«Արցախը և Դաշնակցութիւնը բնական դաշնակիցներ են». Դաւիթ Իշխանեան

Արցախում ՀՅԴ-ի քաղաքականութիւնը հիմնուած է եղել «Արցախը և Դաշնակցութիւնը բնական դաշնակիցներ են» սկզբունքի վրայ. Դաւիթ Իշխանեան

Մարտի 29-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնութեամբ, Վիեննայում տեղի կ՚ունենայ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քանի որ դա բանակցութիւն չի համարւում, ուստի, մեծ հաշուով, քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում մեծ սպասելիքներ չունեն:

 

Yerkir.am -ի հետ զրոյցում ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետութեան ԱԺ պատգամաւոր Դավիթ Իշխանեանը նշում է՝ հետաքրքիր որակում են տալիս՝ հանդիպում և ոչ` բանակցութիւն, մինչդեռ հիմնահարցի հետ կապուած` երկու երկրների առաջին դէմքերի հանդիպումները միշտ որակել են որպէս բանակցութիւններ և բանակցային գործընթաց

-Փաշինեան-Ալիև վերջին երեք հանդիպումները, կարծես, բանակցային գործընթացի ձևաչափի մէջ չէին, «պատահական» հանդիպումներ էին: Բնականաբար, վերջին մէկ ամսուայ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արուած թէ’ յայտարարութիւնները, թե’ նախապատրաստական աշխատանքները միտուած էին բանակցային գործընթացը վերսկսելուն և երկու երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպմանը: Մինչ այդ հանդիպել էին արտաքին գործերի նախարարները, և տրամաբանական է, որ այս հանդիպումը պիտի սկիզբ դնի բանակցային ընդհատուած գործընթացին: Այնուամենայնիւ, լուրջ սպասելիքներ չկան, և եթէ համարենք, որ սա բանակցային գործընթացի սկիզբն է, իսկ երկու կողմն էլ նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարել, հաւանաբար կը լինեն կարծիքների և առաջարկների լուրջ բախումներ, ինչից յետոյ կարող է ուրուագծուել, թէ որ ուղղութեամբ կը շարունակուի բանակցային գործընթացը՝ կը մտնի փակուղի՞, թէ՞ շարունակութիւն կ՚ունենայ: Ենթադրում եմ՝ տրամաբանական է, որ այդ հանդիպումից յետոյ շարունակականութիւն կ՚ապահովուի, և հայկական կողմը յստակօրէն պետք է հաւատարիմ մնայ իր սկզբունքներին ու վերջերս առաջ քաշած իր պնդումներին բանակցային գործընթացի ձևաչափի վերականգնման և Արցախին ուղղակիօրէն բանակցային գործընթացում ներգրաւելու մասին:

-Արդեօ՞ք Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու  հարմար պահն է կամ այն հասունացել է:  ՀՀ ԱԳ նախարարի կարծիքով՝ սա սկզբունքային հարց է, բայց ոչ` նախապայման:

-Այստեղ մենք պէտք է անդրադառնանք հարցին, թէ երբ և ինչպէս Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: 1994-95 թուականներին ստորագրուած համաձայնագրերով՝ որպէս բանակցող կողմ իր ստորագրութիւնն ու մանդատը ունեցող Ղարաբաղը, բնականաբար, պէտք է ուղղակիօրէն ներգրաւուած լինի այդ գործընթացում, որովհետև անուղղակի ներգրաւուածութեան ձևաչափին ականատես լինում ենք համանախագահների տարբեր այցելութիւններով, հարցերի քննարկումներով, Արցախի օրինական իշխանութիւնների հետ ուղղակի հանդիպումներով: Այս ամէնը բանակցային գործընթացում ներգրաւուածութեան մասին է խօսում: Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը շատ յստակ հասկանում է, որ ձևաւորուած  ձևաչափը վերջնական հանգրուանում այլընտրանք չունի: Այնուհանդերձ, այս փուլում մենք կը տեսնենք Ադրբեջանի լուրջ դիմադրութիւնը` ամէն գնով թոյլ չտալ Արցախի ներգրաւումը և բանակցային ներկայիս ձևաչափում փոփոխութիւններ մտցնելը: Այն, որ առանց Արցախի մասնակցութեան հիմնահարցի լուծման որևէ տարբերակ չի կարող լինել և չի կարող ընդունուել ոչ միայն Արցախի պաշտօնական շրջանակների կողմից, այլև հասարակական և քաղաքական, սա միանշանակ է: Բնականաբար, եթէ միջնորդները, շահագրգիռ կողմերը ցանկութիւն ունեն հիմնահարցին լուծում տալու, այդ ամենը հնարաւոր է Արցախի ուղղակի ներգրաւմամբ, ինչու չէ` նաև Արցախի և Ադրբեջանի ուղղակի շփումների միջոցով:

-ՀՀ-ում վստահեցնում են, որ Արցախի և ՀՀ-ի միջև Արցախի հարցում հակասութիւններ չկան, կարելի՞ է եզրակացնել, որ Երևանի` Արցախի հետ կապուած իւրաքանչիւր յայտարարութիւն, ձևակերպում ընդունելի է պաշտօնական Ստեփանակերտի կողմից:

-1998-ին և դրան նախորդած ժամանակաշրջանում կային լուրջ հակասութիւններ՝ տեսակէտերի, մօտեցումների, սկզբունքների: Մենք պիտի կարողանանք գոնէ քաղաքագիտական առումով ճիշդ որակում տալ ռազմավարական և մարտավարական խնդիրներին: Ես կարծում եմ, որ ռազմավարական խնդիրների մէջ հակադրութիւններ չունենք, նկատելի չէ` թէ’ նախորդ իշխանութիւնների ժամանակ, թէ’ ներկայիս: Իսկ մարտավարական խնդիրների մէջ կարող է դա լինել, խօսքը  համադրման և նախօրոք կատարուած դերաբաշխման մասին է: Ընդհանուր մտահոգութիւնների փարատման առումով կարելի է շեշտել վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի և Արցախի ազգային անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստը: Տեղեակ լինելով Արցախի պաշտօնական շրջանակների ընդհանուր տեսակէտին և նիստի հետ կապուած ներքին բաւարարուածութեանը` կարելի է որոշակիօրէն փարատել մտահոգութիւնները, որոնք առկայ էին: Բայց խնդիրը մէկ համատեղ նիստի կամ մէկ տեղական գործընթացի մասին չէ, մենք պէտք է կարողանանք մեր ընդհանուր քայլերը համադրել, բայցև  արտաքին ճակատում ոչ միայն ունենալ միասնական ու համադրուած քայլեր, այլև կարողանանք ուղղակիօրէն դերաբաշխում կատարել, և Հայաստանն ու Արցախը իւրաքանչիւրն իր մարտավարութիւնն ունենայ:

-Արցախում 2020-ին սպասւում են նախագահական և խորհրդարանական ընտրութիւններ: Այս անգամ ի՞նչ ընտրութիւններ ենք ունենալու, կը տարբերուի՞ այն նախորդներից, ինչպէս ոմանք մտահոգւում են:

-Շատ է խօսւում ապագայ նախագահական և խորհրդարանական ընտրութիւնների մասին: Նախ` պէտք է արձանագրենք, որ դրանք տեղի են ունենալու մէկ օր, համաժամանակեայ՝ համաձայն նոր Սահմանադրութեան: Համապետական այդ կարևոր ընտրութիւնների առումով արդէն իսկ ուրուագծւում են որոշակի տեղաշարժեր, ժամկէտից շուտ քարոզարշաւի երևոյթներ, թեկնածուների անուններ են շրջանառւում: Այս համատեսքտում կը ցանկանայի նշել, որ սեպտեմբերին ՏԻՄ ընտրութիւններ են սպասւում, որովհետև դրանք կարևոր են լինելու երկրի ներքին կեանքում և համապետական ընտրութիւնների նախօրեակին ուրուագծելու են այս կամ այն քաղաքական ուժի հնարաւորութիւնները, թեև ՏԻՄ նախորդ ընտրութիւնները ցույց տուեցին, որ քաղաքական հետաքրքրութիւն այլևս չկայ դրանց նկատմամբ, ուստի չկայ քաղաքական պայքար այս հարցում: Բայց, ըստ իս, այս ընտրութիւնները ՏԻՄ նախորդ ընտրութիւններից կը տարբերուեն՝ հաշուի առնելով 2020-ին սպասուելիք նախագահական և խորհրդարանական ընտրութիւնների փաստը. իւրաքանչիւր ուժ փորձելու է ունենալ իր յենարանները, արձանագրել իր յաջողութիւնները, իհարկէ, հիմնական կեդրոնացումը լինելու է նախագահական ընտրութիւնների ուղղութեամբ: Եւ նախագահ Սահակեանի յայտարարութիւնից յետոյ, որ այլևս չի առաջադրուելու, որը և՛ Սահմանադրութեան պահանջն է, և՛ քաղաքական ճիշդ որոշում, քաղաքական տարբեր առաջնորդների մոտ որոշակի նախադրեալներ են ստեղծել արդէն իսկ հրապարակ իջնելու ու հրապարակային քայլեր ձեռնարկելու, ինչը նախընտրական քարոզարշաւի բնոյթ է ստացել: Դաշնակցութիւնն այդ առումով զուսպ է և, բնականաբար, ունի իր  անելիքները, առաջարկները՝ հաշուի առնելով երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրաւէրները: Ըստ այդմ՝ ընդհանուր միասնական օրակարգի և պլատֆորմի երևակման անհրաժեշտութիւն ունի, որը միտուած է ոչ թէ այս կամ այն ուժին, այլ ապագայ մարտահրաւէրների դիմակայմանն ու յաղթահարմանը: Թերևս, շատ հեշտութեամբ այսօր կարող ենք յայտարարել, որ ունենալու ենք մեր սեփական թեկնածուն, որը նաև Սահմանադրութեան պահանջն է և համաժամանակեայ ընտրութիւնների թելադրանքը, որ ընտրութիւններին գնացող քաղաքական ուժը պէտք է մասնակցի իր սեփական թեկնածուով: Այս առումով Դաշնակցութիւնը որևէ խնդիր չունի, և չնայած այդ որոշումն այսօր դեռ չկայ և այն վերապահուած է ՀՅԴ Արցախի կառոյցի Բարձրագոյն ժողովին՝ Շրջանային ժողովին, որը ամիսներ յետոյ տեղի կ՚ունենայ, այնուհանդերձ, կա նաև քաղաքական տրամաբանութիւն և պահանջ: Եւ, ինչպէս միշտ, Դաշնակցութիւնը զուտ կուսակցական շահերից, նպատակներից չէ, որ առաջնորդւում է, կրկնում եմ՝ այստեղ կարևոր են երկրի առջև ծառացած մարտահրաւէրները՝ կապուած Արցախի հիմնահարցի, անվտանգային խնդիրների, ներքին կայունութեան և միասնականութեան ապահովման հետ: Իւրաքանչիւր քաղաքական ուժ պէտք է ունենայ այս գիտակցումը և զուտ կուսակցական շահով չ՚առաջնորդուի, որը որոշակի վտանգներ է պարունակում: Սրանցից զերծ մնալու համար անհրաժեշտ են քննարկումներ, տարբեր կարծիքների և տեսակետների ներկայացում, մտքերի բախում, որի արդիւնքում կը ծնուի այն իրական որոշումը, որին ականատես կլինենք 2019-ի աշնանը՝ ընտրութիւններից ամիսներ առաջ:

-Կա՞ն թեկնածուներ, որոնց յենարանը Երևանում է:

-Բնականաբար, մեկնաբանութիւններ տրւում են տարբեր անձերի շուրջ, բայց ես զերծ կը մնամ թէ’ անուններ նշելուց, թէ’ նման որակումներից: Համարում եմ, որ դեռ վաղ է այդ մասին յայտարարութիւններ և մեկնաբանութիւններ անելը, քանի որ ինքնին քաղաքական զարգացումները Արցախում բաւարար շրջան չեն անցել:

-Այս հարցում պաշտօնական  Երևանն ի՞նչ դիրք պիտի բռնի:

-Նախ՝ չպէտք է տարանջատել երկու հանրապետութիւնները, երբ մեղադրանքի ձևով խօսում ենք, թէ Երևանը խառնւում է Ստեփանակերտի ներքին գործերին և հակառակը: Մենք պէտք է հասկանանք, որ ունենք ընդհանուր նպատակներ, և Ստեփանակերտը չի կարող առանց Երևանի, Երևանն էլ` առանց Ստեփանակերտի: Պիտի հասկանանք, որ Ղարաբաղեան հիմնահարցն ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, և ՀՀ-ն ունի ոչ միայն Արցախի անվտանգութեան երաշխաւորի դեր, այլև պատասխանատուութիւն համայն հայութեան առջև: Սա շատ կարևոր է, և անտրամաբանական է, երբ փորձում ենք որակումներ տալ՝ խառնուելու, նախընտրած թեկնածուի և թեկնածուների շուրջ ձևակերպումներ տալու:

-Նշեցիք, որ Դաշնակցութիւնն Արցախի նախագահական ընտրութիւններին առաջադրելու է սեփական թեկնածուին, և հաշուի առնելով ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ անցողիկ շեմը չյաղթահարելը, Արցախում և ՀՀ-ում տարբե՞ր են այնտեղի և այստեղի ընտրողների ընկալումները Դաշնակցութեան հետ կապուած: 

-Մենք ապակեդրոն կուսակցական կառոյց ենք, և իւրաքանչիւր շրջան իր ընտրազանգուածն ու քաղաքական գիծն ունի: Այո, ցաւօք, Դաշնակցութիւնը դուրս մնաց ՀՀ-ի խորհրդարանում ՝այտնուելուց: Արցախում մենք մեր ընտրազանգուածն ունենք և այստեղ մեր հետ կապուած ընկալման հարցում դերակատարում է ունեցել 1990-ականներին Արցախի ազատագրական պայքարի փուլը, Դաշնակցութեան դերակատարումը, մեր ուղղակի ներկայութիւնը Արցախում, ինչպէս նաև յետպատերազմեան տարիներին Դաշնակցութեան որդեգրած ընդհանուր քաղաքականութիւնը, որը միտուած էր  այն սկզբունքին, որ Արցախը և Դաշնակցութիւնը բնական դաշնակիցներ են: Մեր ընտրազանգուածին չեմ ուզում տարբերակել, բայց ՀՀ-ում ընտրողները դեռ չեն կարողացել ամբողջապէս ընկալել Դաշնակցութեան դերն ու առաքելութիւնը, և այս ընկալման բացի մէջ է, որ մենք պիտի քաղաքական ներդրում կատարենք և կարողանանք Դաշնակցութեանը և ընտրազանգուածին բերել կողք կողքի, այստեղ երկու կողմն էլ անելիք ունի, բայց նախաձեռնողի դերում պիտի հանդէս գա ՀՅԴ Հայաստանի կառոյցը:

Մարիամ Պետրոսեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.