում օգնում էինք կարիքաւոր ընտանիքներին։ Որոշել էինք սեպտեմբերի վերջին վերադառնալ Գանատա, բայց  եկաւ չարաբաստիկ այս օրը․ իմացանք, որ Ադրբեջանը պատերազմական գործողութիւններ է սանձազերծել։ Բնականաբար, Գանատա վերադառնալու մասին արդեն խօսք լինել չէր կարող։ Ես ու ամուսինս որոշեցինք մնալ Հայաստանում, օգնել մեր զինուորներին, կամաւորներին, արցախցի քոյրերին ու եղբայրներին։  Մենք հիմնել ենք ինտերնետային հարթակում հիմնել ենք «Armenianfoodbank»  կազմակերպութիւնը   (յղումը՝   https://www.armenianfoodbank.org/  ) «Իսրայէլ Օրի» ռազմահայրենասիրական-պահպանողական կազմակերպութեան հետ համագործակցելով։ Այժմ միասին աշխատում ենք», —  «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմեց Ելենա Աւետիքեանը։

Նրա ամուսինը՝ Մայքլ Աւետիքեանը պատմեց՝ ինքն ու իր կինը կամաւորական, բարեգործական աշխատանքները սկսել են փողոցում զինուորների համար անհրաժեշտ իրեր հաւաքելով։

«Մենք մարդկանց պատմում էինք, թէ ով ենք և որն է մեր առաքելութիւնը։ Փողոցում արկղեր էինք դրել ու դրանց մէջ կուտակում  էինք անհրաժեշտ պարագաներ։ Գիտէ՞ք՝ այդ օրերին ես ապշեցի, կրկին համոզուեցի, որ մեր ազգի նմանը չկայ։ Այստեղ բոլորը սիրում են իրար, մէկը զգում է միւսի ցաւը, ապրում է նրա ցաւերով։ Մենք մի քանի օրուայ ընթացքում տարբեր իրեր հաւաքեցինք, ապա հանդիպեցինք Հայաստան տեղափոխուած  արցախցի մեր քոյրերի ու եղբարների հետ։ Մենք նրանք փոխանցում էինք այն իրերը, սննդատեսակներն ու  դեղամիջոցները, ինչի անհրաժեշտութիւնն ունէին նրանք», —  պատմում է Մայքլ Աւետիքեանը։

Այս աշխատանքներից յետոյ Մայքլ և Ելենա Աւետիքեանները  սկսել են  Արցախում քաջաբար կռուող մեր զինուորների  համար անհրաժեշտ պատագաներ գնել։

 

«Մեզ օգնեցին «Իսրայէլ Օրի»  կազմակերպութեան  անդամները, որոնք խորհուրդ էին տալիս, թէ այս կամ այն պարագաները որտեղից կարելի է գնել, բացի այդ՝ մեքենաներ էին տրամադրում, որպէսզի մեր հաւաքած պարագաները տեղափոխեն։ Հիմա մենք այս կազմակերպութեան  հետ միասնական, ուս ուսի աշխատում ենք։ Այս աշխատանքների ընթացում, երբ  ինտերնետային հարթակում հիմնեցինք  «Armenianfoodbank»-ը,  դրա միջոցոցով և սոցիալական  ցանցերի միջոցով դիմեցինք մարդկանց, որպէսզի դրամական օգնութիւն ցուցաբերեն։ Ֆինանսական միջոցներ փոխանցող մարդկանցից շատերը հայ չեն, բայց նրանք գիտեն մեր արդար ու ազնիւ պայքարի մասին  և նրանցից իւրաքանչիւրն իր հնարաւորութիւնների չափով օգնում է, դրամական փոխանցումներ է անում։ Ես և Ելենան լուսանկարում ենք այն պարագաները, որոնք գնել ենք, ապա այդ լուսանկարներն ուղարկում  մեզ դրամական միջոցներ փոխանցած անձանց ու շնորհակալութիւն յայտնում նրանց», —  պատմեց Մայքլ Աւետիքեանը։

Մայքլ և Ելենա Աւետիքեանները պարբերաբար ստանում են ցուցակներ, որոնցում  նշուած է, թէ յատկապէս ինչ պատագաների կարիք կայ։

«Անհրաժեշտ այդ պարագաները  և սննդատեսակները գնելու համար մենք այժմ  դրամական միջոցների կարիք ունենք։ Իհարկէ, մեզ օգնում են բազմաթիւ կամաւորներ։ Նոյնիսկ  երեխաներն են գալիս ու ասում, որ պատրաստ են օգնել, պատագաները դասաւորել, արկղերը  տեղափոխել։ Ես  հիացած եմ իմ հայ ազգի միասնականութեամբ ու տոկունութեամբ։  Քանի որ աշխատանքները բազմազան են ու շատ, մենք նոր կամաւորների կարիք  ունենք, որոնք մեզ կարող են օգնել կազմակերպչական հարցերում», — նշեց Մայքլ Աւետիքեանը։

Զրոյցի վերջում Մայքլ Աւետիքեանը նշեց՝ ինքը դեռևս Արցախում չի եղել։ Նրա կինը՝ Հայաստանում ծնուած, մեծացած Ելենան բարձրագոյն կրթութիւն է ստացել Արցախում, ապա որպէս ուսուցչուհի մի քանի տարի աշխատել է հենց այնտեղ։ Մայքլն ասում է՝ Ելենան շատ է պատմել Արցախի մասին, այնպէս է պատմել, որ ասես ինքն էլ է զգացել մեր եդեմական Արցախի թարմ օդը, անուշ ջրի համը։ Մայքլը դեռ Հայաստանի քաղաքացիութիւն չի ստացել, ուստի դեռևս չի կարողանում մեկնել Արցախ, բայց երազում է լինել այնտեղ։  Ասում է՝ վստահ է, որ մեր քաջերը յաղթելու են, իսկ ինքն իր աչքերով տեսնելու է մեր ազատ ու հզօր Արցախը։

Յասմիկ Բալէյեան​​​​​​​

Leave a Comment

You must be logged in to post a comment.