Արման Բաբաջանեանի հայրենադաւ անցեալի՝ անգամ իր խոստովանած մի դրուագը

Մերօրեայ հասարակական-քաղաքական գործընթացներում հասարակութեան ուշադրութեանն արժանանալու անխնայ փորձեր կատարող ԱԺ պատգամաւոր Արման Բաբաջանեանը վերջերս լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ինքը, ձեռքերը գրպանը դրած կամ կրծքին խաչած, ինչ-որ զրուցում էր իր դիմաց շարուած զինուորների հետ:

Հասարակութեանն արժէ եւս մէկ անգամ յիշեցնել՝ անձը, ով մտել է զօրամաս եւ մեզ անյայտ ինչ-որ դասախօսութիւն է կարդում զինուորների համար, 2006 թուականի Յունիսի 26-ին պարտադիր զինծառայութիւնից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալուել է եւ դատապարտուել 3,5 տարի ազատազրկման: Յիշեցնենք՝ այդ ժամանակ նա «Ժամանակ Երեւան»ի խմբագիրն էր:

Փաստաթղթեր կեղծելով՝ ժամկէտային զինծառայութիւնից խուսափելու մեղադրանքը, թէեւ մասամբ, այդուհանդերձ, Արման Բաբաջանեանն ընդունել է. «Մեղաւոր եմ ճանաչում, որ իմ թողտուութեամբ կեղծ փաստաթղթեր են օգտագործուել զինծառայութիւնից խուսափելու համար», դատական նիստին ասել է նա՝ հրաժարուելով այդ կեղծ փաստաթղթերի պատրաստմանը մասնակցութեան փաստից:

Իսկ մեղադրանքը, որով ՀՀ Քրէական օրէնսգրքի 327-րդ յօդուածի երկրորդ մասով (ժամկէտային զինուորական ծառայութիւնից խուսափելը, որ կատարուել է փաստաթղթերի կեղծման ճանապարհով) եւ 324 յօդուածի երկրորդ մասով (պաշտօնական փաստաթղթերի յափշտակութիւն), նախատեսւում էր համապատասխանաբար 1-5 տարուայ եւ առաւելագոյնը 2 տարուայ ազատազրկում, հետեւեալն էր. Արման Բաբաջանեանը պատրաստել եւ յափշտակել է պաշտօնական փաստաթղթեր, դրանք կեղծելու եւ խաբէութեան ճանապարհով մօր՝ Էլմիրա Բաբաջանեանի օժանդակութեամբ խուսափել է ժամկէտային զինուորական ծառայութիւնից։

Նա, փաստօրէն, ըստ մեղադրանքի, 1996 թ. լքելով Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցը եւ չունենալով զինծառայութեան տարկետման իրաւունք, 1997 թ. Հայաստանի Հանրապետութիւնից մեկնել է Ամերիկայի Միացեալ Նահանգներ։ Այնուհետեւ զինծառայութիւնից անօրինական կերպով տարկետման իրաւունք ձեռք բերելու նպատակով Հայաստանեայց եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիւանապետի անունից համակարգչի օգտագործմամբ կազմել է ուսումն ԱՄՆ-ում մինչեւ 2004 թուականը շարունակելու մասին կեղծ գրութիւններ, 2001 թ. Սեպտեմբերի 10-ի եւ նոյն թուականի Հոկտեմբերի 12-ի ամսաթուերով՝ դրանք մօր միջոցով 2002 թ. ամրանը ներկայացնելով Երեւան քաղաքի Շէնգաւիթի տարածքային զինկոմիսարիատ։

Այնուհետեւ զինկոմիսարիատից տեղեկանալով, որ նշուած գրութիւնները բաւարար չեն զինծառայութիւնից տարկետում ստանալու համար, 2002 թ. աշնանը յափշտակել է ԱՄՆ-ում բնակուող իր ընկերոջ՝ Վահէ Աբովեանի ամուսնութեան եւ երեխայի ծննդեան վկայականները։

Դրանց օգտագործմամբ՝ սարքել իր ամուսնութեան եւ երկու երեխաներ ունենալու վերաբերեալ կեղծ վկայականներ, որոնք Է. Բաբաջանեանը որդու ընտանիքի կազմի վերաբերեալ Շէնգաւիթի թիւ 20 տեղամասի լիազօր ներկայացուցչից խաբէութեամբ վերցրած կեղծ տեղեկանքի հետ միասին ներկայացրել է զինկոմիսարիատ։ Կեղծ փաստաթղթերի հիման վրայ Արման Բաբաջանեանը ստացել է զինուորական տարկետման իրաւունք եւ խաբէութեան ճանապարհով խուսափել ժամկէտային զինծառայութեան զօրակոչից։

Փաստօրէն, նա մեղադրուել է նաեւ հարազատ ընկերոջ ամուսնութեան եւ երեխայի ծննդեան վկայականները գողանալու եւ հայրենադաւ իր արարքի հիմնաւորման նպատակով օգտագործելու համար։

Աւելին, Արման Բաբաջանեանը, թէեւ իրաւունք ունէր հրաժարուելու հարազատների դէմ ցուցմունք տալուց, բայց իր կենսագրութիւնը զարդարեց եւս մէկ դրուագով՝ ցուցունք տուեց հարազատ մօր դէմ։

Երբ նրան հարցրել են՝ արդեօ՞ք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացւում, ինչպէս պնդում է «Ժամանակ Երեւան» թերթը, Ա. Բաբաջանեանը նշել է. «Նախաքննական մարմնում կար այդ միտումը` խափանման միջոցի հետ կապուած: Չէի խոչընդոտի նախաքննութեանը եւ հասկանում եմ իմ կոլեգաներին: Նրանք իրաւացի են»:

Հետաքրքրական է, որ դատարանում տուած իր ցուցմունքում հայրենիքի պաշտպանութիւնից յանցաւոր ճանապարհով խուսափած Արման Բաբաջանեանը նշել է՝ Սեւանի ճեմարանում ուսանելու տարիներին ինքը մինչեւ 2001-ը ունեցել է տարկետման իրաւունք, բայց 1998-ին որպէս զբօսաշրջիկ մեկնել է ԱՄՆ: Աւելի ուշ՝ նա, պատասխանելով մեղադրողի հարցին, իրեն հռչակել է, այսպէս կոչուած, քաղաքական վտարանդի՝ նշելով, որ 1998 թուականին հեռացել է երկրից՝ «քաղաքական դրդապատճառներով, իշխանափոխութեան պատճառով»։

Այս արկածախնդիրը վաղաժամկէտ ազատ արձակուեց երեք տարի անց՝ 2009 թուականի Օգոստոսի 4-ին: Բաբաջանեանին վաղաժամկէտ ազատ արձակելու` «Դատապարտեալների հիւանդանոց» քրէակատարողական հիմնարկի միջնորդութեանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկէտ ազատելու, պատժի չկրած մասն աւելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ յանձնաժողովը հաւանութիւն էր տուել 2009 թ. այդ օրը:

Ամենեւին պատահական չէ, որ լուսանկարներում ազատութեան օրը դիմաւորողների կողքին երեւում են ոչ անյայտ Անդրանիկ Քոչարեանը, Լեւոն Զուրաբեանը եւ այլ «լեւոնականներ»․

Սա ընդամէնը մի դրուագ էր Արման Բաբաջանեանի անբարոյ եւ յանցաւոր անցեալից: Ողորմելի այս տեսակի բնութագիրը եւ դիմապատկերն առաւել կ’ամբողջացնենք առաջիկայում՝ վերյիշեցնելով այլ ամօթալի դրուագներ եւս:

Վահէ Սարգսեան

«ԵՐԿԻՐ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.